Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 դեկտեմբերի 2005

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2006թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին»: Որոշմամբ, մասնավորապես, սահմանվել են «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ցուցանիշների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները: Որոշումը ներառում է նաև ՀՀ 2006թ. պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ընթացիկ տարում իրականացվելիք միջոցառումների համակարգը: Որոշման կատարմանը միտված համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, ՀՀ պետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին:


Մեկ այլ որոշմամբ, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը (2005-2020թթ.): Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին՝ եռամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը:


Նիստում կառավարության անդամները համաձայնություն են տվել «Հյուսիս- Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի վերաբերյալ» միջկառավարական համաձայնագրին: Նշվել է, որ տարածաշրջանային նման նախագծերին ու ծրագրերին միանալը կարող է հնարավորություն ստեղծել Կովկասյան տարածաշրջանում ներկայումս չգործող երկաթուղային և ավտոճանապարհների վերաբացման համար, որի արդյունքում Հայաստանը՝ որպես տարանցիկ գոտի, անմիջականորեն կկապվի Եվրասիայի երկրների հետ:


Փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին» N 707-Ն որոշման մեջ, գործադիրը հիմնական կենսաթոշակի չափը 2006թ. հունվարի 1-ից սահմանել է 4250 դրամ (նախկին 4000-ի փոխարեն), իսկ ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը՝ 180 դրամ (նախկին 160-ի փոխարեն): Որոշման ընդունմամբ կենսաթոշակների միջին չափը կբարձրանա շուրջ 1000 դրամով և ներկայիս 9730 դրամի փոխարեն կկազմի մոտ 10700 դրամ: Առավել մեծ չափով կբարձրանան 25 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուների թոշակների չափերը:


Մեկ այլ որոշմամբ, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 2006թ. հունվարի 1-ից սահմանել է 10000 դրամ:


«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 80 մլն դրամ է հատկացրել Շիրակի մարզպետարանին՝ Գյումրու քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար. այդ թվում՝ քանդման ենթակա շենքերի տարածքների իրացման նպատակով՝ 42 մլն դրամ, Գորկու փողոցի N 172 անավարտ բնակելի շենքի, առանց ներքին հարդարման աշխատանքների ավարտման նպատակով՝ 30 մլն դրամ, հատակագծի մշակման աշխատանքների ֆինանսավորման նպատակով՝ 8 մլն դրամ: Սահմանվել է, որ նշված սուբվենցիայի գումարի՝ Գյումրու քաղաքային համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Շիրակի մարզպետը, իսկ սուբվենցիայի հատկացումն իրականացվում է ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման պահանջներին համապատասխան:


Նկատի առնելով, որ 2006թ. Ֆրանսիայում և Ռուսաստանում նախատեսվում է անցկացնել «Հայաստանի Հանրապետության ազգային տարի» միջոցառումներ, գործադիրը ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշել է ստեղծել «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Սահմանվել է, որ կազմակերպության գործունեության նպատակը ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների կամ այլ աղբյուրների հաշվին ՀՀ-ում այլ պետությունների, ինչպես նաև այլ պետություններում Հայաստանի Հանրապետության ազգային տարի հայտարարման դեպքերում համապատասխան ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպումն ու անցկացումն է:


Ի կատարումն ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 3-ի N 44 որոշմամբ հավանության արժանացած գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքների ռազմավարության իրականացմանն ուղղված գործողությունների ծրագրի համապատասխան պահանջի, գործադիրը գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքներում դոնորների կողմից իրականացվող ծրագրերը համակարգող պետական կառավարման մարմին է նշանակել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը: Որոշումն ընդունվել է նաև ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 1-ի «ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատման աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 939-Ն որոշմամբ հաստատված միջոցառումներն ապահովելու նպատակով:


Գործադիրը հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Դրանով առաջարկվում է փոքր ՀԷԿ-երի կողմից և վերկանգնվող աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի գնման երաշխավորվող ժամկետը սահմանել ոչ թե մինչև 2016թ. ապրիլը, ինչպես նախկինում, այլ 15 տարի՝ գործունեության լիցենզիա ստանալու օրվանից: Որոշումն ընդունվել է էներգիա արտադրող օբյեկտներ կառուցողների համար նշված արտոնությունից օգտվելու հավասար պայմաններ ապահովելու նպատակով:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 2 մլն 527 հազար դրամ է հատկացրել Արարատի մարզպետարանին՝ Արտաշատ քաղաքի 2005թ. հեղեղումների հետևանքով վթարված Բուդաղյան փողոցի N 2 և N 7 բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով Արտաշատի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար:


Կառավարությունը որոշել է ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղի Սուրբ Մարիամ (Աստվածածին) եկեղեցին և ՀՀ Արարատի մարզի Վերին Դվին գյուղի Ումրա եկեղեցին և դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն անհատույց սեփականության իրավունքով օտարել «Արևելքի Ասորական Կաթողիկոսություն սուրբ առաքելական եկեղեցի» Հայաստանի ասորական կրոնական կազմակերպությանը: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով նշված կրոնական կազմակերպության խնդրանքը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան: Որոշմամբ, համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, Կոտայքի և Արարատի մարզպետներին: Սահմանվել է, որ եկեղեցիների և դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է «Արևելքի Ասորական Կաթողիկոսություն սուրբ առաքելական եկեղեցի» Հայաստանի ասորական կրոնական կազմակերպության միջոցների հաշվին:


Այլ որոշումներով, «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների, ինչպես նաև մեքենաների ու մեխանիզմների անվտանգությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգերը: Որոշումներն ընդունվել են հաշվի առնելով նշված սարքավորումների, մեքենաների ու մեխանիզմների՝ մարդու կյանքին և առողջությանը, գույքին ու շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը:


Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2005թ. մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ ՀՀ-ից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևերը և հայտի ձևերը հաստատելու մասին» N 346-Ն որոշման մեջ, ՀՀ էներգետիկայի նախարարին արտոնվել է ՀՀ կառավարության անունից տալ միջուկային նյութերի ներմուծման լիցենզիա: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ էներգետիկայի նախարարին այդ գործառույթը հանձնարարվել է ՀՀ կառավարության 2005թ. սեպտեմբերի 28-ի N 1805-Ա որոշմամբ:


«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից նշված ծառայության արտաբյուջետային ֆոնդը վերանվանվում է հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ, իսկ ֆինանսական միջոցները տնօրինվում են սույն կարգին համապատասխան:


Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, «Ընդերքի մասին» օրենսգրքի համաձայն, գործադիրը հաստատել է ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննության իրականացման կարգը: Մեկ այլ որոշմամբ, «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, հաստատվել է նաև բնապահպանական պետական տեսուչի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն ձեռք բերելու կարգը:


Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հավանություն է տվել «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը պայմանավորված է ՀՀ-ում 12-ամյա միջնակարգ կրթության անցնելու անհրաժեշտությամբ:


Նիստում կառավարության անդամները համաձայնություն են տվել նաև «ՀՀ առողջապահության նախարարության և Բրազիլիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2001թ. հուլիսի 20-ի «ՀՀ-ում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը հաստատելու մասին» N 662 որոշման մեջ՝ ասպիրանտուրայի ընդունելության գործընթացն ավելի թափանցիկ և արդյունավետ դարձնելու, ինչպես նաև ասպիրանտուրայի ընդունելության հայտերին ներկայացվող պահանջների հստակեցման նպատակով:


Այլ որոշումներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է լուծարել «Երևանի պետական կրկես» և «Մշակութային կենտրոն» ՊՈԱԿ-ները: Որոշումների ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 21-ի N761-Ա որոշմամբ «Պետական կրկես» ՊՈԱԿ-ին ամրացված գույքը մրցույթով օտարմամբ և ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի N 1321-Ն որոշմամբ «Մշակութային կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված և նրա սեփականությունը հանդիսացող գույքը ուղղակի վաճառքի ձևով օտարմամբ:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը թույլատրել է « Շինարարություն, բարեկարգում» պետական ՓԲԸ-ին՝ իր սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Արարատյան 43 հասցեում գտնվող 2598.2 քմ ընդհանուր մակերեսով, 1203.6 հազար դրամ հաշվեկշռային արժեքով շենքը (անկախ գնահատողի կողմից գնահատված 35033.1 հազար դրամ) 42040 հազար դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ուղղակի վաճառքի ձևով օտարել դրա վարձակալ «Ապավեն» ՍՊԸ-ին: Որոշմամբ նաև ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ին «Գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքների (գների) 2005թ. չափերը սահմանելու մասին» N 879-Ն որոշմամբ սահմանված կադաստրային արժեքով գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 2,1954 հա հողատարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարվել է «Ապավեն» ՍՊԸ-ին:


Նիստում հաստատվել է ՀՀ Արարատի մարզի Ղուկասավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 6 հա վարելահողը փոխադրվել է՝ 4 հա-ն բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման նպատակով օտարելու համար, իսկ 2 հա-ն հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ գերեզմանատան համար: Որոշում է ընդունվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Գետամեջի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին: Փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 21-ի N 1766-Ն որոշման մեջ, որոնք պայմանավորված են Գագարին գյուղը Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում ընդգրկելու հանգամանքով: Կառավարությունը որոշում է ընդունել նաև ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի և Տավուշի մի շարք գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:


Այլ որոշումներով, կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 106 հազար 110 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 13-ին կայացած Լոռու մարզի Կաճաճկուտի գյուղական համայնքի ղեկավարի, ինչպես նաև 222 հազար 510 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 20-ին կայացած Գեղարքունիքի մարզի Աստղաձորի գյուղական համայնքի ղեկավարի վերաքվեարկության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:



Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ