Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 մայիսի 2006


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հավանություն է տվել «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքի նախագիծը մշակվել է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի կոնվենցիայի «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության հիման վրա և դրա լոնդոնյան ու կոպենհագենյան ուղղումներով սահմանված պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով: Օրինագծում ամրագրվել են ՀՀ-ում օզոնային շերտը քայքայող նյութերի նկատմամբ սահմանափակումները և դրանց հետ կապված հարաբերությունների կարգավորումը, հսկատեցվել ու մանրամասնվել են հիմնական հասկացությունները, ինչը կապահովի օրենքի միանշանակ ընկալումը, ամրագրվել են ՀՀ կառավարության և լիազոր մարմնի իրավասությունները, ինչպես նաև օզոնային շերտը քայքայող նյութեր ներմուծողների իրավունքներն ու պարտականությունները: Օրենքի նախագիծը մշակվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման» ազգային ծրագրի շրջանակներում: Մշակման գործընթացում ներգրավվել են շահագրգիռ պետական կառավարման մարմինների և օզոնային շերտը քայքայող նյութեր ներմուծող (և/կամ արտահանող) կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ:


Կառավարությունը հավանություն է տվել նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում 12-ամյա միջնակարգ կրթության անցնելու անհրաժեշտությամբ:


2006թ. մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհված ՌԴ քաղաքացի Սեյրան Աշոտ Հակոբյանի հուղարկավորությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2006թ. իր պահուստային ֆոնդից 1 մլն 500 հազար դրամ հատկացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ հուղարկավորությանը, գերեզմանի տապանաքարի պատրաստմանը և տեղադրմանն աջակցելու համար: Թույլատրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Սեյրան Հակոբյանի հուղարկավորությունը կատարած անձանց կանխիկ ձևով տրամադրել սույն որոշմամբ հատկացված միջոցները:


Կառավարությունը հաստատել է «Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում աշխատունակության կորստի աստիճանի սահմանման չափանիշները»: Որոշումն ընդունվել է «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով: Այն բխում է նաև «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման դրույթներից:


Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները: Դրանք սահմանվել են՝ «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Որոշման համաձայն, հարմար աշխատանքն առաջարկվում է տարածքային կենտրոնում հաշվառված անձանց, նպատակ ունենալով առանձնացնել ակտիվ աշխատանք փնտրողներին և տարածքային կենտրոնի աշխատանքն ավելի արդյունավետ, զբաղվածության ծրագրերն ավելի նպատակային և հասցեական դարձնել: Առաջարկվող հարմար աշխատանքի վարձատրության չափ է սահմանվել գործազրկության ամսական նպաստի եռակի չափը գերազանցող վարձատրությամբ աշխատանքը, իսկ աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշներ են սահմանվել միևնույն համայնքի (Երևան քաղաքի) տարածքում առաջարկվող աշխատանքը, երբ տրանսպորտից օգտվելու անհրաժեշտության դեպքում առկա է մեկ տրանսպորտային միջոցից (բացառությամբ տաքսի ծառայության) օգտվելու հնարավորություն:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշում է ընդունել «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ: Որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել նշված միավորման անդամ հանդիսացող՝ աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ընկերությունների 2005թ. տարեկան գործունեության արդյունքներով առաջացած, սակայն բյուջեից չփոխհատուցված, ինչպես նաև 2006թ. գործունեության արդյունքներով առաջանալիք ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով կատարված (կատարվելիք) մուծումները: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին ոչ ավելի, քան 62 մլն 772 հազար դրամ է հատկացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որից՝ ավելացված արժեքի հարկի գծով (առանց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված և (կամ) մաքսային մարմիններին վճարված գումարի) 2005թ. գործունեության արդյունքներով 2006թ. մուծված գումարների փոխհատուցման համար՝ 1 մլն 800 հազար դրամ և 2006թ. գործունեության արդյունքներով տարվա ընթացքում մուծվելիք գումարների փոխհատուցման համար՝ ոչ ավելի, քան 22 մլն 160 հազար դրամ: Գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով 2005թ. գործունեության արդյունքներով 2006թ. մուծված գումարների փոխհատուցման համար հատկացվել է 3 մլն 232 հազար դրամ և 2006թ. գործունեության արդյունքներով տվյալ տարվա ընթացքում մուծվելիք գումարների փոխհատուցման համար՝ ոչ ավելի, քան 35 մլն 580 հազար դրամ: Որոշման համաձայն, ՀՀ 2006թ. պետական բյուջեից հատկացվելիք գումարները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից ընկերություններին կտրամադրվեն բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող վճարումները հիմնավորող փաստաթղթերի հիման վրա: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին: Սահմանվել է, որ պետական բյուջե փաստացի վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն ընկերություններին փոխհատուցվում են 100 տոկոսով, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջե գործատուի կողմից փաստացի վճարված պարտադիր սոցապահովագրության վճարները՝ 81.5 տոկոսի չափով, իսկ ընկերությունների՝ 2006թ. գործունեության արդյունքներով ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցապահովագրության վճարների եռամսյակային (ամսական, տարեկան) հաշվետվությունների հիման վրա հաշվարկված փոխհատուցման ենթակա գումարներից ավելի համապատասխան բյուջեներ ընկերությունների կողմից վճարված գումարները հիշյալ որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա չեն:


Կառավարությունը որոշել է «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 856 մլն 781.1 հազար դրամով: Այդ նպատակով փոփոխություններ են կատարվել «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համապատասխան ցուցանիշներում, ինչպես նաև փոփոխություններ և լրացում՝ ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ: ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին 399 մլն 867.3 հազար դրամ է հատկացվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրական գործառույթների կատարումն ապահովելու նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու համար: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ նշված գումարը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել որոշման համապատասխան հավելվածի համաձայն ռադիոհաճախականությունների օգտագործման վճարների գծով նախատեսված եկամուտների ստացմանը համամասնորեն, ինչպես նաև «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից այդ գումարները կապիտալ շինարարության կամ կապիտալ նորոգման ֆինանսավորմանն ուղղելու դեպքում՝ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի 6-ի N 1807-Ն որոշմամբ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ն վերակազմավորման ձևով պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու հանգամանքով:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդից 155 հազար 532 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը՝ հատուկ ջրափրկարարական ջոկատի գործունեությունը բարելավելու նպատակով:


Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատման աջակցության երրորդ վարկի առաջընթացն ապահովելու 2006թ. որոշ միջոցառումների ծրագիրը: Որոշման ընդունումը պայմանավորված է նշված վարկի ստացման համար ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների ժամկետների և պատասխանատու կատարողների հստակեցման անհրաժեշտությամբ:


Այլ որոշումներով ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին 25 մլն դրամ է հատկացվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ֆինանսական վերահսկողության և պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու, 79 մլն 620 հազար դրամ ՀՀ կառավարության աշխատակազմին՝ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2006թ. գործունեության ապահովման, ևս 205 մլն 401.2 հազար դրամ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ Էջմիածին քաղաքի փողոցի հիմնանորոգման շինարարական աշխատանքների կատարման նպատակով: 3 մլն 587 հազար 982 դրամ է հատկացվել նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում սահմանապահ զորքերի և նրանց հասցեով ՀՀ տարածքում երկաթուղով միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների 2005թ. իրականացված ծախսերը «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին փոխհատուցելու համար:


«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է նշված քաղաքացիների կողմից վճարվող գումարներն օգտագործել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների բավարարման համար օրենսդրությամբ սահմանված ՀՀ պաշտպանության նախարարության արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման կարգին համապատասխան:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 10-ի «Հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 837-Ն որոշման մեջ: Որոշման նախագիծը մշակվել է համաձայն ՀՀ 2006-2008թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ըստ որի 2006թ. համար նախատեսվում է հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի վարձատրության 20 տոկոս աճ: Որոշվել է նաև իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին) աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետի (Երևանի քաղաքապետի) խորհրդականներին, օգնականներին, մամուլի քարտուղարներին, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականներին, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց խրախուսել՝ բարեխիղճ աշխատանքի համար: Որոշման համաձայն, նշված անձանց առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում կվճարվի հավելում՝ պաշտոնական դրույքաչափի 12 տոկոսի չափով, իսկ առանձնապես վնասակար և առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում՝ պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով: Որոշվել է նաև հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին), հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների խորհրդականներին, օգնականներին, մամուլի քարտուղարներին, հանրապետական գործադիր մարմինների տեղակալների օգնականներին տալ լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար՝ միջին ամսական աշխատավարձի չափով:


Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 19-ի N 1187-Ն որոշման մեջ՝ 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) ընտրության և վարձատրության գործընթացը կարգավորելու նպատակով:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին, ՀՀ քաղաքացիական և հողային օրենսգրքերին համապատասխան, գործադիրը որոշել է թույլատրել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ իրեն ամրացված Երևան, Նորագյուղ 100 հասցեում գտնվող 16758 քմ. հողատարածքը և 351 քմ շենք-շինությունները սահմանված կարգով 25 տարի ժամկետով անհատույց կառուցապատման իրավունքով հանձնել «Սամսուրամ» ՍՊԸ-ին՝ ձախակողմյան մասից 12000 քմ. հողամաս և 351 քմ. շենք, շինություններ և «Մոկոնաթ» ՍՊԸ-ին՝ 4407 քմ. հողամաս: Նշված ընկերությունները պարտավորվել են բարեկարգել տարածքը, կատարել համապատասխան վերանորոգման աշխատանքներ, իրենց աշխատատեղերում թողնել կոլեկտիվի աշխատակիցներին, ստեղծել նոր աշխատատեղեր և ուսումնական աշխատանքների համար ստեղծել բնականոն պայմաններ՝ պահպանելով կազմակերպությունում գործող բնապահպանական խմբակները, ինչը կամրագրվի պայմանագրով: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ արդարադատության նախարարության հետ լրացուցիչ քննարկել հարցը՝ արված առաջարկությունները նկատի առնելով:


Ղեկավարվելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով, կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը լրացումներ է կատարել նաև ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի «ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ՝ ՀՀ-ում պարտադիր դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների իրացման նկատմամբ վերահսկողության իրականացման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշերի բազմակի օգտագործումը և կեղծումը բացառելու նպատակով: Որոշմամբ ՀՀ-ում արտադրված «2004» թվագրված (հին) ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ալկոհոլային խմիչքների իրացման ժամկետ է սահմանվել մինչև 2006թ. հուլիսի 1-ը: Միաժամանակ, հնարավորություն է տրվել իրականացնելու անմիջական արտադրողների մոտ 2006թ. հուլիսի 1-ի դրությամբ առկա հին ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ալկոհոլային խմիչքների մնացորդների վերադրոշմավորում:


Նիստում որոշումներ են ընդունվել ՀՀ Տավուշի մարզի Բարեկամավանի, Սյունիքի մարզի Ծավի, Կոտայքի մարզի Կապուտանի, Արագածոտնի մարզի Քուչակի և Գեղարքունիքի մարզի Ազատի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիկի գյուղական համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի մի մասի կատեգորիան փոխելու վերաբերյալ:


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ