երեքշաբթի, 25 հոկտեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության ղեկավար Լևան Վարշալոմիձեին:
Նշելով երկու պետությունների միջև նախկինում գոյություն ունեցած սերտ համագործակցության վերականգնման անհրաժեշտությունը, կողմերը գոհունակություն են հայտնել վերջին շրջանում տարածաշրջանային մակարդակում ևս երկուստեք կապերի ու շփումների ակտիվացումից: Նրանք ընդգծել են, որ փոխգործակցության համար երկուստեք զգալի ներուժ կա, որն անհրաժեշտ է արդյունավետորեն օգտագործել: Դրա վկայություններից մեկը համարելով Հայաստանից Աջարիա զբոսաշրջիկների հոսքի աճը, վարչապետները հավաստել են զբոսաշրջության զարգացման փոխշահավետությունը, քանի որ Հայաստանի քաղաքացիների համար Աջարիայի ծովափն առավել մոտ ու մատչելի հանգստավայր է, իսկ Աջարիայի համար՝ տնտեսական զարգացման կարևոր պայմաններից մեկը: Զրուցակիցների գնահատմամբ, դա հնարավոր է դարձել ինչպես Վրաստանի կենտրոնական իշխանությունների, այնպես էլ Աջարիայի նոր կառավարության ջանքերի շնորհիվ: Աջարիայի կառավարության ղեկավարը նշել է, որ հայտնի ներքաղաքական հարցերի կարգավորումից հետո կենտրոնական իշխանությունը զգալի աջակցություն է ցույց տալիս Բաթումի նավահանգստի զարգացմանը: Այդ կապակցությամբ նա զրուցակցին տեղեկացրել է Աջարիայում և, մասնավորապես, նավահանգստային ենթակառուցվածքում ընթացող մասնավորեցման գործընթացին, ընդգծելով, որ արդյունավետ համագործակցության դեպքում հայկական կապիտալն իր որոշակի տեղը կարող է ունենալ Աջարիայի տնտեսության մեջ: Նա նպատակահարմար է համարել Հայաստանի ու Աջարիայի, երկու կողմերի գործարար շրջանակների միջև կոոպերացիայի խթանումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ինչպիսին, ըստ նրա, կարող է լինել, օրինակ, հայ-աջարական բժշկական վերականգնողական կենտրոնի հիմնումը Բաթումիում: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է տրանսպորտային ուղիների զարգացման, մասնավորապես, Բաթումի-Թբիլիսի-Երևան երկաթուղային հաղորդակցության բարելավման, օդային չվերթերի բացման անհրաժեշտությունը ևս՝ Աջարիայի հետ մեր երկրի համագործակցության հետագա ընդլայնման համար: Անդրանիկ Մարգարյանը և Լևան Վարշալոմիձեն համակարծիք են եղել նաև գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, ծխախոտագործության, ցիտրուսային կուլտուրաների վերամշակման և այլ բնագավառներում համագործակցության իրական հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Հայաստանի և Աջարիայի վարչապետները մեկ անգամ ևս հավաստել են Հայաստանի ու Վրաստանի միջև ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունների շրջանակներում երկկողմ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու իրենց պատրաստակամությունը: