Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 9 նոյեմբերի 2005

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ազգային ծրագիրը, առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը, ինչպես նաև պատվաստումների ազգային օրացույցը։ Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել ծրագրի գործադրման համար անհրաժեշտ իրավական ակտերն ու իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը։

Այլ որոշումներով, «Կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ պետական բուհերի առկա ուսուցման 2006-2007 թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների, ինչպես նաև բարձրագույն մասնագիտական կրթության առկա ուսուցման մասնագիտությունների ցանկերը: Վերջինի հետ կապված, ուժը կորցրած են ճանաչվել այդ ոլորտի խնդիրները կարգավորող ՀՀ կառավարության մի շարք որոշումներ: Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ ապահովել մասնագիտական չափորոշիչների համապատասխանեցումը որոշմամբ հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության առկա ուսուցման մասնագիտությունների ցանկին: Որոշման համաձայն, նշված ցանկով ընդունելությունը կկազմակերպվի 2007-2008 ուսումնական տարվանից, իսկ սույն որոշումն ուժի մեջ կմտնի 2006թ. սեպտեմբերի 1-ից:

Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 11-ի «Դիլիջան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 920-Ն որոշման մեջ, որը բխում է ՀՀ հողային օրենսգրքի, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների պահանջներից: Դրանով կանոնակարգվել են վարձակալությամբ տրամադրվող տարածքների ժամկետները: Սահմանվել է, որ «Դիլիջան» ագային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում կառուցապատման նպատակով հողամասերը կարող են օրենքով սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրվել մինչև 25 տարի, իսկ տնտեսական գոտում՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով մինչև 10 տարի ժամկետներով»: Որոշման ընդունումը հնարավորություն կտա «Դիլիջան» ազգային պարկի ռեկրեացիայի համար նախատեսված տարածքների օգտագործման միջոցով նպաստել այդ տարածքներում էկոհամակարգի վերականգնմանը, բնականոն զարգացմանը և կայուն օգտագործմանը, ինչը կկանոնակարգի և կապահովի նաև ազգային պարկի պահպանության հարցերը:

«Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է նաև անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի ՀՀ ներկրման և ՀՀ-ից արտահանման կարգը։ Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել նշված տոհմանյութի ՀՀ ներկրման և հանրապետությունից արտահանման հավաստագրերի ձևերը։

Մեկ այլ որոշմամբ, հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 283 մլն 449 հազար 91 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 27-ին կայանալիք «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար: Նույն որոշմամբ, ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի «ՀՀ պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման համապատասխան, հաստատվել է նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին նախատեսված միջոցներից կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակը: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2005թ. պահուստային ֆոնդից 23 մլն 30 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը՝ 2005թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ոստիկանության կողմից ընտրողների ցուցակներն ըստ ընտրական տեղամասերի, և ընտրողների ծանուցագրերը տպագրելու ծախսերը փոխհատուցելու, ինչպես նաև 2005թ. կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեի ժամանակ նույնատիպ աշխատանքներ իրականացնելու ծախսերը հոգալու նպատակով։

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, մինչև 30 մլն դրամ է հատկացրել Էջմիածին քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար՝ Էջմիածին քաղաքի կենտրոնական փողոցի հիմնանորոգման նպատակով։ Սահմանվել է, որ նշված սուբվենցիայի գումարի՝ էջմիածնի քաղաքային համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Արմավիրի մարզպետը։

ՀՀ մաքսային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը սահմանել է մեկ տարուց ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման կարգը։

Այլ որոշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Ռումինիայի կառավարության միջև մշակութային արժեքների պաշտպանության և պահպանության մասին», «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Ավստրիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի և երիտասարդության բնագավառներում համագործակցության մասին», ինչպես նաև «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման հիմնական բազմակողմ համաձայնագրի կողմերի կառավարությունների միջև ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության համատեղ ֆինանսավորման մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին։

Նիստում որոշում է ընդունվել նաև ՀՍՍՀ մինիստրների խորհրդի և ՀՀ կառավարության կողմից 1987թ. փետրվարի 2-ից մինչև 1998թ. հոկտեմբերի 28-ը ընդունված մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։ Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանցով նախատեսված հարաբերություններն արդեն իսկ կարգավորվում են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով։

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին ևս։ Նշված օրենքով հաստատագրված վճարով հարկվող գործունեություն համարվող «ավտոկանգառի գործունեություն» հասկացության հստակեցման, տարընթերցումների բացառման նպատակով, առաջարկվում է օրենքի համապատասխան ենթակետը շարադրել նոր խմբագրմամբ:

Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև ԱՄՆ Պետքարտուղարության կրթական փոխանակման ծրագրերին հայ սովորողների մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Թայլանդի Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում հավանություն է տրվել «ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծին: Դրանցով նախատեսվել է 2005թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան սպաների զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով 2 տարի, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած բժշկական կազմի սպաների զորացրումը կիրականացվի 2005թ. դեկտեմբերին:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, կառավարությունը հաստատել է ՀՀ օդանավակայաններում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական փոստի առաքման-ընդունման և սպասարկման կարգը:

Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի մի շարք գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ