Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 ապրիլի 2006

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2005թ. տարեկան արդյունքների վերաբերյալ կառավարությանը ներկայացված հաշվետվության հետ կապված ՀՀ ֆինանսների և էոնոմիկայի նախարարը զեկուցել է, որ 2005թ. ընթացքում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչությունն իրականացրել է ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի արդյունավետ և նպատակային օգտագործման, արտաբյուջետային միջոցների գոյացման ու տնօրինման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջների կատարման, ինչպես նաև ներքին աուդիտի համակարգի առկայության և գործող օրենդրությանը համապատասխանության ստուգումներ:


Ստուգումներում ընդգրկվել են նաև պետական բյուջեի եկամուտների հավաքագրման ուղղությամբ տարվող աշխատանքները, պետական և պետական մասնակցությամբ ընկերություններում ՀՀ պետական բյուջեից տրամադրված նպատակային հատկացումների օգտագործման արդյունավետության և նպատակայնության, ՀՀ պետական բյուջեի հանդեպ շահութաբաժինների գծով պարտավորությունների կատարման և զուտ շահույթի բաշխման ուղղությամբ իրականացված ստուգումները: Իրավապահ մարմինների պահանջով իրականացվել են համապատասխան ստուգումներ և տրամադրվել մասնագիտական եզրակացություններ:


Հաշվետու ժամանակահատվածում ստուգումներն իրականացվել են ինչպես ՀՀ վարչապետի 2005թ. մայիսի 31-ի թիվ 386-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2005թ. ծրագրով, այնպես էլ ծրագրից դուրս՝ ՀՀ վարչապետի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հանձնարարականների, պետական կառավարման առանձին մարմինների, ինչպես նաև իրավապահ մարմինների միջնորդությունների հիման վրա:


Հանձնարարվել է ՀՀ հանրապետական գործադիր և տարածքային կառավարման ու այլ մարմինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին և ՀՀ մարզպետներին՝ ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության՝ ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2005թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու համար՝ այդ մասին իրազեկելով ՀՀ կառավարությանը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը: Հանձնարարվել է նաև՝ ապահովել համապատասխան մարմիններում ներքին աուդիտի համակարգի առկայությունը և սահմանված կարգով տարեկան ծրագրերի և աուդիտորական հաշվետվությունների ներկայացումը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն: Հանձնարարություն է տրվել նախարարություններին և գերատեսչություններին՝ 3-օրյա ժամկետում նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, իսկ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մեկ ամսյա ժամկետում կառավարությանը տեղեկատվություն ներկայացնել կատարողականի վերաբերյալ:


Ղեկավարվելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի դրույթներով, գործադիրը որոշել է 2005թ. ֆինանսական տարվա արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում առաջացած վնասը, պահուստների հանրագումարը գերազանցող գումարի չափով, ՀՀ կենտրոնական բանկի կապիտալում ներդրումներ կատարելու նպատակով, ՀՀ կենտրոնական բանկին տրամադրել ՀՀ պետական (գանձապետական) անժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր՝ 12 մլրդ 734 մլն 237 հազար 325 դրամ ծավալով: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված ՀՀ պետական (գանձապետական) անժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը և տրամադրումը ՀՀ կենտրոնական բանկին: Վերոհիշյալ օրենքի պահանջի համաձայն, ՀՀ ԿԲ հաշվեկշռում, ֆինանսական տարվա արդյունքում առաջացած վնասը պահուստների հանրագումարը գերազանցելու դեպքում, հաշվեկշռի հրապարակման պահից 30 օրվա ընթացքում ՀՀ կառավարությունը՝ գերազանցող գումարի չափով, օրենքով սահմանված կարգով, որպես ներդրում ՀՀ ԿԲ-ի կապիտալում, ՀՀ ԿԲ-ին է տրամադրում շուկայական տոկոսադրույքով անժամկետ պետական պարտատոմսեր:


«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկման կարգն ու ժամկետները: Որոշման համաձայն սահմանվել է, որ նախկինում կենսաթոշակի անցած ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության սպայական և ենթասպայական կազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակները վերահաշվարկվում են՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 1999թ. ապրիլի 16-ի N 226 որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափերը: Նախկինում կենսաթոշակի անցած ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության սպայական և ենթասպայական կազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակները վերահաշվարկվում են ՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2323-Ն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափերը, իսկ նախկինում կենսաթոշակի անցած ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության քրեակատարողական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակները վերահաշվարկվում են՝ հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի N2104-Ն որոշմամբ սահմանված կոչման և պաշտոնային դրույքաչափերը: Որոշման համաձայն, այն տարածվում է 2006թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից 5 մլն դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ՀՀ ԳԱԱ «Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի բուսաբանական այգու ոռոգման ծախսերը փոխհատուցելու նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար: Սահմանվել է, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը նախատեսված գումարը ՀՀ ԳԱԱ-ին, իսկ վերջինս էլ «Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացնում են նվիրաբերության պայմանագրով, որի նպատակն է աջակցել բուսաբանական այգու բուսական ինքնատիպ հավաքածուների խնամքին և աճեցմանը: Որոշմամբ նաև հատկացվող միջոցների գծով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային:


Գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 18-ի «Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ ՀՀ տարածքից արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու կարգի մասին» N 1173-Ն որոշման մեջ, որը կնպաստի վայրի բույսերի արտահանման և ներմուծման գործընթացի կանոնակարգմանը, կհստակեցնի բնապահպանական պետական տեսչության և մաքսային մարմինների միջև համապատասխան հարաբերությունները:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ 2006թ. կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 103 մլն 400 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմ ամրոցի տարածքը շենքերից, շինություններից և պտղատու ագիներից ազատելու նպատակով դրանց սեփականատերերին օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տրամադրելու համար:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել համանուն ՊՈԱԿ-ի: Նշված պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հադիսացող 92 հազար 248 դրամ արժողությամբ գույքը՝ բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10-հազարապատիկը գերազանցող գույքի, որոշվել է սեփականության իրավունքով հանձնել նորաստեղծ ՊՈԱԿ-ին, իսկ պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հադիսացող, 279 հազար 894 դրամ արժողությամբ գուքը՝ հողերը, շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10-հազարապատիկը գերազանցող գույքը, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրագրել ՊՈԱԿ-ին՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով: Նշվել է, որ որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ կազմակերպել հուշահամալիրի կառավարումը և նպատակային գործունեությունը:


ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, Երևան քաղաքի կանաչ տարածքների ավելացման նպատակով, կառավարությունը որոշել է Երևան քաղաքի վարչական տարածքի սահմաններում բնակավայրերի նպատակային նշանակության հողերից առանձնացնել համապատասխանաբար Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքում 10000, 18000, 8000, 12000, 80000, 260000, 8000, 7000, 18000, 14000 քառ. մետր, Էրեբունի թաղային համայնքում 6000, 6000 քառ. մետր, Արաբկիր թաղային համայնքում 19500 քառ. մետր, Նոր-Նորք թաղային համայնքում 120000 քառ. մետր մակերեսով հողատարածքներ և, ըստ նպատակային նշանակության դասակարգել որպես հատուկ պահպանվող տարածքների հողեր: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին՝ որոշմամբ նախատեսված հատուկ պահպանվող տարածքների հողերը, բնակչության հանգստի կազմակերպման համար, համաքաղաքային զբոսայգիներ հիմնելու նպատակով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել համապատասխան թաղային համայնքներին: Հողամասերն այդ նպատակի համար առանձնացվել են՝ ելնելով Երևանի գլխավոր հատակագծի հիմնադրույթներից, ինչպես նաև հաշվի առնելով մի շարք հասարակական և բնապահպանական կազմակերպությունների առաջարկությունները:


Կառավարությունը փոփոխություններ է կատարել «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ՝ Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ծրագծի փոփոխման կապակցությամբ շինարարական աշխատանքների իրականացման նպատակով: Հանձնարարվել է ՀՀ տարանսպորտի և կապի նախարարին՝ մեկամսյա ժամկետում «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից կնքված պետական կապալի 2005թ. ապրիլի 26-ի և մայիսի 17-ի պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ի և «Ճաննախագիծ» ինստիտուտ» ՍՊԸ-ի կողմից ճշտված նախագծային ծավալների և նշված պայմանագրերում ներառված նախահաշիվներով սահմանված աշխատանքների միավոր գների հիման վրա: Որոշվել է նաև թույատրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին՝ հիշյալ ավտոճանապարհի շինարարական աշխատանքները, նշված պայմանագրերի փոփոխված արժեքների սահմաններում, ամբողջությամբ կատարել 2006 թվականին, պայմանով, որ կատարված աշխատանքները 2006թ. կֆինանսավորվեն 4 մլրդ 996 մլն 666.86 հազար դրամի չափով, իսկ մնացած 1 մլրդ 360 մլն դրամը 2007թ. ընթացքում: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարներին՝ ՀՀ 2007թ. պետական բյուջեի նախագծում ընդգրկել Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը՝ 1 մլրդ 360 մլն դրամ:


Գործադրի այլ որոշումներով ճշգրտվել են «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Հայոց ցեղասպանության թանգարան» ՊՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքի սահմանները:


Նիստում փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության «Լիազորված պետական կառավարման մարմիններ ճանաչելու մասին» 2005թ. փետրվարի 17-ի N182-Ն որոշման մեջ, որի համաձայն հսկիչ-դրամարկղային մեքենայի յուրաքանչյուր մոդելի կիրառման թույլատրման համար լիազորված պետական կառավարման մարմին է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:


Մեկ այլ որոշմամբ, «Հարկերի մասին», «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է հաշվետու տարվա արդյունքներով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը և ցանկերի ձևերը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 22-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ հրապարակման կարգը հաստատելու մասին» N 616 որոշումը:


Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի N 209 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և « ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին, ինչպես նաև «Պետական գույքի մասնավորեցման վաճառքի գները սահմանելու մասին» կառավարության որոշումների նախագծերին: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հավանություն է տվել նաև «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում փոփոխություն, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին՝ «մասնավորեցում» և «օտարում» հասկացությունների վերաբերյալ առկա տարակարծություններին վերջնական լուծում տալու նպատակով: Օրինագծերի փաթեթի ընդունման դեպքում համապատասխան համայնքների բյուջեներ և Երևան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորման նպատակով բացված հատուկ հաշվին կփոխանցվեն ոչ միայն իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների, այլ նաև դրանց օտարումից ստացվող միջոցների 30 տոկոսը:


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է մրցույթով պետական գույքի մասնավորեցման (օտարման) կարգը: Հաստատվել են նաև մրցույթի մասնակցության հայտի, մրցութային հանձնաժողովի կողմից կազմվող մրցույթի արդյունքների ամփոփման արձանագրության, մրցույթի մասնակցության հայտերի գրանցման հատուկ գրանցամատյանի ձևերը: ՈՒժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1998թ. հոկտեմբերի 29-ի «Մրցույթով (այդ թվում՝ միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 669 որոշումը:


Այլ որոշումներով, «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է փրկարարական ծառայության միջին խմբի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու կարգը: Հաստատվել է Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունում ուսման կանոնագիրքը: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին՝ 3-ամսյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել սույն որոշումից բխող՝ ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի N 1112-N որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Գործադիրը սահմանել է նաև Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսման կամ Հայաստանի փրկարար ծառայության կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղված և ծառայությունից արձակված փրկարարական ծառայողի կողմից ուսման, վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը:


Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 2-ի N18 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած մարզպետարանի օրինակելի կանոնադրության մեջ՝ ՀՀ մարզպետների և Երևանի քաղաքապետի խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների թվաքանակը կանոնակարգելու նպատակով: Որոշման համաձայն, Երևանի քաղաքապետի խորհրդականների, օգնականների և մամուլի քարտուղարի թվաքանակը համապատասխանեցվել է նախարարների, իսկ ՀՀ մարզպետների խորհրդականների, օգնականների և մամուլի քարտուղարի թվաքանակը՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների համար սահմանված չափաքանակներին:


Նիստում կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանի հաղորդումը՝ ՀՀ կառավարության, «Սիբիր» ավիաուղիներ» ԲԲԸ-ի, «Արմավիա» ավիաընկերություն» ՍՊԸ-ի, «Ավիաֆին» ՍՊԸ-ի և «Միկա լիմիթեդ» ընկերության միջև 2003թ. մարտի 14-ին ստորագրված ՀՀ կառավարության, «Սիբիր» ավիաուղիներ» և «Արմավիա» ընկերությունների միջև նախաստորագրված ներդրումային («Արմավիա»-ին ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ)» պայմանագրի պայմանագրային իրավունքների փոխանցման համաձայնագրի և ՀՀ կառավարության, «Արմավիա» ավիաընկերություն» ՍՊԸ-ի, «Ավիաֆին» ՍՊԸ-ի և «Միկա լիմիթեդ» ընկերության միջև երաշխավորության պայմանագրի մասին:


ՀՀ հողային օրենսգրքին և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, 2006թ. հողի հարկի հարկման բազայի ձևավորման նպատակով, կառավարությունը սահմանել է ՀՀ համայնքների վարչական սահմաններում ու վարչական սահմաններից դուրս գտնվող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի 2006թ. կադաստրային զուտ եկամտի և կադաստրային արժեքների չափերը: Որոշմամբ բնակավայրերի հողերի նոր բազային արժեքների, տարածագնահատման գոտիների և գործակիցների սահմանումը բխում է կադաստրային արժեքները անշարժ գույքի շուկայի նոր իրավիճակին հնարավորինս համապատասխանեցնելու անհրաժեշտությունից: Որոշման ընդունումը կնպաստի ՀՀ տնտեսության, մասնավորապես, համայնքային բյուջեների համալրմանը, հողի շուկայի հեռանկարային զարգացմանը և հողի հարկի բազայի ամբողջական ձևավորմանը: 3-օրյա ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին, Երևանի քաղաքապետին՝ նախագիծը մեկ անգամ ևս քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար:


Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 24-ի N 2093-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումով: Որոշման մեջ կատարված լրացումով, մասնավորապես, սահմանվել է, որ հատուկ պահպանվող այն տարածքներում կամ անտառներում, որտեղ շինարարական ծախսերի նախահաշվով իրականացված կամ իրականացվող կառուցապատման աշխատանքներում ներդրումային գումարները կազմում են 150 մլն և ավելի դրամ, հողամասերի վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրերը, դրանց գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո կարող են երկարաձգվել մինչև 2060թ. դեկտեմբերի 31-ը, եթե օրենքով կամ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ: Նշված հիմնավորմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 13-ի «Սևան» ազգային պարկի 1908.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքներում հողամասերը վարձակալությամբ տրամադրելու առանձնահատկությունների և ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 12-ի N 927 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 766-Ն որոշման մեջ:


Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 286 որոշման մեջ՝ նշված հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրելու կարգը հստակեցնելու նպատակով:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդից 30 մլն դրամ է հատկացրել ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ Սևանա լճի ափին սպորտանավերի ակումբի շինարարության նախանախագծային և մտադրության հռչակագրի մշակումների կատարման նպատակով: Նշվել է, որ սպորտանավերի ակումբի ստեղծումը հնարավորություններ կընձեռնի Սևանա լճի ավազանը տարածաշրջանային և միջազգային զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար:


Մեկ այլ որոշմամբ, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 9-ի N 2017-Ն որոշումը և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 11-ի «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունները հաստատելու մասին» N 920-Ն որոշման մեջ, որով, մասնավորապես, սահմանվել է, որ «Դիլիջան» ազգային պարկի հանգստի (ռեկրեացիոն) և տնտեսական գոտիներում հանգստի նպատակներով հողամասերը կարող են կառուցապատման իրավունքով տրամադրվել մինչև 60 տարի ժամկետով, իսկ տնտեսական գոտում բազմամյա տնկարկների հիմնման և մշակման համար գյուղատնտեսական հողատեսքերը կարող են վարձակալության իրավունքով տրամադրվել մինչև 25 տարի ժամկետով, վարելահողերը՝ մինչև 10 տարի ժամկետով, խոտհունձի համար՝ մինչև 5 տարի ժամկետով: Որոշման ընդունումը կնպաստի «Դիլիջան» ազգային պարկի տարածքներում էկոհամակարգի վերականգնմանը, բնականոն զարգացմանը և կայուն օգտագործմանը:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների համաձայն, գործադիրը որոշել է Երևանի քաղաքապետարանի «Հ. Խաչատրյանի անվան N 199 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված Երևանի Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամասում գտնվող, ներկայումս չգործող, 949.2 քմ մակերեսով և 910.1 հազար դրամ հաշվեկշռային արժեքով 4-րդ մասնաշենքը հետ վերցնել և ամրացնել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը: Մեկ այլ որոշմամբ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշվել է Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի Մոլդովական փողոցի N 41 հասցեում գտնվող՝ 4260.0 քմ մակերեսով, 50 մլն 367.8 հազար դրամ հաշվեկշռային արժեքով երկու մասնաշենքերը և հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը՝ բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:


«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» և «Հայէներգո» ՓԲԸ-ների միջև առևտրային գործարքներից առաջացած պարտքերի դուրսգրման կարգը, ըստ որի «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից «Հայէներգո» ՓԲԸ-ին մինչև 2004թ. հոկտեմբերի 1-ը մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած ու չմարված դեբիտորական ժամկետանց պարտքերը ճանաչվում են անհուսալի և դուրս գրման ենթակա:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2212 որոշումը և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 29-ի N 477 որոշմամբ հաստատված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրության մեջ: Որոշմամբ, մասնավորապես, սահմանվել է, որ ՀՀ ԳԱԱ նախագահի ընտրությունն անցկացվում է փակ (գաղտնի) քվեարկությամբ, ցուցակային կազմի մեջ ընդգրկված անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարով, 2 ընտրաշրջանից ոչ ավելի, ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնը թափուր լինելու դեպքում, մինչև նոր նախագահի ընտրվելը, ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնակատար է նշանակում ՀՀ կառավարությունը: Սահմանվել է նաև ՀՀ ԳԱԱ մեկ փոխնախագահի հաստիք, որն ընտրվում է ակադեմիայի ընդհանուր ժողովում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներից՝ ՀՀ ԳԱԱ նախագահի ներկայացմամբ:


«Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հավանություն է տվել «2006թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի, ինչպես նաև հրամանագրի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման նախագծերին: Դրանցով նախատեսվում է մինչև զորակոչի օրը 18 տարին լրացած և զորակոչից տարկետման իրավունքը կորցրած քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, ինչպես նաև սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն անցկացնել 2006թ. ապրիլ-հունիս ամիսներին:


Նիստում որոշումներ են ընդունվել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի վարչական նկարագիրը սահմանելու, ինչպես նաև Ստեփանավանի և ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքային համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:



 


   

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ