Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 հունիսի 2006

 



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:



Գործադիրը որոշել է թույլատրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Երևանի քաղաքապետին ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 4-ի «2006թ. մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհված անձանց հուղարկավորությանը պետական աջակցություն ցուցաբերելու մասին» N 539-Ա որոշման համաձայն բացված գանձապետական արտաբյուջետային ժամանակավոր հաշվում կուտակված 88 մլն 472 հազար դրամ միջոցներից իրականացնել վճարումներ, այդ թվում՝ ավիավթարի արդյունքում զոհված ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց 85 ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով՝ 85 մլն դրամ և Վրաստանի երկու քաղաքացիների ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով՝ 2 մլն դրամ, (յուրաքանչյուր զոհվածի հաշվով 1 մլն դրամ), իսկ զոհված ուղևորների հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծման համար՝ 1 մլն 472 հազար դրամ: Սահմանվել է, որ հատկացված միջոցները զոհվածների ընտանիքներին տրամադրվում են կանխիկ ձևով: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման ընդունման պահից դադարեցնել գանձապետական արտաբյուջետային ժամանակավոր հաշվին գումարների մուտքագրումը և, սահմանված վճարումները կատարելուց հետո, փակել հաշիվը:



ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողովի գործունեության կարգը»: Կարգի համաձայն, հանձնաժողովի գործունեության նպատակն է կազմակերպությունում աշխատողների մասնակցության ապահովումը մասնագիտական ռիսկերի դիտարկման, առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովմանն ու պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների պլանավորման և կազմակերպման, ինչպես նաև աշխատողների առողջական վիճակի վերլուծության աշխատանքներին:



Այլ որոշումներով, կառավարությունը ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին 70 մլն դրամ է հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, այդ թվում՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բակում գտնվող N 5 մարզադահլիճի կցակառույցի կապիտալ շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով՝ 20 մլն դրամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում շինարարական աշխատանքների իրականացմանն աջակցելու նպատակով՝ 50 մլն դրամ: 77մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որից 68 մլն դրամ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վարչական շենքի հիմնանորոգման և 9 մլն դրամ՝ ՀՀ Արարատի մարզի ք. Արտաշատի Ա. Խարազյանի անվան թատրոնի տանիքի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով: «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ, փոփոխություններ կատարելով, գործադիրը ևս 48 մլն 400 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, որից ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կանոնադրական կապիտալը համալրելու (կամավոր գույքային վճար կատարելու) նպատակով՝ 20 մլն դրամ, «Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի մասնաշենքերի ջեռուցման համակարգի ներդրման նպատակով՝ մինչև 7 մլն 500 հազար դրամ, «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնաշենքի 2-րդ հարկի վերանորոգման նպատակով՝ մինչև 6 մլն 500 հազար դրամ և ՀՀ 2007թ. պետական բյուջեում ընդգրկվելիք աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության անցկացման նպատակով՝ 14 մլն 400 հազար դրամ:



Նիստում հաստատվել է նաև «Ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը»: Որոշումն ընդունվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Կարգը սահմանում է ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով, բնակավայրերի փողոցներով երթևեկության կազմակերպման հիմնախնդիրները, դրանց հետ կապված նախագծային, շինարարական, վերակառուցման, շինարարական-նորոգման աշխատանքների, ինչպես նաև հետազոտությունների, վերահսկողության իրականացումը: Սահմանվում է, որ կարգի գործողությունը տարածվում է ՀՀ բոլոր ճանապարհների վրա՝ անկախ սեփականության ձևից:



Կառավարությունը, ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 115 մլն 64.8 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Երևանում հոկտեմբերի 5-7-ը էլեկտրոնային բովանդակության համաշխարհային գագաթաժողովի անցկացման նպատակով, «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպությանը նվիրաբերության կարգով տրամադրելու համար:



«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162 որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը որոշել է նաև ՀՀ 2006թ. պետական բյուջեի «Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացմանը» ծրագրով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը լրացուցիչ հատկացված 23 մլն 400 հազար դրամն ուղղել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից իրականացվող համանուն համահայկական մշակութային երկրորդ փառատոնի անցկացմանը:



Կառավարությունը հավանություն է տվել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ելնելով ՀՀ տարածքի առանձնահատկություններից՝ կապված սահմանային գոտում քաղաքների և մեծ բնակավայրերի տեղակայման հետ, նպատակահարմար է սահմանային գոտու փոխարեն սահմանային ռեժիմ հաստատել միայն սահմանային շերտում:



Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին ևս, որով առաջարկվում է պետական սահմանի պահպանության գլխավոր վարչությունը հանել սահմանապահ զորքերի կազմից, քանի որ դրանում գործող շտաբն արդյունավետորեն իրականացնում է նշված գերատեսչության գործառույթները: Օրինագծով նախատեսվում է հստակեցնել նաև սահմանապահ զորքերի հրամանատարի լիազորությունները՝ մասնավորապես, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների տեղաբաշխման և զորացրման առումով:



«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծի ընդունումը պայմանավորված է զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական իրավունքների լրացուցիչ երաշխիքների ամրագրման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, առաջարկվում է հիշյալ օրենքում ամրագրել ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց (ավարտելուց) հետո մահացած, կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակը չձևակերպած նախկին զինծառայողների ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու համար սոցիալական կենսաթոշակի նշանակման, հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողի՝ հաշմանդամության փորձաքննության ժամկետը լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում նրա ընտանիքին ևս թաղման նպաստի վճարման և այլ դրույթներ:



Նիստում գործադիրը հավանություն է տվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին ևս: Որոշման ընդունումը պայմանավորված է կառուցապատող համարվող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող՝ ֆիզիկական անձանց հարկման հետ կապված հարցերը կատարելագործելու, այդ անձանց համար «չհարկվող շեմ» սահմանելու, ինչպես նաև շենք-շինությունների հարկվող շրջանառությունը հստակեցնելու անհրաժեշտությամբ:



Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը փոփոխություն է կատարել նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 18-ի «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առանց մրցույթի, վարձակալությամբ հողամաս տրամադրելու և ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի N153-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 347-Ն որոշման մեջ, որի համաձայն ներկայումս սնանկացման գործընթացում գտնվող «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ-ն՝ ոչ թե նախորդ տարիների վնասների ծածկման նպատակով, նվիրատվության պայմանագրի կնքման միջոցով ազատվում է իր կուտակած պարտքից, այլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 430 հոդվածին համապատասխան ներված գումարն ուղղվում է ընկերությունից առանձնացված և Երևանի քաղաքապետարանին հանձնված 101.7 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքի գնի հատուցմանը և ընկերության նկատմամբ պետական կառավարչական հիմնարկների պարտքերի մարմանը:



Մեկ այլ՝ ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության՝ աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N773 որոշման մեջ կատարված փոփոխությամբ, գործադիրը նշված ցանկից հանել է Սյունիքի մարզի Կապանի N10 և N13 դպրոցները: Որոշման համար հիմք է ծառայել ֆինանսական լրացուցիչ մուտքերի հնարավորության վերաբերյալ ՀՀ Սյունիքի ներկայացված ֆինանսական հաշվարկը:



ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 21-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի գործունեության լիցենզավորման կարգը և դրա իրականացման համար ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N1148 որոշման մեջ կատարված փոփոխությունը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի այն պահանջի կիրարկման անհրաժեշտությամբ, ըստ որի հայտատուն հայտը լիցենզավորող մարմին է ներկայացնում՝ նշելով նաև անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի վերաբերյալ տեղեկատվություն:



Լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշման մեջ՝ դրանով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N2335-Ն որոշմամբ սահմանված օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների համար օրապահիկի նվազագույն չափերը նույնականացնելու նպատակով: Մասնավորապես, որոշումը լրացվել է նոր պարբերությամբ, ըստ որի գործուղման օրապահիկի ծախսեր չեն հատուցվում հիմնական աշխատանքի վայրից 30 կմ հեռավորությամբ գործուղված աշխատողին:



Նիստում գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի «ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման մեջ, որի ընդունումը պայմանավորված է դրանով նախատեսված միջոցառումներում սահմանված՝ մայրաքաղաքային հարակից գոտիներում քաղաքաշինական գործառույթներում Երևանի քաղաքապետարանի անմիջական և գործուն մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ:



«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը:



Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Գերմանական ներդրումների և զարգացման ընկերության (DEG) միջև կնքվող «Ուղղակի պայմանագրին», ինչպես նաև լիազորել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին՝ ՀՀ կառավարության անունից ստորագրելու նշված պայմանագիրը: 3 օր ժամկետ է տրվել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ հարցը քննարկելու համար:



Կառավարությունը հավանություն է տվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը պայմանավորված է օրենսգրքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտման համար վարչական տուգանքի չափի ավելացման, ինչպես նաև աղբաթափման համար առանձին նորմերի սահմանման անհրաժեշտությամբ:



ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 1999թ. օգոստոսի 4-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու մասին» N 494 որոշման մեջ:





Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքի նախագծի մշակման ժամանակ հաշվի են առնվել արդյունաբերական սեփականության բնագավառի օրենսդրական կատարելագործումից, մասնավորապես, «Արտոնագրերի մասին» և «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումից հետո առաջացած հարցերի օրենսդրական կարգավորումները:



Նիստում գործադիրը ՀՀ կառավարության 2001թ. սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N895 որոշումը լրացրել է նոր կետով, որի համաձայն մինչև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ բժշկական և դեղագործական մասնագիտությունների գծով տրված բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթական գործունեության լիցենզիաների մասով ՀՀ կառավարության լիազորած մարմնի իրավասությունները վերապահել է ՀՀ առողջապահության նախարարությանը:



«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 2 մլն 582.2 հազար դրամ է հատկացրել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը՝ վերջինիս կողմից 2006թ. 1-ին եռամսյակի ընթացքում մարդասիրական օգնության կարգով ՀՀ ներմուծվող համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների ֆինանսավորումն ապահովու նպատակով:



Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկ»-ի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշման մեջ: Դրանով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրության 33-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, ըստ որի կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է կազմակերպության կանոնադրական նպատակներին համապատասխան, իսկ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինմանը հանձնված ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական տարածքներում ընգգրկված հողամասերի վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարների տարեկան 30 տոկոսը համամասնորեն՝ մինչև յուրաքանչյուր բյուջետային տարվա ավարտը, փոխանցվում է այն համայնքների բյուջեներին, որոնց վարչական տարածքներում ընդգրկված են վարձակալության տրված հողամասերը:



«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի Արարատի, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Գյումրի-1 և Գյումրի-2, Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի Ջերմուկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններն իրենց գործող հաստիքներով և սպասարկման տարածքներով հանձնել համապատասխանաբար Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ենթակայությանը՝ համայնքային հիմնարկի կարգավիճակով: Այդ կապակցությամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության մի շարք որոշումների մեջ: Որոշումն ընդունվել է քաղաքային համայնքների տարածքներում տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:



Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 2 մլն 50 հազար 805 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ 2006թ. հուլիսի 2-ին կայանալիք Արմավիրի մարզի Լուկաշին գյուղական համայնքի ղեկավարի, Տալվորիկ գյուղական համայնքի ավագանու անդամների, Սյունիքի մարզի Խալաջ, Օխտար գյուղական համայնքների ղեկավարների, Ղզլջուղ գյուղական համայնքի ավագանու անդամների, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքային համայնքի ղեկավարի, 2006թ. հուլիսի 9-ին կայանալիք Արմավիրի մարզի Մարգարա գյուղական համայնքի ղեկավարի, Լոռու մարզի Գեղասար գյուղական համայնքի ղեկավարի, Մեղվահովիտ, Անտառամուտ գյուղական համայնքների ավագանու անդամների, 2006 հուլիսի 16-ին կայանալիք Կոտայքի մարզի Նոր Արտամետ, Սարալանջ գյուղական համայնքների ավագանու անդամների, 2006թ. հուլիսի 23-ին կայանալիք Արմավիրի մարզի Բագարան գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով:



Գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի «ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1922-Ն որոշմամբ պետական սեփականությանը թողնված «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ՓԲԸ-ի գյուղատնտեսական նշանակության 63.06 հա-ից 55.06 հա-ն և «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 94.74 հա գյուղատնտեսական նշանակության հողերը սեփականության իրավունքով փոխանցել Մերձավանի գյուղական համայնքին՝ նշված հողամասերի պետական կարիքների համար օգտագործման անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ:



Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքային, ինչպես նաև Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:



Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառարվարությունը որոշել է առաջարկել ՀՀ ազգային ժողովի նախագահին՝ 2006թ. հուլիսի 6-ին, ժամը 10:00-ին գումարել ՀՀ ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած շուրջ երեք տասնյակ օրենքների նախագծերի քննարկման և ընդունման նպատակով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ