Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 28 սեպտեմբերի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության գործունեության ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի, Հակակոռուպցիոն ռազմավարության և ՀՀ 2006-2008թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի պահանջները, պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 2006թ. տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղել ձեռք բերված տնտեսական աճի բարձր կայուն տեմպերի պահպանմանը, մակրոտնտեսական կայունության ապահովմանը, բնակչության, հատկապես սակավ ապահով խմբերի կենսամակարդակի բարձրացմանը, աղքատության հաղթահարմանը, գործազրկության շարունակական նվազեցմանն ու դեռևս առկա սոցիալական և տնտեսական այլ հիմնախնդիրների լուծմանը: Ներկայացված օրինագծով ի գիտություն է ընդունվել, որ ՀՀ 2006թ. համախմբված բյուջեն կկազմի. եկամուտների գծով՝ 465.0 մլրդ դրամ, (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 534.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների): Դե‎ֆիցիտը (պակասուրդը) կկազմի 69.9 մլրդ դրամ: Նախատեսվում է, որ ՀՀ սոցիալական ապահովագրության 2006թ. բյուջեն կկազմի. եկամուտների և ծախսերի գծով՝ համապատասխանաբար 94.0 մլրդ դրամ (ներառյալ անմիջապես պետական բյուջեից տրանս‎ֆերտների տեսքով, ինչպես նաև պետբյուջեով և համայնքների բյուջեներով պահպանվող հիմնարկներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տեսքով ստացվող եկամուտները): ՀՀ համայնքների 2006թ. բյուջեները ըստ կանխատեսումների կկազմեն. եկամուտների և ծախսերի գծով՝ համապատասխանաբար 32.7 մլրդ դրամ: Եկամուտներում ներառված են պետբյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները: ՀՀ 2006թ. պետական բյուջեն առաջարկվել է հաստատել. եկամուտների գծով՝ 380,3 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 450,2 մլրդ դրամ, դե‎ֆիցիտը` 69,9 մլրդ դրամ: Սղաճը նախատեսվում է մինչև 3 տոկոս: Նախագծով մակրոտնտեսական զարգացումների արդյունքում 2006թ. կանխատեսվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 7.5 տոկոս իրական աճ, որը և դրվել է բյուջետային ցուցանիշների հաշվարկման հիմքում:

Մեծածավալ ներդրումներ է նախատեսվում իրականացնել սոցիալական բնագավառի ճյուղերում, որոնց գծով ծախսերի տեսակարար կշիռը պետբյուջեի ծախսերի ամբողջ ծավալում կկազմի 35.9%: Մասնավորապես, կաճեն սոցիալական ոլորտի համար նախատեսված ծախսերը: Պետական բյուջեից 2006թ. ֆինանսավորվող սոցիալական ապահովության բնագավառի ծախսերը (նպաստների, ինչպես նաև տարեցներին, հաշմանդամներին, գործազուրկներին ուղղված և սոցիալական այլ ծառայությունների համար նախատեսվող հատկացումները) կկազմեն 54.1 մլրդ դրամ, կամ 8.2 մլրդ դրամով կամ 17.8 տոկոսով ավելի, քան 2005թ.: Առողջապահության ոլորտին կհատկացվի 38.4 մլրդ դրամ (առանց առողջապահության բնագավառում պետական կառավարման ծախսերի), որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 21.4 տոկոսով: Կրթության ոլորտի զարգացմանը հատկացվող գումարը կկազմի 69.0 մլրդ դրամ, ծախսերի աճը նախորդ տարվա համեմատ՝ 20.1 տոկոս, դրա հիմնական մասը կուղղվի հանրակրթական ոլորտին, ինչը հնարավորություն կտա 2006թ. ուսուցիչների միջին ամսական աշխատավարձը բարձրացնել 16.1 տոկոսով՝ հասցնելով շուրջ 58.3 հազար դրամի՝ մոտավորապես ապահովելով ուսուցիչների տարեկան միջին աշխատավարձի հավասարեցումը մեկ շնչին բաժին ընկնող տարեկան ՀՆԱ-ի չափին: Նույն տոկոսներով կբարձրացվի նաև վարչական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը և կկազմի 60.1 հազար դրամ: Ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը, բարձրացման արդյունքում, կկազմի 21.2 հազար դրամ: 27 տոկոսով կաճեն մշակույթի, տեղեկատվության և սպորտի բնագավառում նախատեսված հատկացումները: Արդյունքում, մշակույթի ոլորտի գրադարանների, թանգարանների, մշակույթի տների, կենտրոնների և մշակութային այլ հիմնարկների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան շուրջ 19 տոկոսով:

Պետական կառավարման համակարգի բարեփոխման միջոցառումների շրջանակներում 2006թ. պետբյուջեի նախագծով հատկացումներ են նախատեսվել քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև Ազգային ժողովում պետծառայողների բազային պաշտոնային աշխատավարձի դրույքաչափը 50%-ով և դիվանագիտական ծառայողների աշխատավարձի` 40%-ի, պետական կառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող վարձու աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի 20%-ի չափով բարձրացումն ապահովելու համար: Միջոցներ են նախատեսվել նաև դատարանների աշխատակազմերի աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար:

2006թ. շարունակվելու են նաև պետական ներդրումները հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ենթակառուցվածքների պահպանման և զարգացման նպատակով, մասնավորապես գյուղատնտեսության, տրանսպորտի և ճանապարհային տնտեսության, ջրային տնտեսության, էներգետիկայի, բնապահպանության և այլ ոլորտներում: Բավարար չափով հատկացումներ են նախատեսված նաև պետական ներքին պարտքի սպասարկման, պետության ներքին և արտաքին անվտանգության ապահովման, արտաքին քաղաքականության իրականացման, պետական կառավարման այլ լիազորություններով օրենքով օժտված մարմինների կենսագործունեությունն ապահովելու համար:

Նիստում գործադիրը որոշել է ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը 13 հազար դրամի փոխարեն սահմանել 15 հազար դրամ:

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն համակարգի ձևավորման 2005-2010թթ. ծրագիրը, ինչպես նաև ծրագրի իրականացմանն ուղղված միջոցառումների ցանկը: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 20-ի «ՀՀ-ում ինովացիոն գործունեության հայեցակարգի մասին» արձանագրային որոշման համապատասխան, որտեղ ամրագրված են գիտելիքի վրա հիմնված տնտեսության ձևավորման սկզբունքներն ու մոտեցումները: Նշվել է, որ տնտեսության անցումը կայուն զարգացման ուղուն պայմանավորված է նաև երկրում ինովացիոն համակարգի ձևավորմամբ, որը գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և արտադրական փոխկապակցված կազմակերպությունների ու դրանց սպասարկող ենթակառուցվածքների ամբողջություն է: Այն ստեղծվելու է ռեսուրսներով, կատարողներով ու իրականացման ժամկետներով համաձայնեցված կազմակերպատնտեսական միջոցառումների արդյունքում: Ինովացիոն համակարգի ձևավորման համար գերակա խնդիրներ են մտավոր և արդյունաբերական սեփականության քաղաքակիրթ շուկայի զարգացման մեխանիզմների գործարկումը, ինովացիոն կազմակերպությունների գործունեության համար անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծումն ու ֆինանսական աղբյուրների ապահովումը, ինովացիաների տեղեկատվական բազայի ստեղծումը: Ծրագրի հիմնական նպատակը երկրի տնտեսության տեխնոլոգիական մակարդակի հագեցվածության բարձրացմանը, ինովացիոն արդյունքի ներքին ու արտաքին շուկայում մրցակցության և այդ հիմքի վրա կայուն տնտեսական զարգացման փուլին անցնելուն նպաստելն է:

Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2006թ. տարեկան ծրագրին և այն ներառել է ՀՀ 2006թ. պետական բյուջեի նախագծում: Ծրագրի ընդունումը նպատակ ունի ապահովելու Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանության, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և Սևանա լճի ջրհավաք ավազանի կենսաբազմազանության բնականոն ներդաշնակ զարգացմանն ու բնական պաշարների կայուն օգտագործմանն ուղղված 2006թ. նախատեսված ծրագրերի և միջոցառումների պարտադիր կատարումը: Ծրագիրը կազմվել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, հիմք են ընդունվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և կայուն օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված նպատակները, խնդիրները, սկզբունքները, գործողությունները և միջոցառումները:

Նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային մրջոցների անվտանգ շահագործման ապահովման հայեցակարգը ևս: Այն ներկայացնում է ՀՀ-ում ձևավորված տրանսպորտի առանձին բնագավառներում շահագործվող տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ոլորտի արդի վիճակը, առկա հիմնախնդիրները և առաջարկում դրանց լուծման ռազմավարական կարևորագույն ուղիները:

Գործադիրը հաստատել է նաև սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը:

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որով, մասնավորապես, հստակեցվում են հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցողների շրջանակը և հաշմանդամության կենսաթոշակ ստանալու ժամկետները, նախատեսվում է բարձրացնել հաշմանդամության կենսաթոշակների չափերը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը, իր 2005թ. պահուստային ֆոնդի հաշվին, 274 մլն 300 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ Երևանի N101, N 104, N 180 դպրոցների շենքերի, Կոտայքի մարզի Քասախ գյուղի դպրոցի, Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային մարզադպրոցի, Վայոց Ձորի մարզի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցի, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի համալիր մարզադպրոցի շենքերի հիմնանորոգման համար:

Մեկ այլ որշմամբ, ՀՀ կառավարության 2005թ. պահուստային ֆոնդի հաշվին, 20 մլն դրամ է հատկացվել ՀՀ Արարատի մարզպետարանին՝ մարզի տեղական նշանակության «Շահումյան-Քաղցրաշեն-Նարեկ-Խոսրովի արգելոց» ավտոճանապարհի Շահումյան համայնքում գտնվող 0.7 կմ երկարությամբ համայնքային նշանակության հատվածի և Արարատ գյուղի համայնքային ավտոճանապարհների և փողոցների վերանորոգման նպատակով տարածաշրջանի Շահումյան և Արարատ համայնքներին սուբվենցիաներ (համապատասխանաբար 15 մլն և 5 մլն դրամ) տրամադրելու համար: Արարատի մարզպետարանին հատկացվել է նաև 19 մլն 983, 8 հազար դրամ՝ Մրգավան գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման համար, ևս 50 մլն դրամ՝ մարզի տեղական նշանակության «Հանրապետական ճանապարհ- Արալեզ-Սիսավան» ավտոճանապարհի Սիսավան համայնքում գտնվող 1.3 կմ երկարությամբ համայնքային նշանակության հատվածի հիմնանորոգման նպատակով: Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզպետարանին հատկացվել է նաև 3 մլն 891 հազար դրամ՝ մարզի Մարմարաշեն համայնքում 72,5 հա հողատարածքների ոռոգման ուշացման պատճառով գյուղացիական տնտեսությունների կրած կորուստի վերականգնման նպատակով Մարմարաշեն համայնքին սուբվենցիա տրամադրելու համար:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև կրթական և մշակութային կենտրոնների հիմնման և գործունեության պայմանների մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որով նաև առևտրային և ցանկացած այլ տեսակի գործունեության իրականացման իրավասություն է վերապահվում փոստային կապի ազգային օպերատորի համար, ինչը կնպաստի այդ բնագավառում գործունեության արդյունավետության բարձրացմանը և ներդրումների ապահովմանը:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 10-ի N 833-Ն որոշումը, կառավարությունը որոշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության «Լուսմատ» պետական ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացնել հաշվեկշռային մեթոդով 5 մլն 460,13 հազար դրամ գնահատված արժեք ունեցող 1224,3 քմ մակերեսով վարչական շենքը և հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը: Վերջինիս թույլատրվել է իր տնօրինության գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ այդ կապակցությամբ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելով ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է Մասիսի «Հայանիստ» պետական ՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած գույքը (անասնագոմ 630 քմ.) մասնավորեցնել հոլանդական աճուրդով: Գույքի վաճառքի մեկնարկային գին է սահմանվել 364 հազար դրամը, իսկ նվազագույն սահման է ընդունվել վաճառքի մեկնարկային գնի 50 տոկոսը:

Փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 13-ի N 1489-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Արարատի մարզի Մարմարաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, գործադիրը համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.5 հա վարելահողը փոխադրել է բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար: Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 13-ի N 822-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Վայոց Ձորի մարզի Զեդեայի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, համայնքի գյուղատնտեսական նշանակության պետական սեփականություն հանդիսացող 1 հեկտար արոտավայրը փոխադրվել է էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: Գծային ենթակառուցվածքը այլ սեփականության իրավունքի սուբյեկտների հողամասերով անցնելու դեպքում որոշվել է սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին: Նիստում կառավարությունը հաստատել է Վայոց Ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Որոշվել է նաև պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի 1015 հա հողերից 1014.15 հա-ն (որից 2 հա վարելահող, 320 հա արոտավայր, 692.5 հա այլ հողեր) փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում 2 հա վարելահողը աճուրդով օտարելու համար, իսկ 0.85 հա այլ հողերը բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար:

Գործադիրը որոշում է ընդունել նաև Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի ավելի քան երեք տասնյակ գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքների սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:

Առանձին որոշումներով հաստատվել են Արմավիրի մարզի Տարոնիկի, Արտաշարի, Ջրառատի թ/ֆ, Արտագերսի, Մարգարայի, Արևիկի, Փարաքարի, Ջրաշենի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները ևս:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ