Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 մարտի 2006

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


«Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը, ապահովագրական նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը, ապահովագրական նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի (եկամտի) հաշվարկման կարգը, ապահովագրական նպաստ հաշվարկելիս ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային գործունեության տեսակները, դրանց հաշվառման կարգն ու պայմանները, գործատուի՝ վարձու աշխատողների ապահովագրական նպաստների վճարմանն ուղղված միջոցները փոխհատուցելու կարգը, ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևը, լրացման ու տրամադրման կարգը, օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ապահովագրական նպաստ նշանակելու համար հիմք ընդունելու կարգը, ինչպես նաև չստացված ապահովագրական նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին: Ուժը կորցրած են ճանաչվել նշված խնդիրները կարգավորող ՀՀ կառավարության կողմից նախկինում ընդունված մի շարք որոշումներ:


«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաստատվել է նաև գործազուրկների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի և երկարամյա ծառայության ու արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել մասնագիտական ուսուցման կազմակերպման հայտի, ուղեգրի, ավարտված և իրականացման ընթացքում գտնվող մասնագիտական ուսուցման դասընթացների վերաբերյալ ամփոփ հաշվետվության ձևերը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1997թ. հունիսի 25-ի «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 222 որոշման 3-րդ կետը:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 29-ի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 793-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է 2005թ. նոյեմբերի 11-ին ԱԺ-ի կողմից «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որն ուժի մեջ է մտել 2006թ. հունվարի 1-ից: Որոշմամբ, մասնավորապես, հստակեցվել են օրենքով սահմանված կարգով նշանակված տարիքային և հաշմանդամության կենսաթոշակների վերահաշվարկման կարգը, մասնագիտական ապահովագրական ստաժում հաշվարկվող՝ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ապահովագրական ստաժ ներառող ժամանակահատվածը, ազատազրկման դատապարտված և պատիժը կրած քաղաքացիներին կենսաթոշակ նշանակելիս (կենսաթոշակը վերահաշվարկելիս) նրանց ապահովագրական ստաժում ազատազրկման վայրերում աշխատած ժամանակահատվածները հաշվարկելու կարգը: Սահմանվել է աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամների հաշմանդամության ժամանակահատվածը ապահովագրական ստաժում հաշվառելու կարգը և նշված անձանց կենսաթոշակները վերահաշվարկելու կարգը: Օրենքում կատարված փոփոխության համաձայն, սահմանվել է նաև հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած, ինչպես նաև՝ հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու կարգը: Իրացվել է օրենքով սահմանված դրույթը, որի համաձայն ՀՀ-ի հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում, կենսաթոշակառուին հասանելիք, սակայն կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի չստացված գումարը վճարվում է նաև լիազորագրով: «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին երկարամյա ծառայության համար մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների և աշխատանքային գործունեության տեսակների ցանկում» ավելացվել են նաև լոգոպետները, զինղեկներն ու մարզիչները: Որոշմամբ սահմանվել է նաև կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանի միասնական ձևը:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը: Որոշման ընդունման նպատակը քաղաքացու կողմից առաջնային բուժօգնություն և ծառայություններ իրականացնող բժշկի կամավոր ընտրության, առաջնային օղակում իրականացվող ծառայությունների ընդլայնման և որակի բարելավման ապահովումն է: Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և բնակչության գրանցման կարգից բխող համապատասխան նորմատիվային փաստաթղթեր: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2007թ. հունվարի 1-ից:


ՀՀ 2006թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 120 մլն 497.2 հազար դրամ է հատկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ՀՀ մարզպետարաններին՝ քաղաքացիների դրամական ավանդների դիմաց փոխհատուցման աշխատանքների կազմակերպման նպատակով: Գումարը հատկացվել է «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիներին, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման աշխատանքների կազմակերպման համար ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Եվս 10 մլն 839.3 հազար դրամ է հատկացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ Երևան քաղաքի թաղային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների գործունեության կազմակերպման նպատակով պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման համար:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 4 մլրդ 608 մլն 154 հազար դրամով: Համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ: ՀՀ 2006թ. պետական բյուջեի կապիտալի գործառնություններից (Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից) գոյանալիք լրացուցիչ եկամուտների հաշվին, Երևանի քաղաքապետարանի կողմից կիրականացվեն Իսակովի պողոտայի վերակառուցման, Հերացու, Սարալանջի և Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու կառուցման աշխատանքներ, որպես պետական օժանդակություն լրացուցիչ միջոցներ կտրամադրվեն մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված բնակիչների փոխհատուցման համար բնակարանների (բնակելի շենքերի) շինարարության և վերակառուցման, Երևան քաղաքի վթարային շենքերի հետազոտման, 2006թ. առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Հրազդան գետի հունի մաքրման և ձախ ափապաշտպան կառույցի շինարարության, Երևանի մետրոպոլիտենի պահպանության և այլ աշխատանքների իրականացման համար: Սահմանվել է, որ պետական օժանդակություն նախատեսված գումարները կտրամադրվեն համապատասխան տնտեսվարող սուբյեկտներին որպես դրամաշնորհ՝ առանց մրցույթի:


Նիստում, «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է փոստային կապի ազգային օպերատորի կողմից, որպես վճարահաշվարկային կազմակերպություն, իրականացվող գործունեության տեսակների ցանկը: Սահմանվել է նաև, որ փոստային կապի ազգային օպերատորն օրենքով սահմանված գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա: Փոստային կապի ազգային օպերատորին այլ գործունեության իրականացման իրավասության վերապահումը կնպաստի փոստային կապի բնագավառում արդյունավետության բարձրացմանը և ներդրումների ապահովմանը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին որոշել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 6 մլն 735 հազար դրամ՝ Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված լազերային սկավառակի, հոբելյանական միջոցառումները լուսաբանող ֆիլմի և «Հայոց պատմություն» լազերային սկավառակի բազմացման, 210 հազար դրամ՝ լազերային սկավառակի շնորհանդեսի ու հոբելյանական միջոցառումները լուսաբանող ֆիլմի ցուցադրման նպատակով: Եվս 2 մլն 480 հազար դրամ է հատկացվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչական-արտադրական ՊՓԲԸ-ի կողմից Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի տպագրության նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար՝ վերջինիս փոխանցելով այդ գումարի հատկացման մասով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները:


«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը որոշել է 2006թ. պետական բյուջեի «Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացմանը» ծրագրով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված հատկացումներից 117 մլն դրամն ուղղել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երկրորդ փառատոնի անցկացմանը: Պետական բյուջեի «Պետական աջակցություն Ֆրանսիայի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի տարվա միջոցառումների իրականացմանը» ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը կանոնակարգելու նպատակով, սահմանվել է, որ միջոցառումների ծախսերի նախահաշիվները պետք է հաստատվեն Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումների կազմկոմիտեի և Ֆրանսիայում 2006-2007թթ. անկացվելիք Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի կողմից` նախօրոք համաձայնեցնելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծին ևս, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի կարգավորել հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող կալանքի դատապարտված զինծառայողների բժշկական սպասարկման կարգը:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Որոշման ընդունումը պայմանավորված է նշված օրենսդրական ակտերը ՀՀ Սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանեցնելու, ինչպես նաև դրանցում ամրագրված դրույթներում ու հասկացություններում որոշակի հստակեցումներ մտցնելու անհրաժեշտությամբ:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 16 մլն 153.2 հազար դրամ հատկացնել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ մարդասիրական օգնության չվերթներ իրականացնող օդանավերի թռիչք-վայրէջքի, օդանավակայանում օդանավերի կանգառի և վերգետնյա սպասարկման ու մատուցված ծառայությունների դիմաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 10 մլն 29.4 հազար դրամ, «Գյումրու «Շիրակ օդանավակայան» ՓԲԸ-ին 3 մլն 196.6 հազար դրամ և աերոնավիգացիոն սպասարկման դիմաց «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին 2 մլն 927.2 հազար դրամ գումարների փոխհատուցման համար:


Նիստում կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և 7-րդ բանակի հրամանատարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում «Փրկարար -2006» զորավարժության անցկացման վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Զորավարժությունն անց է կացվելու «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, այս տարվա հուլիսի 12-28-ը, որին նախատեսվում է 12 երկրների շուրջ 250 ներկայացուցիչների մասնակցություն: Զորավարժությունը կրում է հրամանատարաշտաբային բնույթ և ուղղված է բնական և տեխնածին աղետների ընթացքում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության ու ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության փրկարարական ծառայության աշխատանքների կազմակերպմանն ու համադրմանը, ինչպես նաև գործընկեր երկրների հետ փոխգործակցելիության հնարավորությունների ընդլայնմանը:


Այլ որոշումներով համաձայնություն է տրվել նաև ՀՀ կառավարության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի, «ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջև եվրոպական ինտեգրացիայի բնագավառում և Եվրատլանտյան կառույցներում համագործակցության մասին» հուշագրի կնքման առաջարկություններին:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Սիսիանի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված՝ Սիսիան քաղաքի Շիրվանզադե N 7 հասցեում գտնվող 1820քմ. ընդհանուր մակերեսով (այդ թվում՝ նկուղն ու կիսանկուղը 455քմ.) և 46 մլն 573.4 հազար դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով «Ա» ուսումնական մասնաշենքը հետ վերցնել և ամրացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ին՝ այն Սիսիանի մասնաճյուղին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համար: Սահմանվել է, որ որոշման մեջ նշված ուսումնական մասնաշենքի և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:


Մեկ այլ որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղում գտնվող մարզպետարանի ենթակայության «Հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ին ամրացված Ուսուցչի տունը՝ 141 քմ. մակերեսով, հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով օտարել Շատինի գյուղական համայնքին: Որոշումը հնարավորություն կստեղծի Շատինում բնակվող մի քանի մանկավարժների ընտանիքների բնակարանային պահանջների բավարարման համար:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հանձնարարել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի ք.Երևան, Հին-Նորքի 2-րդ նրբանցքի թիվ 20 հասցեում գտնվող շենքերի, շինությունների, օժանդակ կառույցների ու դրանցով զբաղեցված 1.1879 հա հողատարածքի անհատույց օտարումը Հայաստանի Հանրապետությանը: Որոշմամբ նշված գույքը հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը:


«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթում հաղթող ճանաչված և այլ հաղթողների թվում մրցութային հանձնաժողովի քվեարկության արդյունքում առավելագույն միավորներ հավաքած Կարեն Իսախանյանին՝ եռամսյա փորձաշրջանով նշանակել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար:


Նիստում գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին, 506 հազար 620 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ 2006թ. ապրիլի 16-ին կայանալիք Վայոց Ձորի մարզի Խաչիկի և Սարավանի գյուղական համայնքների ղեկավարների, 2006թ. ապրիլի 23-ին կայանալիք Կոտայքի մարզի Հացավանի և Շիրակի մարզի Փոքրաշենի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Կառավարությունը որոշումներ է ընդունել նաև Տավուշի մարզի Աչաջուրի, Արագածոտնի մարզի Երնջատափի, Թթուջուրի, Լոռու մարզի Փամբակի և Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ