ուրբաթ, 5 օգոստոսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանի ավագանիների ասոցիացիայի խորհրդի անդամներին:
Տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ու զարգացման գործում կարևորելով մեծ ավանդույթ և փորձ ունեցող «Հայաստանի ավագանիների ասոցիացիա» հասարակական կազմակերպության դերը, վարչապետն ընդգծել է, թե կառավարությունը կարևորում է այսօրինակ կազմակերպությունների հետ համագործակցությունը, և առաջիկայում նախատեսվում է նաև նմանատիպ հանդիպում կազմակերպել Համայնքների միության, Հայաստանի ֆինանսիստների միավորման անդամների ու նման գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների հետ: Չնայած Հայաստանի ավագանիների ասոցացիայի հետ անցած տարիներին կառավարությունն արդյունավետ գործակցել է ե՛ւ օրենսդրական դաշտի կատարելագործման, ե՛ւ տեղական ինքնակառավարման համակարգի առջև ծառացած առանձին խնդիրների լուծման գործում, այդուհանդերձ, ըստ կառավարության ղեկավարի, այսօր դեռևս կան բազմաթիվ հարցեր, որոնք պետության ուշադրության կենտրոնում են, սակայն առանց շահագրգիռ կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ մասնակցության ու աջակցության դժվար կլինի կարճ ժամկետում լուծել:
Անդրանիկ Մարգարյանը կարևորել է հասարակության կողմից հատկապես ավագանու ինստիտուտի դերի ճիշտ գիտակցումը և ըստ այդմ՝ մեծացումը, համայնքների ավագանիների աշխատանքի արդյունավետության բարձրացումը, որը ինչ-որ չափով հակակշիռ լինելով համայնքի ղեկավարին, կնպաստի համայքային ծրագրերի ընթացիկ վերահսկողությանը, համայնքի ղեկավարի կողմից ստանձնած պարտավորությունների ժամանակին և պատշաճ կատարմանը:
Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախօրեին ավագանիների ասոցիացիայի խորհրդի անդամների հետ հանդիպումը պատահական չհամարելով, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ միջազգային չափանիշներով ընտրությունների անցկացման, ընտրություններին հասարակության ակտիվ մասնակցության, ընտրական թափանցիկ մեխանիզմների կիրառման և այդպիսով՝ ՏԻՄ համակարգի կայացմանն օժանդակելու գործում ավագանիների ասոցիացիան մեծ դեր կարող է ունենալ: Նա կարևորել է նաև նոյեմբերին նախատեսվող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հիշյալ հասարակական կազմակերպության աջակցությունը՝ առաջարկվող նախագիծը համայնքներում պատշաճ ներկայացնելու, հանրաքվեին հասարակությանը նախապատրաստելու առումով, ինչպես նաև համայնքների հավասարաչափ զարգացման համար պետության կողմից կարևորվող՝ միջհամայնքային միավորումների ստեղծման գործին նպաստելու տեսանկյունից: Վարչապետն ընդգծել է նաև համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ հայաստանյան հասարակական կազմակերպությունների փոխգործակցության անհրաժեշտությունը և խոստացել աջակցել Հայաստանի ավագանիների ասոցիացիային՝ այս հարցում դժվարություններ ունենալու դեպքում:
Հայաստանի ավագանիների ասոցիացիայի նախագահ, «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության խորհրդի և գործադիր կոմիտեի անդամ Արայիկ Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով վարչապետին՝ հանդիպման և իրենց մտահոգող հարցերը ուշադրության արժանացնելու ու կարևորելու համար, ներկայացրել է հասարակական կազմակերպության գործունեությունը, հիմնական նպատակը, խնդիրներն ու առաջիկա ծրագրերը: Կառավարության և հատկապես՝ Տարածքային կառավարման նախարարության հետ կազմակերպության համագործակցությունը բավականին արդյունավետ համարելով, ասոցիացիայի նախագահը հույս է հայտնել, որ խորհրդի անդամների բարձրացրած խնդիրները և կառավարության կողմից կարևորվող հարցերը, առկա երկկողմ շահագրգռության պայմաններում, համատեղ ջանքերով կլուծվեն: