երեքշաբթի, 2 հունիսի 2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի ազգային տոնի առթիվ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իտալիայի ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության ութսուներորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որտեղ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես նշել է.
«Ձերդ գերազանցություն
Մեծարգո դեսպան Ֆերրանտի,
Ինձ համար պատիվ է ներկա գտնվել Իտալիայի Հանրապետության ութսուներորդ տարեդարձին նվիրված այս ընդունելությանը և Հայաստանի կառավարության անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ և Ձեր միջոցով Իտալիայի կառավարությանը և ժողովրդին՝ այս կարևորագույն առիթով։
1946 թվականի այս օրը ամբողջ Իտալիան միավորվեց և համարձակ ու պատմական ընտրություն կատարեց։Բաժանումները հաղթահարելու նպատակով առաջ ընթանալը հետպատերազմյան Իտալիայի ամենակարևոր քաղաքական որոշումն էր, և հենց դա օգնեց հիմք դնելու ժամանակակից, ժողովրդավարական և առաջադեմ Իտալիայի համար։
Այս փորձառությունը՝ միաժամանակ իտալական և եվրոպական՝ այսօր էլ չափազանց արդիական ու հարազատ է հնչում մեզ համար։ Հենց այս ընդհանուր փորձառությամբ է, որ Հայաստանը նայում է Իտալիային և ողջ Եվրոպային ու ցանկանում քայլել նրա հետ միասին։
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Մենք իրապես կարող ենք պարծենալ հնագույն ժամանակներից հաստատված հայ-իտալական առնչություններով և բարեկամությամբ, որոնք խարսխվում են պատմականորեն ձևավորված սերտ կապերի և նույնակունք արժեհամակարգի վրա:
Այսօր էլ ուրախությամբ ենք փաստում, որ Իտալիան Եվրոպայում մեր կարևոր գործընկերն է։ Մեր երկրները զարգացնում են բազմաշերտ և բազմաոլորտ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ վստահության և փոխըմբռնման վրա։
Մեծապես կարևորում ենք Երևանի և Հռոմի միջև քաղաքական երկխոսության շարունակական խորացումը, որի ցայտուն դրսևորումներից էր Վարչապետ Ջորջա Մելոնիի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում:
Ուրախությամբ արձանագրում ենք նաև, որ մեր համագործակցությունը հետևողականորեն ընդլայնվում է տնտեսական և ներդրումային կապերի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և նորարարության ոլորտներում։
Արդյունավետ փոխգործակցություն է ձևավորվել նաև բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Եվրոպական միության հետ մեր գործընկերության շրջանակում։
Այս առումով բարձր ենք գնահատում Իտալիայի շարունակական աջակցությունը Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում։
Հարգելի պարոն դեսպան,
Հարգելի ներկաներ,
Այս տոնական օրը վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը հարստացնելու հայ-իտալական գործընկերությունը նոր նախաձեռնություններով, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և շարունակական զարգացում։
Buona Festa della Repubblica!
Շնորհակալություն ուշադրության համար»:






