Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 հունիսի 2006





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով, կառավարությունը որոշել է Սևանա լճից 2006 թվականի ոռոգման շրջանում, ոռոգման նպատակով, Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ համակարգով ջրառի չափաքանակը սահամնել 120.0 մլն խմ:



Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին՝ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումն ապահովել համաձայն ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների: Որոշմամբ թույլատրվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմիտեի նախագահին՝ համաձայնեցնելով ՀՀ բնապահպանության նախարարության հետ, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի պլան-ժամանակացույցով նախատեսված ամիսների և ամսվա կտրվածքով տասնօրյակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ: ՀՀ բնապահպանության նախարարին և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք 2.0 խմ/վրկ և երկու ժամով հիմնական ելք՝ 5.0 խմ/վրկ, ընդամենը տարեկան՝ 0.65 մլն խմ: Իսկ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է Հրազդան գետի բնական ելքերի փոփոխման և Ապարանի ջրամբարից Արզնի-Շամիրամ ջրանցքի համար նախատեսված դոտացիայի անհնարինության դեպքում, ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշմամբ սահմանված՝ Սևանա լճից 2006թ. ոռոգման շրջանում ջրի բացթողման չափաքանակը համապատասխան փոփոխության ենթարկելու համար:



Նիստում կառավարությունը հաստատել է հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիների զինվորական ծառայությանը ֆիզիկապես նախապատրաստելու և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը: Այն նպատակ ունի օժանդակել պատանիների առողջության ամրապնդմանը, նրանց առողջ ապրելակերպի ձևավորմանը ներդաշնակ զարգացմանը, ՀՀ զինված ուժերում ծառայելու համար ֆիզիկապես կոփված և ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված պատանիների պատրաստմանը, ինչպես նաև բարելավել և գնահատել պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը: Կարգով նախատեսվում է նախապատրաստությունն իրականացնել հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պլանով նախատեսված «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր ժամաքանակների սահմաններում և պատանիների ֆիզիկական պատրաստվածության գնահատման նորմատիվների աղյուսակին համապատասխան, որոնց բովանդակությանը և անցկացման ժամկետներին նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիները ծանոթանում են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին:



Գործադիրը որոշում է ընդունել նաև զինծառայողների պարենային ապահովության փոխարեն դրամական փոխհատուցում սահմանելու մասին: Որոշման հետ կապված նշվել է, որ ՀՀ զինված ուժերի զորամասերում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շարքային կազմի պարտադիր զինծառայողներից շատերը չեն ծխում և հրաժարվում են սահմանված չափաքանակով համապատասխան ծխախոտ ստանալուց: Նշված խնդրի լուծման, նաև շարքային կազմի պարտադիր զինծառայողների շրջանում չծխելը խրախուսելու նկատառումով հիշյալ որոշման նախագծով առանց ֆիլտրի ծխախոտի փոխարեն փոխհատուցման ամսական չափը սահմանվել է 1000 դրամ:



Զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով, կառավարությունը որոշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Էջմիածին քաղաքի Աթաբեկյան N 1 հասցեում գտնվող էջմիածնի պետական քոլեջի հանրակացարանային N 2 մասնաշենքը N1 մասնաշենքին միացնող և անցումային հատվածից յուրաքանչյուր հարկի 24 քմ. մակերեսով տարածք անհատույց հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը:



ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի N 778 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծով գործադիրը նախատեսել է, որ ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում իր բնակավայրից (գրանցման վայրից) 30 կմ և ավելի հեռավորության ծառայության անցկացման վայրում մշտական բնակելի տարածություն չունեցող զինծառայողներին (բացի պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողներից) և նրանց հետ բնակվող ընտանիքի անդամներին բնակելի տարածության վարձակալության համար ամսական վճարվում է դրամական փոխհատուցում փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի քան՝ Երևան քաղաքում մինչև 4 անդամ ունեցողներին 45 000 դրամ, 4 և ավելի անդամ ունեցողներին՝ 67500 դրամ, այլ քաղաքներում համապատասխանաբար՝ 24 000 դրամ և 36 000 դրամ, իսկ այլ բնակավայրերում՝ 15 000 դրամ և 22 500 դրամ:



Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ԿԲ-ի 2005թ. տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:



«Մշակութային արժեքների պահպանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է սահմանել մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը: Հանձնարարվել է ՀՀ մշակույթի և երիտասրդության հարցերի նախարարությանը՝ կարգի որոշ դրույթների հետ կապված, ՀՀ մաքսային պետական կոմիտեի հետ հարցը լրացուցիչ քննարկել:



Կառավարությունը հավանություն է տվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրային պաշտպանների աշխատանքի՝ պետբյուջեից փոխհատուցման գործընթացն ավելի հստակեցնելու անհրաժեշտությամբ: Երկօրյա ժամկետ է տրվել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ որոշակի խնդիրների շուրջ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ հարցը լրացուցիչ քննարկելու համար:



ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 28-ի «Կնիքներ պատվիրելու թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 526-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարվել է լրացում, ըստ կնիքներ պատվիրելու թույլտվություն ունեցողներին ավելացել են նաև դատավորները, նոտարները, նոտարական պալատը և ՀՀ փաստաբանական պալատը:



Նիստում համաձայնություն է տրվել «ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:



Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է Շիրակի մարզի Բավրայի գյուղական համայնքի ղեկավար Մկրտիչ Պետրոսյանի լիազորությունները՝ սեփական դիմումի համաձայն, և որոշվել է փաստաթուղթն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Շիրակի մարզի Բավրայի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:



Մեկ այլ որոշմամբ, ս.թ. հունիսի 4-ին Արարատի, Շիրակի, Կոտայքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Գեղարքունիքի մի շարք գյուղական համայնքների ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ ԿԸՀ-ի միասնական հիմնադրամին հատկացվել է 5 մլն 388 հազ. 175 դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:



ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի թիվ 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշմամբ, փոփոխություններ են կատարվել ՀՀ ոստիկանության կանոնադրությունում, որը նպատակ ունի կանոնադրությունը համապատասխանեցնել «Ոստիկանությունում ծառայության մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքներին և ՀՀ ընտրական օրենսգրքին:



Նիստում գործադիրը որոշել է թույլատրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ իր տնօրինության ներքո գտնվող Երևան քաղաքի Կոմիտասի 54 հասցեում գտնվող 18.5 քմ. մակերեսով տարածքը ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Անժելա Առաքելյանին, Երևան քաղաքի Մամիկոնյանց 21 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 86.3 քմ. և նկուղային հարկից 136.9 քմ. մակերես ունեցող ոչ բնակելի տարածքները՝ վարձակալ «Մոսկվա-Մեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, Երևան քաղաքի Ֆուչիկի 27 հասցեի հարևանությամբ գտնվող շինությունները՝ նախօրոք հայտնի գնորդ Սմբատ Ղալեչյանին, իսկ Երևան քաղաքի Սևանի 12 հասցեում գտնվող ավտոհավաքակայանի 958.9 քմ. ընդհանուր մակերեսով շենքերն ու շինություններն օտարել աճուրդով:



ՀՀ կառավարության որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 18.11.1985թ. N 666 որոշման 26-րդ և 03.07.1987թ. N 426 որոշման 10-րդ կետերը, որի արդյունքում Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների վարչական սահմաններում գտնվող էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների 61.65 հա հողերը փոխադրվել են գյուղատնտեսական նշանակության այլ հողերի շարքը և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել այդ գյուղական համայնքներին: ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի վերոհիշյալ որոշումներով նախկին Կամոյի անվան շրջանի մի շարք տնտեսություններից հողամասեր են հատկացվել փ/ա Ա 3229-ին՝ երկաթգծի կառուցման համար, որը չի իրականացվել, իսկ կազմակերպությունը լուծարվել է: Կառավարության այսօրվա որոշմամբ այդ նպատակին հատկացված հողամասերը վերադարձվել են համապատասխան համայնքներին:



Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հաստատել է մի շարք մարզերի համայնքների վարչական սահմանների նկարագիրը և համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել այդ համայնքներին:



Նիստում քննարկված հարցերից՝ «ՀՀ պաշտպանության նախարարությանը գույք հանձնելու մասին» որոշման ընդունման նպատակը նախարարությանը փոխանցված անավարտ բնակելի շինարարության կառուցումն ավարտելը և զինծառայողների բնակարանային ապահովման բնագավառում ՀՀ ՊՆ-ի կարիքներն ապահովելն է: Որոշման համաձայն «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի կողմից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, առանձնացվել է Երևանի Քեռու փողոց թիվ 29 «Բ» հասցեում գտնվող 145 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող անավարտ բնակելի շինությունն՝ իր զբաղեցրած և պահպանության համար հարակից հողատարածքներով (ընդամենը 946 քմ) և այն, որպես պետական սեփականություն հանձնվել է ՀՀ ՊՆ-ին՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման ճանապարհով:



Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշմամբ, ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկումը համարվել է անհետաձգելի:



Այսօրվա նիստում գործադիրն անհետաձգելի է համարել նաև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ու «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:



Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման մեջ, ըստ որի երկարաձգվել է «ՀՀ պետական օրհներգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարություն ներկայացնելու ժամկետը: Նշվել է, որ օրհներգի տեքստի և երաժշտության համար հայտարարված մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո, սահմանված կարգով, «ՀՀ պետական օրհներգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը կներկայացվի կառավարության քննարկմանը:



«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության և աղետի գոտու հարցերի վարչությունն ու ընկերությունների աշխատանքների համակարգման և մասնավորեցման բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության:



 



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ