Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 հունիսի 2026

Կառավարությունը հաստատել է «ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության» միջոցառումը










Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունը հաստատել է «ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության» միջոցառումը, որը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը։ Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ արտահանող տնտեսվարողներին տրամադրվելու է փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակություն ապահովելու նպատակով։ Ըստ փոխնախարարի՝ արտահանվող որոշ հիմնական ապրանքային խմբերի նկատմամբ սահմանվում է արտահանված ծավալի համար փոխհատուցում հետևյալ սահմանաչափով. ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 275 դրամ, պղպեղինը՝ 400 դրամ, ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ: Ծրագրից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը իրականացրել են արտադրանքի արտահանում։ Նշված ապրանքների արտահանումն իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է էկոնոմիկայի նախարարություն՝ ներկայացնելով ապրանքի տարածման հայտարարագրերը կամ արտահանման ապրանքի հայտարարագրերի պատճենը, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերը, այն է՝ հաշիվ-ապրանքագրերը:

Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ աջակցության միջոցառման ժամկետը 1 ամիս է, ըստ անհրաժեշտության՝ այն կարող է վերանայվել: Նա նշել է նաև, որ արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ծրագրի շրջանակում հունիսի ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն և ելակ, ինչպես նաև շուրջ 10 մլն հատ ծաղիկ:

Այդ համատեքստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ այս պահին նաև առանձին գործընկերների հետ աշխատում են ներմուծման դեպքում մաքսային որոշակի արտոնությունների շուրջ համաձայնության գալու ուղղությամբ. «Սա ևս կգա օգնելու արտադրողներին, նաև նոր շուկաներ գտնելու՝ հետագայում արդեն ավելի կանոնավոր հիմքերի վրա շուկաներ, մատակարարումներ ապահովելու համար»:

Անդրադառնալով որոշմանը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՀՀ-ում արտադրված գյուղատնտեսական ցանկացած ապրանք, որն ունի պատշաճ որակ, արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտից: «ՀՀ-ն բավականին ֆիսկալ պոտենցիալ ունի այդ խնդիրը լուծելու համար՝ անկախ նրանից, թե ինչ կանեն մեր գործընկերները, ինչով կաջակցեն կամ չեն աջակցի։ Կարծում եմ՝ մենք պետք է հայտարարենք, որ սա առաջին միջոցառումն է, միջոցառումների շարքը մենք կիրականացնենք»,- ասել է փոխվարչապետը՝ հավելելով, որ որոշումը պետք է տարածվի և՛ մրգերի, և՛ կոնյակի, և՛ գինու, և՛ հանքային ջրերի և՛ ցանկացած շուկայի վրա։

Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև արտահանվող ապրանքների որակի ապահովմանը՝ ընդգծելով, որ եթե պատշաճ որակ ապահովվի, դժվար կլինի պատշաճ որակի ապրանքի շրջանառությունը որևէ ձևով խոչընդոտել, առավել ևս՝ արհեստականորեն: Ըստ փոխվարչապետի՝ այդ դեպքում նաև ավելի մեծ սպառման հնարավորություններ ու շուկաներ կբացվեն: «Մենք պիտի նաև մտածեք դա խթանելու մասին, չնայած ես որքան հիշում եմ՝ մենք նման խթանիչ միջոցառումներ ունենք, բայց փորձը ցույց է տալիս, որ բավարար չեն այդ խթանիչները, պիտի ավելացնենք: Սա է ֆունդամենտալ լուծումը: Մենք տալիս ենք լուծում, որն ապահովում է մեր արտադրողի հարմարավետությունը։ Բայց, այնուամենայնիվ, վերջնական լուծումը որակի ստանդարտն է։ Ես չգիտեմ որակյալ ապրանք, որի շրջանառությունը որևէ ձևով, որևէ շուկայում կամ որևէ երկրում խոչընդոտվում է։ Այսօրվա գների ճնշումների ֆոնին աշխարհում՝ նման բան ուղղակի տեղի չի ունենա։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Շարունակենք այս խթանման միջոցառումները, իրականացնենք՝ ինտենսիվ, արագ, արդյունավետ, պարզ լինեն միջոցառումները, վստահ եմ, որ այս խնդիրն այլևս արդիական չի լինի, և մեր արտադրողների խնդիրները շատ արագ կլուծվեն»,-ասել է Մհեր Գրիգորյանը։

Կխթանվի առաջնային արտադրության ապրանքների արտահանումը դեպի ԵՄ, ՄԹ և Կանադայի շուկաներ

Կառավարությունը լրացում և փոփոխություն է կատարել Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագրում։ Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ծրագրի նպատակն է խթանել արտադրողների կողմից ՀՀ-ի ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի ԵՄ, ՄԹ և Կանադայի շուկաներ մաքսատուրքի փոխհատուցման միջոցով։ «Ծրագիրը գործում է 2025 թվականի փետրվարի 1-ից, որով նախատեսվում էր ապահովել արտահանման ծավալների միջինում 15 տոկոս աճ: Այն ապահովվել է: Միաժամանակ ուզում եմ նշել, որ 2025 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում օժանդակություն ստացած հիմնական ապրանքային խմբերից, օրինակ՝ պահածոներ, հյութեր, սննդամթերքի այլ տեսակներ, աճը եղել է շուրջ 40 տոկոս: Հարկ է նշել, որ որոշմամբ որպես ապրանք դիտարկվում է միայն մշակող արդյունաբերության արտադրանքը, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տնտեսության զարգացման հարցում կարևորվում է ոչ միայն արդյունաբերության, այլ նաև առաջնային արտադրության զարգացումը, որի վառ ապացույցն է ՀՀ-ում ինտենսիվ բուսաբուծության զարգացումը՝ հիմնված ինտենսիվ այգիների հազարավոր հեկտարները և հարյուրավոր հեկտարներ տեխնոլոգիապես ամենաբարձր հագեցվածությամբ ջերմատները»,-ասել է Արման Խոջոյանը:

Ըստ փոխնախարարի՝ արդյունքում ՀՀ-ում արտադրվում է բարձրորակ, հետագծելի և ստանդարտավորված արտադրանք, որը կարող է իր տեղն ունենալ համաշխարհային շուկայում: «Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում խթանել առաջնային արտադրության ապրանքների արտահանումը, մասնավորապես՝ թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղկի արտահանման դեպքում դեպի ԵՄ, ՄԹ և Կանադայի շուկաներ ՀՀ Կառավարությունը արտահանողին կամ արտադրողի փոխարեն կվճարի նշված երկրներում վճարված մաքսատուրքն ամբողջությամբ»,- նշել է Արման Խոջոյանը և հավելել՝ անկախ մատակարարման ձևից՝ եթե ապրանքը արտահանվում է, և համապատասխան փաստաթղթավորումը ներկայացվում է, ապա այն ենթակա է փոխհատուցման։

Արձագանքելով՝ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ քննարկումներ են ունենում ԵՄ գործընկերների հետ իրենց կողմից ևս մաքսատուրքերի հարցում որոշակի՝ դեպի մեր արտադրողին ուղղված քայլեր անելու շուրջ և հույս հատնել, որ առաջիկայում քննարկումները հաջողությամբ կպսակվեն։

Կառավարությունը շուրջ 7,12 մլրդ դրամ է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման համար

Կառավարությունը կատարել է շուրջ 7,12 մլրդ դրամի վերաբաշխում. գումարը նախատեսվում է ուղղել ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման համար։ Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 26.2 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ՝ 4,4 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 0.2 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 21.6 կմ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է այդ ճանապարհահատվածները. Վայք քաղաքի միջով անցնող Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 4.4 կմ հատվածի հիմնանորոգում, Ճամբարակ համայնքի Այգուտ և Աղբերք բնակավայրերի հատվածում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման և ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացում, Վաղարշապատ քաղաքի Դանղյան փողոց և Դանղյան փողոցի խաչմերուկից դեպի Արտիմետ գյուղ տանող 1.9 կմ հատվածի հիմնանորոգում, Օձունից Ամոջ տանող ավտոճանապարհից դեպի Հագվի տանող ավտոճանապարհի 2.71 կմ հատվածի ասֆալտապատում, Օձունից Ամոջ տանող ավտոճանապարհի 2.17 կմ հատվածի ասֆալտապատում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի հանրապետական նշանակության «Ամրոց» պատմության և մշակույթի անշարժ հուշարձան տանող ճանապարհի նորոգում, Գյումրի քաղաքից Այգաբաց բնակավայր տանող ավտոճանապարհի 10.44 կմ հատվածի հիմնանորոգում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի և Խորենացի փողոցների 2.44 կմ երկարությամբ հատվածի վերանորոգում, Մ-2 ավտոճանապարհից Շամբ և Շամբի ջրամբարի պատվար տանող ավտոճանապարհի 3.25 կմ հատվածի հիմնանորոգում, Որոտավանը Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի հետ կապող 1.7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Կապան -Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի 15-րդ կմ-ից դեպի Նռնաձոր տանող 10.12 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցում /I-ին փուլ, գրունտային/։ Նախատեսվում է գումար հատկացնել Քուչակի ուղեանցի (կամրջի) ապամոնտաժում և նոր ուղեանցի (կամրջի) կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։

Սահմանել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները

Կառավարությունը սահմանել է ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է նախորդող շրջանում կատարված «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնց նպատակն է խթանել քաղաքացիների ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը՝ միաժամանակ սահմանելով որոշակի չափանիշներ տվյալ գործունեության համար։ Ժաննա Անդրեասյանի նշել է, որ օրենքի փոփոխությունից հետո իրականացվել են մի շարք աշխատանքներ։ Մասնավորապես` ֆիթնես կենտրոնների գործունեությունը դարձել է ծանուցման ենթակա, և այս տարվա փետրվարի վերջից մինչ օրս իրենց գործունեության մասին ծանուցել են շուրջ 40 կազմակերպություններ։

«Ֆիթնես ծառայություն մատուցող կազմակերպությունները գործում են գրեթե բոլոր մարզերում և Երևանում և աշխարհագրական առումով բավականին լայն ընդգրկվածություն ունեն։ Եվ իհարկե, Կառավարության քաղաքականությունը միտված է դրանց զարգացմանը, որպեսզի մարդիկ կարողանան մարզվել առողջ ու ակտիվ ժամանց ապահովող միջավայրում՝ բարելավելով իրենց առողջությունը»,-ասել է նախարարը և հավելել, որ սահմանվել է նաև ֆիթնես կենտրոններում աշխատող մարզիչների հավաստագրման կարգը՝ կարևորելով քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրող և նրանց մարզող մասնագետների պատշաճ մասնագիտական պատրաստվածության հարցը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հավաստագրման կարգն այս տարվա մայիսի 7-ից ուժի մեջ է մտել և գործում է. սահմանված են հստակ ընթացակարգեր և գիտելիքների շրջանակ, որոնք հիմք են հանդիսանում հավաստագրման համար։ «Տվյալ որոշումը գալիս է ամբողջացնելու այս քաղաքականության շղթան՝ սահմանելով ֆիթնես կենտրոնների համար նախատեսվող չափորոշիչները։ Դրանք կգործեն որոշումն ընդունելուց հետո մեկ տարի անց, ինչը գործող կազմակերպությունների համար բավարար ժամանակ է՝ վերլուծելու իրենց գործունեությունը և անհրաժեշտության դեպքում համապատասխան լրամշակումներ անելու»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։ Ըստ նախարարի՝ չափորոշիչները մշակվել են ՀՀ օրենսդրությանը համապատասխան, կարգավորումներ են սահմանվել մարզասարքերի, օդափոխության, սանհանգույցների, ջրամատակարարման, լուսավորության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունների հասանելիության վերաբերյալ։

Նա հիշեցրել է՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման ռազմավարության շրջանակում մարզերում մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ նախատեսվում է տիպային մարզահամալիրների կառուցում։ Առաջին փուլում դրանք նախատեսվում են Արարատում, Մարտունիում և Եղեգնաձորում։ Արարատում և Մարտունիում հողահատկացումներն արդեն իրականացվել են, նախագծերը փորձաքննություն են անցել, և այժմ շինարարական մրցույթների փուլն է։ «Այս մարզահամալիրներում նախատեսվում է նաև ֆիթնես կենտրոնների առկայություն՝ որպես համալիրների կարևոր բաղադրիչ։ Դրանց կառավարումը նախատեսվում է վստահել մասնավոր ընկերություններին, որոնք մասնագիտացած են այս ոլորտում։ Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ կարգավորումներին զուգահեռ մենք վարում ենք նաև ենթակառուցվածքների զարգացման քաղաքականություն, որը, վստահ եմ, կհանգեցնի էական դրական փոփոխությունների»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Մհեր Գրիգորյանը կարևորել է որոշման ընդունումը և ընդգծել, որ ոլորտում հստակ չափանիշների ներդրումը և դրանց պահպանման նկատմամբ վստահությունը հնարավորություն կտան ֆիթնես ծառայությունները կապել առողջապահական ապահովագրության համակարգի հետ։ Ըստ փոխվարչապետի՝ այս դեպքում ֆիզիկական ակտիվության վրա կատարված ծախսը կարող է դիտարկվել որպես առողջապահական ապահովագրության շրջանակում կատարված ծախս, և քաղաքացիները կկարողանան օգտվել համապատասխան հետվճարի մեխանիզմներից։ Մհեր Գրիգորյանը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է ապահովել ծառայությունների էլեկտրոնային գրանցում և տվյալների փոխանակում «Արմեդ» համակարգի հետ, ինչը թույլ կտա կիրառել հետվճարի մեխանիզմները։

Հունիսի 8-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ՝ ամառային զորակոչ

Գործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում, որով սահմանվում է զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: Ըստ այդմ՝ 2026 թ. հունիսի 8-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ հայտարարվել է ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը։ Որոշմամբ նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2026 թ. հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2026 թ. հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։

Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարության որոշմամբ կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը։ Ըստ այդմ՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս (2026 թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար) կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 20-ը ներառյալ:

2026 թ. -ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր

Գործադիրն ընդունել է որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2026թ. 1-ին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 334 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (103 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (231 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

Օրենսդրական նախաձեռնություն. կստեղծվի իրավական հնարավորություն՝ օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված առանձին ինքնակամ կառույցների հաշվառման և օրինականացման համար

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։ Նախագծերի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական հնարավորություն՝ օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա առանձին ինքնակամ կառույցների հաշվառման և օրինականացման համար։ Նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն նշված կառույցների հաշվառման, Կառավարության հաստատած ցանկում ընդգրկման և օրինականացման իրավական հիմքերը, ինչպես նաև կսահմանվեն այդ գործընթացում կիրառվող պարտադիր պայմանները։ Արդյունքում կապահովվի գործընթացի իրավական կանխատեսելիությունը, իսկ օրինականացման հնարավորությունը կկապվի կառույցի տեխնիկական վիճակի, քաղաքաշինական նորմերին համապատասխանության, երրորդ անձանց, պետության և համայնքի իրավունքների պահպանման, ինչպես նաև օրենքով սահմանված վճարների կատարման հետ։

Միջազգային համագործակցություն. 12 մլն եվրո՝ ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման բարելավմանը, ոռոգման և խմելու ջրի ենթակառուցվածքների վերականգնմանն ու արդիականացմանը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների համապարփակ զարգացում» ծրագրի շրջանակում թիվ 1029 04 L դրամաշնորհային համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է 12 մլն եվրո ընդհանուր արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրի ստորագրում: Այն ուղղված է ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման բարելավմանը, ոռոգման և խմելու ջրի ենթակառուցվածքների վերականգնմանն ու արդիականացմանը և ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանը։ Ծրագիրն առաջարկում է ոլորտում առկա մարտահրավերներին համալիր լուծում՝ երկու փոխկապակցված բաղադրիչների միջոցով՝ ազգային մակարդակում իրականացվող ջրային ենթակառուցվածքների ներդրումային բաղադրիչ, որը համաֆինանսավորելու է Համաշխարհային բանկի «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագիրը, Սյունիքի մարզում տեղական մակարդակում իրականացվող տարածքային բաղադրիչ։ Նախատեսվում է, մասնավորապես՝ Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի փուլային վերականգնում և արդիականացում, ինքնահոս համակարգերի զարգացում, պոմպակայանների արդիականացում, ջրի կրկնակի օգտագործման համակարգերի ներդրում։

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Պորտուգալիայի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Ըստ հիմնավորման՝ Պորտուգալիան և Հայաստանն ունեն երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության և միջպետական կապերի ամրապնդման մեծ ներուժ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական գրեթե բոլոր ոլորտներում: Համաձայնագիրը հնարավորություն կստեղծի փոխշահավետ տնտեսական համագործակցության հարաբերությունների ընդլայնման ու բազմազանեցման ուղղությամբ՝ տնտեսական զարգացմանն առնչվող բոլոր այնպիսի ոլորտներում։ Համաձայնագրով նախատեսվում է նաև համագործակցության կոնկրետ հնարավորությունների մասին բիզնես տեղեկատվության փոխանակում, տոնավաճառներին և ցուցահանդեսներին մասնակցության խրախուսում, բիզնես իրադարձությունների, սեմինարների, գիտաժողովների և համաժողովների կազմակերպում, երկկողմ տնտեսական հարաբերություններում փոքր և միջին մասնավոր ձեռնարկությունների առավել ակտիվ մասնակցության խթանում, ներդրումային գործունեության խրախուսում։ Ակնկալվում է նաև՝ համատեղ ձեռնարկությունների և ընկերությունների մասնաճյուղերի ու կողմերի կողմից համաձայնեցված այլ ձևաչափերի ստեղծում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ միջտարածաշրջանային համագործակցության և միջազգային մակարդակով համագործակցության խթանում, ինժեներական և ռոբոտաշինության լաբորատորիաների ստեղծում և զարգացում, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման փորձի փոխանակում, համագործակցություն երրորդ երկրների շուկաներում։

Կխթանվեն ՀՀ տարածքով այլ պետություններում գրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով դեպի երրորդ երկրներ իրականացվող տարանցիկ փոխադրումները

Գործադիրը սահմանել է ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով կամ առանց տարանցման ՀՀ տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ ճանապարհային հարկի նվազ դրույքաչափ կիրառելու նպատակով բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը, քանակը։ Ըստ այդմ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության «BSEC Permit» և Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ թույլտվությունների համակարգերով բեռնափոխադրումներ իրականացնող ճանապարհային հարկ վճարողները կազատվեն ճանապարհային հարկի վճարման պարտավորությունից։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է խթանել ՀՀ տարածքով այլ պետություններում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով դեպի երրորդ երկրներ իրականացվող տարանցիկ փոխադրումները, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը միջազգային տրանսպորտային միջանցքներում նրա ներգրավվածությամբ պայմանավորված։

Հստակեցվել են ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացման մեխանիզմները

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, որով սահմանվել են ուսուցիչների մասնագիտական զարգացման և գնահատման մի շարք կարգավորումներ։ Փոփոխությունների ընդունմամբ կապահովվի ուսուցիչների նպատակային, արդյունավետ և որակական զարգացման գործընթաց՝ ի նպաստ սովորողների կրթության որակի բարձրացման և հանրակրթության ոլորտի շարունակական զարգացման։ Որոշմամբ ներկայացվել է վերապատրաստման մանրամասն կառուցվածք՝ մոդուլներով, մակարդակներով և շրջափուլերով: Գործող կարգում առկա չեն ատեստավորման փուլերը և ժամկետները, հետևաբար առաջարկվել է սահմանել 1-5 տարվա շրջափուլեր՝ ըստ մակարդակների: Սահմանվել է նաև, որ, եթե տվյալ մոդուլով վերապատրաստված ուսուցիչների առնվազն 30 տոկոսը չի ատեստավորվել, ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպությանը 3 տարով զրկում է այդ մոդուլի վերապատրաստումներ իրականացնելու իրավունքից: Այդ հանգամանքը կնպաստի վերապատրաստման որակի խթանմանը: Արդյունքում՝ կհստակեցվեն ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացման մեխանիզմները։

Կրթահամալիրներում և հանրակրթական ուսումնական հաստատություններում կապահովվի կառավարման արդյունավետության բարձրացումը

Հանրակրթական ուսումնական հաստատությունների և կրթահամալիրների կառավարման արդյունավետության բարձրացման, մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների հստակեցման և արդիականացման նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Արդյունքում՝ ակնկալվում է ապահովել կրթահամալիրներում և հանրակրթական ուսումնական հաստատություններում կառավարման արդյունավետության բարձրացում: Նախատեսվում է հստակ սահմանել պաշտոնների անվանումներն ու նկարագրությունները: Նախատեսվում է բարելավել նախադպրոցական, արտադպրոցական և հանրակրթական կրթական ծրագրերի որակը։ Մասնավորապես, նորացված «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ներդրմամբ և ուսուցչի պաշտոնի նկարագրության փոփոխությամբ սպասվում է, որ սովորողները կստանան ամբողջական պատկերացում արտակարգ և վտանգավոր իրավիճակներում գործելու մասին, կզարգացնեն համապատասխան գիտելիքներ և գործնական հմտություններ, ինչը կբարձրացնի նրանց անհատական և կոլեկտիվ անվտանգության կարողունակությունը, ինչպես նաև կբարելավի համայնքային և դպրոցական մակարդակներում անվտանգության մշակույթի ձևավորումը։ Բացի այդ, նախատեսվում է բարձրացնել համայնքային ծրագրերի և գործընկերային կապերի արդյունավետ կազմակերպումը, ծրագրերի գնահատման և հաշվետվությունների պատշաճ իրականացումը, ինչպես նաև աշխատակիցների պարտականությունների և որակավորման համապատասխանությունը:

Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները

Կառավարության որոշմամբ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է վերանայել ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները՝ դրանք համապատասխանեցնելով թվային գործիքների կիրառման, գնահատման արդիական մեթոդների և կրթության կառավարման համակարգի թվայնացման ժամանակակից պահանջներին։ Միաժամանակ նախատեսվում է վերաիմաստավորել տարածքային մակարդակում գործող կազմակերպական մեխանիզմների դերը՝ ապահովելով դրանց գործառույթների հստակեցում և արդյունքների քննարկման գործընթացների օպերատիվ իրականացում մարզային մակարդակում։ Ատեստավորման արդյունքների քննարկման նպատակով նախատեսվում է նախարարի հրամանով, ըստ մարզերի, ստեղծել տարածքային հանձնաժողովներ՝ մարզային կառավարման մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ։ Տարածքային հանձնաժողովների գործունեությունը նպատակաուղղված է լինելու իրականացված ատեստավորման արդյունքների արագ քննարկմանը և ամփոփմանը՝ սահմանված կարճ ժամկետներում նախարարություն ներկայացնելու համար։ Միաժամանակ նախատեսվում է հստակեցնել արդյունքների քննարկման և հաստատման կենտրոնացված ընթացակարգերը, ինչպես նաև ներդնել միասնական թվային և վերլուծական համակարգեր՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու վերահսկելիությունը։ Նոր կարգավորումների ընդունմամբ ակնկալվում է, մասնավորապես, ատեստավորման գործընթացի արդիականացում՝ թվային գործիքների և ավտոմատացված ընթացակարգերի կիրառմամբ, գնահատման գործընթացների միասնականացում և օբյեկտիվության բարձրացում, մարզային մակարդակում քննարկման գործընթացների օպերատիվ կազմակերպում՝ հստակ ժամկետների պահպանմամբ։

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։

«ՖԼԱՅԹ ՍԸՓՈՐԹ» ՍՊԸ կողմից ներմուծվող ավտոբուսները նախատեսում է օգտագործել զբոսաշրջության ոլորտում՝ Հայաստանի տարածքում զբոսաշրջային խմբերի տեղափոխման նպատակով։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 135․4 մլն դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 135․4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 13․5 մլն դրամ։

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 558 աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 564-ի՝ 260 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 226 մլն դրամ։

Կապահովվի Հայաստանի հանրային ռադիոընկերության տեխնիկական վերազինման և հիմնանորոգման աշխատանքների իրականացումը

Կառավարության որոշմամբ կիրականացվեն Հայաստանի հանրային ռադիոընկերության տեխնիկական վերազինման և հիմնանորոգման աշխատանքների 1-ին փուլը: Ըստ այդմ՝ 198.6 մլն դրամ կտրամադրվի ընկերությանը՝ ապահովելու համար վերջինիս տեխնիկական վերազինման և հիմնանորոգման աշխատանքների իրականացումը: Հիմնավորման համաձայն՝ Հանրային ռադիոընկերության ռադիոտեխնիկական hամալիրի տեխնիկական վերազինումը վերջին անգամ իրականացվել է 2004-2005 թթ.։ Ընկերությունը կարիք ունի համալիր տեխնիկական վերազինման, մասնավորապես՝ թվային տեխնոլոգիաներով հագեցած վերազինման, որի արդյունքում առկա սարքավորումները կփոխարինվեն նոր և արդիական սարքավորումներով, արդյունքում շեշտակի կնվազեն հեռարձակման խափանումները, կբարելավվի ձայնագրման և տեսաձայնային արտադրանքի որակը։ Կիրականացվեն նաև է նաև որոշ հիմնանորոգման աշխատանքներ։

Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարությանն ամրացված պետական սեփականություն հանդիսացող, Շիրակի մարզի Գյումրիի Ղուկասյան փողոց 30/6 վարչական շենք հասցեում գտնվող անշարժ գույքը օտարել էլեկտրոնային աճուրդով։ Սահմանվել է, որ առաջին էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ մինչև գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը։ Ըստ հիմնավորման՝ գույքը նախկինում ներկայացված է եղել օտարման էլեկտրոնային աճուրդով, սակայն շարունակական աճուրդները չեն կայացել՝ հայտերի բացակայության հիմքով։ Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 97 861 365.20 ՀՀ դրամ: Ըստ «Աբիտ» ՍՊԸ գնահատման գործակալության հաշվետվության՝ շենք-շինությունները կառուցվել են 1960 և 1970թթ․ և բաղկացած են 2 հարկից, շենք-շինությունների տեխնիկական վիճակը գնահատված է լավ։

Կառավարությունը հաստատել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ համապատասխան ծածկագրին դասվող կայծից բոցավառումով վառքի մոմերի՝ առանց հակագնագցման տուրքի վճարման ՀՀ տարածք ներմուծման ընթացակարգը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ազատում հակագնագցման տուրքի վճարումից՝ տարեկան 500 հազար հատ չափաքանակով այդ ապրանքների հանդեպ։

Գործադիրն ընդունել է «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում է Իսակով և Արշակունյաց պողոտաների միացումն ապահովող ճանապարհի կառուցման աշխատանքները: Ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է օտարել 7 միավոր գույք, որի համար առաջարկվում է նշված գույքերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ: Արդյունքում՝դեպքում հնարավոր կլինի ամբողջ ծավալով ապահովել Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման համար պահանջվող օտարման գործընթացը՝ նպաստելով շինարարական աշխատանքների անխափան իրագործմանը:
 

 

Հունիս 2026
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ