Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 սեպտեմբերի 2005

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նիստում հաստատվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստների տրամադրման կարգը՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել մի շարք պետական բուհերի, այդ թվում՝ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան», «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ», «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ», «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան», «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան», «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա», «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ», «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ», «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ», «Գավառի համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների հաստատման վերաբերյալ ՀՀ կառավարության ընդունած համապատասխան որոշումներում: Այլ որոշումներով, գործադիրը հաստատել է «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա», «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները՝ նոր խմբագրությամբ, ուժը կորցրած ճանաչելով այդ կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու մասին ՀՀ կառավարության նախկին որոշումները: Փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 27-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերակազմակերպելու մասին» N 471 որոշման մեջ, ակադեմիան վերանվանվել է Հայաստանի պետական ագրարային համալսարան և հաստատվել է պետական ոչ առևտրային այդ կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ: ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանը ևս վերանվանվել է «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» և հաստատվել է պետական ոչ առևտրային այդ կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ:

Որոշումներն ընդունվել են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի «ՀՀ կառավարության 2005թ. միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն, ինչպես նաև 2005թ. հունիսի 23-ի «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշումների պահանջներին համապատասխան:

ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատել է միջազգային նշանակության հատուկ պահպանվող, համատեղ օգտագործվող Ախուրյան ջրամբարը, ինչպես նաև Արմավիրի (Սարդարապատի) կարգավորիչ հիդրոհանգույցը հայկական օգտագործողի կողմից օգտագործման և պահպանության կարգերը: Որոշումն ընդունվել է հաշվի առնելով, որ մինչ այժմ սահմանային գետերի ջրային ռեսուրսների օգտագործման և նշված երկու հիդրոհանգույցների օգտագործման ու շահագործման խնդիրները Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորվել են մինչև ԽԱՀՄ փլուզումն ընդունված միջպետական իրավական ակտերով, իսկ վերջին շրջանում նաև ՀՀ վարչապետի 2004թ. դեկտեմբերի 12-ի N 63-Ն որոշմամբ հաստատված Անդրսահմանային ջրային համակարգի համատեղ օգտագործման, մշտական գործող միջպետական հանձնաժողովի հայկական կողմի միջոցով և անհրաժեշտություն է առաջացել կառավարության որոշմամբ կանոնակարգելու այդ ոլորտը:

Գործադիրը հավանություն է տվել «Ճանապարհային վճարի մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքում արժութային քաղաքականության միասնականության ապահովման անհրաժեշտությամբ:

Կառավարությունը, 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, մինչև 10 հազար 197 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ 2005թ. սեպտեմբերի 21-24-ը Թայլանդի Թագավորության մայրաքաղաք Բանգկոկում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ագրոպարենային ապրանքների ցուցահանդեսը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով:

Այլ որոշումներով, գործադիրը իր պահուստային ֆոնդի միջոցներից 2 մլն 777.1 հազար դրամ Երևանի քաղաքապետարանին՝ Երևան քաղաքում առևտրի և հանրային սննդի կազմակերպման գործընթացի նկատմամբ վերահսկողություն ապահովելու, ևս 500 հազար դրամ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ Ճապոնիայի կառավարության «Պարենային արտադրության աճ» (2 KR) դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում ձևավորված Գործընկերային հիմնադրամում միջոցների գոյացման և ծախսման վիճակն անկախ աուդիտի միջոցով գնահատելու նպատակով:

Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2001թ. սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման մեջ: Այն պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ 2005թ. մայիսի 5-ի N ՀՕ-100-Ն օրենքի ընդունմամբ, որով սահմանված է ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը: Մեկ այլ որոշմամբ, հաստատվել են նշված չափումների գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը:

Նիստում քննարկվել է նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Միդլենդ Ռեսուրսիզ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված հայտի կապակցությամբ որոշման նախագիծը: Եռօրյա ժամկետ է տրվել Էներգետիկայի նախարարությանը՝ շահագրգիռ կողմերի հետ բանակցել որոշման նախագծում պարտավորությունների հետ կապված որոշ խնդիրների շուրջ՝ դրանք հստակեցնելու և նախագծում ամրագրելու նպատակով և բանակցություններում համաձայնության չգալու դեպքում՝ որոշման նախագիծը համարել չընդունված:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է թողարկել նոր տեսակի՝ ՀՀ պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերի թողարկումը կնպաստի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման և կանխիկ հոսքերի կառավարման արդյունավետության բարձրացմանը, հնարավորություն կտա զարգացնելու և կատարելագործելու Գանձապետական պահառու համակարգը՝ ձևավորելով պետական պարտատոմսերի մշտական առաջարկ:

Նիստում գործադիրը որոշումներ է ընդունել «Երևանի պետական ֆիլհարմոնիա» պետական հիմնարկը, ինչպես նաև «Սոֆի Դևոյանի պարի և հոգու թատրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին: Որոշումները պայմանավորված են նրանով, որ ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 13-ի N 1994-Ն որոշման համաձայն, նշված պետական հիմնարկը և ՓԲ ընկերությունը պետք է վերակազմակերպվեին պետական ոչ առևտրային կազմակերպության, ինչը չի արվել: Այդ կապակցությամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության հիշյալ որոշման մեջ:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին», ինչպես նաև «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

Մեկ այլ որոշմամբ, նիստում փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 22-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 616 որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված՝ առաջին 300 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի մեծության հրապարակմանն առնչվող փոփոխություններով, ինչպես նաև հրապարակումների օրենսդրական նորմի գործնական կիրառման ընթացքում առաջացած խնդիրների հստակեցմամբ: Որոշվել է, մասնավորապես, հարկ վճարողի մոտ կուտակված ապառքների հրապարակման ժամկետը հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի փոխարեն սահմանել մինչև փետրվարի 20-ը:

ՀՀ անտառային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատել է անտառային ծառատեսակների հատման տարիքի սահմանման կարգը:

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 18-ի «Ակնագործության և ոսկեգործության ոլորտի զարգացման 2005-2007թթ. միջնաժամկետ ծրագիրը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման մեջ, որի համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության փոխարեն միջազգային կենտրոնների հետ առևտրական կապերի սերտացման նպատակով ուղիղ չվերթերի պատասխանատու է նշանակվել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Նախագիծը մշակվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի այլ ձևերի դեմ եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, հաստատվել են նաև քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում՝ համազգեստի նկարագիրը, այն կրելու կարգը, ժամկետները և պայմանները:

Նիստում որոշումներ են ընդունվել «Էրեբունի բժշկական կենտրոն» առողջապահական պետական ՓԲԸ-ի գույքի կազմից ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 14-ի N 31 որոշման հիման վրա առանձնացված, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը հանձնված 258 մլն 685 հազար դրամ գնահատված արժեք ունեցող 55 անվանում՝ 161 հատ հիմնական միջոցները, որպես գույքի առանձին տարրեր, մեկամսյա Ժամկետում դասական աճուրդով, ինչպես նաև «Հայշինանյութառ» պետական ձեռնարկության «Գյումրիի առևտրային բազա» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքը, որպես գույքի առանձին տարրեր, դասական աճուրդով մասնավորեցնելու վերաբերյալ:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակի, Սյունիքի մարզի Գեղանուշի, Ավարանցի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու, նշված համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու, ինչպես նաև Շիրակի մարզի Սարագյուղ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից 4 հա-ն հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրելու վերաբերյալ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ