հինգշաբթի, 4 օգոստոսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արաբական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Աբլա Աբդ ալ-Ռահման Օսմանին:
Վարչապետը նախ ցավակցություն է հայտնել ս.թ. հուլիսի 23-ին եգիպտական տուրիստական կենտրոն Շարմ ալ-Շեյխում կատարված ահաբեկչության զոհերի կապակցությամբ, ընդգծելով, որ ահաբեկչությունը, իբրև համայն մարդկության դեմ ուղղված չարիք, պետք է բոլոր դեպքերում համընդհանուր մտահոգության արժանանա և դատապարտվի, միաժամանակ այդ երևույթի դեմ պայքարում համատեղվեն ջանքերը:
Խոսելով հայ-եգիպտական քաղաքական հարաբերությունների մասին, Անդրանիկ Մարգարյանը՝ մասնավորապես միջազգային կազմակերպություններում այն բարձր մակարդակի է որակել, նշելով, որ 2003-2004թթ. ընթացքում Հայաստանը բազմիցս քվեարկել է ՄԱկ-ի տարբեր մարմիններում Եգիպտոսի կողմից առաջադրված թեկնածուների ընտրության օգտին, և ՄԱԿ-ի նախատեսվող բարեփոխումների շրջանակներում մեր երկիրը պաշտպանում է Անվտանգության Խորհրդում Եգիպտոսի թեկնածությունը: Կառավարության ղեկավարը երկկողմ առետրատնտեսական հարաբերությունները համարել է դեռևս ոչ գոհացուցիչ, միաժամանակ նշելով, որ վերջին շրջանում դրական որոշակի քայլեր այս բնագավառում արվել են և շարունակվում են:
Եգիպտոսի դեսպանը հույս է հայտնել, որ այս տարվա աշնանը նախատեսվող ՀՀ վարչապետի այցը Եգիպտոս զգալիորեն կնպաստի տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանը: Մանավանդ, որ դրան հետևելու են Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը, Հայ-եգիպտական գործարար համաժողովը և ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև Եգիպտոսի արտգործնախարարության՝ ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի միջոցով տարբեր ոլորտներում հայ մասնագետների վերապատրաստման ծրագրին, առողջապահության, մշակույթի, կրթության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում ընթացիկ համգործակցությանն ու հնարավոր նոր ծրագրերին: