ուրբաթ, 5 օգոստոսի 2005
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր -Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 15 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագծա-նախահաշվային աշխատանքների, Երևանի թիվ 14 հատուկ դպրոցի կահավորման համար նախատեսված արտադրատեսակների պատրաստման և անհատույց բաշխման, Արագածոտնի մարզի Արեգ գյուղի դպրոցի ուսումնական մասնաշենքի վերանորոգման, ԼՂՀ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Կիչան-Դրմբոն 5,2-11,6 կմ հատվածի 6,4 կմ-ի շինարարական աշխատանքների տեխնիկական, ծավալային, մասնագիտական ու որակական /նորմատիվ/ վերահսկողության, ինչպես նաև Ստեփանակերտ-Կարմիր Շուկա 9-21 կմ հատվածի 12,4 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքների, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մադաղիս գյուղի դպրոցի նախագծի տեղակապման և տարածքի բարեկարգման նախագծման ու «Հեռուստամարաթոն 2005»-ի համար 15 հեռուստաֆիլմերի պատրաստման աշխատանքերի իրականացման ծրագրերը:
Նիստում քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող՝ Երևանի Կորյունի 19ա հասցեի շենքում Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կենտրոնի սանհանգույցի վերանորոգման, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի նոր ննջարանային մասնաշենքի առաջին հարկի դռների և պատուհանների ճաղապատման ու տարածքի ցանկապատի կառուցման աշխատանքների իրականացման, ինչպես նաև «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Շիրակի մարզի Փանիկ գյուղի եկեղեցական համալիրի ջեռուցում» և «Շիրակի մարզի Սարիար գյուղի ոռոգման ջրամբարի կառուցում» ծրագրերը:
Հանձնաժողովի հավանությանն է արժանացել «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը ևս, որի նպատակն է վերակառուցել Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի սոցիալական կենտրոնի շենքը, որը կծառայի Գյումրի քաղաքի, ինչպես նաև շրջակա գյուղերի երիտասարդների, անապահով ընտանիքների անդամների համար կրթական, բարեգործական, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Հաստատվել է նաև իրանահայ բարերար Առլետ Ղարիբյանցի ֆինանսավորմամբ «Երևանի թիվ 78 և 172 միջնակարգ դպրոցների լոկալ կաթսայատան կառուցում» ծրագիրը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ, ինչպես նաե տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: