երեքշաբթի, 25 ապրիլի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 20-ամյակի կապակցությամբ, այսօր ընդունել է այդ վթարի հետևանքների վերացմանը մասնակցած հայ փրկարարների պատվիրակությանը: Չեռնոբիլյան աղետի ծանր պահին ուկրաինացի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամության և ԱԷԿ-ի վթարի փրկարարական աշխատանքներին իրենց արժանի մասնակցությունը բերելու համար, ի դեմս Հայաստանի ավելի քան 3 հազար փրկարարների, վարչապետը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին: Անդրանիկ Մարգարյանը նաև ցավակցություն է հայտնել աղետի հետևանքների վերացմանը զոհ դարձած փրկարարների ընտանիքներին և հարազատներին: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը անում է հնարավորը՝ փրկարարների առողջական և սոցիալական վիճակը թեթևացնելու համար, ընդգծելով, որ պետության հնարավորությունների սահմաններում այսօր տրամադրվող միջոցները, անշուշտ, դեռևս բավարար չեն այդ խնդիրներն ամբողջությամբ լուծելու համար: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ավելի զգալի դարձնել աջակցությունը՝ ներգրավելով դրա կարիքն ունեցող բոլոր անձանց:
Հանդիպման ընթացքում նաև ՀՀ վարչապետի շնորհակալագրեր է հանձնվել Չեռնոբիլի աղետի հետևանքների վերացման գործում աչքի ընկած մի խումբ փրկարարների: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ շատերն են արժանի պարգև ստանալու, և հաջորդ տարիներին ըստ արժանվույն կգնահատվեն նաև այսօր այդ խրախուսանքին չարժանացած անձինք:
Իրենց նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար, ի նշան երախտագիտության՝ «Չեռնոբիլ» ասոցիացիայի անդամները, իրենց հերթին, կազմակերպության կողմից պատվոգիր, կազմակերպության հիմնադրման 15-ամյակին նվիրված հուշամեդալ, ինչպես նաև Չեռնոբիլի աղետի 20-ամյակին նվիրված հուշանվեր են հանձնել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: