Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 փետրվարի 2006

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) միջև «Հրատապ աջակցություն Արևելյան Եվրոպայում և Կովկասյան տարածաշրջանում թռչնագրիպի վաղ հայտնաբերման և կանխարգելման համար TCP» տեխնիկական աջակցության ծրագրի կնքման առաջարկությանը: Ծրագրի հիմնական նպատակն է՝ ուժեղացնել թռչնագրիպի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և տարածման կարողությունը, ինչպես նաև այն օգտագործել արտակարգ իրավիճակի պատրաստվածության ծրագրի նախապատրաստման համար, որն ուղղված կլինի տարածաշրջանում թռչնագրիպի հնարավոր տարածման դեմ, մասնավորապես, կապված վայրի թռչունների չուի և առևտրի հետ:

Այլ որոշումներով համաձայնություն է տրվել նաև «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի վերաբերյալ հայտագրերի փոխանակման, «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Քենիայի քաղաքացիական ավիացիոն իշխանության միջև» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկություններին:

«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 27-ի «ՀՀ օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգի մասին» N 944-Ն որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (ԻԿԱՕ) N17 «Անվտանգություն» հավելվածում ընդգրկված ավիացիոն անվտանգության նոր ստանդարտներին այն համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, գործադիրը 45 մլն դրամ է հատկացրել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին՝ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի սահմանային անցման կետում մաքսային հսկողության գոտու բարելավման նպատակով շինարարական աշխատանքներ կատարելու համար:

Այլ որոշումներով կառավարությունը հաստատել է «Քրեակատարողական համակարգի պահպանում» ծրագրով 2006թ. ընթացքում կանխիկ ձևով կատարվող ծախսերի տարեկան չափաքանակները, ինչպես նաև սահմանել է քրեակատարողական ծառայողի լրացուցիչ աշխատավարձի հավելումները:

Նիստում հավանություն է տրվել «Լիցենզիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է նշված օրենքի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «Գյուղատնտեսության բնագավառ» բաժինը լրացնել «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» և «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք» գործունեության տեսակներով:

Գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ մեկ այլ օրինագծի ևս: Որոշմամբ առաջարկվում է մանկատների կազմակերպումը, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից (պետական կամ ոչ պետական), համարել բարդ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեություն, ինչն առավել վերահսկելի կդարձնի մանկատներից երեխաների որդեգրման գործընթացը: Այդ կապակցությամբ հավանություն է տրվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, ըստ որի, նախատեսվում է մանկատների կազմակերպման համար պետական տուրքը սահմանել տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով:

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է փրկարար ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը:

Լրացում կատարելով ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» 1384-Ն որոշման մեջ, գործադիրը քաղաքացիական ծառայողների հետ, այդ ցանկում ընդգրկել է նաև հանրային ծառայողներին:

Մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 23-ի «Առանց ապրանքների մատակարարման ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրող անձանց ցանկի հրապարակման կարգը հաստատելու մասին» N 984-Ն որոշումը, որը պայմանավորված է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ:

Նիստում որոշվել է նաև օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 20 մլն դրամ է հատկացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման նպատակով:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 23-ի «ՀՀ առևտրական ներկայացուցիչների (կցորդների) և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին» N 1935-Ն որոշման մեջ, որով, մասնավորապես, ամրագրվում է նշված պաշտոններին գործուղվող քաղաքացիական ծառայողների համար առնվազն երկու օտար լեզվի տիրապետման պահանջը, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է: Որոշումը կնպաստի նրանց կողմից՝ կանոնադրությամբ սահմանված իրենց գործառույթների լիարժեք իրականացմանը:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Որոշումն ընդունվել է՝ արդարադատության շահերի դեմ ուղղված չարաշահումները կանխելու, մասնավորապես, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնելու դատախազական մարմինների սահմանադրական լիազորությունների կատարումը լիարժեք ապահովելու նպատակով: Այլ որոշումներով հավանություն է տրվել նաև «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթին: «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքին համապատասխան, որոշվել է նշված օրինագծերը համարել անհետաձգելի:

«Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծով առաջարկվել է ինկասացիոն կազմակերպությունների տրանսպորտային միջոցներին դեղին գույնի փոխարեն տրամադրել լուսնասպիտակ փարոսիկներ, որոնք ավելի ցայտուն են և ունեն նախազգուշացնող նշանակություն, մինչդեռ դեղին առկայծող փարոսիկների նշանակությունը սահմանափակվում է որոշակի աշխատանքներ կատարելու մասին իրազեկմամբ: Հանձնարարվել է մեկամսյա ժամկետում նախապատրաստել այդ ոլորտում գործունեություն իրականացնողների անվտանգության ապահովմանն ուղղված անհրաժեշտ նորմատիվ ակտերը և ներկայացնել կառավարություն:

Մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 19-ի «ՀՀ պետական մասշտաբային շարք բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման մեջ, որի համաձայն քաղաքների և բնակավայրերի հատակագծերը հանվել են «Տեղագրագեոդեզիական գաղտնի նյութերի և փաստաթղթերի ցանկից»: Որոշման ընդունումը պայմանավորված է քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկության մատչելիության, հասարակայնության իրազեկման և որոշումների ընդունման գործընթացին մասնակցության ապահովման անհրաժեշտությամբ:

Գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, 1 մլն 256 հազար 860 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ 2006թ. մարտի 12-ին կայանալիք Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2006թ. մարտի 26-ին կայանալիք Լոռու մարզի Դարպասի, Լեռնավանի, Աթանի, Ձորամուտի, Նովոսելցովոյի, Պետրովկայի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների, Սարչապետի գյուղական համայնքի ղեկավարի, Շամլուղի, Մարցի և Արդվիի գյուղական համայնքների ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով:

Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Կոտայքի և Շիրակի մարզերի շուրջ մեկ տասնյակ գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:

 

 

  

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ