Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 մայիսի 2005

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 40 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ հողօգտագործողներին աջակցելու համար 10 հազար տոննա պարարտանյութի յուրաքանչյուր 50 կգ-ի իրացման դիմաց 200 դրամ սուբսիդիա տրամադրելու նպատակով: Որոշմամբ 33 մլն 100 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը՝ «Մեղրի», «Նոյեմբերյան», «Խնձորուտ», «Բերդ» և «Հախում» ջրօգտագործողների ընկերություններում 2005թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով, որից «Մեղրի» ջրօգտագործողների ընկերությանը՝ 25 մլն դրամ, «Նոյեմբերյան»-ին՝ 2 մլն 500 հազար դրամ, «Խնձորուտ» և «Բերդ» ընկերություններին՝ 2 մլն-ական դրամ և «Հախում»-ին՝ 1 մլն 600 հազար դրամ:


Գործադիրն արձանագրային որոշում է ընդունել ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2004թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվության մասին: Հանձնարարվել է նախարարներին, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին, պետական այլ մարմինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին և մարզպետներին՝ ի գիտություն ընդունել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2004թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ՝ այդ մասին իրազեկելով ՀՀ կառավարությանը: Հաշվետվության մեջ նշվել է, որ 2004թ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչությունն իրականացրել է ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի արդյունավետ ու նպատակային օգտագործման, արտաբյուջետային միջոցների գոյացման ու տնօրինման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջների կատարման, վիճակախաղերի կազմակերպման գործունեության, ինչպես նաև շահումով խաղերի  և խաղատների գործունեություն իրականացնող կազմակերպություններում լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ճշտության և օրինականության ստուգումներ: Ըստ հաշվետվության, բացի ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2004թ. ծրագրով իրականացված թվով 85 ստուգումներից, հաշվետու տարում ծրագրից դուրս իրականացվել է ևս 104 ստուգում, որից 47-ը՝ իրավապահ մարմինների պահանջով: Ընդհանուր առմամբ, 2004թ. իրականացված 189 ստուգումների արդյունքում արձանագրվել են 36 մլրդ 297.6 մլն դրամի ֆինանսական խախտումներ, որոնցից ենթակա է վերականգնման/վերաձևակերպման 34 մլրդ 748.6 մլն դրամը (95.7 տոկոսը): Հաշվետվության մեջ նշվել է նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության կողմից բյուջեների կատարման նկատմամբ իրականացվող ստուգումները (որոնք, ըստ էության, ներկայումս փոխարինում են ներքին աուդիտին և կրում են անցումային բնույթ) ,2005-2008թթ. աստիճանաբար՝ ներքին աուդիտի համակարգի կայացմանը զուգահեռ, կփոխակերպվեն այդ համակարգի գնահատման (հսկողության) գործառույթի: Հանձնարարվել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ կառավարության քննարկմանը ներկայացնել հաշվետվությունում նշված խախտումների ցուցանիշներն առավել մանրամասն և հիմնավորված:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2004թ. սեպտեմբերի 30-ի N1380-Ն որոշմամբ հաստատված «Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին» համապատասխան, գործադիրը հաստատել է հարկային հավաքագրումներում ինքնագնահատման համակարգի ներդրման միջոցառումների ծրագիրը:


Նիստում կառավարությունը հաստատել է նաև 2005-2008թթ. հարկային ու մաքսային բարեփոխումների միջոցառումների ծրագիրը: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին, մաքսային պետական կոմիտեի նախագահին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել սահմանված ժամկետներում ծրագրով նախատեսված միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը կառավարության քննարկմանը:


Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է, որ զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ նշանակող իրավասու մարմիններն են՝ ՀՀ պաշտպանության, արդարադատության նախարարությունների, կառավարությանն առընթեր ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների վարչության, ՀՀ դատախազության և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան իրավասու ստորաբաժանումները: Որոշմամբ հաստատվել են նաև զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակ փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը, ինչպես նաև կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմումի, կենսաթոշակի գործերի հաշվառման մատյանի և գլխավոր մատյանի ձևերը: Հանձնարարվել է պաշտպանության, արդարադատության նախարարներին, ոստիկանության պետին, ազգային անվտանգության ծառայության պետին, արտակարգ իրավիճակների վարչության պետին, ՀՀ դատախազին և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին՝ եռամսյա ժամկետում մշակել և հաստատել կենսաթոշակի նշանակման (մերժման) մասին հաշվարկ-կարգադրության, զինվորական ծառայության ժամկետի և ապահովագրական ստաժի հաշվարկի, կենսաթոշակի վկայականի և կենսաթոշակի հաշվարկի քարտերի ձևերը: Սահմանվել է, որ որոշումը տարածվում է 2005թ. հունվարի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Այլ որոշումներով, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից բխող լրացումներ և փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 18-ի «Վարժական հավաքների և զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին» N 341, 2000թ. նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778, 2004թ. հունվարի 15-ի «Զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների պատճառը զինծառայության հետ կապելու կարգը հաստատելու մասին» N 46 որոշումների մեջ:


«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառում վարելու կարգը, ինչպես նաև անհատական հաշիվ բացելու հայտի և անհատական հաշվետվության ձևերը: Սահմանվել է, որ պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազան ձևավորում և վարում է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը՝ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված՝ տվյալների բազան վարող կազմակերպության միջոցով: Համապատասխան հանձնարարականներ են տրվել սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության նախարարներին, կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին: Հանձնարարվել է նաև ՀՀ նախարարներին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին և պետական կառավարման մյուս մարմինների ղեկավարներին՝ համակողմանիորեն օժանդակել ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին՝ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման համակարգը ներդնելու և դրան առնչվող աշխատանքները լուսաբանելու գործում: Հանձնարարվել է նաև հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին երկօրյա ժամկետում նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, իսկ վերջինիս՝ քննարկել և ամփոփել ներկայացված առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում լրամշակել որոշման նախագիծը և այն ներկայացնել վարչապետի մոտ քննարկման:


Կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով 2005թ. ոռոգման շրջանում Սևանա լճից ջրառի չափաքանակը սահամանել մինչև 120 մլն խոր.մետր: Որոշման ընդունումը պայմանավորված է Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ ինքնահոս և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու անհրաժեշտությամբ: Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին՝ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրաքանակներն ապահովել՝ համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակների և ժամկետների: Որոշմամբ թույլատրվել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ համաձայնեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի հետ, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի պլան-ժամանակացույցով նախատեսված՝ ամիսների և ամսվա կտրվածքով տասնօրյակներում կատարել ծավալային ու ժամկետային փոփոխություններ: Հանձնարարվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարին և ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հրազդան գետի բնական ելքերի փոփոխման դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել Սևանա լճից նախատեսված Սևան-Հրազդան իռիգացիոն համակարգով ջրի բացթողման չափաքանակներում:


Նիստում գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշման մեջ: Որոշման ընդունումը նպատակ ունի կարգավորել ՀՀ 2005թ. պետական բյուջեով բնակարանային ապահովման ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացի հետ կապված խնդիրները: Որոշմամբ սահմանվում է բնակարանի գնման վկայագրում նշվող աջակցության չափի հաշվարկման հիմքում դրվող աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձանց թվով) սենյակների թվով հասանելիք բնակարանի ընդհանուր մակերեսը: Դրա հետ մեկտեղ, նկատի ունենալով, որ վկայագրերի տրամադրման գործընթացը սկսվել է 2005թ. ապրիլ ամսին, ինչպես նաև արդեն իսկ տարվա սկզբից շուկայում ձևավորված բնակարանների արժեքների աճման միտումը, փոփոխվել է վկայագրում նշվող աջակցության չափի որոշման ժամանակ հասանելիք բնակարանի շուկայական միջինացված արժեքի վերաբերյալ հիմք ընդունվող տվյալների ժամկետը, որը 2005թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանվել է 2005թ. մայիսի 1-ը:


Կառավարությունը որոշել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Հասարակական կարգի պահպանության ապահովում» ծրագրով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տարեկան նախատեսված ծախսերից, առանց մրցույթի, 20 մլն դրամ դրամաշնորհ հատկացնել «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությանը՝ նրա գործունեությանն աջակցելու համար:


Գործադիրը հավանություն է տվել «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին: Որոշման ընդունումը պայմանավորված է նշված ծառայության կազմում նոր կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու անհրաժեշտությամբ, որը կիրականացնի քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, այլընտրանքային պատիժների ստորաբաժանման, քրեակատարողական հիմնարկների ու հատուկ նշանակության ստորաբաժանման գործունեության նկատմամբ վերահսկողություն: Փոփոխությունները պայմանավորված են նաև «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքը կառուցվածքային  և բովանդակային առումով այլ հատուկ ծառայությունների գործունեությունը կանոնակարգող օրենքներին ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ հավանություն է տրվել նաև «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրինագծերին, որոնք պայմանավորված են այդ օրենքների դրույթները «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի նոր տարբերակին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերին ևս: Առաջինով նախատեսվում է, մասնավորապես, հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելու դեպքում, արձանագրման կրիչի օրինակը՝ դրա համառոտագրման հետ միասին, տրամադրել դատավարության մասնակիցներին, նրանց գրավոր դիմումի հիման վրա: Երկրորդ օրինագծի ընդունումը կապված է արդարադատություն իրականացնելու ժամանակ դատավարության մասնակիցների շահերի առավել արդյունավետ պաշտպանության, դատարանների նկատմամբ վստահության բարձրացման, ինչպես նաև դատական նիստի արձանագրության ապացուցողական նշանակության բարձրացման հետ: Որոշմամբ, նշված օրինագծերի ընդունման հետ կապված, առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում:


Նիստում սահմանվել են 2005թ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի նորմատիվները:


Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատել է ՀՀ դատարանների քաղաքային հեռախոսագծերի քանակի և քաղաքային հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի նորմաները: Սահմանվել է, որ դատարանների համար հատուկ (սուպեր) հեռախոսակապի, ռադիոկապի, փոստային կապի, ինտերնետային կապի և քաղաքային ռադիոցանցի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքված պայմանագրերի, իսկ որպես ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների, էլեկտրաէներգիայի, վառելիքի, ջեռուցման և գազի ձեռքբերման ծախսերի նորմաներ ընդունվում են պետական կառավարման մարմինների համար սահմանված ընդհանուր նորմաները:


«Մշակութային արժեքների արտահանման ու ներմուծման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները: Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 22-ի «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1356-Ն որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է «Մշակութային արժեքների արտահանման ու ներմուծման մասին» ՀՀ օրենքով պետական լիազորված մարմնին վերապահված իրավասություններով, որի համաձայն պետական լիազորված մարմինը տարածքներում որևէ գործառույթ չի իրականացնում:


Նիստում գործադիրը հաստատել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման բյուջետային ծախսերի գործառական դասակարգման «Պետական աջակցություն գրադարաններին», «Պետական աջակցություն թանգարաններին» և «Պետական աջակացություն այլ թատրոններին և համերգային կազմակերպություններին» ծրագրերով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված գումարների բաշխումը՝ ըստ առանձին կազմակերպությունների:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության՝ առևտրի և ծառայությունների ոլորտում պետություն-վաճառող-գնորդ (սպառող) իրավահարաբերությունները կարգավորող մի շարք որոշումներ՝ 2006թ. հունվարի 1-ից «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ մտնելու կապակցությամբ:


Մեկ այլ որոշմամբ, ուժը կորցրած է ճանաչվել նաև ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 4-ի «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի և ՀՀ հարկային տեսչության համագործակցության միջոցառումների մասին» N 382 որոշումը, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 24-ի N294, 1998թ. հունիսի 8-ի N 352, 2001թ. փետրվարի 26-ի N142 և հոկտեմբերի 8-ի N 955 և մի շարք այլ որոշումներում, որը պայմանավորված է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի եկամուտների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության գործառույթները հարկային պետական ծառայությանը փոխանցելու գործընթացով:


ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 2-ի N 1800-Ն որոշմամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ՀՀ պետական սուրհանդակային գործակալությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթակայությանը հանձնելու կապակցությամբ, նիստում լրացում է կատարվել նաև ՀՀ կառավարության 2003թ ապրիլի 17-ի «ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N433-Ն որոշման մեջ:


Կառավարությունը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2005-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրինագիծը մշակվել է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան և նպատակուղղված է 2005թ. սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը:


Այլ որոշումներով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրության, նախագծման, կառուցման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 13-ի «ՀՀ բնակչության առողջության առաջնային պահպանման 2003-2008թթ. ռազմավարությունը և ՀՀ-ում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004թթ. փորձարարական ծրագիրը հաստատելու մասին» N1533-Ն որոշման մեջ՝ ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով: Որոշման ընդունմամբ նախատեսվում է, գնահատելով առողջապահության համակարգում իրականացված փորձարարական ծրագրերի դրական արդյունքները, կառավարությանը ներկայացնել մշակված և առողջապահության համակարգում ներդրման համար նախատեսվող ծրագիր, ինչը պահանջում է ծրագրի ներդրման շարունակում առնվազն մինչև ս/թ. հուլիս ամիսը:


Կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է բնականոն գույքային շրջանառության առանձին հարաբերությունների առավել հստակ կանոնակարգման անհրաժեշտությամբ: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրինագծին, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի պահանջներից և նպատակ է հետապնդում նշված օրենսգրքի համաձայն երեխայի որդեգրումը, ինչպես նաև որդեգրման վերացումը իրականացնել դատական կարգով:


Գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2005թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, 6մլն 672 հազար 780 դրամ հատկացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ 2005թ. հունիսի 5-ին կայանալիք Երևանի Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա և Նորք-Մարաշ թաղային համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Կառավարությունը որոշել է դիմել ՀՀ նախագահին 2005թ. մայիսի 17-ին ժամը 12:00-ին ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկությամբ՝ կառավարության հավանությանն արժանացած ավելի քան չորս տասնյակ ՀՀ օրենքների նախագծերը քննարկելու և ընդունելու նպատակով:


 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ