Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 15 նոյեմբերի 2005

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: 
      Գործադիրն առանձին որոշումներով փոփոխություններ է կատարել  ՀՀ կառավարության  2002թ.  մարտի 12-ի «Անավարտ շինարարության  բնակարանաշինարարական  կոոպերատիվ բնակելի տների փայատերերին փոխհատուցվող  գումարների հատկացման  ժամանակացույցի  մասին» N 229, ինչպես նաև  ՀՀ կառավարության 1997թ. ապրիլի 30-ի «Բնակարանաշինարարական  կոոպերատիվների վարչությունների ու փայատերերի հետ  փոխհաշվարկ կատարելու  կարգը հաստատելու մասին» N 110  և 2000թ. օգոստոսի 2-ի «Անավարտ շինարարության  բնակարանաշինարարական  կոոպերատիվ  բնակելի տների  փայատերերի ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման  կարգը հաստատելու մասին» N 432 որոշումների մեջ:   Հաշվի  առնելով, որ նշված որոշումներով հաստատված կարգի և ժամանակացույցի  պահանջներին համապատասխան փոխհատուցումներ  վճարելու  համար անհրաժեշտ փաստաթղթերը (կապալառու կազմակերպությունների հետ փոխադարձ  հաշվարկների ակտեր, կատարողական ակտեր, առանձին փայատերերի հաշվին կատարված ֆինանսական  հատկացումների վերաբերյալ համապատասխան  բանկերի տեղեկանքներ)   բացակայում են, որոշվել է  սահմանել  անավարտ շինարարության  բնակարանաշինարարական  կոոպերատիվների վարչությունների  և փայատերերի  ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական  պարտքի ձևակերպման, սպասարկման  և փոխհատուցման նոր կարգ և ժամանակացույց:  Դրանցով նախատեսվում է, մասնավորապես,  փայատերերին  վճարման ենթակա գումարների հաշվարկի  հիմքում  դնել Երևանի  քաղաքապետարանի  և ՀՀ համապատասխան  մարզպետարանների կողմից  ներկայացված առանձին  կոոպերատիվների  շինարարության  օբյեկտների ընդհանուր  նախահաշվային  արժեքների նկատմամբ տոկոսով  արտահայտված   անավարտ շինարարության փաստացի կատարողականները (որոնք հիմնականում արդեն իսկ արտացոլվել են ժամանակացույցում) և յուրաքանչյուր փայատիրոջ համար նախատեսված  բնակելի տան  նախահաշվային  արժեքը: ՀՀ կառավարության  2002թ.  մարտի 12-ի N 229 որոշման մեջ կատարված փոփոխություններով  նախատեսվում է նաև  փայատերերին  հասանելիք   վճարումները  կատարել մինչև 2010 թվականը:
      Գործադիրը  հավանություն է տվել «Գովազդի  մասին»  ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը  սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:  Որոշման ընդունումը պայմանավորված է  սպառողների իրավունքները պաշտպանելու  և բնակչությանը որակյալ  բժշկական  օգնություն և սպասարկում ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշումը նպատակ ունի  բացառելու չլիցենզավորված  սուբյեկտների  և չգրանցված  դեղերի գովազդը:    Սահմանվել է, որ  գովազդի   վրա պարտադիր պետք է նշվի  համապատասխանաբար  լիազոր մարմնի կողմից  տրված  թույլտվության, դեղի գրանցման  համարը, ինչպես նաև  լիցենզավորված  սուբյեկտի գովազդի համարը: Որոշմամբ նաև  կառավարությանը    լիազորություն է վերապահվել  հաստատել գովազդի  թույլտվության տրամադրման կարգն ու  գովազդին ներկայացվող  պահանջները:
      Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել  «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ  օրենքի նախագծին ևս:  Որոշումն ընդունվել է   օրենքում գործածվող  հիմնական հասկացությունների  հստակեցման, դրանք միջազգային չափանիշներին, մասնավորապես,  ՄԱԿ-ի  1961թ. թմրամիջոցների մասին  միասնական  կոնվենցիայի, 1971թ. հոգեմետ նյութերի  մասին կոնվենցիայի, 1988թ.  թմրամիջոցների և  հոգեմետ նյութերի  ապօրինի շրջանառության  դեմ պայքարի մասին կոնվենցիայի   տերմինաբանությանը  համապատասխանեցնելու նպատակով:
       Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել  ՀՀ կառավարության  2005թ.  ապրիլի 28-ի  «Ծխախոտի վերաբերյալ  տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»  N 540-Ն որոշման  մեջ՝  կանոնակարգը  գործող օրենսդրության  պահանջներին  համապատասխանեցնելու նպատակով:
      Կառավարության անդամները համաձայնություն են տվել  «ԱՊՀ մասնակից պետությունների միջև երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության մասին», «Մարդկանց, մարդկային օրգանների և հյուսվածքների առևտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև «Բնակչության առողջապահության պահպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Որոշումը կնպաստի ԱՊՀ երկրների առողջարաններում Համագործակցության անդամ պետությունների քաղաքացիների առողջարանային և հանգստի կազմակերպման արդյունավետ մեխանիզմների մշակմանը, տրամադրվող ծառայությունների մատչելիության ապահովմանը՝ խթանելով առողջարարական նպատակով քաղաքացիների փոխանակումները երկրների միջև:
      Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը սահմանել է նաև ՀՀ-ում սերմերի խմբաքանակից նմուշ վերցնելու կարգը և նմուշառման ակտի ձևը:
      Նիստում գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 1997թ. մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51, ինչպես նաև փոփոխություններ ու լրացում՝ 2005թ. հուլիսի 14-ի «ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1109-Ն որոշումների մեջ: Որոշմամբ Վաղարշապատի քաղաքային համայնքի գույքի ցանկից դուրս բերված և պետական սեփականություն հանդիսացող 2.14 հա բնակավայրերի նշանակության զբոսայգին ու նրա զբաղեցրած հողամասը նվիրաբերվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն (առանց կառուցապատման և հետագա օտարման իրավունքի)՝ բարեկարգման, հասարակական հանգստի և հոգևոր-մշակութային կյանքի կազմակերպման նպատակով:
      «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, «Հայաստանի մագնեզիումի և սիլիցիումի» ներդրումային ծրագրի իրականացման նպատակով, կառավարությունը որոշել է թույլատրել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՊՈԱԿ-ին՝ «Քեմիքալ պրոգրես» և «Կոզիկո ԼՏԴ» ՍՊԸ-ների մասնակցությամբ, ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական  քիմիայի ինստիտուտի փորձարարական գործարանի բազայի վրա ստեղծել  համատեղ ձեռնարկություն՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
      Մեկ այլ որոշմամբ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրինության Երևան քաղաքի Պարույր Սևակի N 5 հասցեում գտնվող՝ 8048 քմ. ընդհանուր մակերես ունեցող, նախկինում «Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի լաբորատոր մասնաշենքը, որն առ այսօր ազգային անվտանգության ծառայության կողմից չի օգտագործվել, հետ վերցնել և ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
      Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N765 որոշման մեջ: Որոշումն ընդունվել է, հաշվի առնելով, մասնավորապես, ՀՀ-ի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005թ. ապրիլի 15-ին ստորագրված և 2005թ. հուլիսի 8-ին վավերացված վարկային համաձայնագրով իրականացվելիք «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի» առանձնահատկությունները:
      Այլ որոշումներով կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացումներ կատարել՝ հանրապետության մի շարք համայնքներում անցկացված կամ անցկացվելիք տեղական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով: Այդ թվում. 237 հազար 920 դրամ՝ 2005թ. դեկտեմբերի 11-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի Ծովինարի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, 108 հազար 640 դրամ՝ 2005թ. հոկտեմբերի 30-ին կայացած Արմավիրի մարզի Ծիածանի  գյուղական համայնքի ղեկավարի վերաքվեարկության, 106 հազար 360 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 20-ին կայանալիք Տավուշի մարզի Լճկաձորի գյուղական համայնքի ավագանու անդամների, 323 հազար 740 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 6-ին կայացած Շիրակի մարզի Սալուտի գյուղական համայնքի ղեկավարի, Կամոյի, Ձիթհանքովի գյուղական համայնքների ավագանու անդամների, 108 հազար 85 դրամ՝ 2005թ. հոկտեմբերի 30-ին կայացած Տավուշի մարզի Պտղավանի գյուղական համայնքի ավագանու անդամների, 341 հազար 95 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 6-ին կայացած Արարատի մարզի Այնթափի գյուղական համայնքի ավագանու անդամների վերաքվեարկության, 105 հազար 170 դրամ՝ 2005թ. հոկտեմբերի 30-ին կայացած Սյունիքի մարզի Գեղիի գյուղական համայնքի ղեկավարի վերաքվեարկության, 340 հազար 920 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 20-ին կայանալիք Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքային համայնքի ղեկավարի, 106 հազար 420 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 13-ին կայացած Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի ղեկավարի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:
      Նիստում կառավարությունը որոշումներ է ընդունել նաև Արարատի, Տավուշի և Լոռու մարզերի մի շարք գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու, ինչպես նաև այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու, ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու և Կոտայքի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու, կամ դրանցում փոփոխություն կատարելու և այդ համայնքների վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կատեգորիաները փոխելու  վերաբերյալ:
     

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ