Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 25 մայիսի 2005

 


 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ 2005թ. պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում hամախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 248.1 մլրդ դրամ, իրական աճը՝ 7.8 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր է 0.4 տոկոսով: Տեղեկատվության համաձայն, 2005թ. առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալն աճել է 5.1 տոկոսով, արտահանվել է իրացված արդյունաբերական արտադրանքի 36 տոկոսը՝ նախորդ տարվա 35.5 տոկոսի դիմաց (9.5 տոկոսը՝ ԱՊՀ, իսկ 26.4 տոկոսը՝ այլ երկրներ): Նախորդ տարվա համեմատ 22.3 տոկոսով ավելացել են նաև ֆինանսավորման բոլոր աղբյուրներից իրականացված կապիտալ շինարարության ծավալները՝ կազմելով շուրջ 21 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2005թ. հոնվար-մարտին աճել է 1.1 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 28.1 տոկոսով աճել է նաև արտաքին ապրանքաշրջանառությունը՝ կազմելով շուրջ 566 մլն ԱՄՆ դոլար: 102.6 տոկոսով կատարվել է հարկային եկամուտների հավաքագրումը՝ կազմելով շուրջ 61 մլրդ դրամ: Առհասարակ, 2004թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 35.5 տոկոսով կամ ավելի քան 20.4 մլրդ դրամով: Ընդ որում, եկամուտների աճի կեսից ավելին՝ 10.7 մլրդ դրամն ապահովվել է հարկային եկամուտների հաշվին: Հարկերի բացարձակ աճի հետ մեկտեղ բարձրացել է նաև դրանց աճի տեմպը: Այն 2004թ. առաջին եռամսյակի 117.5 տոկոսի դիմաց կազմել է 121.4 տոկոս: Ըստ տեղեկատվության, 2004թ. առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 9.7 տոկոսով կամ 5.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի, տրանսֆերտների և կրթության ոլորտի ծառայությունների ձեռք բերման ծախսերի աճով: Տեղեկատվությունը պարունակում է բազմաթիվ այլ ցուցանիշներ ևս:


Գործադիրը հավանություն է տվել «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է ՀՀ բնակչության զբաղվածության իրավական հիմքերը, պետական քաղաքականության սկզբունքները, աշխատանքի և զբաղվածության ազատ ընտրության և գործազուրկների սոցիալական պաշտպանության պետական երաշխիքները:


Հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծին, որի նպատակը գործատուի կողմից «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքերում վարչական տույժերի սահմանումն է: Նախատեսվում է, որ պատասխանատվության միջոցների կիրառման համակարգերի ներդնումը կնպաստի զբաղվածության իրավահարաբերությունների կանոնակարգման նպատակով ընդունվող որոշումների համար պաշտոնատար անձանց պատասխանատվության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև կխթանի գործատուների կողմից օրենսդրությամբ սահմանված պայմանների և կանոնների պահպանմանը:


Նիստում հավանություն է տրվել Ներառական կրթության հայեցակարգին: Այն նպատակուղղված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հանրակրթական դպրոցում կրթության կազմակերպման՝ ներառական կրթության հարաբերությունների սկզբունքների ամրագրմանն ու կիրարկմանը: Հայեցակարգի ընդունման հիմնական նպատակն է՝ ապահովել հատուկ կրթության բարեփոխման իրավական հիմքերը, միջազգային չափանիշներին համապատասխանող նպատակների, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության մասին», «ՀՀ կրթության զարգացման 2001-2005թթ.պետական ծրագիր» ՀՀ օրենքների դրույթների, Հանրակրթության պետական կրթահամակարգով սահմանված սկզբունքների լիարժեք իրագործումը:


Մեկ այլ որոշմամբ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, հաստատվել են հեռակա և դրսեկության (Էքստեռնատի), ինչպես նաև հեռավար (դիստանցիոն) ձևերով ուսուցում չթույլատրվող բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկերը:


«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին, Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը, կառավարությունը հաստատել է սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և դրանց հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը: Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին՝ որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, վեց ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով հաստատել նշված նյութերով արտադրանքներից սննդամթերքի մեջ արտազատվող վնասակար քիմիական նյութերի ընդհանուր սահմանային թույլատրելի քանակությունը և դրանց որոշման մեթոդները:


Նիստում հավանություն է տրվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին ևս: Նախագիծը մշակվել է օրենսգիրքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, գործնական կիրառման ընթացքում բացահայտված առանձին դրույթները հստակեցնելու, ինչպես նաև ՀՀ քրեական նոր օրենսգիրքն ընդունելու հետ կապված դատավարական մի շարք նորմեր ճշգրտելու նպատակով:


Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների ՀՀ պետական բյուջեի վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշման մեջ՝ նշված գործընթացը կանոնակարգելու նպատակով:


Գործադիրը հաստատել է երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման ցանկերը (ցուցակները): Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1999թ. հուլիսի 19-ի համապատասխան որոշումը: Նշվել է, որ «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջներից բխող հիշյալ ցանկերի ընդունման անհրաժեշտությունը թելադրվում է ՀՀ ազգային և տնտեսական շահերով և համահունչ է եվրոպական ինտեգրմանը նպատակաուղղված մեր երկրի քաղաքականությանը:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է Լոռու մարզի Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ն օրենքով սահմանված կարգով՝ առանձնացման ձևով վերակազմակերպել, ստեղծելով «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ: Վերջինիս կառավարման լիազորությունները վերապահվել են «ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Բաժանիչ հաշվեկշռի համաձայն, Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի չափը սահմանվել է 426 մլն 60 հազար, իսկ նոր ստեղծվող ընկերության կանոնադրական կապիտալը՝ 3 մլն 730 հազար դրամ: Որոշման ընդունումը կնպաստի Լոռու մարզում արտակարգ իրավիճակներում տուժածներին համապատասխան բուժօգնության ցուցաբերման աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, արյան հավաքման բաժանմունքներին մեթոդական և խորհրդատվական օգնություն ցուցաբերելուն:


Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2001թ. սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու վերաբերյալ N 895 որոշման մեջ: Դրանով «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինկասացիոն գործունեությունը լիցենզավորող, ինչպես նաև լիցենզիայի պահանջների կամ պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառավարության կողմից լիազորված մարմին է ճանաչվել ՀՀ ոստիկանությունը:


Այլ որոշումներով, կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին», «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերին: Օրինագծերով նախատեսվում է պարտավորեցնել հարկային մարմիններին, ինչպես նաև լիազորված մարմնին՝ ՀՀ կառավարության սահմանած ձևով և կարգով, ցանկերի տեսքով, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը, կամ որոշ դեպքերում մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, տեղեկատվություն հրապարակել հարկ, այն նաև սոցիալական ապահովագրության վճար վճարողների պարտավորությունների կատարման արդյունքների վերաբերյալ: Նախագծի ընդունումը պայմանավորված է հարկային մարմնի աշխատանքների թափանցիկության և հրապարակայնության ապահովման խնդրի լուծմամբ, այն նաև կնպաստի հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման շրջանակներում տնտեսական կյանքին հասարակության մասնակցությունն ակտիվացնելու նպատակով լիարժեք տեղեկացվածությանը:


«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումների կողմից ՀՀ անունից պայմանագրային հիմունքներով իրականացվող հակահրդեհային պահպանության ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների հաշվին 2005թ. իրականացվելիք տարեկան ծախսերի նախահաշիվը: Այլ հանձնարարականների թվում արտակարգ իրավիճակների վարչության պետին հանձնարարվել է նաև սահմանել որոշմամբ հաստատված ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային համամասնությունները:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ԱՊՀ մասնակից պետությունների միջև փոխադարձ առևտրում սահմանափակումների փուլային վերացման մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Այլ որոշումներով համաձայնություն է տրվել նաև «ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հարկային հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» և «Թմրամիջոցների, հոգեներգործուն միջոցների և դրանց բաղադրիչների օրինակների փոխանցման կարգի մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:


«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1809-Ն որոշման մեջ՝ դրա որոշ դրույթների հստակեցման և արդի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:


«Պետական կառավարչական հիմնարկի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի գույքի կազմից օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 196 մլն 590 հազար 187 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և այն, որպես պետական սեփականություն, ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ այն նշված հիմնարկից հետ վերցնելու և «Մելիորացիա» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ներդնելու նպատակով:


«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը, 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 60 մլն դրամ է հատկացրել ՀՀ նախագահի աշխատակազմին տրամադրելու համար՝ ՀՀ նախագահի աշխատակազմի «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությանը 2005թ. պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հանձնարարվել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2005թ. հոկտեմբերի 1-ը ներկայացնել առաջարկություն՝ ՀՀ նախագահի աշխատակազմին «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրի միջոցները ՀՀ 2005թ. պետական բյուջեով լրացուցիչ 60 մլն դրամով ավելացնելու վերաբերյալ:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ 2005թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2003-2004թթ. իրականացրած և 2005թ. ծրագրային ու ընթացիկ գործունեության առկա աշխատանքային ծավալները հաշվի առնելով Երևան քաղաքում պետական կոմիտեի ևս մեկ տարածքային ստորաբաժանման ստեղծման նպատակահարմարությամբ:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը թույլատրել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը և մաքսային պետական կոմիտեին՝ համաձայնեցնելով լուծարվող «Հայագրոբանկ» ԲԲԸ-ի հետ, ՀՀ անունից կնքել հրաժարագնի գործարք, ըստ որի ՀՀ-ի նկատմամբ բյուջետային վարկային պարտքի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դիմաց բանկի լուծարային հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի, սեփականության իրավունքով հանձնում է 527 մլն 172 հազար դրամ ընդհանուր արժեքով (ներառյալ ԱԱՀ) գրավադրված գույք, իսկ «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը և «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը պարտավորվում են հրաժարագնի գործարքի կնքումից հետո 10 օրվա ընթացքում բանկին վճարել գույքի գնի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը՝ համապատասխանաբար 65 մլն 457 հազար 190 և 22 մլն 404 հազար 810 դրամ: Որոշմամբ «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Մ. Խորենացու փողոցի N 3 շենքից 429.28 քմ մակերես ունեցող տարածքը հետ է վերցվել և ամրացվել «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Որոշումն ընդունվել է հաշվի առնելով, որ սոցիալական վճարների հավաքագրման գործառույթը հարկային պետական ծառայությանն անցնելու կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել հարկային պետական ծառայության գործառույթների արդյունավետ իրականացման նպատակով նոր վարչական տարածքների ձեռքբերել: Որոշմամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 17-ի «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգի զարգացման ֆոնդի 2005թ. միջոցների օգտագործման ուղղությունները՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձևով հաստատելու մասին» N153-Ն որոշման մեջ: Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 3-ի «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2005թ. նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները հաստատելու մասին» N 81-Ա որոշման մեջ:


Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Որոշումն ընդունվել է ճանապարհային երթևեկության անվտանգության հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական դաշտի բարեփոխման շրջանակներում և նպատակ ունի նվազեցնել բնագավառում առկա կոռուպցիոն ռիսկերը:


Կառավարությունը ՀՀ 2005թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ է կատարել, որոնք պայմանավորված են «Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնման ծրագիր» վարկային ծրագրին ՀՀ կառավարության համաֆինանսավորման գծով առաջին կիսամյակում նախատեսված հատկացումների դիմաց լրացուցիչ՝ նշված ծրագրերով 2005թ. 3-րդ և 4-րդ եռամսյակներում նախատեսված հատկացումների հաշվին համապատասխանաբար 34.6 մլն դրամի և 14.8 մլն դրամի չափով ծախսերի առաջնահերթ կատարման և լրացուցիչ 84.4 մլն դրամի անհրաժեշտությամբ: Նշված ծախսերն առաջարկվում է ֆինանսավորել ՀՀ 2005թ. պետական բյուջեով «ՀՀ պետական արժեթղթերի (գանձապետական պարտատոմսերի) սպասարկում (տոկոսավճար)» և «Օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից և այլ արտաքին աղբյուրներից ստացված վարկերի սպասարկում (տոկոսավճար) և «Աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն» ծախսային ծրագրերի գծով նախատեսված միջոցների հաշվին (վերջին երկու ծրագրերի գծով նախատեսված գումարները վերականգնելով 2-րդ կիսամյակի ընթացքում):


Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 17-ի «Հայաստանյայց Առաքելական եկեղեցու սեփականությունը հանդիսացող վանքերի ու եկեղեցիների զբաղեցրած և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն անհատույց սեփականության իրավունքով Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն օտարելու մասին» N 213-Ա որոշման մեջ, որը պայմանավորված է առանձին վանքերի և եկեղեցիների սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի մակերեսների չափերի ճշգրտմամբ: Լրացվել է նաև պետական գրանցում ստացած առանձին վանքերի և եկեղեցիների ցանկը, որոնք ընդգրկված չեն եղել ՀՀ կառավարության 2000թ. հուլիսի 17-ի «Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն վանքեր և եկեղեցիներ անհատույց սեփականության իրավունքով հանձնելու մասին» N 403 և 2001թ. հուլիսի 9-ի «Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն վանքեր և եկեղեցիներ հանձնելու մասին» N 616 որոշումներով հաստատված ցանկերում:


Առանձին որոշումներով, «Տեղական ինքնակառավարման մասին» և «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է Արագածոտնի մարզի Աշտարակի, Շիրակի մարզի Արթիկի քաղաքային, ինչպես նաև Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերի մի շարք գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագրերը: Մեկ այլ որոշմամբ, հանձնարարվել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, 1 մլն 320 հազար 905 դրամ հատկացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին, 2005թ. հունիսին կայանալիք Արմավիրի մարզի Նորապատի, Սովետականի, Գեղարքունիքի մարզի Գեղամաբակի, Զոլաքարի գյուղական համայնքների ղեկավարների, Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավարի, Բլագոդարնոյեի գյուղական համայնքի ղեկավարի, Կոտայքի մարզի Քանաքեռավանի, Շիրակի մարզի Պեմզաշենի գյուղական համայնքների ղեկավարների, Նահապետավանի գյուղական համայնքի ավագանու անդամների, Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ