Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 մայիսի 2006

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Մինչև նիստի աշխատանքն սկսելը, ՀՀ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են մայիսի 3-ին Երևան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարից զոհվածների հիշատակը: Այնուհետև ավիավթարի կապակցությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը վարչապետի հանձնարարությամբ կառավարությանը տեղեկատվություն է ներկայացրել աղետից զոհվածների որոնողական աշխատանքների, զոհվածների աճյունների տեղափոխման և հուղարկավորության հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին:


Օրակարգային հարցերի թվում կառավարությունը քննարկել է ավիավթարի հետևանքով զոհված անձանց հուղարկավորությանը պետական աջակցություն ցուցաբերելու մասին որոշման նախագիծը: Ըստ այդմ, որոշվել է ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից 129 մլն դրամ հատկացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ինքնաթիռային աղետից զոհվածների հուղարկավորությանը, գերեզմանների տապանաքարերի պատրաստմանն ու տեղադրմանն աջակցելու նպատակով (յուրաքանչյուր զոհվածի հաշվով 1 մլն 500 հազար դրամ): Եվս 15 մլն 255 հազար դրամ է հատկացվել Երևանի քաղաքապետարանին՝ հուղարկավորությանն աջակցելու նպատակով քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ին տրամադրելու համար (յուրաքանչյուր զոհվածի հաշվով 135 հազար դրամ): Որոշմամբ թույլատրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ավիավթարի արդյունքում զոհվածների հուղարկավորությունը կատարող անձանց սույն որոշմամբ հատկացված միջոցները տրամադրել կանխիկ ձևով: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է բացել հատուկ հաշվեհամար, որպեսզի դրա միջոցով ցանկացողները հնարավորություն ունենան իրենց աջակցությունը ցուցաբերել ավիավթարից զոհվածների ընտանիքներին:


Այսօրվա նիստում կառավարությունը, մեկ այլ որոշմամբ, 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 80 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Դիլիջան քաղաքի տարածքում Աղստև գետի հունի մաքրման ու ափերի ամրացման նպատակով:


Կառավարության պահուստային ֆոնդից 25 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին՝ Արփա, Եղեգիս և Ելփին գետերի՝ Արփի, Գետափ, Ելփին, Շատին գյուղերի տարածքով անցնող առավել սելավավտանգ հատվածներում հակահեղեղային միջոցառումներ իրականացնելու համար:


Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» և «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» ՀՀ օրենքների նախագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ: Հանձնարարվել է համապատասխան նախարարությունների հետ որոշ ձևակերպումների հետ կապված հստակեցումներ կատարել և ներառել վերոհիշյալ օրինագծերում:


ՀՀ օրհներգի տեքստի և երաժշտության ընտրության նպատակով, կառավարությունը որոշել է սահմանել մեկ մրցանակ՝ օրհներգի տեքստի և երաժշտության համար 700-հազարական դրամի չափով: ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդից 2 մլն դրամ է հատկացվել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ մրցույթի անցկացման, տեղեկատվության ապահովման, ընտրված տեքստի և երաժշտության հեղինակի վարձատրության համար: Որոշումների ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով: ՀՀ օրհներգի տեքստի և երաժշտության ընտրության նպատակով, ՀՀ վարչապետի որոշմամբ, կստեղծվի մրցութային հանձնաժողով:


Գործադիրը ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին 72 մլն 862.5 հազար դրամ է հատկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2006թ. սեպտեմբերին Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի նախապատրաստման և անցկացման նպատակով:


Մեկ այլ որոշմամբ 10 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ 2006թ. մայիսի 30-ից հունիսի 6-ը Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների մրցույթն անցկացնելու համար: Նույն նախարարությանը ևս 22 մլն 156.8 հազար դրամ է հատկացվել՝ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցանակաբաշխության կազմակերպման նպատակով «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպությանը նվիրաբերության կարգով տրամադրելու համար և 2 մլն 308 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքներում պահպանված ադրբեջանական գերեզմանների և պատմամշակութային հուշարձանների հայտնաբերման, դրանց գտնվելու վայրի նշման և լուսատեսանկարահանման նպատակով:


Կառավարությունը որոշել է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության Երևան քաղաքի Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկի 221.0 քմ մակերեսով տարածքը հինգ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մելտեքս» ՍՊԸ-ին:


Նիստում հաստատվել է գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման միջոցառումների ծրագիրը: Որոշումն ընդունվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 1-ի «ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատմանն աջակցության առաջընթացն ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 939-Ն որոշմամբ հաստատված՝ «Աղքատության կրճատմանն աջակցության առաջընթացն ապահովելու 2005թ. որոշ միջոցառումների ծրագրին» համապատասխան: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ երկամսյա ժամկետում ՀՀ մարզպետներին տրամադրել սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, այդ թվում նպաստառու ընտանիքների ցուցակները: Հանձնարարվել է նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարին՝ գյուղական համայնքների անապահով ընտանիքների հաշվառման, նրանց գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցության գնահատման նպատակով ստեղծել աշխատանքային խմբեր՝ համապատասխան մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի ներկայացուցիչների ներգրավմամբ: Հանձնարարվել է նաև ՀՀ էներգետիկայի, ֆինանսների և էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաև այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ աշխատանքային խմբերի կողմից կազմված և հաստատված նյութերը համատեղ ամփոփելուց հետո, սահմանված կարգով կառավարությանը առաջարկություն ներկայացնել գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման համար ֆինանսական աջակցության հնարավոր աղբյուրների և աջակցության կազմակերպման մեխանիզմների վերաբերյալ: Սահմանվել է, որ գնահատումների վերաբերյալ աշխատանքային խմբերի կողմից կազմված ցուցակները հաստատվում են համապատասխան մարզպետի կողմից և ներկայացվում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն: ՀՀ էներգետիկայի նախարարին տրված մեկ այլ հանձնարարականի համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման տարեկան ծրագրերի կազմման ժամանակ հաշվի կառնվի սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի գազաֆիկացման առաջնահերթության անհրաժեշտությունը: Որոշմամբ առաջարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ համապատասխան փոփոխություն կատարել բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել մատակարարին գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման աշխատանքներն իրականացնել առանց գազամատակարարման համար կանխավճար գանձելու:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ անտառային օրենսգրքին համապատասխան, գործադիրը հաստատել է պետական անտառները համայնքային կազմակերպություններին առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը: Համայնքային կազմակերպությունների հետ հավատարմագրային կառավարման պայմանագրեր կնքելու լիազորությունները վերապահվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ եռամսյա ժամկետում հաստատել պետական անտառների հավատարմագրային կառավարման հայտի ու պայմանագրի օրինակելի ձևերը:


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2006թ. առաջին եռամսյակում մասնավորեցման գործընթացի մասին հաշվետվությանը: Նշվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել է պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրում ընդգրկված 8 օբյեկտ (այդ թվում՝ 3 ընկերություն, 2 ընկերության գույքի կազմից առանձնացված պետական գույք, 3 անավարտ շինարարության օբյեկտ)՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 14-ի համեմատ: Մասնավորեցման պայմանագրեր են կնքվել նաև նախկինում մասնավորեցված 5 օբյեկտների գնորդների հետ: 2006թ. առաջին եռամսյակում լուծարման գործընթացում է գտնվել 65 ընկերություն, որից 4-ը դատարանի կողմից ճանաչվել է սնանկ, իսկ 4-ի լուծարման գործընթացն ավարտվել է: Հաշվետվության համաձայն, նշված ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 90 մլն 686,4 հազար դրամ և 50 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքներին է փոխանցվել 18 մլն 35,7 հազար դրամ:


Նիստում կառավարությունը սահմանել է տրանսպորտի և կապի միջոցներից Հայաստանի փրկարար ծառայության ստորաբաժանումների անվճար օգտվելու կարգը, ինչը հնարավորություն կտա արդյունավետ և ժամանակին արձագանքել հնարավոր աղետներին:


Մեկ այլ որոշմամբ, գործադիրը համաձայնել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության՝ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների նախկին վարչության տնօրինության՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի N 70/2, Կիևյան փողոցի N 8, Շիրակի N 2ա, Գրիբոեդովի փողոցի 1-ին նրբանցքի N 11 հասցեներում գտնվող բնակելի տարածքները և ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հաղթանակի 40-ամյակի պողոտայի 4-րդ նրբանցքում գտնվող ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային կացարանների բնակելի տարածքները՝ դրանցում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին միջնորդություններին: Սահմանվել է, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է սույն որոշման մեջ նշված քաղաքացիների միջոցների հաշվին: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին և ՀՀ Կոտայքի մարզպետին՝ երկամսյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման մեջ նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:


ՀՀ անտառային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը թույլատրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին «Հայանտառ» պետական ՓԲԸ-ի դուստր ընկերությունների կողմից մինչև 2005թ. հունիսի 7-ը կնքված անտառային հողերի վարձակալության պայմանագրերի կողմ հանդիսացող անձանց հետ կնքել նախկինում կնքված պայմանագրերին համապատասխան տարածքների (կամ վարձակալի ցանկությամբ՝ դրանց մի մասի) վարձակալության պայմանագրեր (բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անտառային հողերի վերաբերյալ կնքված պայմանագրերի): Սահմանվել է, որ պայմանագրեր կնքվում են այն անձանց հետ, ովքեր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից տեղեկացվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում ամբողջությամբ կկատարեն նախկինում կնքված պայմանագրերով ստանձնած՝ չկատարված պարտավորությունները: Սահմանվել է նաև, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են վարձակալների միջոցների հաշվին: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել անտառային հողերի վարձակալության պայմանագրերի օրինակելի ձևը՝ այն համաձայնեցնելով ՀՀ արդարադատության նախարարի հետ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի «Հայանտառ» ՊՈԱԿ ստեղծելու մասին» N 1054-Ն որոշման մեջ կատարված փոփոխությամբ:


Մեկ այլ որոշմամբ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ: Այդ կապակցությամբ նույն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 417 որոշման մեջ:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ՝ այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխանեցնելու նպատակով:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանել է ՀՀ ոստիկանության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն տրամադրելու և ստանալու պայմանները: Որոշմամբ իրավական կարգավորում է տրվում ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի և ՀՀ պետական կառավարման մարմինների համագործակցությանը՝ տեղեկատվության փոխանակման միջոցով հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու համար:


Այլ որոշումներով գործադիրը հաստատել է Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող Առողջապահական համակարգի արդիականացում N 3920 ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի, ինչպես նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիվանդանոցային միավորման համար բժշկական և ախտորոշիչ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով 2006թ. փետրվարի 20-ին անցկացված ու ՀՀ առողջապահության նախարարության Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2006թ. ապրիլի 4-ին հաստատված մրցույթների արդյունքները՝ համապատասխանաբար 747 մլն 861 հազար 245 և 663 մլն 910 հազար 322 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով՝ մրցույթների հաղթող ճանաչելով «Մեդիտեք» ՍՊԸ-ին:


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը որոշել է Արարատի կինոցանցի «Մասիս» կինոթատրոնի 13 մլն 917 հազար դրամ հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեք ունեցող գույքը (Արարատի մարզ, ք. Վեդի), այդ թվում՝ 1079,83 քմ մակերեսով շենքը, ինչպես նաև 29 մլն 580 հազար դրամ կանոնադրական կապիտալ և 21 մլն 309 հազար դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Տաշիրի շրջանային միավորում» ԲԲԸ-ի, 10 մլն 840 հազար դրամ կանոնադրական կապիտալ և 14 մլն 444 հազար դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ախուրյանի շրջանային միավորում» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:


Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 21-ի «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբ» ՓԲԸ-ի և «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» պետական ՓԲԸ-ի պետական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահելու և ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 1117-Ա որոշման մեջ՝ հիշյալ ընկերությունները, պետական կառավարման համակարգի բարեփոխումների արդյունքում, միաձուլման ձևով «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի վերակազմակերպվելու և ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը վերապահելու կապակցությամբ:


Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2005թ. մարտի 10-ի «ՀՀ դատախազության աշխատողների համազգեստի, դասային աստիճանների տարբերանշանների նկարագիրը և նմուշները, դրանք հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 335-Ն որոշման մեջ՝ ՀՀ դատախազության աշխատակիցների համազգեստի տեսքի պարզեցման (ուսանշաններից հրաժարվելու ձևով), ինչպես նաև ձմեռային համազգեստի տեսքի մանրամասն նկարագրի հաստատման նպատակով:


Նիստում ընդունված որոշումներից մեկը վերաբերել է ՀՀ մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների ու կարգի հաստատմանը: Որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ և ՀՀ սպորտի վարպետ մարզական կոչումների ներկայացման թերթիկի ձևը: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՀ մարզական կոչումների և մարզական կարգերի վկայականների և կրծքանշանների ձևերն ու նկարագրերը:


«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Վարդևան Գրիգորյանի ընտրության արդյունքները:


Գործադիրը դրական եզրակացություն է տվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:


Օրակարգի այլ հարցերի թվում, կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին 3 մլն 617 հազար 195 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 2006թ. մայիսի 21-ին կայանալիք Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի ղեկավարի, Ալդարա, Սոֆլու գյուղական համայնքների ղեկավարների, Տորոնիք, Վարդանիձոր, Լեհվազ, Նյուվադի, Եղեգ գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների, Վայոց Ձորի մարզի Եղեգի, Զեդեա, Հերմոն գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների, Գողթանիկ գյուղական համայնքի ավագանու անդամների, 2006թ. մայիսի 28-ին կայանալիք Շիրակի մարզի Քարաբերդ գյուղական համայնքի ղեկավարի, Բագրավան, Մուսայելյան (Ախ.) գյուղական համայնքների ավագանու անդամների, Տավուշի մարզի Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Դեբեդավան, Զորական գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով:


Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակի, Հովքի, Կոտայքի մարզի Ռադիոկայանի, Արագածոտնի մարզի Հնաբերդի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:


 


 




  

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ