Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 դեկտեմբերի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Նախքան նիստն սկսելը վարչապետը շնորհավորել և պետական պարգևներ է հանձնել վարչապետի ներկայացմամբ ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության մեդալների արժանացած փոխնախարարներին. Պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար «Անանիա Շիրակացի» մեդալներով պարգևատրվել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արամ Բադալյանը, գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը, առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, իսկ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մալխասյանն արժանացել է «Մխիթար Գոշ» մեդալի:

Մեկ այլ որոշմամբ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ճանաչել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ պետական բյուջեում ընտանեկան նպաստի համար նախատեսված գումարների 98 տոկոսը նպատակաուղղել ընտանեկան նպաստի և ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ օգնության, իսկ 2 տոկոսը՝ հրատապ օգնության վճարմանը: Սահմանվել են ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը՝ ըստ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների, հաշվի առնելով ՀՀ 2006թ. պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները: Որոշմամբ, մասնավորապես, ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը սահմանվել է 33.00 միավոր, ընտանեկան նպաստի բազային մասը՝ 7 հազար դրամ, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 35 հազար դրամ, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 2 հազար 300 դրամ: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին:

«Պետական նպաստների մասին» և «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է նաև «Ընտանիքների անապահովության գնահատման կարգը», «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև փոխանցելու կարգը», «Բնակավայրերի ցանկը՝ ըստ ընտանիքի անապահովության գնահատման վրա ազդեցության գործակցի արժեքների», ինչպես նաև «Անասնապահությունից և հողագործությունից ստացվող եկամտի հաշվարկման կարգը»:

Նիստում հաստատվել են նաև ծառայողական գործուղման մեկնած աշխատողներին օրապահիկի և գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգը, գործուղման ծախսերի նվազագույն չափը և պետական ու համայնքային բյուջեների միջոցներից հատկացվող գործուղման ծախսերի նվազագույն և առավելագույն չափերը, գործուղման վկայականի օրինակելի ձևը:

Կառավարությունը հավանություն է տվել սոցիալապես անապահով անօթևան ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հայեցակարգին: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին՝ օտարերկրյա պետությունների, դրանց միությունների և միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններ վարելու ժամանակ քննարկել սոցիալապես անապահով անօթևան ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված փորձնական ծրագրի իրականացման հնարավորության հարցը՝ հայեցակարգի դրույթների համաձայն: Հանձնարարվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների հետ քննարկել և արված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, լրամշակել նախագիծը:

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը, ուժը կորցրած ճանաչելով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983թ. հուլիսի 4-ի «Հայկական ՍՍՀ տարածքում պետական պահպանության տակ վերցված պատմության և կուլտուրայի հուշարձանների և նրանց պահպանական գոտիների ցուցակը հաստատելու մասին» N 377 որոշման համապատասխան կետը: Մեկ այլ որոշմամբ, հաստատվել է նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման կարգը:

«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 16-ի «Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի կողմից ֆինանսավորվող ավանդների երաշխավորման համակարգի ստեղծման ծրագրի մասին» N 816-Ա որոշման համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված եկամուտների գումարն ավելացնել 18,832,481.1 հազար դրամով, ծախսերի գումարը՝ 19,870,873.1 հազար դրամով, դեֆիցիտի (պակասուրդի) գումարը՝ 1,038,392.0 հազար դրամով: «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն է հատկացրել Աղքատության հաղթահարման աջակցության 3-րդ վարկի նախապատրաստման համար ստացված TF 055131 ճապոնական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստացված դրամաշնորհի հաշվին իրականացվելիք միջոցառումների ֆինանսավորման նպատակով՝ 1193.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, վիճակագրական կարողությունների զարգացմանը տեխնիկական աջակցության հոլանդական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստացված դրամաշնորհի հաշվին իրականացվելիք միջոցառումների ֆինանսավորման նպատակով՝ 1487.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Աղքատության հաղթահարման աջակցության վարկի նախապատրաստման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստացված դրամաշնորհի հաշվին իրականացված միջոցառումների ֆինանսավորման նպատակով՝ 127,000.0 հազար դրամ, ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 16-ի «Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի կողմից ֆինանսավորվող ավանդների երաշխավորման համակարգի ստեղծման ծրագրի մասին» N 816-Ա որոշման համաձայն ՀՀ անունից հանդես եկած ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և KfW բանկի ու Ավանդների երաշխավորման հիմնադրամի միջև կնքված համաձայնագրին համապատասխան նշված բանկի կողմից հանրապետությանը տրված վարկի միջոցների հաշվին Ավանդների երաշխավորման հիմնադրամին վարկավորելու նպատակով՝ 1,933,680.0 հազար դրամ: Այդ կապակցությամբ փոփոխություններ են կատարվել նաև կառավարության մի շարք որոշումներում:

«Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ-ում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների չափումների իրականացման կարգը, որով սահմանվում են բնապահպանական պետական տեսուչի կողմից ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի չափման ընթացակարգը, մեթոդները, տեխնիկական և անվտանգության պահանջները: Հանձնարարվել է ՀՀ ոստիկանության և ՀՀ արդարադատության նախարարության հետ մեկ անգամ ևս հարցը քննարկել և լրամշակել նախագիծը:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի համաձայն, հաստատվել է նաև օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման կարգը, որով սահմանվում են նշված ուղղությամբ աշխատանքների նպատակները, դրանց իրականացման հիմնական սկզբունքներն ու կատարման իրավական հիմքերը:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է հիմնադրման միջոցով ստեղծել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել է դրա կանոնադրությունը: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կառավարման, ինչպես նաև վերոհիշյալ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը ճանաչվել է նաև «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներն իրականացնող լիազոր մարմին:

Գործադիրը որոշել է Հնդկաստանի կառավարության կողմից ՀՀ կառավարությանը որպես նվիրատվություն տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի 5 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամայնացումից գոյացած միջոցներից մինչև 100 մլն դրամը հատկացնել Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրերի (2KR) տնօրինման շրջանակներում գոյացած «Գործընկերային հիմնադրամի» համալրմանը, իսկ մինչև 500 մլն դրամը՝ «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամին՝ գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման նպատակով: Որոշում է ընդունվել նաև Հնդկաստանի կառավարության կողմից ՀՀ կառավարությանը որպես նվիրատվություն տրամադրված 5 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով 2005-2006թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար նրա ներկայացուցիչ «Նուռնուս» ՍՊԸ-ի հասցեով ներկրված 300 միավոր ՍՕՆԱԼԻԿԱ Դ1-60 4ՎԴ մակնիշի տրակտորները՝ համալրված 300-ական գյուղատնտեսական գործիքներով (գութան, շարքացան, խոտհնձիչ, փխրեցուցիչ) իրացնել բաց աճուրդով: Աճուրդով վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է 2 մլն դրամ:

Նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ճանապարհների 2006-2008թթ. եռամյա զարգացման և 2006-թ. վերականգնման և պահպանման տարեկան աշխատանքային ծրագիրը, որը մշակվել է ՀՀ միջինժամկետ զարգացման ծրագրի, ՀՀ-ի և ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» դրամաշնորհային համաձայնագրով Հայաստանի կողմից ստանձնվելիք պարտավորությունների ապահովման հիման վրա:

«Կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հավանություն է տվել մեծահասակների կրթության հայեցակարգին և ռազմավարությանը: Փաստաթղթի համաձայն, լրացուցիչ կրթության գլխավոր խնդիրը մասնագիտական կրթության յուրաքանչյուր աստիճանում անհատի շարունակական մասնագիտական որակավորման զարգացումն է: Այն պետք է իրականացվի միջնակարգ, մասնագիտական և լրացուցիչ կրթության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև անհատական մանկավարժական գործունեության միջոցով: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի մոտ հարցը լրացուցիչ քննարկել և արված առաջարկությունների հիման վրա լրամշակել նախագիծը:

Մեկ այլ որոշմամբ, նիստում հավանություն է տրվել նաև մանկավարժական կրթության բարեփոխման հայեցակարգին: Այն ընդգրկում է մանկավարժական կրթության ոլորտում իրավիճակի համառոտ բնութագիրն ու առկա հիմնախնդիրները, բովանդակային, ֆինանսավորման, ուսումնանյութական միջոցների բնագավառներում բարեփոխմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները: Հանձնարարվել է մեկ անգամ ևս քննարկել նախագծի ֆինանսական մասը՝ այն 2005-2007թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրին համապատասխանեցնելու նպատակով:

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի «Երևանի թաղային համայնքներին լիազորություն վերապահելու և ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 23-ի N 444 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2126-Ն որոշման մեջ: Սահմանվել է, որ Երևանի թաղային համայնքներին և Երևանի քաղաքապետին է վերապահվում Երևանի քաղաքապետարանի ենթակայության՝ կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցած հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմի 40 տոկոսը ձևավորելու լիազորությունը:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը որոշել է դադարեցնել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության (Հայլեռտեխհսկողություն) գործունեությունը և տեսչությանն ամրացված գույքը թողնել նախարարության տնօրինմանը: Այդ կապակցությամբ փոփոխություններ և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման մեջ, ուժը կորցրած է ճանաչվել 2002թ. հուլիսի 11-ի N 1232-Ն որոշումը:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, որոնք բխում են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում (ՀՕ-167-Ն) ամրագրված պահանջներից: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններով և լրացմամբ Երևանի քաղաքապետի և թաղային համայնքների ղեկավարների միջև տարանջատվել և հստակեցվել են Երևան քաղաքում ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրելու գործառույթների իրականացման շրջանակները:

ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 2-ի «ՀՀ-ում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշումը լրացվել է ՀՀ-ում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների ցանկով, տարանջատվել են Երևանի քաղաքապետի և թաղային համայնքների ղեկավարների կողմից իրականացվող գործառույթների շրջանակները, պարզեցվել է կարգի կառուցվածքը, մասնավորապես, հանվել են թույլտվության տեսակների հատուկ պայմանների և անցումային դրույթների մասին բաժինները: ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 1473-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններով ու լրացումներով հստակեցվել են քաղաքաշինական գործունության օբյեկտի նախագծային փաստաթղթերի մշակման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանվող պարտադիր պայմանները, պահանջները և սահմանափակումները:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը սահմանել է, որ Երևան քաղաք մտնող միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները և դրանց հարող տարածքներն առանձնացվում են որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ: Սահմանվել են նաև վերջիններիս սահմաններում իրականացվող քաղաքաշինական գործունեության նկատմամբ առանձնահատուկ պայմաններն ու ընթացակարգերը: Հաստատվել են ՀՀ կառավարության 2005թ հուլիսի 21-ի N1195-Ա որոշմամբ սահմանված տարածքների քաղաքաշինական գործունության կանոնակարգման միջոցառումներն ու կառուցապատման սխեմաները: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի, Երևանի քաղաքապետի, ՀՀ մարզպետների հետ համատեղ եռամսյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցը՝ նշելով անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափերն ու աղբյուրները: Հանձնարարվել է նաև ստեղծել հանձնաժողով շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ միջպետական նշանակության Երևան- Գյումրի (մինչև 42-րդ կմ), Երևան-Երասխ (մինչև 66-րդ կմ), Երևան- Սևան (մինչև 74-րդ կմ), Երեան-Արմավիր (մինչև 43-րդ կմ) ճանապարհահատվածների եզրերին և դրանց հարող տարածքներում (բացառությամբ որոշմամբ հաստատված սխեմաներով ներառված տարածքների) օբյեկտներն ու գովազդներն ուսումնասիրելու նպատակով և եռամսյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ վարչապետին ներկայացնել առաջարկություն՝ ապօրինի, ճանապարհի տարրերի զբաղեցմամբ կամ քաղաքաշինական նորմերի այլ կոպիտ խախտումներով կառուցված շենքերը, շինությունները և գովազդային վահանակները սահմանված կարգով ապամոնտաժելու վերաբերյալ:

Կառավարությունը հաստատել է նաև «ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը»: Անշարժ գույքի հասցեների գրանցման լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: Հանձնարարվել է ՀՀ նախարարներին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին, ինչպես նաև առաջարկվել է ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ անշարժ գույքի գործող հասցեավորումը երկու տարվա ընթացքում համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին:

Նիստում որոշվել է Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց՝ Թովմասյան Ռուզաննայի, Հարությունյան Մարիայի, Մելոյան Ալինայի, Եղունյան Անահիտի և Դեմիրճյան Հայաստանի բնակարանային խնդիրները լուծել անհատույց պետական ֆինանսական աջակցության միջոցով, ՀՀ 2005թ. պետական բյուջեի «Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների սահմաններում:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է նշված վկայագրերի տրամադրման ծրագրի շրջանակներում բնակարանների առքուվաճառքի գործընթացի ուսումնասիրման արդյունքներով:

Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշման մեջ, որոնցով հստակեցվում են Երևանի քաղաքապետի և թաղային համայնքների ղեկավարների կողմից իրականացվող գործառույթների շրջանակները, ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման աշխատանքների իրականացման փուլերը:

Կառավարությունը որոշել է 2006թ. հունվարի 1-ից սահմանված կարգով դադարեցնել «ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գործունեությունը, ինչպես նաև այդ հիմնարկի տնօրինության տակ գտնվող շարժական գույքը հանձնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը: Որոշումն ընդունվել է «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն և հաշվի առնելով «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» ՀՀ օրենքի ընդունումը՝ դրա հիման վրա ՀՀ կենտրոնական բանկի, ինչպես նաև ՀՀ ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը պայմանավորված է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի կիրառության ժամանակ ի հայտ եկած որոշակի թերությունների և բացերի վերացման անհրաժեշտությամբ:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, նիստում հաստատվել է նաև «Քրեակատարողական ծառայողի արտաժամյա ծառայության համար վճարվող հավելավճարների չափը, հաշվարկման և վճարման կարգը»:

Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի «ՀՀ կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության մեջ կատարված բարեփոխումների ընդունմամբ: Հանձնարարվել է նախարարներին՝ մինչև 2006թ. հունվարի 15-ը որոշման նախագծի ցանկի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկությունները:

Այլ որոշումներով գործադիրը հաստատել է ձկան և ջրային կենդանիների, ինչպես նաև կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգերը:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ գյուղատնտեսության և Սլովենիայի Հանրապետության գյուղատնտեսության և սննդարդյունաբերության նախարարության միջև գյուղատնտեսության և սննդարդյունաբերության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի, ինչպես նաև «2001թ. հունիսի 11-ին կնքված ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին նամակ-համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկություններին:

Նիստում գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 3-ի N1103-Ն որոշման մեջ՝ 2005թ. մարտ ամսից գործող և ներկայումս ՀՀ պետական արժեթղթերի շուկայում որպես ներդրող հանդես եկող Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին ՀՀ պետական պարտատոմսերի շուկայում դիլերի կարգավիճակ շնորհելու նպատակով:

Կառավարությունը հաստատել է ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև 2005թ.մարտի 29-ին ստորագրված «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագիծ» ARM-P2 փոխառության համաձայնագրի շրջանակներում իրականացված խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները՝ հաղթող ճանաչելով ճապոնական ՏԵՊՍՔՕ (TEPSCO) ընկերությանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին ևս, որի համաձայն առաջարկվում է պետության և համայնքների կարիքների համար վերցվող ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց տրվող փոխհատուցման ու աջակցության գումարները ազատել 10 տոկոս եկամտահարկերից՝ դրանք դիտելով որպես համախառն եկամուտից նվազեցվող եկամուտ:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն, գործադիրը հաստատել է մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը:

Նիստում ընդունված որոշումներից մեկը վերաբերել է 2003թ. նոյեմբերի 25-ի «ՀՀ կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կատարման նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը լիազոր մարմին ճանաչելուն: Նշված համաձայնագրի կատարման ընթացքը վերահսկելու նպատակով, պատասխանատու անձ է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետը:

Կառավարությունը հավանություն է տվել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Առաջին օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև իրականացվող Աղքատության կրճատման և տնտեսական աճի ծրագրին վերաբերող պահանջները: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծով նախատեսվում է արտադրական նշանակություն ունեցող որոշ սարքավորումների ներմուծման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը հետաձգելու մեխանիզմ:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք կարող են կահավորվել կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսասպիտակ առկայծող փարոսիկներով: Որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանվել է 2006թ. օգոստոսի 1-ը:

Նիստում գործադիրը հաստատել է նաև 2006թ. Թուրինի (Իտալիա) 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող ՀՀ պատվիրակության կազմը և պատվիրակության ծախսերի նախահաշիվը:

Կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին ևս՝ օրենքի կատարելագործման, ինչպես նաև մի շարք կարևորագույն հարաբերությունների կարգավորման ու հստակեցման նպատակով: Մասնավորապես, հստակեցվել են «մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը, ՀՀ նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինների վրա օրենքի գործողությունը տարածելու հարցերը, քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհելու և դասային աստիճանից զրկելու ժամկետները, ընթացակարգը և այլն:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել նրան ամրացված Երևանի Կենտրոն թաղային համայնքի տարածքում գտնվող 63.7 հազար դրամ սկզբնական արժեքով «Գյուղատնտեսական ակադեմիա» հ. 31 կենտրոնական ջերմային հանգույցը և այն ամրացնել «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» ՊՈԱԿ-ին:

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է փրկարար ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը՝ ըստ պաշտոնների, փրկարար ծառայության կոչման հավելավճարի չափը: Փրկարար ծառայության ծառայողին յուրաքանչյուր ամիս տրվող սննդի փոխհատուցման գումարի չափը սահմանվել է 10 հազար դրամ: Որոշման համաձայն, Հայաստանի փրկարար ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց դրույքաչափերը կնշանակվեն հանրապետական գործադիր մարմինների տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար ՀՀ կառավարության կողմից սահմանված դրույքաչափերին համապատասխան: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը սահմանել է նաև Հայաստանի փրկարար ծառայության թվաքանակը, հաստիքապաշտոնային ցուցակի հաստատումը վերապահելով ծառայության տնօրենին:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը պայմանավորված է նշված օրենսգրքի և ՀՀ մաքսային օրենսգրքի միջև առկա որոշ անհամաձայնությունների վերացման, ինչպես նաև մաքսային կանոնների խախտման դեպքերում՝ վարչական պատասխանատվության միջոցների կիրառման ժամկետների կարգավորման անհրաժեշտությամբ:

Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել նաև «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշումն ընդունվել է ոչ փաստաթղթային ձևով թողարկվող պետական արժեթղթերի պահառության և շրջանառության բնագավառում առաջացած որոշ խնդիրների կարգավորման նպատակով:

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի (2005թ. հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն) համաձայն, գործադիրը սահմանել է, որ ՀՀ-ում անշարժ գույքի գնահատման գործունեությունը կարգավորող և հսկողություն իրականացնող լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի շուրջ մեկ տասնյակ գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և դրանց վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով գյուղական համայնքներին փոխանցելու մասին: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի 22 հա հողերը փոխադրվել են համապատասխանաբար 20 հա-ն՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, խառը կառուցապատման համար, իսկ 2 հա-ն գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա՝ դեկորատիվ ծառերի տնկարան հիմնելու համար:

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ