Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 3 մայիսի 2005

 



Այսօր` Բելառուսի Հանրապետություն ՀՀ վարչապետի այցի երկրորդ օրը, մինչև պաշտոնական հանդիպումներին անցնելը, Անդրանիկ Մարգարյանն այցելել է Հաղթանակի հրապարակ և իբրև հարգանքի տուրք՝ ծաղկեպսակ դրել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Այնուհետև, օրվա առաջին կեսին, նախագահական նստավայրում կայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի առանձնազրույցը: Վարչապետը Ալեքսանդր Լուկաշենկոյին է փոխանցել ՀՀ նախագահի ջերմ ողջույնները, որին ի պատասխան Բելառուսի նախագահն իր հերթին խնդրել է փոխադարձ ողջույններ հաղորդել ՀՀ նախագահին: Հայաստանի վարչապետը և Բելառուսի նախագահը միմյանց շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի առթիվ, նշելով, որ այն մեծ իրադարձություն է մեր ժողովուրդների կյանքում:


Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են վերջին մի քանի տարիներին տարբեր ոլորտներում համագործակցության, երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման բարձր մակարդակը: Նախագահ Լուկաշենկոն բարձր է գնահատել երկկողմ փոխշահավետ գործակցությունը, մասնավորապես, տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում, միջխորհրդարանական կապերի զարգացման, ռազմատեխնիկական, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում: Նա ընդգծել է, որ Բելառուսը ներկայումս տնտեսական առումով շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Բելառուսի նախագահը նաև ընդգծել է, որ իր երկրում բնակվող մեր հայրենակիցների միջոցով ևս մշտապես տեղեկանում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Անդրանիկ Մարգարյանը, կարևորելով Հայաստանի և Բելառուսի տնտեսական և քաղաքական հարաբերությունների դինամիկ զարգացումը, բարձր է գնահատել նաև Բելառուսի ցուցաբերած հավասարակշիռ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ:


Բելառուսի նախագահը և Հայաստանի վարչապետը գոհունակություն են հայտնել հատկապես տնտեսական բնագավառում հայ-բելառուսական համագործակցության զարգացման վերաբերյալ, որի լավագույն վկայությունն է այն փաստը, որ ՀՀ վարչապետի Բելառուս կատարած երկու այցերի միջև ընկած հինգ տարիների ընթացքում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն աճել է մի քանի անգամ: Միաժամանակ, նրանք նշել են, որ հայ-բելառուսական տնտեսական համագործակցությունը դեռևս չօգտագործված մեծ ներուժ ունի, որի իրացմանը կարող են նպաստել նաև ՀՀ վարչապետի այցի շրջանակներում անցկացվող գործարար համաժողովը, հայկական ապրանքների ցուցահանդեսի բացումը, Հայաստանի և Բելառուսի առանձին վարչական սուբյեկտների միջև համագործակցության հաստատումն ու խորացումը: Զրուցակիցներն ընդգծել են, որ առկա տրանսպորտային դժվարությունները զգալի խոչընդոտ են երկու երկրների միջև տնտեսական ավելի ընդգրկուն հարաբերություններ հաստատելու համար: Երկուստեք կարևորվել է նաև համատեղ ձեռնակրությունների ստեղծման ուղղությամբ ջանքերի գործադրումը, միջտարածաշրջանային համագործակցության խթանումը: Երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև կապերի սերտացման, միմյանց մշակույթին ավելի մոտիկից ծանոթանալու առումով, նախագահ Լուկաշենկոն կարևորել է այս օրերին Բելառուսում հայկական հեռուստատեսության օրերի անցկացումը, դրա շրջանակներում հայկական ֆիլմերի ցուցադրումը և այլն:


Հանդիպման ժամանակ Անդրանիկ Մարգարյանը երախտագիտություն է հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Հանրապետությունում բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերվող բարյացակամ վերաբերմունքի համար և խնդրել նրա աջակցությունը՝ հայ համայնքի ուժերով հայկական եկեղեցի կառուցելու նպատակով հողատարածքի հատկացման հարցում: Լուկաշենկոն նշել է, որ դա միանգամայն լուծելի է և հանձնարարական է տվել այդ խնդրի շուտափույթ լուծման վերաբերյալ:


ՀՀ վարչապետի և Բելառուսի նախագահի հանդիպմանը զուգահեռ ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Բելառուսի իրենց գործընկերների հետ, քննարկել են տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցեր, նաև՝ ՀՀ վարչապետի այցի արդյունքում հաստատվելիք փոխգործակցության հեռանակարները:


Բելառուսի նախագահի հետ առանձնազրույցից հետո, ՀՀ վարչապետը և նրա գլխավորած պատվիրակության անդամաները մեկնել են ԱՊՀ գործադիր կոմիտեի շենք, որտեղ մասնակցել են Հայ- բելառուսական գործարար համաժողովի բացմանը: ՀՀ վարչապետին դիմավորել են ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Բելառուսի գիտաարդյունաբերական ասոցիացիայի նախագահ Նիկոլայ Ստրելցովը: Նիկոլայ Ստրելցովի բացման խոսքից հետո, համաժողովի մասնակիցներին ուղղված իրենց ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և Բելառուսի փոխվարչապետ Անդրեյ Կոբյակովը կարևորել են երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը, նման միջոցառումների դերը երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ հայ և բելառուս ժողովուրդների բարեկամությունն ու երկու երկրների միջև համագործակցության զարգացումը վաղուց արդեն չեն սահմանափակվում ԱՊՀ շրջանակներով և այն սակավաթիվ օրինակներից է, երբ տնտեսական հարաբերությունները լիարժեքորեն համապատասխանում են հաստատված քաղաքական հարաբերություններին: Նա ընդգծել է Տնտեսական հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի դերը երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման, ապրանքաշրջանառության աճի գործում: Իր խոսքում ՀՀ վարչապետը կարևորել է նաև հանձնաժողովի դերը երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատման խնդրում, ինչի նոր վկայությունն է Հայ-բելառուսական ներկայիս գործարար համաժողովն ու հայկական ապրանքատեսականու ցուցահանդեսի բացումը: Նա նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի 2004թ. հոկտեմբերին կայացած համատեղ նիստում որոշվել է նմանատիպ փոխադարձ միջոցառումներ անցկացնել նաև Հայաստանում՝ այս տարվա հոկտեմբերին: Վարչապետը վստահություն է հայտնել, որ այս միջոցառումների հաջողությունը նոր լիցք կհաղորդի հայ-բելառուսական գործարար կապերի սերտացմանը, ինչն իր հերթին կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:


Այնուհետև երկու երկրների վարչապետներն ու նրանց ուղեկցող պաշտոնական պատվիրակությունների անդամները մասնակցել են Հայաստանում արտադրվող ապրանքատեսականու ցուցահանդեսի բացմանը, ծանոթացել մեքենաշինության, հաստոցաշինության, փայտամշակման, թեթև ու սննդի արդյունաբերության և ընդհանուր առմամբ՝ երկու տասնյակից ավելի ոլորտներ ընդգրկող ապրանքատեսակների ցուցանմուշներին:


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Բելառուսի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի վարչապետների առանձնազրույցը, որին հետևել է երկու երկրների կառավարությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Սիդորսկուն՝ հրավերի և ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ երկու երկրների նախագահների միջև ստեծված ջերմ հարաբերությունները զգալիորեն նպաստում են երկկողմ գործակցությանը: Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները գոհունակություն են հայտնել հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակի վերաբերյալ՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով շարունակելու և ավելի խորացնելու այն: Բելառուսի վարչապետը գոհունակություն է հայտնել նաև, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունները կրում են կանոնավոր բնույթ, որոնց ընթացքում քննարկվում են տաբեր ոլորտներում համագործակցության հարցեր:


Զրուցակիցները նշել են վերջին շրջանում փոխգործակցության ակտիվացումը հատկապես տնտեսական ոլորտում: Վարչապետների համոզմամբ, Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության աճին մեծապես նպաստել է 1999թ. ստեղծված Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, որի մինչև այժմ կայացած վեց նիստերում քննարկվել են տնտեսական գործակցության բազմաթիվ հարցեր ու խնդիրներ, ընդունվել են դրանց լուծմանն ուղղված որոշումներ: Միաժամանակ, երկու երկրների վարչապետներն ընդգծել են, որ չնայած ապրանքաշրջանառության աճի բարձր տեմպերին, դրա ծավալները գոհացնել չեն կարող և ընդգծել են այդ ոլորտում դեռևս առկա համագործակցության զգալի ներուժի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը: Անդրանիկ Մարգարյանը և Սերգեյ Սիդորսկին այդ նպատակին ուղղված գործնական քայլերի թվում կարևորել են երկու երկրների գործարար շրջանակների միջև ուղղակի կապերի ու շփումների ակտիվացումը: Նրանք հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի այս այցի շրջանակներում անցկացվող գործարար համաժողովը և Հայաստանում արտադրվող ապրանքատեսականու ցուցահանդեսը ևս կարևոր քայլ կլինեն այդ ճանապարհին: Տնտեսական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հաջողված օրինակներից համարելով Հայաստանի լեռնահարստացուցիչ ձեռնարկությունների կողմից վերջին երկու տարիների ընթացքում մոտ 4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 30 «ԲելԱԶ» մակնիշի բեռնատարների ներմուծումը, Անդրանիկ Մարգարյանն առաջարկել է զրուցակցին՝ հնարավորինս աջակցել Հայաստանում շահագործվող այդ մեքենաների համար պահեստամասերի առաջնահերթ և ժամանակին տրամադրման հարցում:


 Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշել են, որ երկկողմ համագործակցությունն արդյունավետ է ընթանում նաև պաշտպանության և անվտանգության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում, ինչի համար արդեն իսկ ստեղծված է համապատասխան իրավապայմանագրային բազա: Վարչապետները հավաստել են, որ կարևոր միջոցառումներ են սպասվում հատկապես մշակութային բնագավառում: Մասնավորապես, կողմերի պայմանավորվածության համաձայն, 2005թ. սեպտեմբերին Մինսկում կբացվի «Էջմիածնի գանձերը» ցուցահանդեսը, հոկտեմբերին Հայաստանում կանցկացվեն Բելառուսի մշակույթի օրեր, իսկ 2006թ.՝ Բելառուսում Հայաստանի մշակույթի օրեր: Հանդիպման ժամանակ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է իր գործընկերոջը՝ իրեն հարմար ժամկետում պաշտոնական այց կատարել Հայաստան:


Հանդիպման ժամանակ արծարծվել են նաև երկու պետությունների մաքսային տարածքներով ապրանքափոխադրումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման և դրանց համար անհրաժեշտ պահեստամասերի ձեռքբերման, Բելառուսի Հանրապետություն հայկական պտուղների, սննդամթերքի և խմիչքների արտահանման, անտառային տնտեսության բնագավառում համագործակցության, աշխատանքային միգրացիայի կարգավորման հարցեր:


Ընդլայնված կազմով հանդիպմանը Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկին ներկայացրել է իր երկրի տնտեսական զարգացման ներկա վիճակն ու հեռանկարները: Նա նշել է, որ Բելառուսի կառավարությունը պատրաստ է համագործակցել ՀՀ կառավարության հետ, մասնավորապես՝ մեքենաշինության, բարձր տեխնոլոգիաների, վերամաշակող արդյունաբերության, առողջապահության և բժշկակական սարքավորումների ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման, շինարարության բնագավառում նոր տեխնոլոգիաերի ներդրման հարցերում՝ նկատի ունենալով նաև, որ Հայաստանը գտնվում է բարձր սեյսմակայունության գոտում: Նա նշել է, որ Բելառուսի կառավարությունն անում է հնարավորը ՀՀ-ի տրանսպորտային դժվարությունները հնարավորինս հաղթահարելու համար, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության հետագա զարգաացման վրա:


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ հանդիպման ավարտին ստորագրվելիք փաստաթղթերը, գործարար համաժողովում հաստատվելիք ծրագրերը կօգնեն մշակելու տնտեսական համագործակցության նոր ուղղություններ:


Ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը, մասնավորապես, Հայաստանի և Բելառուսի վարչապետները ստորագրել են «ՀՀ կառավարության և ԲՀ կառավարության միջև ազատ առևտրի ռեժիմից հանումների վերացման մասին» Արձանագրությունը, այնուհետև ստորագրվել են «ՀՀ առողջապահության նախարարության և ԲՀ առողջապահության նախարարության միջև բժշկագիտության և առողջապահության բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության և ԲՀ ազգային պետական հեռուստառադիոընկերության միջև համագործակցության մասին» համաձայնագրերը:


Արարողությունից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ՀՀ պատվիրակության անդամները մեկնել են ՀՀ դեսպանության համար գնվելիք նոր շենքը դիտելու:


Երեկոյան ՀՀ վարչապետի պատվին Բելառուսի վարչապետի կողմից տրված ճաշկերույթի ժամանակ արտասանած իր բաժակաճառում՝ շնորհակալություն հայտնելով պաշտոնական այցի հրավերի և ցուցաբերված ջերմ ընդունելության համար, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ մեր երկու ժողովուրդների ու պետությունների բարեկամությունը խոր արմատներ և ավանդույթներ ունի: Հայերն ու բելառուսները, ըստ նրա, համատեղ հաղթահարել են բազմաթիվ դժվարություններ, կռվել ֆաշիզմի դեմ, մասնակցել Չեռնոբիլի ատոմակայանի վթարի և Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին. «Մենք ունեցել ենք նաև ընդհանուր հաղթանակներ: Այս օրերին մենք հպարտությամբ նշում ենք Հայրենական մեծ պատերազմում մեր փառապանծ հաղթանակի 60-ամյակը, և Հայաստանում շատ լավ գիտեն, թե ինչ գին է վճարել հերոսական բելառուս ժողովուրդը, որը կորցրել է իր յուրաքանչյուր չորրորդ քաղաքացուն», - ասել է նա:


Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակից, Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ այս այցի ընթացքում կայացած բոլոր հանդիպումներում և բանակցություններում ևս հաստատվել է առևտրատնտեսական համագործակցության ուղղություններով փոխշահավետ գործընկերային հարաբերությունները զարգացնելու և խորացնելու երկուստեք ձգտումը:


Պաշտոնական այցի շրջանակներում առանձին ծրագիր է նախատեսված նաև ՀՀ վարչապետի տիկնոջ համար:


Վաղը՝ մայիսի 4-ին, ՀՀ վարչապետը կայցելի «Խատին» հուշահամալիր, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:






 


 


 


 


 


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ