երեքշաբթի, 19 հուլիսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպում է ունեցել ՀԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնի հետ: Քննարկվել են բանկի հետ ՀՀ կառավարության համագործակցության հետագա ծրագրերը, կառավարության կողմից դրանք համակարգելու և տարբեր ոլորտներում իրագործվող կամ իրագործվելիք ծրագրերը, իբրև համապարփակ ծրագրի բաղադրիչներ, մեկ ընդհանուր ծրագրում ներառելու անհրաժեշտությունը: Վարչապետը հույս է հայտնել, որ էլէկտրոնային կառավարության գաղափարի իրականացումը, որը կառավարությունը հաստատակամ է կյանքի կոչելու և հետևողականորեն շարունակելու է այս ուղղությամբ քայլեր իրականացնել, մեծապես կնպաստի համակարգման խնդրի լուծմանը ևս՝ միաժամանակ նպաստավոր պայմաններ ստեղծելով մասնավոր հատվածի համար: Նշելով, որ կառավարությունում ՀԲ-ի ծրագրերի համակարգման հարցերով զբաղվելու է վարչապետի՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հարցերով զբաղվող խորհրդականը, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ կառավարության համար շատ կարևոր է առկա հնարավորությունների և դրանց արդյունավետ օգտագործման ժամկետների ճիշտ գնահատումը, գերակայություններից ելնելով առաջնահերթությունների սահմանումը՝ այդ ամենը նախատեսած նպատակին ծառայեցնելու և ակնկալած արդյունքը ստանալու համար:
ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենը պատրաստակամություն է հայտնել կառավարությունից պաշտոնական գրություն ստանալուց հետո, բանկի ղեկավարության հետ քննարկել էլետրոնային կառավարության ծրագրի իրագործմանն օժանդակության հարցը: Նշելով, որ գաղափարը բանկի կողմից ընդունելի է և այլ երկրներում նման ծրագրեր հաջողությամբ իրագործվել են, Ռոջեր Ռոբինսոնը հույս է հայտնել, որ բանկի ղեկավարությունը դրական պատասխան կտա և հաճույքով կաջակցի ծրագրի իրականացմանը: