Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 օգոստոսի 2005

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Առանձին որոշումներով գործադիրը հավանություն է տվել բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի մշակման, ինչպես նաև «Թափոնների՝ ըստ վտանգավորության աստիճանի դասակարգում» նորմատիվ փաստաթղթի մշակման ծրագրերին: Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի մշակման ծրագրի նպատակը բնության և հասարակության փոխգործակցության ոլորտում հասարակական հարաբերությունների կանոնակարգումն է, ապահովելով շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման, տնտեսական և այլ գործունեության վնասակար ներգործությունների կանխման, կամ առավելագույնս նվազեցման, ինչպես նաև շրջակա միջավայրի որակի բարելավման և առողջացման ապահովման իրավական հիմքերը: Ծրագրի կատարումը բխում է ՀՀ բնապահպանական ռազմավարության քաղաքականությունից: «Թափոնների՝ ըստ վտանգավորության աստիճանի դասակարգում» նորմատիվ փաստաթղթի մշակման ծրագրի համաձայն թափոնների վտանգավորության աստիճանի որոշումն անհրաժեշտ է թափոնների անդրսահմանային փոխադրումների նկատմամբ հսկողություն իրականացնելու, ՀՀ-ում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության համար լիցենզիա ստանալու, ինչպես նաև թափոնների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունների կազմման, ներկայացման և թափոնների պետական հաշվառում վարելու համար: Նշված ծրագրերի մշակումն ու հաստատումը բխում է «Թափոնների մասին» ՀՀ օրենքի, այլ իրավական ակտերի կիրարկումն ապահովելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 2-ի «Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող ՀՀ պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1840-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից: Մեկ այլ որոշմամբ, նիստում հաստատվել է նաև բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ձևի և բնապահպանական պետական տեսչության տարբերանշանի նկարագիրը: Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին՝ եռամսյա ժամկետում սահմանել բնապահպանական պետական տեսուչին համազգեստ տրամադրելու և կրելու կարգն ու պայմանները:

Այլ որոշումներով, «Սերմերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ-ում սերմերի հավաստագրման կարգը, ինչպես նաև պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը: Մեկ այլ որոշմամբ, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, հաստատվել է կենցաղային ծառայությունների ցանկը ևս: Ցանկի սահմանման համար հիմք է հանդիսացել «Արտադրանքի դասակարգում՝ ըստ գործունեության տեսակների (ԱԴԳՍ)» դասակարգիչը:

«Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, կառավարությունը հաստատել է էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, ինչպես նաև այդ պատահարների քննության կազմակերպման կարգը: Որոշմամբ դասակարգվում են էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և էլեկտրական էներգիա սպառողների էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարները՝ ըստ տեսակների, տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի խախտման, ինչպես նաև մարդկանց կյանքին հասցված վնասի աստիճանի, կանոնակարգվում է պատահարների մասնագիտական քննության կազմակերպման գործընթացը:

Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2005թ. պետական բյուջեով բնակարանային ապահովման ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգում: Որոշման ընդունման նպատակը նշված ծրագրի համար հատկացված միջոցների սահմաններում նախատեսված քանակով վկայագրերի տրամադրման ապահովումն է՝ ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնելու միջոցով: Մասնավորապես, որոշման համաձայն, հիշյալ ծրագրին կարող են մասնակցել նաև 2004թ. մարտի 1-ի դրությամբ բնակարան ստանալու համար սահմանված կարգով հաշվառված անձանց հերթացուցակի և հերթացուցակում ընդգրկված, նախորդ տարիներին աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից չօգտված, ծրագրի շրջանակներում վկայագրեր ստացած, բայց գնվող բնակարանի տարբերակ չընտրած անձինք: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը փոփոխություններ է կատարել նաև «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ, որի նպատակը ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին «Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի շրջանակներում տրամադրվող բնակարանների գնման վկայագրերում նշված միջոցների ֆինանսավորմանը խոչընդոտող գործոնների կարգավորումն է:

ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման համապատասխան, գործադիրը համաձայնել է Երևանի քաղաքապետարանի միջնորդությանը՝ իր տնօրինության Երևանի Աէրացիա թաղամասում գտնվող N1 և N2 հանրակացարանային մասնաշենքերի բնակելի տարածքները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու մասին: Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը համաձայնել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության՝ իր ենթակայության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին («Հայպետհիդրոմետ») ամրացված Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի N 125, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի և փախստականների գործակալությանն ամրացված Երևան քաղաքի Գրիբոեդովի փողոցի 1-ին նրբանցքի N 11, Շիրակի փողոցի N 2ա և Կիևյան փողոցի N 8, «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին» ամրացված Երևանի Աէրացիա թաղամասում գտնվող N 1 և N 2 հանրակացարանային մասնաշենքերի բնակելի տարածքները դրանցում բնակվող՝ 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց անհատույց սեփականաշնորհելու վերաբերյալ միջնորդություններին: Որոշումներով հանձնարարվել է Երևանի քաղաքապետին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, 3-ամսյա ժամկետում իրականացնել նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը՝ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով քաղաքացիների միջոցների հաշվին:

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթները, ինչպես նաև ելնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և պետական գույքի կառավարման վարչության պետի 2004թ. դեկտեմբերի 29-ի համատեղ հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկներից, կառավարությունը որոշել է պետական գույքի կառավարման վարչությունում առկա տվյալների հիման վրա ճշգրտված՝ պետական կառավարման մարմինների կողմից պահանջվող, պետական սեփականություն հանդիսացող տարածքների (ընդամենը 171 միավոր, 32428 քմ ընդհանուր մակերեսով) տնօրինման իրավասությունը վերապահել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, իսկ բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքների մնացած մասը (ընդամենը 1020 միավոր, 55026 քմ ընդհանուր մակերեսով) համարել համապատասխան համայնքներին սեփականության իրավունքով հանձնված: Հանձնարարվել է հանձնաժողովի նախագահին՝ շարունակել տարածքների գույքագրման աշխատանքները և մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը կառավարություն ներկայացնել առաջարկություններ դրանց հետագա պատկանելության վերաբերյալ:

«ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է համաձայնել Երևանի քաղաքապետի՝ պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանների կացարանները որպես բնակելի տարածություն սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին միջնորդությանը: Գործադիրը համաձայնել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետի, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետի միջնորդություններին՝ Գեղարքունիքի մարզպետարանի տնօրինության Ձորագյուղի N 1 միջնակարգ դպրոցի Ուսուցչի տան՝ 56 մլն դրամ հաշվեկշռային արժեքով և 73 քմ ընդհանուր մակերեսով տարածքը նվիրաբերել այնտեղ բնակվող քաղաքացի Լազր Ումրշատյանին՝ այն որպես բնակարան օգտագործելու պայմանով, ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինության Երևան քաղաքի Դավիթաշենի 3-րդ թաղամասի 10-րդ շենքի 100,1քմ ընդհանուր մակերեսով N 4 բնակարանը նվիրաբերել այնտեղ բնակվող Հրաչիկ Մեսրոպյանին՝ այն որպես բնակարան օգտագործելու պայմանով: Նույն պայմանով գործադիրը համաձայնել է նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության տնօրինության Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող հանրակացարանային մասնաշենքի N 19 ծառայողական բնակարանը նվիրաբերել այնտեղ բնակվող Ալմաստ Սուլեյմանյանին: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին՝ համապատասխան թաղային համայնքների ղեկավարների հետ համատեղ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, մեկամսյա ժամկետում իրականացնել նշված բնակարանների սեփականաշնորհումը՝ գույքային իրավունքի պետական գրանցումը կատարելով քաղաքացիների միջոցների հաշվին:

Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով, կառավարությունը հաստատել է գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի ծրագիծը՝ 40 կմ երկարությամբ և 132 հա մակերեսով: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարներին, Սյունիքի մարզպետին մեկամսյա ժամկետում Ագարակի, Մեղրու, Քաջարանի քաղաքային և Լեհվազ Լիճք-Տաշտուն գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և սահմանված կարգով կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված տարածքում գտնվող հողերի, այդ թվում՝ անտառային ֆոնդի կատեգորիաների անհրաժեշտ փոփոխություն կատարելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի դիմաց փոխհատուցման վերաբերյալ: Հանձնարարվել է նաև՝ բնապահպանական խնդիրներից ելնելով, անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն գազամուղի ծրագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

ՀՀ կառավարության 2004թ. սեպտեմբերի 23-ի «ՀՀ պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպություններում բյուջետային ծախսերի առանձին տեսակների՝ հեռախոսակապի, խմելու ջրի մատակարարման և ջեռուցման ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները: Սահմանվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի ՊՈԱԿ-ների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների՝ ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվում են ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 28-ի «ՀՀ պետական բյուջեի նախագծում ՀՀ պետական մարմինների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների՝ ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները հաստատելու մասին» N 629-Ն որոշմամբ հաստատված համապատասխան նորմաները:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Ռումինիայի կառավարության միջև առևտրատնտեսական կապերի և գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:

Նիստում գործադիրը հավանություն է տվել «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրինագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ նշված օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելը նախատեսված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվելիք «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցով:

Այլ որոշումներով, «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար առանձին ուսումնամարզական պարապմունքների իրականացման, ինչպես նաև մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվող ուսումնամարզական միջոցառումների իրականացման կարգերը:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 780-Ն որոշման մեջ, որի նպատակը մեկ աչքի տեսողության բացակայությամբ անձանց հաշմանդամության որոշման, այդ թվում ՝ բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման համար պայմանների ապահովման և սոցիալական պաշտպանության խնդիրների լուծումն է:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «Բնակչության զբաղվածության դեպքում սոցիալական պաշտպանության մասին», «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» և մի շարք այլ ՀՀ օրենքների նախագծերը և առաջարկել է ՀՀ ԱԺ-ին դրանք քննարկել և քվեարկել մեկամսյա ժամկետում: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ այդ օրենքների նախագծերն առնչվում են 2006թ. ՀՀ պետական բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի հետ:

«Ավիացիայի մասին», «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքներին, ինչպես նաև Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի «Որոնում և փրկում» N 14 հավելվածին համապատասխան, կառավարությունը հաստատել է «ՀՀ քաղաքացիական ավիացիայի հրդեհային անվտանգության ապահովման մասին հրահանգը»: Որոշմամբ հաստատվել են հրդեհի մասին ակտի, հրդեհային անվտանգության կանոնների խախտման մասին արձանագրության, օբյեկտի (արտադրական տեղամասի, պահեստի, ագրեգատի և այլն) շահագործման ժամանակավոր դադարեցման մասին և մի շարք այլ փաստաթղթերի ձևերը, քիմիական նյութերի պահպանման կարգը, ըստ հրդեհավտանգության աստիճանի թունաքիմիկատների բաժանման, անհամատեղելի թունաքիմիկատների, քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունների օբյեկտներում հրդեհաշիջման սկզբնական միջոցների անհրաժեշտ քանակության ցանկերը:

Նիստում գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 24-ի «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N294 որոշման մեջ, որով սահմանվում է, որ համապատասխան կառավարման մարմինները հարկային պետական ծառայությանը տրամադրում են տեղեկություններ՝ ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մասին: Տեղեկությունները պետք է ներկայացվեն կանոնավոր երթուղու սպասարկման համապատասխան համաձայնագիր կնքելուց, ինչպես նաև փոփոխություններ կատարելուց հետո 3-օրյա ժամկետում: Հանձնարարվել է որոշման մեջ նշված համապատասխան կառավարման մարմիններին՝ որոշման ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում սահմանված ձևով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնել տեղեկություններ՝ 2005թ. հուլիսի 1-ի դրությամբ գործող և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մասին:

Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 31-ի N 802 որոշման մեջ, որի նպատակը քաղաքաշինական կադաստրի վարման գործընթացի կանոնակարգումն է, նշված որոշումը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններից բխող նոր պահանջներին համապատասխանեցումը: Փոփոխություններն ու լրացումները կատարվել են՝ նկատի ունենալով, մասնավորապես, ՀՀ-ում պետական քաղաքաշինական կադաստրի (ՊՔԿ) ներդրումն ապահովող հետևողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, ՊՔԿ-ի վարման կարգում քաղաքաշինական գործունեության մոնիտորինգի իրականացման գործընթացի ամրագրումը:

ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, կառավարությունը որոշել է թույլատրել «Հ.ԷԴ. ՀԱՅԱՍ» ԳՐՈւՊ ԲԲԸ-ի կողմից «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված հումքի և հագուստի այլ պարագաների ժամկետները երկարաձգել մինչև 2006թ. հուլիսի 20-ը, իսկ մեքենասարքավորումների ժամկետները՝ մինչև 2008թ. հուլիսի 20-ը: Որոշումն ընդունվել է հաշվի առնելով նաև նշված ընկերության կողմից իր արտադրությունն ընդարձակելու ծրագիրը, որը կապահովի ինչպես ապրանքային արտադրանքի ծավալի աճ, այնպես էլ նոր աշխատատեղերի ստեղծում:

Այլ որոշումներով գործադիրը հաստատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Որոշվել է համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 5 հա արոտը փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար, ինչպես նաև գծային ենթակառուցվածքը այլ սեփականության իրավունքի սուբյեկտների հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին: Հաստատվել է նաև ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձորի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 5.5 հա հողերը փոխադրվել են՝ 1.5 հա վարելահողը բնակավայրի հողերի կատեգորիա, բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար, իսկ 4 հա այլ հողերը էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: ՀՀ կառավարության 2005թ. մարտի 31-ի N 402-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հատուկ պահպանվող հողերից 1.6 հա-ն փոխադրվել է էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: Գծային ենթակառուցվածքը այլ սեփականության իրավունքի սուբյեկտների հողամասերով անցնելու դեպքում սահմանվել է սերվիտուտի իրավունք: ՀՀ Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղական համայնքի պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1 հա արոտավայրը ևս որոշվել է փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: Գծային ենթակառուցվածքը այլ սեփականության իրավունքի սուբյեկտների հողամասերով անցնելու դեպքում որոշվել է սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:

 

  

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ