ուրբաթ, 25 մայիսի 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական
ուղերձը 2000-2001 ուսումնական տարվա շրջանավարտներին
Սիրելի շրջանավարտներ,
շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ և հիշարժան օրվա՝ դպրոցական 10 տարիների ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ: Այսօրը նաև խորհրդանշական է, որովհետև դպրոցներում հնչած վերջին զանգն ավետեց 21-րդ դարի մեր առաջին շրջանավարտների մասին, որոնցից ակնկալիքներն անչափ շատ են : «21-րդ դարը մերն է լինելու» այլևս կարգախոս դարձած իղձի իրականացումը, իբրև ապագա զինվոր, մանկավարժ, բժիշկ ու գիտնական, մեծապես կախված է ձեզանից՝ անկախ հայրենիք ժառանգած Հայաստանի երիտասարդ քաղաքացիներիցդ:
Համոզված եմ, որ կյանք եք մտնում իբրև նոր՝ առավել ազատ, անկաշկանդ մտածողությամբ ու մեր անցած հերոսական մաքառումները քաջ գիտակցող և գնահատող, պետության առջև մեծ պատասխանատվություն զգացող սերունդ: Վստահ եմ, կկարողանաք արժանապատվորեն ապրել և ամրացնել Հայաստան պետությունը: Բարի երթ ձեզ՝ ձեր ինքնուրույն կյանքում և հաջողություն ձեր բոլոր ձեռնարկումներին ու նպատակներին: