Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 մայիսի 2005

 



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում լիազորված պետական մարմնի գործունեության հիմնական սկզբունքները, այդ մարմնում ծառայությունը, պաշտոնները և կոչումները, ծառայության անցնելու կարգն ու պայմանները, պաշտոնների նշանակման և կոչումներ շնորհելու կարգը, ծառայության հետ կապված ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները, ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններն ու հիմնական հարաբերությունները:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ստեղծել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ և հաստատել նախարարության կառուցվածքն ու կանոնադրությունը, ինչպես նաև նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների՝ կառուցվածքն ու կանոնադրությունները: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ նախագահի 2005թ. ապրիլի 27-ի «ՀՀ նախագահի 2002թ. մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՆՀ-74-Ն հրամանագրի ընդունմամբ: Մեկ շաբաթ ժամանակ է տրվել՝ արդարադատության նախարարության հետ նախագիծը լրացուցիչ քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար:


Մեկ այլ որոշմամբ, ստեղծվել է նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ և հաստատվել են աշխատակազմի կառուցվածքն ու վարչության կանոնադրությունը, ինչպես նաև վարչության աշխատակազմի հակահրդեհային պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը: Սահմանվել է, որ մինչև զինվորական ծառայությունից անցումը փրկարարական և քաղաքացիական ծառայության, արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողներն օգտվում են ՀՀ օրենքով սահմանված սոցիալական երաշխիքներից և արտոնություններից: Ուժը կորցրած են ճանաչվել կառավարության համապատասխան նախորդ որոշումները: Որոշումն ընդունվել է արտակարգ իրավիճակների վարչության համակարգի բարեփոխումների ծրագիրն ապահովելու նպատակով:



«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը, 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին 115 մլն դրամ է հատկացրել քաղաքաշինության նախարարությանը, որից համապատասխանաբար 45 մլն դրամ՝ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի, 55 մլն դրամ՝ Երևանի N 104 միջնակարգ դպրոցի, ևս 15 մլն դրամ՝ Հայկական կարմիր խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար: Որոշումն ընդունվել է պետության 2005թ. կարիքների բավարարման նպատակով ՀՀ 2005թ. պետական բյուջեով առանձին ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների գումարների դիմաց «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից անցկացված մրցույթների արդյունքներով առաջացած տնտեսումների արդյունքում:


Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005թ. հունվարի 28-ին ստորագրված ու 2005թ. մայիսի 2-ին ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագիրը գործողության մեջ դնելու նպատակով, կառավարությունը որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը համարել գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի գլխավոր գործակալություն: Նշված ծրագրի վարչական, ֆինանսական և գործառնական աշխատանքներն իրականացնելու նպատակով, ստեղծվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկ և հաստատվել է դրա կանոնադրությունը: Ստեղծվել է նաև գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհուրդ: Հանձնարարվել է գյուղատնտեսության նախարարին՝ մեկշաբաթյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացնել ծրագրի համակարգող խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը: Գյուղատնտեսության ծառայությունների ծրագիրն ավարտվելու պատճառով, որոշվել է դադարեցնել «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կոորդինացման գրասենյակ» և «Ջրօգտագործողների միավորումներին աջակցության կենտրոն» պետական հիմնարկների գործունեությունը և հանձնարարվել է գյուղատնտետության նախարարին՝ այդ հիմնարկների լուծարումից հետո, դրանց գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին: Նշված ծրագրին ՀՀ համաֆինանսավորման մասնաբաժինը վճարելու նպատակով, ՀՀ 2005թ. կառավարության պահուստային ֆոնդից 150 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով գումար է հատկացվել գյուղատնտեսության նախարարությանը:


Նիստում մի շարք որոշումներ են ընդունվել բնապահպանության ոլորտի վերաբերյալ: Մասնավորապես, կառավարությունը հաստատել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» օրենքում ամրագրված «Լքված հանքավայրերի պաշարների գույքագրում» ծրագիրը, որով նախատեսված 3 մլն. դրամի սահմաններում լքված հանքավայրերի գույքագրման աշխատանքներ կիրականացվեն Տավուշի մարզում: «Լիցենզավորման մասին», ինչպես նաև «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, հաստատվել են ռադիոակտիվ թափոնների պահեստարանների և դրանց գերեզմանոցների շահագործման, ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ վերամշակման, լիցենզավորման կարգերն ու լիցենզիայի ձևերը: «Թափոնների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը թափոնների գործածության ոլորտում թափոնների կառավարման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 14-ի «ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում բեզոարյան այծի որսի թույլատվություն տալու մասին» N 1421-Ն որոշման մեջ, հաշվի առնելով այդ որոշմամբ թույլատրված՝ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան ներկայացուցչության երևանյան գրասենյակի կոմից Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում «Բեզոարյան այծի վերականգնումը նրա ապրելավայրի բնական արեալում» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքը, որոշվել է բեզոարյան այծի որսի թույլտվության ժամկետը երկարաձգել մինչև 2005թ. վերջը:


Կառավարությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել ՀՀ առողջապահական համակարգի ընկերությունների և կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասի) և գույքի մասնավորեցման գործընթացը, բացառությամբ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ընկերությունների: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզերում և Երևան քաղաքում իրականացվող բժշկական հաստատությունների օպտիմալացման շրջանակներում կատարվող բարեփոխումները չվտանգելու նպատակով:


Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը՝ «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» օրենքով հաստատված «Նյութական աջակցություն ՀՀ ԱԺ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքներին» ծրագրով ՀՀ օրենսդրությամբ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչին վերապահված լիազորությունները վերապահել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և նշված ծրագրով նախատեսված ծախսերի ֆինանսավորման իրականացման հետ կապված հանձնարարական է տրվել նախարարին:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ներկայացրած 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության կանոնակարգի օրինակելի ձևը, ինչպես նաև վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) աշխատանքային ծրագիրը: Սահմանվել է, որ 2002-2004թթ. մինչև 500 մլն. դրամի չափով իրացման միջին տարեկան շրջանառություն ունեցող 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում օրենսդրությամբ և կանոնակարգով սահմանված վերստուգող հանձնաժողովների իրավասությունները դրվում են վերստուգողի վրա: Սահմանվել են նաև վերստուգող հանձնաժողովների անդամների կամ վերստուգողների ընտրության, աշխատանքի նշանակման, լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, վարձատրության և այլ գործառույթների ձևերն ու կարգերը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական կառավարման մարմինների ղեկավարներին: Հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ եռամսյա ժամկետում հաստատել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ընտրության մրցութային հանձնաժողովի ձևավորման և մրցույթի անցկացման կարգերը և մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները (չափանիշները):


Նիստում, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, հաստատվել են նաև դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը, լիցենզիա ստանալու հայտի ձևը: Որոշմամբ հաստատված կարգով լիազորված մարմնի իրավասությունները վերապահվել են ՀՀ ոստիկանությանը:


Առանձին որոշումներով գործադիրը հաստատել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման «Պետական աջակցություն թանգարաններին», «Պետական աջակցություն այլ թատրոններին և համերգային կազմակերպություններին» ծրագրերով Երևանի քաղաքապետարանին, Արարատի և Շիրակի մարզպետարաններին նախատեսված գումարների, ինչպես նաև մուլտիպլիկացիոն, խաղարկային կինոնկարների արտադրությանը, կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանմանը և կինոշուկաներին մասնակցությանը պետական աջակցության ծրագրերով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված գումարների բաշխումը՝ ըստ առանձին կազմակերպությունների: Որոշում է ընդունվել նաև ոչ պետական մամուլի հրատարակման գծով 2005թ. սուբսիդավորման մասին: ՀՀ 2005թ. պետական բյուջեի նշված ծրագրով մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված հատկացումները բաշխվել են ըստ առանձին կազմակերպությունների, որոնք ներառում են գրական-մշակութային, գիտական պարբերականները, ազգային փոքրամասնությունների լեզվով լույս ընծայվող մամուլը, մարզային հրատարակությունները:


Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը սահմանել է մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգը և չափորոշիչները:


Լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի N2176-Ն որոշման մեջ, գործադիրը «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ թույլատրվող ձեռնարկատիրական գործունեության ցանկը համալրել է՝ ներառելով կինո և տեսաֆիլմերի արտադրությունն ու տարածումը, թատերական գործունեությունը:


Այլ որոշումներով, «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ապահովագրական գործակալի գործունեության կանոնակարգի օրինակելի ձևը, դրանում ներառվող պայմաններն ու առանձնահատկությունները, ինչպես նաև սահմանել է ապահովագրական վկայագրերի հաշվառման, պահպանման և լիազորված պետական կառավարման մարմին եռամսյակային հաշվետվության ներկայացման կարգը:


«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում հաստատվել է մաքսային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարվում են առանց մրցույթի՝ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից:


Կառավարությունը հաստատել է հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքների որոշման կարգը, ինչպես նաև այդ օբյեկտների միակողմանի ընդունման ակտի ձևը: Առաջարկվել է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ իրենց սեփականությունը հանդիսացող նման օբյեկտների հաշվեկշռային արժեքները որոշելիս, առաջնորդվել սույն որոշմամբ սահմանված կարգով: Սահմանվել է, որ հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռի ընդունումն իրականացնում է մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և համապատասխան համայնքի կողմից առաջադրվող անդամներից կազմված հանձնաժողովը՝ սույն որոշմամբ հաստատված միակողմանի ընդունման ակտի միջոցով: Հանձնարարվել է քաղաքաշինության նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել ՀՀ տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները: Մեկ այլ որոշմամբ, վերոհիշյալ որոշումից բխող փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2004թ. նոյեմբերի 4-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N1746-Ա որոշման մեջ:


Գործադիրը հավանություն է տվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման ու կառավարման, ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման ու պահպանման, դասակարգման, գրանցման տնտեսական, իրավական ու կազմակերպական հիմքերը, ինչպես նաև այդ գործառույթներն իրականացնող մարմինների ու կազմակերպությունների իրավահարաբերությունները: Նույն որոշմամբ, հավանություն է տրվել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի նախագծից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին: Մեկ շաբաթ ժամկետ է տրվել՝ շահագրգիռ նախարարությունների հետ նախագիծը լրացուցիչ քննարկելու և ներկայացված առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում, օրակարգում ներառելու համար:


Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել նաև «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին, ըստ որի աշխատողի ցանկությամբ մասերով տրամադրվելիք ամենամյա արձակուրդի յուրաքանչյուր մասի տևողությունը սահմանվում է կողմերի համաձայնությամբ՝ որոշման մեջ ամրագրված նվազագույն՝ 14 օր տևողության փոխարեն:


ՀՀ հողային օրենսգրքին և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության, գյուղատնտեսության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Շիրակի մարզպետի և Շիրակի մարզի Իսահակյանի գյուղական համայնքի ղեկավարի առաջարկությունները, կառավարությունը որոշել է հանձնարարել Շիրակի մարզպետին՝ Իսահակյանի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ, ապահովել մեկամսյա ժամկետում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնակցությամբ բնակավայրի տարածքի ճշտումը (դրա կազմում ընդգրկելով նաև ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 13-ի «ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում հողերի սեփականաշնորհում իրականացնելու մասին» N336 որոշմամբ Բարձրաշեն գյուղի զարգացման համար նախատեսված պետական պահուստային ֆոնդի հողերից 48.0 հեկտար վարելահողը), ինչպես նաև՝ Բարձրաշեն գյուղի գոտիավորման և օգտագործման սխեմայի մշակումը: Թույլատրվել է Շիրակի մարզի Իսահակյանի գյուղական համայնքի ղեկավարին՝ առանց մրցույթի կնքել համայնքի Բարձրաշեն բնակավայրի հողերի կառուցապատման իրավունքի պայմանագիր «Բարձրաշեն» բարեգործական հիմնադրամի հետ՝ պայմանագրի նախագիծը համաձայնեցնելով քաղաքաշինության, գյուղատնտեսության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ, պայմանագրին կցելով սույն որոշման համապատասխան կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, համապատասխան տարածքի հատակագիծը, պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել նաև գույքային իրավունքների պետական գրանցումը: Որոշման կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման պատասխանատու է ճանաչվել Շիրակի մարզպետը:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 5-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու գնային առաջարկի ձևավորման և իրացման կարգը հաստատելու մասին» N 990 որոշման մեջ՝ ելնելով Երևան քաղաքի կառուցապատման նպատակով պետության կարիքների համար վերցվող օտարման գոտիներում իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքի ու հողերի գնահատման և փոխհատուցման, ինչպես նաև հաշվառվածների իրավունքների ճանաչման ու դադարեցման դրույթների ճշգրտման անհրաժեշտությունից: Սահմանվել է, որ որոշմամբ հաստատված նոր կարգը չի տարածվում Հյուսիսային և Գլխավոր պողոտաների իրացման գոտիներում արդեն իսկ կատարված գործառույթներին:


ՀՀ քաղաքացիական և հողային օրենսգրքերին համապատասխան՝ Երևան քաղաքում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով, կառավարությունը հաստատել է Երևանի Աբովյան փողոց հ.5/1 շենքին հարակից տարածքը պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտին՝ 160 քմ ընդհանուր մակերեսով: Նշվել է, որ հողամասի մակերեսը ենթակա է ճշգրտման՝ ըստ գույքագրման պայմանագրերի: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին՝ երկամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասի սահմանները և դրա օտարման գոտին գրանցել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում, նշված օտարման գոտում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով հայտարարել պետության կարիքների համար օտարման գոտու և նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին, օտարման գոտու տարածքում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով որոշել անշարժ գույքի իրացման արդյունքում փոխհատուցվող գումարների չափը: Քաղաքապետին հանձնարարվել է նաև ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքների գոտևորման նախագծերի մշակումն ու հաստատումը՝ կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով հողամասերի տրամադրման համար, ինչպես նաև կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովել 2005-2008թթ. ընթացքում՝ ըստ փուլերի ներգրավված ներդրումների ծավալներին համապատասխան:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, թույլատրվել է Երևանի քաղաքապետին՝ Երևանի Իսակովի պողոտային հարող տարածքից 5000 քմ մակերեսով հողամասն առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրել Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը՝ ռուսական ուղղափառ եկեղեցու կաթողիկե տաճար կառուցելու նպատակով: Որոշումն ընդունվել է հաշվի առնելով նաև, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հողամաս է հատկացվել հայկական առաքելական եկեղեցի կառուցելու համար:


Նիստում գործադիրը որոշում է ընդունել նաև «Շինարարություն, բարեկարգում» պետական ՓԲԸ-ի անավարտ շինարարության օբյեկտների կարգավիճակի կանոնակարգման մասին: Որոշումն ընդունվել է Երևան քաղաքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված կամ իրականացվող և «Շինարարություն, բարեկարգում» պետական ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառված մի շարք անավարտ շինարարության օբյեկտները պետական հաշվեկշիռ բերելու նպատակով: Որոշմամբ նշված անավարտ շինարարության օբյեկտները նախատեսվում է դարձնել պետական սեփականություն, որի արդյունքում՝ ըստ Երևանի քաղաքապետին տրված հանձնարարականների, պետք է առաջարկություններ ներկայացվեն այդ օբյեկտները (որոնք, ըստ էության, հողատարածքներ են) պետական կառուցապատման ծրագրերում ընդգրկելու կամ դրանք կառուցապատման նպատակով վարձակալությամբ տրամադրման, ինչպես նաև հրապարակային սակարկություններով օտարման վերաբերյալ:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Թափոնների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է հիմնադրման միջոցով ստեղծել «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Սահմանվել է, որ կազմակերպության գործունեության նպատակը որոշակի գործառույթների իրականացմամբ թափոնների կառավարման ոլորտին աջակցելն է: Կազմակերպության կառավարումն իրականացնող պետական մարմին է սահմանվել ՀՀ բնապահպանության նախարարությունը: Որոշմամբ համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ բնապահպանության ու ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ 2005թ. կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 3 մլն դրամ է հատկացվել բնապահպանության նախարարությանը՝ «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» ՊՈԱԿ-ի 2005թ. գործունեությունը ֆինանսավորելու համար: Այդ նպատակով ՀՀ 2005թ. պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ:


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է «Պրոգրես» ՓԲԸ-ի՝ հաշվեկշռային մեթոդով 658 հազար դրամ գնահատված արժեք ունեցող պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, «Մայրուղի» ՓԲԸ-ի՝ 3 մլն 234 հազար դրամ գնահատված պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և ընկերության վարձակալած 49մլն. 428 հազար դրամ կադաստրային արժեք ունեցող 3000 քմ. հողատարածքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իրենց աշխատավորական կոլեկտիվներին: Թույլատրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ ՀՀ էներգետիկայի նախարարության տնօրինության Երևան քաղաքի Խանջյան 11 հասցեի շենքի 1-ին և 2-րդ հարկերից՝ 2 մլն 94 հազար դրամ գնահատված արժեք ունեցող 454.9 քմ. տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին: Որոշվել է նաև «Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՊՈԱԿ-ից հետ վերցնել Երևան քաղաքի Ամիրյան 2 հասցեի շենքի 1347.3 քմ. տարածքը և հանձնել պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը: Վերջինիս թույլատրվել է հաշվեկշռային մեթոդով 6 մլն. 219 հազար դրամ գնահատված արժեք ունեցող նշված գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Յունիինվեստ» ՍՊԸ-ին: Հանձնարարվել է պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գնորդի հետ կնքելիք առուվաճառքի պայմանագրում նշել, որ գնորդը, 2005թ. փետրվարի 11-ին «Յունիինվեստ» ՍՊԸ-ի և գրադարանի միջև կնքված համաձայնագրին համապատասխան, պարտավոր է նույն հասցեում կառուցվող համալիրից վաճառողին սեփականության իրավունքով հատկացնել 800 քմ. տարածք՝ «Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՊՈԱԿ-ին ամրացնելու նպատակով:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է լուծարել ՀՀ կառավարությանն առընթեր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ենթակայության «Լեռնագնացների «Արագած» ակումբ» ՊՈԱԿ-ը:


Օրակարգում ընդգրկված հարցերի թվում կառավարությունը հաստատել է նաև Լոռու մարզի Կողեսի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և որոշել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 1.03 հա խոտհարքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա: Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 29-ի N 1076-Ն որոշմամբ հաստատված Լոռու մարզի Մղարթի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, որոնց համաձայն պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 42.5 հա արոտավայրերը փոխադրվել են արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ հանքարդյունահանման համար, իսկ իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 0.57 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ հանքահարստացուցիչ կոմբինատի կառուցման համար:

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ