ուրբաթ, 12 օգոստոսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել աշնանը կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և ՏԻՄ ընտրությունների հետ կապված խնդիրներին: Վարչապետը ողջունել է Սահմանադրության փոփոխությունների շուրջ հանրային քննարկումների, իրազեկման և հանրաքվեին նախապատրաստման նախաձեռնող խումբ ստեղծելու՝ Հայաստանի համայնքների միության նախաձեռնությունը, ընդգծելով մեր պետության համար անչափ կարևոր այդ փաստաթղթի մշակման, կատարելագործման և ընդունման գործում շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը:
Խոսելով Սահմանադրության բարեփոխման անհրաժեշտության և այն՝ պետության ու հասարակության զարգացմանը զուգընթաց առաջացող խնդիրներին և նոր իրողություններին համահունչ դարձնելու մասին, Հայաստանի համայնքների միության ներկայացուցիների հետ հանդիպմանը Անդրանիկ Մարգարյանն առավելապես անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող փոփոխություններին: Նա նշել է, թե տեղյակ է որոշակի խնդիրների վերաբերյալ Միության մտահոգություններին և պատրաստ է դրանք քննարկել ու միության ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացնել՝ թողնելով միայն Երևանին վերաբերող մանրամասները, որոնց հնարավորություն կլինի անդրադառնալ «Երևանի մասին» ՀՀ օրենքի մշակման ժամանակ: Այդ աշխատանքին ևս կառավարության ղեկավարը կարևորել է Համայնքների միության ակտիվ մասնակցությունը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ժողովրդավարական, ազատ, արդար, և թափանցիկ անցկացնելը ոչ պակաս կարևոր համարելով՝ ՏԻՄ լիարժեք կայացման, տեղական ժողովրդավարության զարգացման և ամրապնդման առումով, կառավարության ղեկավարն այդ ընտրություններն ինչ-որ չափով փորձաքար է համարել 2007, 2008թթ. համապետական ընտրություններից առաջ: Նա նշել է, թե իբրև վարչապետ, պարտավոր է կազմակերպական բոլոր խնդիրները պատշաճ լուծել, սակայն միայն դա բավարար չի լինի. կան խնդիրներ, որոնք համընդհանուր ջանքերով, շահագրգիռ մոտեցմամբ ու միմյանց աջակցելով, նեղ կուսակցական մոտեցումներով չառաջնորդվելով հնարավոր կլինի լուծել: Այս առումով, ինչպես Հայաստանի ավագանիների ասոցիացիայի, այնպես էլ Հայաստանի համայնքների միության պատրաստակամությունը, նկատելի ակտիվությունը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, միանգամայն ողջունելի են, և այդ ներուժն անտեսելը սխալ կլիներ:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման և իրենց մտահոգող ու հետաքրքրող հարցերի շուրջ հանգամանալից քննարկման համար, Հայաստանի համայնքների միության համակարգող Էմին Երիցյանը վարչապետին հակիրճ ներկայացրել է ՀՀ ԱԺ-ում մինչև Սահամանադրության փոփոխությունների երկրորդ ընթերցումը, ինչպես նաև Սահամանադրության փոփոխությունների նախագծի հաստատումից հետո Միության կողմից իրականացվելիք աշխատանքները, ՏԻՄ-երին վերաբերող առանցքային դրույթների շուրջ առաջարկներն ու մոտեցումները: Նա վստահեցրել է, որ քաղաքացիական հասարակության կարևոր մաս հանդիսանալով և ներկայացնելով տեղական իշխանությունների շահերը, Միությունը խիստ շահագրգիռ է ու իր հնարավորությունների սահմաններում կանի հնարավորը՝ սահմանադրական փոփոխությունների համատեքստում տեղական ժողովրդավարության համակարգի ամրապնդման և արդյունավետության բարձրացման համար: