Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 ապրիլի 2005

 



 



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Գործադիրը հավանություն է տվել ՀՀ անտառային օրենսգրքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Այն կարգավորում է ՀՀ անտառների և անտառային հողերի կայուն կառավարման՝ պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև անտառների հաշվառման, մոնիտորինգի, վերահսկողության և անտառային հողերի հետ կապված հարաբերությունները: Նոր օրենսգրքի ընդունումը պայմանավորված է նաև անտառային ոլորտում շուկայական հարաբերությունների զարգացման, սեփականության այլ ձևերի (համայնքային, իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն և այլն) ներդրման անհրաժեշտությամբ:



Նիստում կառավարությունը, 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, նաև 100 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամում գույքային ներդրում կատարելու նպատակով:



Կառավարությունը հաստատել է ՀՀ կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները, որոնք ընդգրկում են ՀՀ կենսաթոշակային համակարգի առկա իրավիճակը, ՀՀ ապագա կենսաթոշակային համակարգի նկարագիրը, կուտակային համակարգին անցման խնդիրները և բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ քայլերը: Հաստատվել է նաև կենսաթոշակային բարեփոխումների 2005-2006թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ համագործակցելով պետական կառավարման այլ շահագրգիռ մարմինների ղեկավարների հետ, ապահովել կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների աշխատանքների կատարումը՝ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին համապատասխան, ինչպես նաև 2005թ. օգոստոս ամսին առաջարկություններ ներկայացնել կառավարություն ՀՀ-ում կենսաթոշակային ապահովության ռազմավարության հիմնադրույթների վերաբերյալ:



Գործադիրը հավանություն է տվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքի նպատակը ՀՀ տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության բնագավառում պետության ռազմավարության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է՝ ուղղված տեխնածին վթարների կանխարգելմանը, դրանց հետևանքների վերացմանը, նման վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությանը: Հավանություն է տրվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերին ևս: Դրանցով Երևան քաղաքում արտաքին գովազդի ծավալի, քանակության, տեղաբաշխման կարգի, գովազդային վահանակների տեղադիրների և արտաքին գովազդ տեղադրելու տեխնիկական պայմանների (չափորոշիչների) վերաբերյալ որոշումներ ընդունելու իրավասությունները վերապահվում են Երևանի քաղաքապետին, ինչպես նաև տեղական տուրքի առաջարկվող դրույքաչափերը նախատեսվում են այն հաշվարկով, որ Երևանի թաղային համայնքների բյուջեների մուտքային մասում ընդհանուր տեղական տուրքերի և վճարների գանձումների ծավալներն ապահովեն մուտքերի դինամիկ աճ:



«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատախան, կառավարությունը հաստատել է ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը: Այն մշակվել է նաև «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի, Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրի հիման վրա: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ առողջապահության նախարարին: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո և այդ օրվանից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1999թ. հունվարի 14-ի «ՀՀ տարածքում իրացվող սիգարետների վրա պարտադիր նշագրելու մասին» N 16 որոշումը:



Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ պետական մարմինների գծով պետական բյուջեի նախագծում բյուջետային ծախսերի առանձին տեսակների՝ ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները, ինչպես նաև սահմանել է այդ ծախսերի հաշվարկման կարգը:





Հաշվի առնելով, որ ՀՀ 2005թ. պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշը՝ 59,424.9 մլն դրամ, գերակատարվել է 2.1 տոկոսով կամ 1.3 մլրդ դրամով, ինչպես նաև «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով կառավարությանը տրված իրավասության համաձայն, գործադիրը որոշել է նշված օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի գումարն ավելացնել 500 մլն դրամով: Համապատասխան փոփոխություններ և վերաբաշխումներ են կատարվել «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման ցուցանիշներում: Սահմանվել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող «ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանում» ծրագրով սույն որոշման համաձայն ավելացվող հատկացումների գումարն ամբողջապես նշանակված է ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների կողմից որպես գործատու վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով 2000-2001թթ. բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքի մարման համար:



«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը, 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, Երևանի քաղաքապետարանին հատկացրել է մինչև 1 մլրդ 612 մլն 800 հազար դրամ՝ երևանի համաքաղաքային նշանակության լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ որոշման համաձայն հատկացվելիք գումարը Երևանի քաղաքապետարանին 2005թ. երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներում տրամադրել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 1-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշմամբ՝ Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից բյուջետային մուտքերի գծով սահմանված համապատասխանաբար 2005թ. առաջին կիսամյակի, ինը ամսվա և տարեկան աճողական գումարները գերազանցած մուտքերի հաշվին: Սահմանվել է նաև, որ որոշման հավելվածում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով ֆինանսավորվող ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումները, այդ հավելվածի աղյուսակում նշված գումարների չափով 2005թ. Երևանի քաղաքապետարանի կողմից որպես դրամային շնորհ տրամադրվում են նույն աղյուսակում նշված տնտեսվարող սուբյեկտներին՝ առանց մրցույթի:



«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է դադարեցնել «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների աջակցության ծրագրեր ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեությունը և դրա բազայի հիման վրա հիմնադրել «Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի» հիմնադրամ: Հաստատվել են նաև հիմնադրամի կանոնադրությունը, հոգաբարձուների խորհրդի կազմը՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ:



Մեկ այլ որոշմամբ, գործադիրը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 12 մլն դրամ է հատկացրել նաև ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Երևան-Աշտարակ-Գյումրի մայրուղու Աշտարակի կամրջի հատվածում Աշտարակի մայր առվի թունելում տեղի ունեցած վթարը վերացնելու նպատակով:



Պետության 2005թ. կարիքների բավարարման նպատակով ՀՀ 2005թ. պետական բյուջեով առանձին ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների գումարների դիմաց «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից անցկացված մրցույթների արդյունքներով առաջացած տնտեսումների տնօրինման համար, կառավարությունը «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ է կատարել: 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, գործադիրը 50 մլն 118.2 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որից՝ 5 մլն դրամ՝ Երևանի թիվ 51 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների գծով 2004թ. արդյունքներով առաջացած պարտքի մարման համար, 1 մլն 500 հազար դրամ՝ 2005թ. ընթացքում իրականացվելիք նույն դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար, ևս 43 մլն 618.2 հազար դրամ՝ Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար:





Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2005թ. առաջին եռամսյակում մասնավորեցման գործընթացի մասին հաշվետվությանը: Զեկուցվել է, որ ընդհանուր առմամբ, 2005թ. ապրիլի 1-ի դրությամբ, մասնավորեցվել է 1945 միջին և խոշոր ընկերություն (այդ թվում, 21-ը՝ լուծարումից հետո մնացած գույք), 7276 «փոքր» օբյեկտ և 86 անավարտ շինարարության օբյեկտ: Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել է 20 ընկերություն՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 23-ի համեմատ: Մրցույթով մասնավորեցման է ներկայացվել 19 օբյեկտ, որից 7-ի մրցույթը չի կայացել: Մրցույթով մասնավորեցվել է 6 ընկերություն, 2 անավարտ շինարարության օբյեկտ, 4 ընկերություններից առանձնացված պետական գույք: Համեմատության համար նշվել է, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում մրցույթով մասնավորեցման ներկայացված 8 ընկերությունից մասնավորեցվել է 1-ը: Ըստ հաշվետվության, 2005թ. հունվար-մարտ ամիսներին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է 4 ընկերություն, որից 3-ի գնորդների հետ կնքվել են մասնավորեցման պայմանագրեր: Աճուրդով մասնավորեցվել են 3 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: Մասնավորեցվել է նաև 10 «փոքր» օբյեկտ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 9-ի համեմատ: Հաշվետու ժամանակաշրջանում լուծարման գործընթացում է գտնվել 55 ընկերություն, սնանկացման է ներկայացվել 3-ը, լուծարվել՝ 2-ը: 5 ընկերությունների լուծարման վերաբերյալ ընդունվել են ՀՀ կառավարության որոշումներ: Հաշվետվության համաձայն, 2005թ. առաջին եռամսյակում, մասնավորեցված պետական գույքի դիմաց կատարված վճարումները կազմել են 493 մլն 650,5 հազար դրամ, որից 107 մլն 582,9 հազար դրամը, օրենսդրությամբ սահմանված կարգով, փոխանցվել է համայնքներին:



Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:



Գործադիրը հաստատել է կնիքներ պատվիրելու թույլտվություն տալու կարգը, որի համաձայն, լիազորված մարմնի իրավասությունը վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը:



Փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի «Պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 909-Ն որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգի մեջ:



«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 356 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձորի թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական ՓԲԸ-ի բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով իր աշխատավորական կոլեկտիվին՝ այն անվանափոխելով նույնանուն ՓԲԸ-ի, ինչպես նաև «Քաջարանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի 94 հազար դրամ գնահատված բաժնետոմսերը՝ մասնավորեցնել մրցույթով: Որոշմամբ թույլատրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ Շիրակի մարզպետարանի տնօրինության Գյումրի քաղաքի Աբովյան 248 հասցեում գտնվող շենքից վարձակալած 96,73 քմ մակերեսով տարածքը, ինչպես նաև նույն շենքից վարձակալած 186,39քմ մակերեսով, 37,25 քմ մակերեսով տարածքներն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրանց վարձակալներին: Նիստում որոշումներ են ընդունվել նաև շուրջ մեկ տասնյակ այլ ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման, օտարման և լուծարման մասին:



Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի «Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 282 որոշման համապատասխան, հաստատվել է նաև պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը:



Կառավարությունը հավանություն է տվել «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որը պայմանավորված է գործող օրենքում մաքսային և քաղաքացիական ծառայողներից մաքսային ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում վերադաս մաքսային մարմնի կողմից նշանակում կատարելուն վերաբերող նորմերը միևնույն հարթության վրա բերելու անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է նաև սահմանափակել արտամրցութային կարգով մաքսային ծառայության թափուր պաշտոններում նշանակում կատարելու հնարավորությունը, ինչպես նաև կրճատել մաքսային ծառայության թափուր պաշտոններում նշանակում կատարելու համար անցկացվող փակ մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը:



Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ՀՀ-ում ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների ապօրինի շրջանառության կանխարգելումը: Նախագծի համաձայն, գործող «տեղափոխված ապրանքների կամ առարկաների արժեքը հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցելու» վերաբերյալ դրույթը ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքներ տեղափոխելու դեպքում՝ սահմանվում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:



Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի՝ «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ ևս: ՀՀ 2005թ. պետական բյուջեի «Գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման գծով պետական պատվեր» ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով, որոշվել է, ինչպես և նախորդ տարիներին, 2005թ. այն իրականացնել «Մելիորացիա» ՓԲԸ-ի միջոցով, պետբյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարը՝ 74.5 մլն դրամ, ամբողջությամբ ընկերությանը հատկացնել որպես դրամաշնորհ, առանց մրցույթի՝ վերոհիշյալ որոշման մեջ ավելացնելով «Մելիորացիա» ՓԲԸ-ի անվանումը:



ՀՀ կառավարության գործունեության կարգը սահմանելու վերաբերյալ «ՀՀ Նախագահի 2002թ. մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ նախագահի 2005թ. ապրիլի 28-ի հրամանագրի կապակցությամբ, նիստում տրվել են հրամանագրից բխող մի շարք հանձնարարականներ: ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին հանձնարարվել է՝ երեքշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Նախագահի հրամանագրից բխող իրավական ակտերի նախագծեր, նկատի ունենալով, որ ՀՀ արտակարգ իրավիճակների վարչությունը գործելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում որպես պետական մարմին, ՀՀ միգրացիայի  և փախստականների վարչությունը, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն  և  պետական ռեզերվների գործակալությունը գործելու են ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգում որպես գործակալություններ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ենթակայությանն է հանձնվելու «Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Նախարար Հ. Աբրահայանին հանձնարարվել է նաև առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգում ներառված պետական մարմիններին լիազորություններ վերապահելու, վերջիններիս ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, բաժնետիրական ընկերությունների պետական բաժնեմասի կառավարման լիազորությունների, ինչպես նաև «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների մասով: ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին  և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանին հանձնարարվել է առաջարկություն ներկայացնել կառավարություն՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին շենք հանձնելու վերաբերյալ, իսկ ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին ու ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանին` առաջարկություն ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ստեղծման կապակցությամբ 2005թ. պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:



Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 11-ի N 1158-Ն որոշման մեջ, որով որոշմամբ հաստատված ՀՀ Արարատի մարզի Նորաբացի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 1 հա վարելահող փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման համար: Մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել նաև Արարատի մարզի Այնթափի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, որով քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 2,63 հա վարելահող փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար:



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ