Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 ապրիլի 2006

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Կառավարությունը հաստատել է «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում նախատեսված Որոտան-Արփա-Սևան թունելի պահպանման, տեխնիկական վիճակի բարելավման և նորոգման 2006 թվականի ծրագիրը: Հիշյալ օրենքով այդ նպատակի համար նախատեսվել է 1 մլրդ 320 մլն 690 հազար դրամ, որից 1 մլրդ դրամը՝ «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի Արփա-Սևան թիվ 2 թունելի վերականգնողական աշխատանքների, իսկ մնացածը «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի պահպանման և հիդրոհանգույցի շահագործման համար: Նշվել է, որ 2006թ. նախատեսված աշխատանքների և ծառայությունների ցանկը հանդիսանում է թունելի վերականգնողական, վերակառուցման աշխատանքների ընդլայնված ծրագրի մի մասը, որի ավարտի համար անհրաժեշտ ներդրումների ծավալը, ըստ նախնական հաշվարկների, կազմում է շուրջ 11.5 մլրդ դրամ: 2006թ. նախատեսված գումարի սահմաններում իրականացվող աշխատանքների մեծը մասը նախապատրաստական են, որոնք հնարավորություն կտան հետագա տարիներին իրականացնել թունելի առավել քայքայված հատվածների վերականգնման աշխատանքները: Եղեգիսի շինարարական տեղամասի վերականգնումը, ինչպես նաև այդ տեղամասից երկաթգծի և մյուս կոմունիկացիոն գծերի անցկացումն առավելագույնս կնպաստի հետագա տարիների աշխատանքների բնականոն կազմակերպմանը:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է նաև ՀՀ Շիրակի մարզի անտառվերականգնման համալիր ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության ամենասակավանտառ Շիրակի մարզում ծառահատված տարածքների վերականգնման, ինչպես նաև ոչ անտառածածկ տարածքների անտառապատման միջոցով տնտեսական, բնապահպանական, ռեկրեացիոն և մարդկանց առողջության համար բարենպաստ պայմանների ստեղծումն է: Դրանից բխող աշխատանքների իրականացման գլխավոր ուղղություններն են՝ Շիրակի մարզում ծառահատված տնկարկների վերականգնումը, ծառազուրկ տարածքների անտառապատումը, տնկարկների արտադրողականության բարձրացումը, շրջակա միջավայրի էկոլոգիական հաշվեկշռի կարգավորումը, ոռոգման համակարգի կառուցումն ու վերականգնումը: Կարևորվել է ծրագրի հրապարակայնության, հասարակայնությանը լայնորեն իրազեկման խնդիրը:


Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին: Նախագիծը մշակվել է ՀՀ մարզպետների, ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասնագիտական հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա՝ օտարամուտ, անբարեհունչ և կրկնվող անվանումները վերացնելու նպատակով: Որոշմամբ առաջարկվում է Սյունիքի մարզի Վերին Գիրաթաղ համայնքն ընդգրկել Լեռնաձորի համայնքում՝ որպես գյուղական բնակավայր, իսկ Փիրլու (Վերին Գեղավանք) և Քյուրուտ (Քարուտ) համայնքները՝ Գեղիի համայնքում՝ որպես գյուղական բնակավայրեր: Հաշվի առնելով Տավուշի մարզի Այրում համայնքի բնակչության ցանկությունը, շահագրգիռ պետական մարմինների դրական կարծիքը, ինչպես և այն, որ Այրումը գործնականում քաղաքային բնակավայր է՝ համապատասխան ենթակառուցվածքներով, զուրկ է գյուղատնտեսական նշանակության հողերից, առաջարկվում է նաև Այրումին տալ քաղաքային համայնքի կարգավիճակ:


«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականությունը և դրա իրականացման կարգը: Վերջինիս համաձայն, վարորդական իրավունքի վկայական ունեցող անձինք պոլիկլինիկական բժշկական հաստատությունում պարտադիր բժշկական հավատարմագրում պետք է անցնեն 10 տարին մեկ անգամ: Որոշմամբ հաստատվել են նաև տրանսպորտային միջոց վարելու արգելման հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը, ՀՀ ոստիկանության պետավտոտեսչություն ներկայացնելու համար բժշկական հավատարմագրման տեղեկանքի ձևը, ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը:


ՀՀ 2006թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդից լրացուցիչ 8 մլն դրամ է հատկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Հայխնայբանկում ավանդատու հադիսացող քաղաքացիներին, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկ անձից գնում կատարելու ձևով «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր՝ ՀՀ 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված ավանդատուի բանկային հաշվի քարտում առկա տվյալների մասին տեղեկանքը ընկերության կողմից ավանդատուներին տրամադրելու նպատակով:


Գործադիրը հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Նկատի ունենալով, որ նշված օրենքի համաձայն, բաշխման լիցենզիա ունեցող անձին վերապահված՝ սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքի բացառիկ իրավունքը դադարում է սույն թվականի ապրիլի 1-ից, նախագծով առաջարկվում է այդ ժամկետը երկարացնել: Հանձնարարվել է շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ մեկ անգամ ևս քննարկել նախագիծը՝ վերջնական տեսքի բերելու համար:


Նիստում կառավարությունը հաստատել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կանոնակարգը: Որոշումն ընդունվել է Հավաքական անվտանգության խորհրդի ՀԱՊԿ-ի 2005թ. հունիսի 23-ի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի մասին» որոշմամբ հաստատված կանոնակարգի համաձայն:


«Թափոնների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը: Ռեեստրի վարման հիմնական նպատակը հիշյալ օբյեկտների մասին տեղեկատվության հավաքումը, վերլուծումը, մշակումը և պահպանումն է: Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում հաստատել թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունների ձևերն ու ռեեստրի վարման գրքի ձևը:


«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ապրանքային քանակների համար 2007թ. հունվարի 1-ից պարտադիր հայերեն մակնշման ապահովման միջոցառումները: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև հայերեն մակնշման պահանջի կիրառման ժամանակացույցը, որի համաձայն հիշյալ որոշման հավելվածում ընդգրկված սննդամթերքը ենթակա է պարտադիր հայերեն մակնշման 2007թ. հունվարի 1-ից, իսկ հավելվածում չընդգրկված սննդամթերքը՝ 2007թ. հուլիսի 1-ից:


Լրացումներ և փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 17-ի «ՀՀ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ, գործադիրը, մասնավորապես, հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին՝ երկամսյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել պետական մարմինն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի վերաբերյալ առաջարկություն:


«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը թույլատրել է Երևանի կենդանաբանական այգուն՝ կենդանիների հավաքածուն համալրելու և անազատ պայմաններում դրանց վերարտադրությունն ապահովելու նպատակով, 2006թ. ընթացքում ՀՀ տարածքից, բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների, իրականացնել կենդանիների հավաք՝ ըստ նշված տեսակների և քանակների: Որոշումն ընդունվել է հաշվի առնելով նաև Երևանի կենդանաբանական այգուն՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների հավաքի թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության դրական եզրակացությունը: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշմամբ սահմանված թռչնատեսակների հավաքի դեպքում, ապահովել թռչնագրիպի նկատմամբ դրանց անվտանգությունը:


«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կանոնադրությունը: Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 19-ի «ՀՀ արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին» N 1015-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է 2005թ. հուլիսի 8-ին ընդունված «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջները կենսագործելու անհրաժեշտությամբ:


Նիստում հավանություն է տրվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերին: Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլում դատական համակարգում իրականացվող մի շարք փոփոխություններով, որոնք արդյունք են նաև ՀՀ փոփոխված սահմանադրության ընդունման:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» օրինագծին ևս, որը բխում է ՀՀ սահմանադրության մեջ կատարված փոփոխություններից, ինչպես նաև օրենքի մի շարք հոդվածների բովանդակությունը հստակեցնելու անհրաժեշտությունից:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է լուծարել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Բժշկական գենետիկայի կենտրոն» ՊՈԱԿ-ը: ՀՀ ԳԱԱ նախագահին հանձնարարվել է ստեղծել լուծարման հանձնաժողով՝ ընդգրկելով նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, արդարադատության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչներին: Որոշմամբ հանձնարարվել է նաև լուծարման հանձնաժողովին՝ կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո, մնացած 15 մլն 206 հազար 447 դրամ շուկայական արժեքով գնահատված գույքը նշված արժեքով (ներառյալ ԱԱՀ) օտարել ուղղակի վաճառքի ձևով՝ վաճառքից ստացված գումարն ուղղելով պետական բյուջե, իսկ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից նվիրաբերված 3 մլն 451 հազար 43 դրամ հաշվեկշռային արժեքով գույքն անհատույց վերադարձնել նվիրաբերողին:


«Փաստաբանության մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդից 43 մլն 120 հազար դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված 32 հանրային պաշտպանների աշխատանքը փոխհատուցելու նպատակով փաստաբանների պալատին տրամադրելու համար:


Գործադիրը հավանություն է տվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Որոշման ընդունումը բխում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներից:


Նիստում կառավարությունը որոշել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական հսկողության բարձրագույն մարմին ճանաչել ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը:


Գործադիրը հաստատել է ՀՀ Կոտայքի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և որոշել է քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.97 հա հողեր փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության՝ հանգստյան տներ կառուցելու համար: 2 օր ժամկետ է տրվել՝ շահագրգիռ կողմերի հետ նախագիծը մեկ անգամ ևս քննարկելու համար: Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն կատարելով ՀՀ Տավուշի մարզի Խաչարձանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, գյուղատնտեսական նշանակության 1.6 հա հողերը, որից 0.7 հա վարելահող, 0.9 հա արոտավայր, փոխադրվել են էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:


Նիստում որոշում է ընդունվել նաև ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշենի, Գետահովիտի գյուղական, Սյունիքի մարզի Կապանի և Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:


Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, կառավարությունը որոշել է 2006թ. մայիսի 8-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել մայիսի 6-ը՝ շաբաթ օր:


 


  

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ