Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 հուլիսի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «ՀՀ բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ծրագրերի բնակելի տների նախագծերի և կատալոգի կիրառման կարգը»: Այն ուղղված է համապատասխան պետական ծրագրերի իրականացման համար սոցիալական և սանիտարական նվազագույն ստանդարտներն ու նորմերն ապահովող, փախստականների և բնակչության առավել անապահով խավերի համար նախատեսված բնակելի տների նախագծերի և դրանց կատալոգի մշակմամբ պետական միջոցների նպատակային օգտագործմանը, ինչպես նաև այդ շրջանակներում բարվոք կենցաղային և գեղագիտական պահանջներին համապատասխանող բնակելի միջավայրի ապահովմանը:

Գործադիրը հաստատել է Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերը չընդունող բնակավայրերում ռադիոծրագրերի հեռարձակումն ապահովող միջոցառումների ծրագիրը: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարին՝ ապահովել ՀՀ համապատասխան բնակավայրերում հեռուստակայանների տեխնիկական նորմերին համապատասխանող տարածքների սահմանված կարգով հատկացման, ճանապարհների շինարարության և էլեկտրահաղորդման գծերի կառուցման համար անհրաժեշտ աշխատանքների կատարումը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարներին:

Մեկ այլ որոշմամբ, հաստատվել են նաև Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևը և հաշվետվություններին ներկայացվող պահանջները: Հանձնարարվել է ՀՀ նախարարներին և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երկամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ներկայացնել հաշվետվություն ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված ԱՀՌԾ ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ՝ հաշվետվությունների նշված ձևին ու պահանջներին համապատասխան:

Նիստում գործադիրը հաստատել է ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար արտանետումների նվազեցման միջոցառումների ծրագիրը: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին՝ սույն որոշմամբ սահմանված ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման արդյունքները ներկայացնել ՀՀ բնապահպանության ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություններ, մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը՝ սկսած 2007 թվականից: ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին և հարկային պետական ծառայության պետին հանձնարարվել է՝ համապատասխանաբար հանրապետություն ներկրված և իրացված ավտոտրանսպորտային վառելանյութերի քանակությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարություն, մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը՝ նախորդ տարվա համար, սկսած 2006 թվականից: Հանձնարարվել է նաև Երևանի քաղաքապետին՝ մշակել և մինչև 2005թ. հոկտեմբերի 1-ը կառավարություն ներկայացնել ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի «ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որպեսզի ուղևորափոխադրումների իրականացման նպատակով մրցույթներ անցկացնելիս նախապատվությունը տրվի այն կազմակերպություններին, որոնց ավտոտրանսպորտային միջոցներն ունեն վնասակար արտանետումների չեզոքացուցիչներ:

Կառավարությունը ի գիտություն է ընդունել Համաշխարհային բանկի Տրանսպորտի վարկային ծրագրով իրականացված աշխատանքների մասին հաշվետվությունը: Զեկուցվել է, որ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության (ՀԲ) միջև 2000թ. հուլիսի 7-ին կնքված Զարգացման վարկային համաձայնագրի շրջանակներում իրականացված Տրանսպորտի վարկային ծրագիրն ավարտվել է սահմանված ժամկետում՝ 2004թ. դեկտեմբերի 31-ին: Ծրագրի շրջանակներում, դրա երեք բաղադրիչների՝ ճանապարհների վերականգնման, երկաթուղու վերականգնման, տրանսպորտի և կապի նախարարության կառուցվածքային ամրապնդման ուղղություններով կատարվել են մոտ 49 մլն ԱՄՆ դոլարի աշխատանքներ, որից 7.7 մլն-ը ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 35 մլն դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը: Սահմանվել է, որ այդ գումարը պետք է ուղղվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ծիծեռնակաբերդ զբոսայգու շահագործման, սպասարկման և պահպանության ծախսերին:

Նիստում լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» N 1783-Ն որոշման մեջ: Մասնավորապես, այն լրացվել է «Կրոնական խնդիրներ ունեցող քաղաքացիներին իրենց դիմումների հիման վրա հատկացվում է առանց գծիկավոր պայմանանշանի և առանց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշի սոցիալական քարտեր» նոր պարբերությամբ: Որոշումը նպատակ ունի մեկ անգամ ևս քաղաքացու համար տեսանելի ձևով հստակ ամրագրել, որ սոցիալական քարտի վրա տպված տասանիշ թիվը սոցիալական քարտի համարն է:

Կառավարությունը որոշել է ստեղծել «Գյուղական ֆինանսավորման կառույց- ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, հիմնադրի լիազորությունները վերապահելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և հաստատել է դրա կանոնադրությունը: Որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005թ. հունվարի 28-ին ստորագրված ու 2005թ. մայիսի 2-ին ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագրի գյուղական ձեռնակատիրության ֆինանսավորման բաղադրիչով նախատեսված աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 2-ի «Ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգումը հաստատելու մասին» N 94 որոշման մեջ՝ ստորերկրյա ջրերի հանքավայրերի ռացիոնալ շահագործումը, պահպանությունը և ջրօգտագործման ծավալների նկատմամբ պետական վերահսկողությունն ապահովելու նպատակով:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ-ում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին: Բնակչության պետական ռեգիստր վարող և տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը: Որոշմամբ սահմանվել են բնակչության պետական ռեգիստրում հաշվառման, անհատական տվյալների մուտքագրման, անհատական տվյալների փոփոխության և լրացման, ՀՀ-ում բնակվող չհաշվառված անձանց պարտադիր հաշվառման, բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձի մահից հետո անհատական հաշվառման տվյալների իրավական ռեժիմի փոփոխման կարգերը, ինչպես նաև հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Բնակչության պետական ռեգիստրում անհատական հաշվառման տվյալների կուտակման նպատակով նշվել են կառավարման համապատասխան մարմինները և դրանց կողմից տրամադրվող տվյալների ցանկը:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ուսանողների՝ մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը: Սահմանվել է, որ կարգի գործողությունը տարածվում է պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի վրա՝ անկախ դրանց կառուցվածքային կարգավիճակից (բուհ, մասնաճյուղ, կրթահամալիր), ուսուցման ձևից (առկա, հեռակա), իրականացվող կրթական ծրագրերից (բակալավրիատ, դիպլոմավորված մասնագետ, մագիստրատուրա) և մասնագիտություններից: Ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ մեկ անգամ ևս որոշման դրույթները քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար:

«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է արխիվային փաստաթղթերն առանձնապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու, դրանց հաշվառման, ապահովագրական պատճենների ստեղծման և պահպանության կարգը: Այդ կապակցությամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1998թ. սեպտեմբերի 18-ի N 577 համապատասխան որոշումը:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, որի նպատակը նշված օրենքում առկա արտարժույթով սահմանված չափորոշիչները ՀՀ դրամով արտահայտելն է: Նույն նպատակով փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության մի շարք այլ որոշումների մեջ:

Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի «ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ: Դրանով նշված որոշմամբ հաստատված «ՀՀ-ում արտադրվող ոգելից խմիչքի ու էթիլային սպիրտի (ներառյալ շշալցումը) և ՀՀ-ում արտադրվող ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների (տուփերի) ցանկում ներառվել են նաև 0.125լ, 0.187լ, 0.375լ, 1.5լ և 3.0լ ոչ ստանդարտ տարողություններով տարաները՝ հաշվի առնելով, որ կազմակերպությունների կողմից նման տարաներով արտադրանքի արտադրության ծավալներն ընդլայնման միտում ունեն:

«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները 2005թ. տարեկան ծախսերի նախահաշվի ձևով, ինչպես նաև նշված ծառայությունների իրականացման ծախսերի նորմատիվները: Նոր նորմատիվները սահմանվել են՝ հաշվի առնելով, որ տարեկան ծախսերի նախահաշիվները կազմելու համար անհրաժեշտ նախկին նորմատիվները հաստատվել են ՀՀ կառավարության 1998թ. սեպտեմբերի 22-ի N 599 որոշմամբ, որը ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել: 2005թ. տարեկան ծախսերի նախահաշվի կատարման հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով, որոշմամբ համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, ՀՀ ոստիկանության պետին:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել է մինչև ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ուժի մեջ մտնելը ստեղծված և այդ օրենսգրքով սահմանված կազմակերպա-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ ձեռնարկությունների, այդ թվում՝ պետական ՓԲԸ-ների, դուստր ձեռնարկությունների, պետական ձեռնարկությունների, հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների, գրասենյակների, օժանդակ տնտեսությունների լուծարման կարգը: Հանձնարարվել է ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել այդ պետական կառավարման մարմինների տնօրինմանն անցած ձեռնարկությունների մասին առկա տեղեկատվությունը:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ստեղծել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Բեմարվեստի փորձարարական կենտրոն «Գոյ» պետական ոչ առևտրային կազմակերպություն և սեփականության իրավունքով կազմակերպությանը հանձնել 100 հազար դրամ արժողությամբ գույք՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի: Որոշվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց իրավունքով ամրացված գույքից հետ վերցնել և «Բեմարվեստի փորձարարական կենտրոն «Գոյ» ՊՈԱԿ-ին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել Գ. Լուսավորչի 6 հասցեում գտնվող շենքի 18776.8 հազար դրամ արժողությամբ 700 քմ տարածքը՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր: «Բեմարվեստի փորձարարական կենտրոն «Գոյ» ՊՈԱԿ-ի կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը: «Բեմարվեստի փորձարարական կենտրոն «Գոյ» ՊՈԱԿ-ի գործունեությունն ապահովելու նպատակով, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացվել է 8 մլն 16.6 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին և ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կամակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու (Տեր-Գաբրիելյան) փողոցի N 42 հասցեում գտնվող մարզադահլիճի մասնաշենքը՝ 417.21 քառ. մ ընդհանուր մակերեսով, հետ վերցնել և փոխանակման ճանապարհով օտարել, իսկ շենքի զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասն առանց մրցույթի վարձակալությամբ, գնման նախապատվության իրավունքով, տրամադրել «Սլավ-ֆուտ» ՓԲԸ-ին՝ դրա դիմաց Երևանի Թումանյան փողոցի N 42 հասցեում գտնվող «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ին հատկացված հողատարածքում 396 քառ. մ մակերեսով իր միջոցների հաշվին նոր մարզադահլիճ կառուցելու և այն որպես պետական սեփականություն «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ին անհատույց, անժամկետ ամրացնելու պայմանով: Համապատասխան հանձնարարականներ են տրվել Երևանի քաղաքապետին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը նաև որոշում է ընդունել Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի շուրջ երկու տասնյակ գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու մասին: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 202-Ն որոշմամբ հաստատված Արագածոտնի մարզի Օրգովի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում գյուղատնտեսական նշանակության պետական սեփականության 20.6 հա հողերը փոխադրվել են՝ 0.6 հա արոտավայրը հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա, հանգստի գոտու համար, 10 հա արոտավայրը ջրային հողերի կատոգերիա, ջրամբար կառուցելու համար, 10 հա արոտավայրը էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: Գծային ենթակառուցվածքը այլ սեփականության իրավունքի սուբյեկտների հողամասերով անցնելու դեպքում որոշվել է սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ