Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 օգոստոսի 2006



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:



Կառավարությունը հավանություն է տվել գիտության ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումների ցանկին և դրանց կատարման ժամանակացույցին: 2006-2007թթ. ընթացքում իրականացվելիք երկու տասնյակից ավելի միջոցառումների թվում նախատեսվում է, մասնավորապես, գիտության ոլորտում իրականացված բարեփոխումների միջազգային փորձի ուսումնասիրություն, հանրապետությունում գիտության ոլորտում առկա խնդիրների վերհանում և ձևակերպում, գիտության ոլորտում բարեփոխումների հայեցակարգի մշակում և մասնագիտական ու հասարակական լայն քննարկումներ, Եվրամիության հետ գիտության ոլորտի համալիր բարեփոխումների օժանդակության խնդրի քննարկում և համատեղ ծրագրի մշակում և այլն:



Այլ որոշումներով, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ճառագայթային անվտանգության նորմերը և կանոնները: Ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կառավարության 1994թ. օգոստոսի 22-ի «Ատոմային էլեկտրակայանների անվտանգության նորմերի և կանոնների մասին» N389 որոշմամբ սահմանված ցանկի համապատասխան կետերը: Սահմանվել է, որ որոշումներն ուժի մեջ են մտնում 2007թ. հուլիսի 1-ից:



Գործադիրը հավանություն է տվել նաև «Գյուղատնտեսական արտադրանքների իրացումից ավելացված արժեքի հարկի վճարման կանոնակարգման» հայեցակարգին: Հայեցակարգի նպատակն է Առևտրի համաշխարhային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության պարտավորությունների շրջանակում արտադրողի կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքների իրացումից ավելացված արժեքի հարկի արտոնության վերացման գնահատումը և դրանց մեղմման ուղղությամբ հնարավոր մոտեցումների և միջոցառումների մշակումը: Հայեցակարգի հիմնական խնդիրներից է, մասնավորապես, միջազգային փորձի ուսումնասիրությունն ու հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականության շրջանակներում գյուղատնտեսության ոլորտում ավելացված արժեքի հարկի կարգավորման կառուցակարգերի առաջարկումը: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ համաձայնեցված, երկամսյա ժամկետում ներկայացնել հայեցակարգի դրույթների կատարումն ապահովող միջոցառումների ծրագիր:



Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել Երեխայի իրավունքների պաշտպանության 2007թ. տարեկան ծրագրի նախագծին ևս, որը սահմանված կարգով «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացվի ԱԺ: Ծրագիրը մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Տարեկան ծրագիրն ուղղված է երեխաների ոլորտի օրենսդրության կատարելագործմանը, երեխաների սոցիալական ապահովությանը, առողջապահական խնդիրների բարելավմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպմանը: Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 18-ի N1745-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային ծրագրի» հիմնական ուղղությունները: Նշվել է նաև, որ այն համահունչ է ՀՀ կառավարության կողմից հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին և ուղղված է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների ռազմավարությանը: 4 օր ժամկետ է տրվել՝ շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ միասին նախագիծը լրամշակելու և վերջնական տեսքի բերելու համար:



«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 13 մլն 500 հազար և 9 մլն 800 հազար դրամ է հատկացրել համապատասխանաբար Արագածոտնի և Շիրակի մարզպետարաններին՝ 2006թ. հուլիսի 4-ին այդ մարզերի մի շարք համայնքներում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով փլուզված միջհամայնքային կամուրջների նորոգման նպատակով տուժած համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար: Նշված գումարներից, մասնավորապես, Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղական համայնքին կտրամադրվի 5 մլն 500 հազար դրամ, Միրաք գյուղական համայնքին՝ 2 մլն դրամ՝ այդ համայնքների քանդված կամուրջների վերականգնման, Լուսագյուղ գյուղական համայնքին՝ 6 մլն դրամ՝ համայնքի 2 քանդված կամուրջների վերականգնման համար: Շիրակի մարզպետարանին հատկացվող 9 մլն 800 հազար դրամը կտրամադրվի Անուշավան գյուղի Չայ գետակի փլուզված միջհամայնքային կամրջի նորոգման համար: Սահմանվել է, որ նշված մարզերի համայնքների կողմից սուբվենցիայի գումարների նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Արագածոտնի և Շիրակի մարզպետները:



Այլ որոշումներով, ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին, 22 մլն դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին՝ մարզպետարանի վարչական շենքի հիմնանորոգման համար: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ նշված գումարի ֆինանսավորումն իրականացնել նախատեսված աշխատանքների սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի, դրանց փորձագիտական եզրակացության և ֆինանսական գնահատականների հաշվարկային հիմնավորումների առկայության պայմաններում: Գործադիրը մինչև 3 մլն 900 հազար դրամ է հատկացրել նաև Կոտայքի մարզպետարանին՝ Երևան-Սևան ավտոմայրուղու Վերին Պտղնիի ճանապարհահատվածի ցանկապատման համար:



Եվս 45 մլն 190 հազար դրամ է հատկացվել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ իրականացման նպատակով՝ «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար:



Կառավարությունը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի նախարարին՝ թույլատրել «Հայգազարդ» ՓԲԸ-ին, որը հանդիսանում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խոշոր բաժնետերը և սեփականության իրավունքով տնօրինում է ընկերության 56.2 տոկոս բաժնեմասը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալ առաջարկով և համապատասխան առուվաճառքի պայմանագրերի կնքմամբ ձեռք բերել ընկերության մյուս բաժնետերերին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասերը՝ այն հաշվով, որ գործարքի արդյունքում «Հայգազարդ» ՓԲԸ-ն կդառնա ընկերության մինչև 90 տոկոս բաժնեմասի սեփականատերը:



Մեկ այլ որոշմամբ, հաշվի առնելով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի առանձնահատուկ կարևորությունը ՀՀ տնտեսության մեջ և Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության ու Հյուսիսային Իռլանդիայի «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» կազմակերպության (գնորդ) առաջարկությունը՝ ընկերության բաժնետոմսերը ձեռքբերելու և անհրաժեշտ ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ, կառավարությունը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի նախարարին՝ թույլատրել «Հայգազարդ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող ընկերության կանոնադրական կապիտալի 90 տոկոս բաժնեմասը 40 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր շուկայական արժեքով ուղղակի վաճառքի եղանակով օտարել գնորդին, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ կնքել համապատասխան առուվաճառքի պայմանագիր՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասը օրենքով սահմանված կարգով գնահատված 13 մլրդ 600 մլն դրամ շուկայական արժեքով ձեռք բերելու վերաբերյալ: Նույն որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ կառավարության և «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» կազմակերպության (գնորդի) միջև կնքվող համաձայնագրի նախագծին: ՀՀ էներգետիկայի նախարարին լիազորվել է ՀՀ կառավարության անունից ստորագրել նշված համաձայնագիրը:



«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել ՀՀ էներգետիկայի նախարարության ենթակայության «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկին իրեն սպասարկող՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային բանկային հաշիվ՝ «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի պահպանման ծառայության կատարման համար «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ից (գույքային համալիրի գնորդից) տրամադրվող դրամական միջոցների մուտքագրման և ելքագրման նպատակով: Նշված արտաբյուջետային բանկային հաշվով գործառնությունների կատարման ժամկետ է սահմանվել մինչև ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 6-ի «Պետական գույքի օտարման և բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N449-Ն որոշման համապատասխան ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի միջև կնքվելիք գույքային համալիրի առուվաճառքի հիմնական պայմանագրի համաձայն գույքային համալիրի հանձնման պահը: Նույն որոշմամբ լրացում է կատարվել նաև ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 6-ի N 449-Ն որոշման մեջ, որի համաձայն «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման ժամկետ է սահմանվել հիշյալ առուվաճառքի պայմանագրի համաձայն «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի գնորդին հանձնման պահը:



«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդից 13 մլն 490 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակի նշման միջոցառումների շրջանակներում 2006թ. օգոստոսին Ծաղկաձորում կայանալիք Համահայկական կրթական երկրորդ խորհրդաժողովի նախապատրաստման և անցկացման նպատակով «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին տրամադրելու համար:



Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին 10 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմին՝ Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիային տրամադրելու նպատակով, 2006թ. հոկտեմբերի 19-20-ը Եվրոպայի խորհրդի կոնգրեսի կայուն զարգացման հանձնաժողովի աշնանային նիստի Հայաստանում անցկացման հետ կապված ծախսերը համաֆինանսավորելու համար:



Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է օտարերկրյա պետությունների փոստային կապի ադմինիստրացիաների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս ՀՀ փոստային կապի ադմինիստրացիայի իրավասության շրջանակները:



ՀՀ մաքսային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը սահմանել է նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների, ՀՀ դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդների կողմից ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման ներմուծվող գույքի բնաիրային չափերը: Մասնավորապես, սահմանվել է, որ դրանք, բացառությամբ մարդատար ավտոմեքենայի, չպետք է գերազանցեն 5000 կգ-ը:



Նիստում որոշվել է ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդից 2 մլն 62 հազար դրամ հատկացնել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ 2005թ. ընթացքում քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն ցույց տված փաստաբանների աշխատանքի դիմաց փոխհատուցելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատին տրամադրելու համար:



Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում տեղամասային տեսուչների աշխատանքների կազմակերպման կարգը: Հանձնարարվել է ՀՀ ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել տեղամասի անձնագրի, տեղամասային տեսուչի աշխատանքային տետրի, հսկողական քարտի, «Պրոֆիլակտիկա» հաշվետվության, պրոֆիլակտիկ գործի, ոստիկանության բաժնի (բաժանմունքի) միասնական հաշվառման մատյանի և հաշվառման քարտերի ձևերը:



Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ-ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը և հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների էսկորտ ուղեկցման դասավորվածության ձևերը:



Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» ՀՀ գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին» N1398-Ն որոշման մեջ, որի նպատակն է առավել դյուրին դարձնել հարկատուների համար սերտիֆիկատ-դիմումի ներկայացման գործընթացը: Մասնավորապես, այսուհետ սերտիֆիկատ-դիմում ներկայացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց հնարավորություն կընձեռնվի սերտիֆիկատ-դիմումի ձևը (V կետը) օտարերկրյա իրավասու մարմիններում հաստատելու փոխարեն՝ ՀՀ հարկային մարմնին ներկայացնել օտարերկրյա իրավասու ֆինանսական (հարկային) մարմնի կողմից ստորագրված և կնքված տեղեկանք:



Նիստում փոփոխություն և լրացում է կատարվել նաև ՀՀ կառավարության 2001թ. փետրվարի 22-ի N 125 որոշման մեջ՝ պետական կառավարման տարբեր մարմինների աշխատակազմերի տնօրինությանը հանձնված ինչպես սեփականության իրավունքի պետական գրանցում ունեցող, այնպես էլ նման գրանցում չունեցող անշարժ գույքի վարձակալների կողմից հաշվարկված վճարները չվճարելու դեպքում այդ տարածքներն ազատելու և դրանց հետագա տնօրինման հետ կապված խնդիրներին լուծում տալու նպատակով: Մասնավորապես, սահմանվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից հաշվարկված վճարները չվճարելու և վարձակալական պայմանագիր չկնքելու կամ վարձակալական պայմանագրից ծագող իրավունքները չգրանցելու դեպքում, Պետական գույքի կառավարման վարչությունը մեկամսյա ժամկետում տարածքից վտարելու պահանջի վերաբերյալ հայցով դիմում է դատարան:



Հիմք ընդունելով Համաշխարհային բանկի աղքատության հաղթահարման աջակցության երրորդ վարկի նախապատրաստման ճապոնական դրամաշնորհի շրջանակում ՀՀ ոռոգման համակարգի ֆինանսական և կառուցվածքային բարեփոխումների իրականացման ծրագրով ներկայացված առաջարկությունները, կառավարությունը հաստատել է ՀՀ ոռոգման համակարգի ընկերությունների 2006թ. սուբսիդավորման սահմանային չափաքանակները: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ նշված չափաքանակների լրացման վերաբերյալ: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի «ՀՀ ոռոգման համակարգի ընկերությունների 2006թ. սուբսիդավորման չափաքանակները հաստատելու մասին» N 330-Ա որոշման համապատասխան կետը:



Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 13-ի «ՀՀ-ում օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման սակագների հաստատման կարգը հաստատելու մասին» N 2074–Ն որոշման մեջ կատարված լրացման նպատակը նշված կարգը «Օդագնացության անվտանգության համար համագործակցության մասին» «Եվրոկոնտրոլ» միջազգային կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությամբ սահմանված դրույթներին համապատասխանեցման ապահովումն է: Նշվել է, որ ՀՀ-ն նշված կոնվենցիային անդամակցում է 2005թ. նոյեմբերից, իսկ դրա լրացուցիչ արձանագրությամբ սահմանվել են հատուկ թռիչքներ, որոնց համար համապատասխան ծառայությունների մատուցման համար հաշվարկված գումարների գանձումներ չեն կատարվում, ինչը և ամրագրվել է հիշյալ որոշման մեջ:



Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի «Ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը հաստատելու մասին» N 1112-Ն որոշման մեջ: Դրանցով սահմանվել է, որ ՀՀ-ի (այլ պետությունների) այլ պետական բուհերից ուսանողների (կուրսանտների) փոխադրումը Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատություն, կամ հակառակը, կատարվում է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի թույլտվությամբ և ծառայության ուսումնական հաստատության ռեկտորի համաձայնությամբ:



ՀՀ կառավարության մեկ այլ՝ 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ կառավարության 1997թ. մարտի 13-ի N42 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N215-Ն որոշման մեջ կատարված լրացումներով Պարոնյան փող. 2 հասցեի շենքում 1977թ-ից տեղակայված ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի «Փայտարվեստի թանգարան» և Տիգրան Մեծի պողոտա 53 հասցեի շենքում 1980թ-ից տեղակայված «Երաժշտագիտական գրադարան» ՊՈԱԿ-ների ոչ բնակելի տարածքները նախարարության առաջարկով փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:



«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև ՀՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 26-ի «Տարածքներ տրամադրելու մասին» N1322 որոշման մեջ: Մասնավորապես, հաշվի առնելով, որ «Պրավդա Արմենիի» թերթին տրամադրված Երևան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեի 8-րդ հարկից 19.9 քմ մակերեսով տարածքը փաստացի չի զբաղեցված, այն տրամադրվել է «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպությանը:



«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է Լոռու մարզի Ձյունաշող գյուղական համայնքի ղեկավար Հովհաննես Թմոյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված: Որոշվել է նաև սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և նշված գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 126 հազար 420 դրամ՝ Ձյունաշող գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:



Մեկ այլ որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են նաև ՀՀ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղական համայնքի ղեկավար Անաստաս Խաչատրյանի լիազորությունները: Որոշվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և հիշյալ համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդից 126 հազար 360 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ Մեծ Սարիար գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:



Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 1-ի «Ոռոգման նպատակով 2006թ. Սևանա լճից ջրառի մասին» N 685-Ա որոշման մեջ, գործադիրը որոշել է 2006թ. ոռոգման շրջանում Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել 30 մլն խմ-ով կամ տարեկան ջրաքանակը սահմանել 150 մլն խմ: Որոշման ընդունումը պայմանավորված է Հրազդան գետով նախատեսված բնական ելքերի նվազմամբ և հանրապետության տարածքում տևական երաշտի հետևանքով ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ, ինչպես նաև տեղումների քանակի նորմայից ցածր լինելու պատճառով, որի դեպքում գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ռեժիմներով նախատեսված է ոռոգման նորմաներն ավելացնել մինչև 25 տոկոս:



ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 3-ի «Հողերի նպատակային նշանակության փոփոխության և անտառի վերականգնման մասին» N910-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունները, կառավարությունը հաստատել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անտառային նշանակության հողերի սահմանները՝ 933.9 հա մակերեսով: Նույն որոշմամբ փոփոխվել են Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության մի շարք հողերի կատեգորիաները: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին՝ սույն որոշմամբ սահմանված բնակավայրերի հողերի կատեգորիա դասակարգված տարածքներում առկա ինքնակամ կառույցների իրավական կարգավիճակի (պետականացման, տնօրինման, քանդման և օտարման) օրինականացման հարցերին օրենքով սահմանված կարգով ընթացք տալ տվյալ տարածքների համար համաձայնեցված կառուցապատման սխեմաների առկայությամբ՝ վերջիններիս համապատասխան:





Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ