Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 հուլիսի 2006

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հաստատել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները: Որոշմամբ կարգավորվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրում ընդգրկված աշխատաշուկայում անմրցունակ աշխատանք փնտրող անձանց հետ կապված հարաբերությունները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել վերոնշյալ գործակալության տարածքային կենտրոնի և գործատուի միջև կնքվող աշխատավարձի փոխհատուցման մասին պայմանագրի, ֆինանսավորման հայտ-պահանջագրի և աշխատավարձի փոխհատուցման ծրագրով աշխատող անմրցունակ անձանց մասին գործատուի կողմից գործակալության տարածքային կենտրոն ներկայացվող տեղեկանքի ձևերը:


Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության, ՀՀ կառավարության և Շվեյցարիայի համադաշնության կառավարության, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված միջազգային համաձայնագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը ևս: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է՝ որոշումն ուժի մեջ մտնելուց մեկամսյա ժամկետում, որոշմամբ հաստատված կարգի հիման վրա, հաստատել տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրության և տեղեկանքների հաշվառման ու վերահսկողության կարգը:


Նիստում հավանություն է տրվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում կատարվող փոփոխություններով և լրացումներով առաջարկվում է 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների ցանկն ընդլայնել՝ դրանում ընդգրկելով հասարակական մեծ վտանգավորություն չներկայացնող ոչ մեծ ծանրության և միջին ծանրության առանձին հանցագործություններ, որոնք կատարվել են ոչ հատուկ սուբյեկտների կողմից և որոնց անմիջական օբյեկտ են հանդիսանում անձի իրավունքներն ու օրինական շահերը: Քրեական օրենսգրքի 73-րդ և Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածների փոփոխություններն ընդարձակում են հանցագործություններից տուժած անձանց գույքային իրավունքների պաշտպանության երաշխիքները: Հարցի զեկուցման ժամանակ նշվել է, որ այս ինստիտուտի իրագործումը նպաստում է ոչ միայն նրանց գույքային բնույթի, այլև բարոյահոգեբանական կարիքների և շահերի բավարարմանը, որի օրինականության ապահովման երաշխիք ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված է նոր 3401 հոդվածի ընդունումը: Մեկ շաբաթ ժամկետ է տրվել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ նախագծի հետ կապված որոշակի հարցեր և առաջարկություններ ՀՀ դատախազության հետ լրացուցիչ քննարկելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ վարչապետի մոտ առանձին խորհրդակցություն հրավիրելու համար:


Կառավարությունը հավանություն է տվել նաև մեկ այլ՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով նախատեսվում է, որ անշարժ գույքի օգտագործման, շահագործման ընթացքում այլ անձանց և գույքին պատճառված վնասի հատուցման պարտականությունը, անկախ սեփականատիրոջ մեղքի առկայությունից, պետք է կրի անշարժ գույքի սեփականատերը: Նշված դրույթը, ըստ օրինագծի հեղինակների, կհեշտացնի և կնպաստի անձի կողմից իր խախտված իրավունքների վերականգման մատչելիությունը, դատական պրակտիկայի ընթացքում տեղ գտած տարաձայնությունների, դատարաններում վնասի հատուցման հետ կապված գործերով քննվող գործերի հստակեցմանը և արագությանը: Նույն սկզբունքն է նախատեսվում նաև օրենքի 10712-րդ հոդվածի լրացմամբ՝ կենդանիների պատճառած վնասի հատուցման պարագայում: Միաժամանակ, սեփականատիրոջից վնասի հատուցման իրավունքի պահանջը, անկախ սեփականատիրոջ մեղքի առկայությունից, չի վերացնում մեղքի ինստիտուտի նշանակությունը: Այս նախագծի հետ կապված ևս լրացուցիչ 2 օր ժամկետ է տրվել՝ ներկայացված առաջարկությունները քննարկելու համար:


Գործադիրը, օրակարգի հարցերի շարքում, հաստատել է նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնակարգը:


Նիստում հաստատվել է թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման կարգը, որով կանոնակարգվում են թափոնների հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) վայրերի ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները: Ռեեստրի վարման հիմնական նպատակը՝ թափոնների հեռացման վայրերի (ինչպես գործող, այնպես էլ փակված կամ կոնսերվացված) հաշվառումը և նկարագրումն է: Ռեեստրը, ըստ կարգի, վարում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նախարարին հանձնարարվել է՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման նպատակով ներկայացվող հաշվետվություն և ռեեստրի վարման գրքի ձևերը:


Կառավարությունը որոշում է կայացրել «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի իրականացման մասին: «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածով սահմանված՝ մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում լիցենզավորված ազգային մարմին, կառավարության որոշմամբ, ճանաչվել է ՀՀ բնապահպանության նախարարությունը:


Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային համայնքին շենքի մաս օտարելու մասին որոշմամբ, կառավարությունն անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ առողջապահության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Վայոց Ձորի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված շենքից 746 քառ. մետր մակերեսով տարածք, որից 275 քառ. մետր նկուղ, նվիրաբերել է Եղեգնաձորի քաղաքապետարանին: Նշվել է, որ հիշյալ շենքը գտնվում է տեխնիկապես վատ վիճակում, և քաղաքապետարանը ունի հնարավորություն այն վերանորոգելու համար: Եղեգնաձորի քաղաքապետարանը տեղակայված է մանկապարտեզի շենքում, որը գտնվում է քաղաքի ծայրամասում և չունի բավարար պայմաններ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Քաղաքապետարանը, կառավարության որոշմամբ, պարտավորվել է նաև վերոհիշյալ տեսչության մարզային փորձագիտական կենտրոնին մնացող 505 քառ. մետր տարածքը վերանորոգել:


Մեկ այլ որոշմամբ, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2003թ. մայիսի 2-ի «Կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 608 որոշման մեջ: Որոշման նախագծում հստակեցված են ՀՀ տարածքում կառուցապատման նախագծային փաստաթղթերի մշակմանը, կազմին ու բովանդակությանը, ինչպես նաև նախագծի փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգերին ներկայացվող պահանջները: Միաժամանակ, կարգավորված են կառուցապատման էսքիզային նախագծի մշակմանն առնչվող խնդիրները:


«ԱՊՀ-ն՝ որպես պետությունների համագործակցության նոր կառույց. ձեռքբերումներ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտագործնական գիտաժողովի անցկացման նպատակով, ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ ԱԳՆ-ին հատկացնել 2582.1 հազար դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: Միջոցառումը կանցկացվի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների 2005թ. նոյեմբերի 25-ի որոշմամբ հաստատված՝ ԱՊՀ տարվան նվիրված հիմնական միջոցառումների ծրագրի համաձայն, որով նախատեսվում է ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ մասնակից պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ-ում անցկացնել գիտաժողով:


Կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև զարգացման համագործակցության» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գույքի կազմից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կառավարության որոշմամբ առանձնացվել է 36750,1 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և ամրացվել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ բաժնետոմսերի մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը: Նշվել է, որ սույն որոշման նախագծով աջակցություն է ցույց տրվում ՀՀ ՊՆ-ին՝ վերջինիս կարիքների ապահովման նպատակով նախարարության հաշվեկշռին է հանձնվում երկու մետաղական կոնստրուկցիաներով հավաքովի անգար:


Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներով, կառավարությունը որոշել է «Գյումրու «Շիրակ օդանավակայան» ՓԲԸ-ի գույքի կազմից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, առանձնացնել 288044 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը և ամրացնել ՀՀ ՊՆ-ին՝ բաժնետոմսերի մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ, համապատասխան չափով նվազեցնելով վերոհիշյալ ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը: Նույն որոշմամբ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի կազմից առանձնացվել է 138322 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը և ամրացվել ՀՀ ՊՆ-ին՝ բաժնետոմսերի մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ համապատասխան չափով նվազեցնելով «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը: Հանձնարարվել է ՀՀ պաշտպանության նախարարին և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ մշակել համագործակցության միջոցառումներ «Ազատան» ենթակայանից «Շիրակ» օդանավակայանի բարձրավոլտ էներգասնուցումն ապահովելու ուղղությամբ և հեռավոր առբերիչ ռադիոփարոսը քաղավիացիայի պահանջների համար օգտագործելու նպատակով:


Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի «ՀՀ կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման 2006թ. (01.01.2006թ.-30.06.2006թ.) հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը: Նշվել է, որ հիշյալ ժամանակահատվածում, կատարման ենթակա թվով 127 կետից 14 կետ կամ 11%-ը տեղափոխվել է 2006թ. II և IV եռամսյակ, իսկ 13 կետ կամ 10.2%-ն ուժը կորցրած է ճանաչվել: Ցանկում մնացած և կատարման ենթակա թվով 100 կետից, 2006թ. հուլիսի 7-ի դրությամբ, կատարվել է 98-ը կամ 98%-ը: Չի կատարվել ծրագրով նախատեսված 2 կետ կամ 2%-ը:


Ելնելով 1968թ. նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով սահմանված տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային և միջազգային վկայականներին ներկայացվող պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից և ՀՀ նախագահի 2006թ. հունվարի 16-ի ՆԿ-70-Ա կարգադրությամբ հաստատված «ՀՀ ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցի» 32-րդ կետի պահանջն ապահովելու նպատակով, կառավարությունը որոշել է հաստատել տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային վարորդական վկայականի նկարագիրը, տրանսպորտային միջոց վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականի նկարագիրը և այդ վկայականների ձևերը: Նշվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2007թ. հուլիսի 1-ից:


Նկատի առնելով, որ համաձայն «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» և «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ ԿԲ-ին են փոխանցվել ապահովագրության գործունեության կարգավորման գործառույթները, և ՀՀ ԿԲ-ի խորհուրդն այդ օրենքների հիման վրա 2006թ. մարտի 28-ին ընդունել է մի շարք իրավական ակտեր, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության մի քանի որոշումներ:


Գործադիրը լրացում է կատարել 2003թ. հունիսի 13-ի N 707-Ն որոշման մեջ՝ նոր պարբերությամբ ամրագրելով, որ «ՀՀ փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված բազային կենսաթոշակի չափը սահմանվում է 3000 դրամ:


Կառավարությունը քննարկել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի, «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի և «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի 2006-2007 ուստարվա ըստ մասնագիտությունների ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունելության վճարովի համակարգի տեղերը հաստատելու հարցը: Որոշման նախագիծը ներկայացվել է այդ տեղերը նվազեցնելու տրամաբանությամբ: Հարցի հետ կապված, հանձնարարվել է վերոհիշյալ ուսումնական հաստատություններում վերանայել մասնագիտությունների ցանկը և կրկնություններից խուսափելու նպատակով՝ կրճատումներ կատարել:


Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 6-ի՝ «ՀՀ 2006-2007 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» N 601-Ն որոշման մեջ, ըստ որի «Օտարերկրյա բուհեր» տողում «35» թիվը փոխարինվել է «28»-ով և ավելացել է նոր տող՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ»: Հիմնադրամից ստացված գրության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի միջնորդության հիման վրա, «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամին տրվել է 1 տեղ:


Նիստում հաստատվել է Արարատի մարզի Լուսառատի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզի Դարակերտի գյուղական համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 5 հա վարելահողը փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման համար: ՀՀ կառավարության 2005թ. N 2014-Ն որոշման հավելվածով պետական սեփականություն հանդիսացող ՀՀ ԳԱԱ-ի կենդանաբանության ինստիտուտին տրամադրված գյուղատնտեսական նշանակության 38.03 հա հողերից 25.71 հա՝ այդ թվում 22.85 հա վարելահող և 2.86 հա պտղատու այգի, սեփականության իրավունքով փոխանցել Նոր Արտամետի գյուղական համայնքին: 2 օր ժամկետ է տրվել հարցը ՀՀ ԳԱԱ-ի հետ լրացուցիչ քննարկելու համար:


Մեկ այլ որոշմամբ Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարվել է փոփոխություն, ըստ որի գյուղական նշանակության հողերից 4.0 հա վարելա հող փոխադրվել է հատուկ նշանակության հողերի կատեգորիա՝ սահմանապահ ուղեկալի շինարարության նպատակով:


Նիստում որոշում է ընդունվել Վարդենիսի և Գավառի քաղաքային համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին:


«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է հաստատել ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը, որով սահմանվում են համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները: Գործադիրը հաստատել է նաև համայնքային ծառայողի ծառայողական քննություն անցկացնելու կարգը:


Նիստում որոշում է ընդունվել նաև «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի անդամների՝ ռոտացիոն կարգով փոփոխման և ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի N 1003-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին:


Սևանա լճի մակարդակի բարձրացումով պայմանավորված ջրածածկ անտառատնկարկների մաքրման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով արմատահան տեխնիկա գնելու համար, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ բնապահպանության նախարարարությանը հատկացվել է 63 մլն դրամ:


 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ