Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 հուլիսի 2005

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստում հավանություն է տրվել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն սահմանում է ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության հասկացությունը և իրավական երաշխիքները, այդ ապահովագրության շրջանակներում ապահովագրական հատուցման իրավունք ձեռք բերելու պայմանները, ապահովագրական նպաստների տեսակները, դրանց հաշվարկման, նշանակման և վճարման պայմանները: Հիշյալ օրենքը չի կարգավորում արտադրությունում դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների հետևանքով ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցապահովագրությանն առնչվող հարաբերությունները:

Կառավարության որոշմամբ ստեղծվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Սահմանվել է, որ այն երեխաների խնամքի ցերեկային հաստատություն է: Հիշյալ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակն է Աջափնյակ համայնքի առանց ծնողական խնամքի մնացած, ծնողների խնամքից զրկվելու վտանգի տակ գտնվող երեխաների, ինչպես նաև աճի և զարգացման համար անբարենպաստ ու վտանգավոր կենսապայմաններում գտնվող երեխաների հիմնախնդիրների սոցիալական ախտորոշումը, ռիսկի ենթակա երեխաների հիմնախնդիրների լուծմանն աջակցելը՝ համագործակցելով երեխաների հիմնախնդիրների լուծման իրավասություն ունեցող Աջափնյակի թաղապետարանի համապատասխան ստորաբաժանումների և համայնքային ենթակայության կազմակերպությունների հետ:

Կառավարության 2000թ. հուլիսի 3-ի N 350 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելով՝ գործադիրը որոշել է ընթացիկ տարում ֆինանսական միջոցների տնտեսումների հաշվին, աղքատության ընտանեկան նպաստի կամ անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող միանվագ դրամական օգնության իրավունք ունեցող ընտանիքի հանրակրթական դպրոցի առաջին դասարան գնացող երեխային տրամադրել միանվագ դրամական օգնություն՝ 20 հազար դրամի չափով, ընտանիքի լրացուցիչ ծախսերի մասնակի հատուցման նպատակով: Նույն որոշման հավելվածով հաստատվել է 2005թ. երկրորդ կիսամյակի համար աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման նպատակով նախատեսված ֆինանսական միջոցների չափերը՝ ըստ սոցծառայության տարածքային գործակալությունների՝ հաշվի առնելով այս տարի պետբյուջեով աղքատության ընտանեկան նպաստի համար հատկացված ֆինանսական միջոցները:

Կառավարությունը հաստատել է ՀՀ անտառի ազգային ծրագիրը և այդ ծրագրի միջոցառումների իրականացման ժամանակցույցն ու ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը: Անտառի ազգային ծրագրի հիմնական նպատակն է՝ անտառային էկոհամակարգերի պահպանությունը, դեգրադացված անտառային էկոհամակարգերի վերականգնումը, անտառային պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումն ու անտառների կայուն կառավարման ռազմավարության ապահովումը: Հիշյալ ծրագիրը խնդիր ունի ծրագրել և իրականացնել ՀՀ անտառի ազգային քաղաքականությանը և ռազմավարությանը համապատասխան անտառների և անտառային տարածքների կայուն կառավարմանը նպատակաուղղված գործողություններ, նպաստել պետական, համայնքային և սեփականության այլ ձևերի զարգացմանը, խթանել ազգային և միջազգային համագործակցությանը, ներքին և արտաքին աղբյուրներից ներդրումներին, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան իրականացնել անտառների կայուն կառավարմանը նպաստող այլ գործողություններ:

Գործադիրը, մեկ այլ որոշմամբ, հաստատել է նաև անասնաբուժության մեջ օգտագործվող կենսապատվաստուկների (անասնաբուժական դեղամիջոցների) ՀՀ ներմուծման և ՀՀ-ից արտահանման կարգը, նաև ներմուծման կամ արտահանման հավաստագրերով ՀՀ ներմուծվող և արտահանվող անասնաբուժական դեղամիջոցների ցանկը: Նշվել է, որ գյուղատնտեսության նախարարությունը, կառավարության որոշման համաձայն, իրականացնում է անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցում: Այս գործընթացի իրականացումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել անասնաբուժական կենսապատվաստուկների ներմուծման և արտահանման ընթացակարգ:

Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել կառավարության 2004թ. մարտի 31-ի N 426-Ն որոշման մեջ, որը ևս վերաբերվում է գյուղատնտեսության բնագավառին: Հիմք ընդունելով կենդանիների, հանրության առողջության և անվտանգության ապահովումը՝ որոշման նախագծում ներառվել են մասնագիտական լրացումներ:

Կառավարության անդամները հավանություն են տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվում են ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցապահովագրության հասկացությունը և իրավական երաշխիքները, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության շրջանակներում ապահովագրական հատուցման՝ ապահովագրական նպաստների իրավունք տվող պայմանները և ապահովագրական նպաստի տեսակները, դրանց հաշվարկման, նշանակման ու վճարման կարգը:

Նիստում հավանություն է տրվել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին ևս, որ վերաբերում է գործատուների կողմից վարձու աշխատողների ապահովագրական նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում հսկողությանը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը:

Մեկ այլ որոշմամբ, հաստատվել են «Դրամահատում, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը», լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը:

Գործադիրը որոշում է ընդունել «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից ստեղծված ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մասին: Նախագծով առաջարկվում է փոխհատուցել միավորման անդամ հանդիսացող աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50% հաշմանդամ ունեցող ընկերությունների 2004թ. տարեկան գործունեության արդյունքներով առաջացած, սակայն բյուջեից չփոխհատուցված, ինչպես նաև 2005թ. գործունեության արդյունքներով առաջանալիք ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցապահովագրության վճարների գծով կատարված (կատարվելիք) մուծումները: Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ՀՀ 2005թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել ոչ ավելի, քան 44,440.0 հազար դրամ:

ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշմամբ առաջարկվել է այդ փոփոխություններն իրականացնել ՀՀ 2005թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրներում ՀՀ 2005թ. պետբյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման համար ս.թ. երրորդ եռամսյակում 2005թ. տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների ծավալը ավելացնելու եղանակով:

ՀՀ արդարադատության նախարարության համակարգում կապի միջոցերի տեսակները, քանակը և կապի ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև կոմունալ ծախսերը նորմավորելու նպատակով, կառավարությունը որոշում է ընդունել հիշյալ նախարարության համակարգի կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին:

Դատական իշխանության մարմինների պետական պահապանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, կառավարությունը փոփոխություն է կատարել իր 2004թ. ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշման մեջ՝ ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում ներառելով են ՀՀ առաջին ատյանի դատարանների և նրանց նստավայրերի, տնտեսական դատարանի Երևանի, Գյումրիի, Վայքի, Սևանի, Վեդիի նստավայրերի, վերաքննիչ, վճռաբեկ դատարանների շենքերը:

Գործադիրը հաստատել է 2005թ. մայիսի 3-ին Մինսկում ստորագրված «ՀՀ առողջապահության նախարարության և Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության միջև բժշկագիտության և առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ընդհանուր կանոնակարգի 6-րդ հոդվածի համաձայն, կառավարությունը որոշել է «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱկ-ի տնօրեն Լևոն Վարդանյանին նշանակել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

Կառավարությունը համաձայնություն է տվել նաև «ՀՀ կառավարության և Բոստնիայի ու Հերցոգովինիայի նախարարների խորհրդի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրողների՝ առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Ալբանիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրողներին մուտքի արտոնագրերից ազատելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Նիստում որոշում է ընդունվել Երևան քաղաքը հարակից մարզերի հետ կապող մայրուղիներին հարող տարածքների քաղաքաշինական գործունեության կանոնակարգման միջոցառումների և կառուցապատման սխեմաների մշակման ու ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 28-ի N 528 -Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին: Վերոհիշյալ որշման մեջ մեկ այլ փոոխություն կատարելով՝ «Վերելակների ուսումնական կոմբինատ» անավարտ շին. օբյեկտը սնող ինժեներական հաղորդակցուղիների իրականացման ծրագրի ֆինանսավորման համար հատկացվելիք գումարը կառավարությունը որոշել է ուղղել «Վարդավառ» զբոսայգու ոռոգման և լճի սնուցման ջրագծի անցկացման աշխատանքների իրականացման ծրագրին:

Գործադիրը հաստատել է Արարատի և Լոռու մարզերի մի շարք գյուղական համայնքների հողերի օտագործման ժամանակավոր սխեման: Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արագածոտնի մարզի Շենավանի գյուղական համայնքի ավագանու անդամների լիազորությունները: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը այդ համայնքի ընտրատարածքում որոշվել է նշանակել և անցկացնել գյուղական համայնքի ավագանու արտահերթ ընտրություն:

Կառավարության անդամները հաստատել են ՀՀ օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը, կազմակերպությունների և օբյեկտների ցանկը, որոնցում պետք է կիրառվի այդ վերահսկողությունը: Նույն որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ օդանավակայաններում կիրառվող անցագրերի ձևանմուշների, դրանց առանձնահատկությունների նկարագրումը և անցագրերի տրման հայտի ձևանմուշը: Նշվել է, որ անցագրային և ներօբյեկտային վերահսկողության սահմանումը նպատակ է հետապնդում կանոնակարգել օդանավակայանների վերահսկելի գոտիներ անձանց և տրանսպորտային միջոցների մուտքը, շարժը և ելքը:

Կառավարության 1998թ. նոյեմբերի 27-ի N 756 որոշման մեջ լրացում կատարելով, գործադիրը ՀՀ բարձրլեռնային բնակավայրերի ցանկում ավելացրել է Վայոց Ձորի մարզի Կեչուտ գյուղը ևս, որը գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ-ից ավելի բարձրության նիշի վրա: Նիստում որոշում է ընդունվել ՀՀ մարզերի համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և համայնքների վարչական սահմանններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու մասին:

Որոշվել է նաև Լոռու մարզի մի քանի գյուղական համայնքների պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից որոշակի հեկտար փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

Օրակարգի հարցերի շարքում քննարկվել և հաստատվել է նաև շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորման կարգը, փորձաքննության լիցենզիայի ձևը:

Կառավարությունը որոշել է թույլատրել ՀՀ պաշտպանության նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Կորյունի փողոցի N 23 հասցեում գտնվող շենքը՝ 2407 քառ.մ ընդհանուր մակերեսով, ուղղակի վաճառքի ձևով վաճառել հավանական գնորդ «Պրոսպերա» ՓԲԸ-ին:

Նիստում հավանության է արժանացել ՀՀ ֆինանսական համակարգի միավորված վերահսկողության ներդրման հայեցակարգը, որում ներկայացված են միավորված վերահսկողության միջազգային փորձը, ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության ներկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանում ֆինանսական շուկայի միասնական կարգավորման ու վերահսկողության համակարգի ձևավորման հետ կապված հարցերը:

Կառավարության անդամներն ի գիտություն են ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի զեկուցումը՝ «ՀՀ կառավարության 2005թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» կառավարության որոշման 2005թ. հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը: Ըստ այդմ, 01.01.05-08.07.05 ժամանակահատվածում կատարման ենթակա թվով 148 կետից 16-ը տեղափոխվել է 2005թ. երրորդ և չորրորդ եռամսյակ, 6 կետ հանվել է ցանկից: Ցանկում մնացած և կատարման ենթակա թվով 126 կետից 2005թ. հուլիսի 8-ի դրությամբ կատարվել է 109-ը կամ 86,5տոկոսը: Հուլիսի 8-ի դրությամբ չեն կատարվել նախատեսված ընդհանուր թվով 17 կետ կամ 13,5 տոկոսը, միջոցառումների ցանկից կատարված թվով 109 կետից 37-ը կամ 29,4 տոկոսը կատարվել է ուշացումով: Զեկուցման արդյունքում ՀՀ վարչապետը հանձարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ 15-օրյա ժամկետում իրեն տրամադրել չկատարված կամ ուշացումով կատարված միջոցառումների պատճառների հանգամանալից վերլուծություն, որից հետո թերացողների հետ կապված կարվեն անհրաժեշտ հետևություններ, նվազագույնը՝ նկատողություն:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:

Գործադիրը որոշել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության համակարգում պետական հակահրդեհային տեսչության քաղաքացիական ծառայության վերափոխման հետ կապված զինծառայողների կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, դրամական օգնությունների վճարները ապահովելու նպատակով, հիշյալ վարչությանը ներկայացնել 36,264.2 հազար դրամ՝ 2005թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Կառավարության պահուստային ֆոնդից 20 մլն դրամ էլ հատկացվել է ՀՀ դատախազությանը՝ գլխավոր դատախազության վարչական շենքի հիմնանորոգման նպատակով: Եվս 52 մլն. 251 հազար դրամ պահուստային ֆոնդից տրամադրվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները ֆինանսավորելու համար:

Մեկ այլ որոշմամբ «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբ» ՓԲԸ գործող ընկերության պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությանը:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ