երեքշաբթի, 24 հուլիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է Հայաստանի Հանրապետության անկախության տոնի հոբելյանական տոնակատարության կազմակերպման հանձնաժողովի նիստ: Քննարկվել է հոբելյանական տոնակատարության միջոցառումների ծրագիրը, որի նախապատրաստման ուղղությամբ հանձնաժողովի անդամներն արդեն որոշակի աշխատանք իրականացրել են: Վարչապետը կարևորել է այս տարի անցկացվող հոբելյանական մի շարք՝ անկախության 10-ամյակի, քրիստոնեության ընդունման 1700-ամյակի, Նժդեհի 115-ամյակի նաև Համահայկական խաղերի անցկացման միջոցառումները համադրելու անհրաժեշտությունը, որպեսզի այդ ծրագրերով նախատեսված միջոցառումները լրացնեն միմյանց և շարունակվեն մինչև տարեվերջ: Անցած 10 տարիների ձեռքբերումները և անկախ պետականության կայացումը՝ որպես ամենամեծ ձեռքբերում, ըստ վարչապետի, անհրաժեշտ է պատշաճորեն արժևորել:
Հանձնաժողովը հավանության արժանացրեց անկախության տոնի հոբելյանական տոնակատարության միջոցառումների նախնական ծրագիրը, որին կանդրադառնա 10 օր հետո: Այդ ընթացքում համապատասխան նախարարությունները, Երևանի քաղաքապետը, մարզպետները կաշխատեն ծրագրի վերջնական տարբերակի մշակման ուղղությամբ՝ կատարելով այսօրվա նիստում տրված հանձնարարականները: