Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 19 ապրիլի 2006

 


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական համանախագահ, տիկին Մարի Անն Իզլեր Բեգենին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ 2004թ. Եվրամիությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, եվրոպական նման ներկայացուցչական պատվիրակության Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար: Տիկին Մարի Բեգենը, իր հերթին, նշել է, որ ներկա այցը լավ առիթ է Հայաստանի խորհրդարանի աշխատանքներին մոտիկից ծանոթանալու, փոխգործակցության ակտիվացման հարցերի շուրջ խոսելու: Ըստ նրա, դա մեծապես պայմանավորված է նաև վերջին տարիներին Հարավային Կովկասի նկատմամբ Եվրամիության հետաքրքրության աճով, որն արտահայտվում է տարածաշրջանային տարբեր հիմնախնդիրների շուրջ զեկույցների, բանաձևերի ու խորհրդարանական համատեղ միջոցառումների միջոցով: Տիկին Բեգենն ընդգծել է, որ Եվրոպական խորհրդարանն իր դրական դերն է ունեցել Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում տարածաշրջանի երեք երկրների ընդգրկման հարցում, իսկ այսօր ուշադրության կենտրոնում է պահում այդ երկրներում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներն ու հակամարտությունների կարգավորման խնդիրները:


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ անկախության հռչակման առաջին իսկ տարիներից Հայաստանն ընտրել է եվրաինտեգրման ուղին և հետագա ամբողջ գործունեությունն ուղղված է եղել մեր երկրի օրենսդրական դաշտը ԵՄ օրենսդրական դաշտին համապատասխանեցնելուն: Գոհունակություն հայտնելով ԵՀՔ շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակման բանակցությունների ընթացքից, Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ այս տարվա մայիսին նախատեսված բանակցությունների հերթական փուլը հաջողությամբ կավարտվի՝ հնարավորություն ընձեռելով կարճ ժամկետում հաստատել այդ կարևոր փաստաթուղթը և ձեռնամուխ լինել նպատակաուղղված աշխատանքի՝ գործողությունների ծրագրի իրականացմանը: Տիկին Մարի Բեգենը հավաստել է, որ հանձնաժողովը պատրաստ է վերահսկել բանակցությունների գործընթացը՝ այն հնարավորինս արագացնելու և ավարտին հասցնելու նպատակով: Վարչապետն այնուհետև հանգամանորեն ներկայացրել է նաև Եվրամիության հետ մեր երկրի համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքները: Նշված գործընթացների բարեհաջող իրագործման հարցում ընդգծելով մեր երկրում ժողովրդավարության զարգացման նշանակությունը, վարչապետն ընդգծել է, որ այն շարունակական և հետևողական աշխատանք է ենթադրում: Նա այդ ուղղությամբ կարևոր քայլերից է համարել սահմանադրական բարեփոխումների իրականացումը, որից հետո կառավարությունը հաստատել է Սահմանադրության փոփոխություններից բխող միջոցառումների ցանկ՝ ըստ ժամանակացույցի: Վարչապետի հավաստմամբ, չնայած այս աշխատանքների հիմնական մասը ծանրացած է լինելու կառավարության վրա, սակայն մի շարք օրենքների ընդունման առումով Ազգային ժողովը ևս որոշակի աշխատանք ունի իրականացնելու, որի ուղղությամբ օրենսդիրն ու գործադիրը սերտորեն համագործակցում են:


Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը լրջորեն նախապատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որպեսզի դրանք արտահայտեն ժողովրդի շահերը, անցնեն վստահության մթնոլորտում և միջազգային չափանիշներին համապատասխան: Տիկին Մարի Բեգենը հավաստել է, որ Եվրոպական խորհուրդը ևս շահագրգռված է Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացմամբ: Մարի Բեգենի խնդրանքով վարչապետն անդրադարձել է նաև մեր երկրի տնտեսական ու սոցիալական խնդիրներին, ներկայացնելով ԱՀՌԾ-ի շրջանակներում իրականացվող, ինչպես նաև «Հազարամյակի մարտահրավերներ»-ի և այլ ծրագրերի շրջանակներում նախատեսված աշխատանքները, որոնք ուղղված են հանրապետության սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների աստիճանական ու համաչափ լուծմանը:


Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին: Անդրանիկ Մարգարյանը և Մարի Բեգենը համակարծիք են եղել, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ընդհանրապես և հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը մասնավորապես, դրական ազդեցություն կունենան տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի ամրապնդման վրա: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցային ձևաչափում առաջադրված՝ հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու պահանջի կապակցությամբ, վարչապետը հույս է հայտնել, որ եվրոպական կողմը հետամուտ կլինի այդ պահանջի կատարմանը: Բարձր գնահատելով նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևերը, որոնցում թուրքական կողմին կոչ է արվում ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանության փաստը, Հայաստանի կառավարության ղեկավարը, միաժամանակ, ընդգծել է, որ Թուրքիայի կողմից նման քայլը մեծապես կնպաստեր հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:


Զրույցի ընթացքում վարչապետը կարևորել է միջազգային կազմակերպությունների դերը տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի ընդգրկվածության ապահովման գործում:


Տարածաշրջանային անվտանգության խնդիրների համատեքստում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Մարի Բեգենին ծանոթացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին, մասնավորապես Ռամբույեում երկու երկրների նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ Հայաստանի գնահատականներին, միաժամանակ զրուցակցի ուշադրությունը հրավիրելով ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունների վրա, դատապարտելի համարելով ուժային եղանակով հակամարտության կարգավորումը: Մարի Բեգենն ընդգծել է, որ Եվրամիությունը ևս ԼՂ հիմնախնդրի միակ լուծումը տեսնում է խաղաղ ճանապարհով կարգավորման մեջ:


Տիկին Մարի Բեգենը գոհունակությամբ նշել է, որ այցի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ, հանձնաժողովի պատվիրակությունը ստացել է իրեն հետաքրքրող բոլոր հարցերի սպառիչ պատասխանները և հիմա արդեն ավելի հեշտ կլինի եվրախորհրդարանում պաշտպանել դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:


Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել հանձնաժողովին և նրա պատվիրակությանը՝ հետագա գործունեության ասպարեզում:


 





Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ