Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 մարտի 2006

 


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» (ԶՀԳ) ՓԲԸ-ի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Խորհուրդը քննարկել և հաստատել է ընկերության կողմից Համաշխարհային բանկի օտարերկրյա ներդրումների և արտահանման խրախուսման (FIEF) եռամյա վարկային ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, որը ներառում է նաև ԶՀԳ-ի 2005թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը:


Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց գնահատականները ԶՀԳ-ի եռամյա գործունեության վերաբերյալ, բարձր գնահատելով ծրագրով ամրագրված խնդիրների իրագործման ուղղությամբ գործակալության իրականացրած աշխատանքները: Ե՛վ խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ե՛ւ խորհրդի անդամներն ընդգծել են երկրորդ ծրագրի իրականացման անհրաժեշտությունը. «Զարգացման հայկական գործակալությունը, եռամյա ծրագրի շրջանակներում հսկայական աշխատանք է կատարել, գործակալությունում զգալի փորձ է կուտակված, որն անհրաժեշտ է օգտագործել՝ հանրապետության տնտեսության զարգացմանը համահունչ նոր խնդիրներ դնելով գործակալության առջև»,- նշել է վարչապետը, կարևորելով նաև ԶՀԳ-ի, իբրև քարտուղարության, ակտիվ մասնակցությունը ՀՀ վարչապետին առընթեր երկու խորհուրդների՝ Գործարարության աջակցման և Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդների աշխատանքին:


Խորհրդի նիստին հրավիրված ՀՀ-ում Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը ևս բարձր է գնահատել ԶՀԳ-ի եռամյա գործունեության արդյունքները, նշելով, որ նման գնահատական է հնչել նաև ՀԲ-ի MIGA կազմակերպության կողմից: Նա շնորհավորել է խորհրդի անդամներին և գործակալության աշխատակիցներին՝ տպավորիչ արդյունքների և աշխարհի 140 զարգացման գործակալություններից ընտրված չորս այլ երկրների՝ Շոտլանդիայի, Ավստրիայի, Չեխիայի ու Սլովակիայի նմանատիպ լավագույն գործակալությունների շարքում ներառվելու կապակցությամբ, միաժամանակ ընգծելով, որ Համաշխարհային բանկում ակտիվ քննարկումներ են ընթանում ծրագրի շարունակականության ապահովման ուղղությամբ:


Վարչապետը խորհրդի անդամներին, ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարներին հանձնարարել է՝ մեկամսյա ժամկետում գրավոր առաջարկներ ներկայացնել ԶՀԳ-ի շարունակական գործունեության ծրագրի նախագծի վերաբերյալ: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է նաև շարունակել բանակցությունները Համաշխարհային բանկի հետ՝ նշված խնդիրների իրականացման նպատակով:


Եռամյա վարկային ծրագրի ավարտի վերաբերյալ ամփոփ հաշվետվության մեջ ԶՀԳ գլխավոր տնօրեն Վահագն Մովսիսյանը նշել է, որ 2003-2005թթ. ընթացքում հիշյալ ծրագրով Համաշխարհային բանկի տրամադրած 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային միջոցները նպատակաուղղվել են ԶՀԳ-ի կարողությունների խորացմանը, ներդրումների խրախուսմանն ու արտահանման ընդլայնմանը: Մասնավորապես, ներդրումների խթանման բաժինը ձեռք է բերել օտարերկրյա ուղղակի ներդրումների արդյունավետ ներգրավման անհրաժեշտ հմտություններ: Ներդրողների սպասարկման բաժինը զարգացրել և մշակել է աշխատանքային հմտություններ, որոնք ներառում են հնարավոր ներդրողներին ծառայությունների ամբողջական փաթեթի առաջարկում և օտարերկրյա գործարար պատվիրակությունների կարիքների բավարարում: Արտահանման բաժինն աշխատանքային հմտություններ է զարգացրել՝ ուղղված արտահանման շուկաների ուսումնասիրությանը, արտահանման գծով ընկերությունների խորհրդատվության տրամադրմանը: Հաշվետվության համաձայն, Զարգացման հայկական գործակալությունն ուղղակի մասնակցություն է ունեցել տարբեր ոլորտների գծով Երևանում և արտասահմանում 60-ից ավելի միջազգային ցուցահանդեսների կազմակերպմանը. դրանցից ամենախոշորն ու տպավորիչը Ճապոնիայի Աիչի նահանգում 2005թ. մարտի վերջին մեկնարկած միջազգային ցուցահանդեսի և այդ շրջանակներում Հայաստանի ազգային օրվա կազմակերպումն էր, որի բացմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետը: Գործակալությունը կազմակերպել և անցկացրել է նաև Հայաստան-Սլովենիա, Հայաստան-Լատվիա, Հայաստան-Ճապոնիա, Հայաստան-Կանադա, Հայաստան-Ռուսաստան գործարար համաժողովները: Կազմակերպվել են այցելություններ թվով 60 կազմակերպություններ, որոնց ընթացքում 10 ընկերություններ վերջնական որոշում են կայացրել՝ Հայաստանում ներդրում կատարելու վերաբերյալ:


Հաշվետու շրջանում գործակալությունն իրականացրել է միջազգային պրակտիկայում արդյունավետ համարվող ներդրումների խթանման միջոցառումներ՝ 3 արտագնա քարոզարշավ (ԱՄՆ-ում, եվրոպական և սկանդինավյան երկրներում), ինչպես նաև նախապատրաստական աշխատանքներ են կատարվել նախատեսվող ևս 3 (ԱՄՆ-ի արևմտյան հատվածում և Հեռավոր Արևելքի երկրներում) քարոզարշավների համար: Դրանց արդյունքում եվրոպական, ամերիկյան և սկանդինավյան շուրջ երեք տասնյակ ընկերություններ ԶՀԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպելու և Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները քննարկելու ցանկություն են հայտնել: Գործադիր տնօրենն արտագնա քարոզարշավների նշանակալից արդյունքներից է համարել, մասնավորապես, միջազգային համբավ ունեցող Մայքրոսոֆթ, Էրիքսոն, Սոնիքս ընկերությունների մտադրությունը՝ գործունեություն ծավալելու Հայաստանում:


Ըստ զեկուցողի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տեղեկագրերի հիման վրա, հավաքագրվել են նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների տեղական հոսքերի վերաբերյալ վերջին տվյալները՝ ըստ երկրների և ոլորտների բաշխվածության, որի արդյունքում համալրվել է գործակալության համապատասխան տվյալների բազան: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և կենտրոնական բանկի տվյալների բազաների ու հաշվետվությունների հիման վրա, հավաքագրվել են Հայաստանի մակրոտնտեսական միջավայրը ներկայացնող մի շարք ցուցանիշներ և վերանայվել է այդ ու դրանց հիման վրա հաշվարկված այլ ցուցանիշների ամփոփմամբ գործակալության կողմից կազմված Հայաստանի մակրոտնտեսական վիճակը ներկայացնող հակիրճ փաստաթուղթը: Մշակված ռազմավարական ծրագրի համաձայն, իրականացվել է էլեկտրոնիկայի, այդ ոլորտում արտադրական ծառայությունների մատուցման, կիսահաղորդիչների նախագծման, ճշգրիտ սարքաշինության, նուրբ օրգանական քիմիայի, բիոտեխնոլոգիայի, դեղագործության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների ենթաոլորտային կառուցվածքների ուսումնասիրում և համաշխարհային ու տեղական միտումների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրում: Վահագն Մովսիսյանը նշել է, որ մեր երկրի առավել մրցակցային ոլորտների զարգացման մարքեթինգային պլանի մշակման շրջանակներում իրականացվում է նուրբ օրգանական քիմիայի ոլորտի զարգացման ծրագիր:


Հաշվետու շրջանում գործակալությունը սերտորեն համագործակցել է նաև ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և ընկերությունների հետ: Որպես Գործարարության աջակցման խորհրդի և Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղարություն, գործակալությունը համապատասխան աշխատանքներ է իրականացրել այդ խորհուրդների գործունեության շրջանակներում ևս:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ