շաբաթ, 7 հուլիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ընդունեց Երևանի քաղաքապետի հրավերով մեր երկրի մայրաքաղաք ժամանած Մոնրեալի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Պիեռ Բուրգի գլխավորությամբ:
Վարչապետը շնորհավորեց Մոնրեալի և Երևանի քաղաքապետերին՝ սկիզբ դրված համագործակցության համար և հույս հայտնեց, որ այդ մասին ստորագրված համաձայնագրի պարտավորություններից և ոչ մեկը թղթի վրա չի մնա: Փոխգործակցությունը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, կարևոր է նաև կանադահայ համայնքի համար, որը հնարավորություն կունենա ավելի սերտացնելու կապերը հայրենիքի հետ:
Մոնրեալի քաղաքապետ պրն Պիեռ Բուրգը նախ վարչապետին ներկայացրեց իր գլխավորած պատվիրակության անդամներին, որոնց գերակշիռ մասը հայեր են, այնուհետև տեղեկացրեց հուլիսի 5-ից ի վեր Երևանում կայացած իրենց հանդիպումների և այցերի մասին՝ դրանք համարելով շատ կարևոր և արդյունավետ: Քաղաքապետի հարցին, թե ո՞ր ոլորտներում ու բնագավառներում կարող է օգնել Հայաստանին, ՀՀ վարչապետը պատասխանեց, թե Հայաստանը ոչ թե օգնության, այլ փոխշահավետ համագործակցության անհրաժեշտություն ունի: