Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 նոյեմբերի 2005

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հաստատել է Փոքր ու միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2006թ. ծրագիրը: Որոշումն ընդունվել է «Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում: Ծրագրի հիմնական նպատակն է՝ պետական շարունակական աջակցությամբ նպաստել ՓՄՁ ոլորտի դերի աստիճանական բարձրացմանը երկրի սոցիալ-տնտեսական և տարածաշրջանային կայուն զարգացման բնագավառներում: Նպատակների թվում են ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ամրապնդումը, դրանց ֆինանսական և ներդրումային հնարավորությունների, նորարարական և արտաքին տնտեսական գործունեության, գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնումը և այլն:

Գործադիրը հավանություն է տվել «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքը կարգավորում է գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների իրականացման ոլորտում գրադարանի և քաղաքացիների միջև ծագող իրավահարաբերությունները, սահմանում է գրադարանային համակարգի գրադարանների հիմնական գործառույթները:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Առաջարկվել է օրենսգրքի (9 դեկտեմբերի 2004թ.) 163 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի «աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Գործատուի և աշխատողի միջև այլ համաձայնություն չլինելու դեպքում, վճարովի արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն երկու անընդմեջ աշխատանքային շաբաթ, պայմանով, եթե աշխատողի աշխատած ժամանակահատվածի տևողությունը տալիս է նրան այդ իրավունքը»: Նշվել է, որ առաջարկվող նախագիծը բխում է թե՛ աշխատողի, և թե՛ գործատուի շահերից և նպատակ ունի հնարավորություն ընձեռել կողմերին՝ ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու գործընթացը կարգավորել փոխադարձ համաձայնությամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում աշխատաժամանակի սկիզբը սահմանել ժամը 9.00-ն, իսկ ավարտը՝ 18.00-ն: Սահմանվել է նաև, որ ելնելով պետական և ՏԻՄ ենթակայությամբ գործող կազմակերպությունների առանձնահատկություններից, համապատասխան մարմիններն այդ կազմակերպություններում կարող են սահմանել աշխատաժամանակի այլ սկիզբ և ավարտ: Վերջինի հետ կապված, հանձնարարվել է ձևակերպումների մասով նախագիծը լրացուցիչ քննարկել ՀՀ արդարադատության նախարարության հետ:

«Սերմերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի ներմուծման և ՀՀ-ից սերմերի արտահանման կարգը: Մեկ այլ որոշմամբ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, լուծարվել է «Սելեկցիոն նվաճումների փորձարկման, պաշտպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» պետական ՓԲԸ-ն, որի գործառույթները կփոխանցվեն ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 4-ի N 1275-Ն որոշմամբ ստեղծված «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին:

Կառավարությունը որոշում է ընդունել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին և նրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասն անհատույց սեփականության իրավունքով օտարել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն՝ դրա նպատակային օգտագործումն ապահովելու նպատակով: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Գեղարքունիքի մարզպետին:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, նիստում հաստատվել է նաև տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման կարգը: Այն սահմանում է տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման հիմնական պահանջները, որոնք իրականացվում են պայմանագրի հիման վրա: Քննարկման արդյունքում մեկշաբաթյա ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ նախագիծը լրացուցիչ քննարկելու և, անհրաժեշտության դեպքում, փաստաթուղթը լրամշակելու համար:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել ԱՄՆ-ի (որը գործում է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի միջոցով) և ՀՀ կառավարության միջև Հազարամյակի մարտահրավեր համաձայնագրի կնքման առաջարկությանը: Այլ որոշումներով հաստատվել են նաև 2005թ. սեպտեմբերի 6-ին Վիլնյուս քաղաքում ստորագրված «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Lիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիրը, «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի և ՌԴ մաքսային պետական կոմիտեի միջև մշակութային արժեքների ապօրինի արտահանման և ներմուծման դեմ պայքարում համագործակցության մասին» արձանագրությունը: Համաձայնություն է տրվել «Աշխատանքային միգրացիայի և աշխատավոր միգրանտների սոցիալական պաշտպանության բնագավառում համագործակցության մասին 1994թ. ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը ևս:

Փոփոխություններ և լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 23-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և անցկացման պայմանները հաստատելու մասին» N 1854-Ն որոշման մեջ, կառավարությունը, այլ փոփոխությունների թվում, մասնավորապես, սահմանել է, որ «Վարձատրվող հասարակական աշխատանքներում նույն անձը կարող է ընդգրկվել մեկից ավելի ծրագրերում, եթե տվյալ ծրագրում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող չի եղել»: Լրացվել է նաև «Վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների ստացման, ծախսման և փաստացի կատարած վճարումների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման մասին պայմանագրի» հաստատման դրույթը:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ նախագահի 2002թ. մարտի 16-ի «ՀՀ կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրին համապատասխան, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ: Դրանով ԿԳ նախարարության աշխատակազմի կառուցվածքը շարադրվել է նոր խմբագրությամբ: Մասնավորապես, 2004թ. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և 2005թ. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների ընդունման կապակցությամբ, նոր պահանջներից ելնելով, նախարարության աշխատակազմի մասնագիտական վարչության միջին և նախնական մասնագիտական կրթության և բարձրագույն մասնագիտական կրթության բաժինները վերակազմակերպվել են առանձին վարչությունների, գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վաչությունը վերանվանվել է գիտության և հետբուհական կրթության վարչություն, մարզառազմական և արտադպրոցական դաստիարակության բաժինը վերակազմակերպվել է մարզառազմական և արտաուսումնական աշխատանքների կազմակերպման և համակարգման վարչության, նախարարության աշխատակազմի քարտուղարության հասարակայնության հետ կապերի, տեղեկատվության վերլուծության և զարգացման ծրագրերի բաժինները՝ հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի վարչության և այլն: Որոշման նախագծի հետ կապված, 3 օր ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին՝ իրենց առաջարկությունները ներկայացնելու համար:

Այլ որոշումներով, փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի 6-ի N1718-Ն և 2005թ. սեպտեմբերի 15-ի N1721-Ն որոշումների մեջ, գործադիրը համապատասխանաբար Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի խորհրդի անդամների թիվը 28-ի փոխարեն սահմանել է 32, իսկ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի խորհրդի անդամների թիվը 28-ի փոխարեն՝ 24: Որոշումներն ընդունվել են, նկատի ունենալով նշված բուհերի ուսանողության թվաքանակը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» վարկային ծրագրի իրականացման գործընթացում ՀՀ-ի ֆինանսական մասնակցությունն ապահովելու նպատակով: Կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 17 մլն. դրամ է հատկացվել նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ «Լինսի հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» և « Լինսի հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների 2005թ. պահպանման ծախսերի ֆինանսավորման համար: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև 2000թ. նոյեմբերի 20-ին կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված մշակույթի ոլորտին առնչվող ծրագրի ավարտի հետ կապված, գործադիրը լուծարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող «Լինսի» հիմնադրամի «Մշակույթ» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:

Նիստում որոշում է ընդունվել ՀՀ 2005թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ պետական բյուջեից գումար հատկացնելու մասին: Որոշմամբ նախատեսվում է 35 մլն 970 հազար դրամի շրջանակներում ամբողջովին՝ 31 մլն 525.9 հազար դրամի չափով ֆինանսավորել NN 172 և 78 դպրոցների կաթսայատների կառուցման աշխատանքները և 4 մլն 444.1 հազար դրամի չափով՝ N 162 դպրոցի ջեռուցման համակարգի մասնակի վերանորոգման արժեքը:

Մեկ այլ որոշմամբ, դադարեցվել են ոստիկանության գեներալ-մայոր Ռոման Կարա-Պողոսյանի՝ ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյում ՀՀ լիազոր ներկայացուցչի լիազորությունները:

Կառավարությունը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին մինչև 1 մլն 400 հազար եվրոյին համարժեք դրամ է հատկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ Սոֆիայում և Վիեննայում ՀՀ դեսպանությունների համար շենքերի, (որպես ՀՀ սեփականություն) գնման նպատակով:

Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 28-ի «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման նպատակով գումար հատկացնելու մասին» N 528-Ա որոշման մեջ, որոնցով լրացուցիչ գումարներ են նախատեսվել, մասնավորապես, Երևանի N 172 դպրոցի ջեռուցման ներքին ցանցի վերականգնման, Երևանի N 162 դպրոցի ջեռուցման համակարգի վերանորոգման, Երևանի N 66 դպրոցի վերակառուցման և համաքաղաքային նշանակության այլ աշխատանքների իրականացման համար պետական օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին ևս: Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են հիմնականում երթևեկության կանոնների խախտման դեպքերում սահմանված պատժամիջոցների առավել հստակեցմանը: Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածով, որոշվել է նաև անհետաձգելի համարել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերը և առաջարկվել է ԱԺ-ին դրանք քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Հարկային մարմինների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման» կարգը:

Մեկ այլ որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը որոշել է համայնքների վարչական սահմաններում գտնվող «փոքր» օբյեկտներն անհատույց սեփականության իրավունքով հանձնել համապատասխան համայնքներին՝ «փոքր» օբյեկտների մասնավորեցման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով:

Նիստում արձանագրային որոշում է ընդունվել ՀՀ պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների մասին: Հանձնարարվել է ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ մեկշաբաթյա ժամկետում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ եռամսյակային համամասնությունների նախագծի ցուցանիշների վերաբերյալ:

Ելնելով ջրօգտագործողների ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 16-ի «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ոռոգման համակարգեր և գույք ամրացնելու, «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ին պետական ոռոգման համակարգեր և գույք անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին» N 1920-Ա որոշման մեջ կատարել լրացում, որի համաձայն այդ որոշմամբ հաստատված հավելվածի ոռոգման համակարգեր բաժնի համապատասխան կետերով հանձնված ջրանցքներում ոռոգման ջրի կորուստները կհաշվառվեն «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի վրա՝ նշված ծավալներին համապատասխան չափով վերահաշվարկելով (նվազեցնելով) «Թալին», «Մերձափնյա», «Շենիկ», «Քարակերտ» և «Խոյ» ՋՈԸ-ներին 2004թ. մատակարարված ոռոգման ջրի ծավալները:

Նիստում որոշումներ են ընդունվել նաև պետական ընկերությունների կամ դրանցից առանձնացված գույքի մասնավորեցման վերաբերյալ: Այդ թվում, որոշվել է մասնավորեցնել «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական ՓԲԸ-ի՝ ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 134 մլն 742 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերը՝ մրցույթով, 143 մլն 150 հազար դրամ կանոնադրական կապիտալ և 78 մլն 457 հազար դրամ զուտ ակտիվներ ունեցող «Արարատ» Մոր և Մանկան առողջարան» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 4867 հատ բաժնետոմսերը՝ ուղղակի վաճառքի ձևով, ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին: Թույլատրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության Երևան քաղաքի Կ. Ուլնեցու 31 հասցեում գտնվող շենքի առաջին մասնաշենքի նկուղային, երրորդ, հինգերորդ և վեցերորդ հարկերից 2851,76 քմ. տարածքը (64 մլն 70 հազար գնահատված արժեքով) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «ՏԿԻ» տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ ՍՊԸ-ին: Այդ կապակցությամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 10-ի N 1590-Ն և 2005թ. ապրիլի 28-ի N 665-Ն որոշումների մեջ: Որոշվել է նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրինմանը հանձնված գույքը օտարել դասական աճուրդով:

Գործադիրը որոշումներ է ընդունել նաև ՀՀ Արագածոտնի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի շուրջ մեկ տասնյակ գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ