Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 սեպտեմբերի 2006


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հավանություն է տվել Սևանի էնդեմիկ ձկնատեսակների (իշխան, կողակ, բեղլու) պոպույլացիաների վերականգնման նպատակով արհեստական վերարտադրության նոր կենսատեխնոլոգիայի ներդրման հայեցակարգին: Այն նպատակ ունի որոշակի ֆինանսավորման պայմաններում 4 տարվա ընթացքում ապահովել գեղարքունիի և ամառային իշխանի, ինչպես նաև բեղաձկան ու կողակի համալրումը Սևանա լճում:



Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է կամավոր աշխատանք իրականացնելու հետ կապված հարաբերությունները, սահմանում կամավոր աշխատանքի ոլորտները և իրականացման իրավական հիմքերը: Սահմանվում է նաև, որ օրենքի գործողությունը չի տարածվում կուսակցությունների, առևտրային և կրոնական կազմակերպությունների օգտին և /կամ նրանց նախաձեռնությամբ, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության օգտին իրականացվող կամավոր աշխատանքի վրա:


«Սևանա լճի մասին» և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է Սևանա լճի էկոտոնի սահմաններում լճի ալեկոծման առավելագույն բարձրությունն ընդունել մինչև 1,5 մետր, Սևանա լճի մակարդակի բարձրացման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելագույն չափի նկատմամբ: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության և բնապահպանության նախարարներին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնել որոշումից բխող միջոցառումերի իրականացման ժամանակացույցը, որը հիմք կհանդիսանա Սևանա լճի ափամերձ տարածքների կառուցապատման գործառույթները ճշգրտելու համար:


«ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը, 2006թ. իր պահուստային ֆոնդից, 23 մլն 274.6 հազար դրամ է հատկացրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին՝ Եղեգնաձորի «Մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի վերանորոգման նպատակով: Այլ որոշումներով, ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին, Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է նաև 16 մլն 81.9 հազար դրամ՝ Եղեգնաձորի Միկոյան 10 և Միկոյան 12 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի տանիքների վերակառուցման, ևս 10 մլն դրամ՝ Եղեգնաձորի «Երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքներն ամբողջ ծավալով ավարտելու համար:


Կառավարությունը թույլատրել է ՀՀ Շիրակի մարզպետին՝ Գյումրի քաղաքում տեղակայված զինվորական բազայի «Մեծ բերդ» տարածքում գտնվող N 74 շենքում բնակվող երեք ընտանիքներին ընդգրկել ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված «Բնակարանների գնման վկայագիր» ծրագրում՝ վերջիններիս վերաբնակեցումն ապահովելու նպատակով:


Նիստում կառավարությունը հաստատել է «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ծրագրերով անցկացված և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի վերոնշյալ, ինչպես նաև «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2006թ. հուլիսի 13-ին հաստատված՝ «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրամբարների շահագործման համար մեքենա-մեխանիզմների մատակարարում» անցկացված մրցույթի արդյունքները՝ 989 հազար 938.74 եվրո (կամ 1 մլն 195 հազար 846 ԱՄՆ դոլար) արժեքով, մրցույթի հաղթող ճանաչելով արտադրական խումբ «ՉելՊրոմ» (Ռուսաստանի Դաշնություն):


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 23-ի «ՀՀ սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Հատուկ տիպի» մանկատուն» ՊՈԱԿ ստեղծելու մասին» N 210-Ն որոշման մեջ, որով մանկատանը թույլատրվում է իրականացնել 7-ի փոխարեն մինչև 18 տարեկան երեխաների խնամքն ու դաստիարակությունը: Որոշումն ընդունվել է մանկատան 41 դպրոցահասակ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության նպատակով:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև կենսաթոշակային ապահովության բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջև իրավական օգնության և համագործակցության մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում 2006թ. փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկի» հանձնարարականի համաձայն:


«Թափոնների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է թափոնների հաշվառման՝ գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման կարգը, որում ամրագրվել են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից թափոնների հաշվառման կազմակերպմանը ներկայացվող պահանջները և դրա վարման ընթացակարգը:


ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան, հաստատվել է նաև օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ երկամսյա ժամկետում ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ, ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրում համակարգչային ծրագրերի և տեխնիկական միջոցների ձեռքբերման, տեղեկատվության փոխանակման ավտոմատացված համակարգի ներդրման, կադրերի պատրաստման միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրների վերաբերյալ: ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է նաև եռամսյա ժամկետում սահմանել օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրում դրանց հաշվառման ձևը:


Կառավարության անդամներին՝ հետագա հանգամանալից քննարկման նպատակով, լրացուցիչ տրամադրվել է նաև «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի արձանագրային նախագիծը:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնված և «Գյումրու N 29 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված ք. Գյումրի Խանջյան 29 հասցեում գտնվող 500 քմ ընդհանուր մակերեսով արհեստանոցի շենքը հետ վերցնել և հանձնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը: Հանձնարարվել է Պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի հետ կնքել նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր: Որոշումն ընդունվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային մասնաճյուղի շենքային պայմաններն ու բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:


Մեկ այլ որոշմամբ թույլատրվել է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին՝ դասական աճուրդով օտարել իր սեփականությունը հանդիսացող գույքը՝ գույքի գնի մեջ ներառելով գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքների՝ օտարման պահին գործող կադաստրային արժեքները:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող Սիլիկյան թաղամասում նոր կառուցված քոթեջատիպ տները սնող 4230 գծմ. երկարության արտաքին լուսավորության բարձր լարման էլեկտրահաղորդման գիծը և տրանսֆորմատորային ենթակայանի շենքը՝ 50 մլն 78.9 հազար դրամ հաշվեկշռային արժեքով, վարձակալության իրավունքով հանձնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին՝ ցանցի և ենթակայանի շահագործումն ու սպասարկումը կազմակերպելու նպատակով:


«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը հաստատել է ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների նախագծման, կառուցման, վերակառուցման, վերանորոգման և պահպանման, ինչպես նաև ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհային աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության կազմակերպման սխեմաների համաձայնեցման կարգը:


Կառավարությունը «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ է կատարել, որոնց նպատակն է ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի հատկացումների հաշվին լուծել Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում բնակարան ստանալու համար 2004թ. մարտի 1-ի դրությամբ հաշվառված երկրաշարժի հետևանքով անօթևան անձանց բնակարանային խնդիրները, որի համար կհատկացվի 286 մլն 740 հազար դրամ:


Այլ որոշումներով կառավարությունը հաստատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գետիկի, ՀՀ Սյունիքի մարզի Դարպասի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Սյունիքի մարզի Շաղատի, Տավուշի մարզի Այգեհովիտի, Գեղարքունիքի մարզի Մարտունու գյուղական համայնքների մի շարք հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ:



 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ