չորեքշաբթի, 27 մայիսի 2026
Կառավարությունը նախատեսում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման նոր՝ առավել թիրախային մոդել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին և համարել անհետաձգելի։ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման նոր՝ առավել թիրախային մոդել՝ հիմնված վարելու իրավունքից զրկված անձանց վարքագծի փոփոխության և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության վրա։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկայիս մոդելը՝ ներդնելով առավել թիրախային հետևյալ ընթացակարգը՝
1) վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամ՝ վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո,
2) փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր,
3) փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նախատեսել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով,
4) վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը զրկման ժամկետի ավարտից հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու և փորձաշրջան սահմանելու համար սահմանել պետական տուրք՝ հիսուն հազար դրամի չափով:
Միաժամանակ, սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թ. հունվարի 1-ից հետո զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ վերականգնումից հաշված 1 տարի ժամկետով փորձաշրջանի պայմաններով։
Ինչպես նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, այս պահին վարորդական իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վերականգնումն իրականացվում է քննությունների միջոցով՝ անկախ այն հանգամանքից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե ոչ: Ըստ նախարարի՝ որոշումը չի տարածվելու ՀՀ դատարանների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից զրկումներին, անձին անգործունակ ճանաչելու մասին՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռին, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեկան, հոգեմետ, հոգեներգործուն նյութերի օգտագործումով պայմանավորված, հիվանդությունների վերաբերյալ կամ առողջական վիճակով պայմանավորված դեպքերին առնչվող՝ վարելու իրավունքից զրկման որոշումներին:
Թանգարանային ոլորտի աշխատակիցների համար կներդրվի մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված համակարգ
Կառավարության որոշմամբ թանգարանային ոլորտի աշխատակիցների համար կներդրվի մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված համակարգ՝ ատեստավորման միջոցով։ Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այդ նպատակով կհատկացվի 151.8 մլն դրամ։
«Ոլորտում վարձատրության ցածր մակարդակը առաջացնում է համակարգային խնդիրներ՝ երիտասարդ կադրերի ներգրավման ցածր հետաքրքրվածություն, մասնագիտական աճի և վերապատրաստման սահմանափակում, ինչպես նաև թանգարանային կառավարման և պահպանության որակի անկման ռիսկ: Հաշվի առնելով Կառավարության քաղաքականությունը, որ մենք տարբեր ոլորտներում ներդնում ենք մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգ, մեր առաջարկն է, նաև Կառավարության ընդունած որոշումների տրամաբանությունն է, ատեստավորման համակարգը ներդնել նաև թանգարանային ոլորտում: Ըստ այդմ՝ մշակվել է, հաստատվել է թանգարանային աշխատողների ատեստավորման կարգը, որը հաստատված է նախարարի հրամանով և արդեն իսկ պաշտոնապես հրապարակված է: Այժմ նաև հատկացնելով անհրաժեշտ միջոցները՝ մենք կկարողանանք թանգարանային ոլորտում մեկնարկել ատեստավորման գործընթացը, որն իրենից կներկայացնի բանավոր և գրավոր թեստավորման փուլերի համակցություն: Հուլիսից սկսած՝ արդեն իսկ ատեստավորման գործընթացից հետո դրական հաղթահարած աշխատակիցները կկարողանան համապատասխան հավելավճարներ ստանալ: Միջինում նախատեսում ենք վարձատրության համակարգի 57 տոկոս աճ»,-ասել է նախարարը:
Նախարարը տեղեկացրել է, որ պաշտոնների 8 խմբեր են առանձնացված, որտեղ մասնագիտական տարբեր գործառույթներ իրականացնող աշխատակիցներ կան, և արդյունքում՝ միջին ամսական աշխատավարձը կհասնի շուրջ 200 հազար դրամի: «Մենք նաև այս համակարգը փորձել ենք ձևավորել այնպես, որ թանգարանային աշխատողների մեծամասնության համար հասանելի կդառնա նաև ատեստավորման հաղթահարման պարագայում առողջության ապահովագրության համակարգից օգտվելը, ինչը լրացուցիչ երաշխիքներ կընձեռի այս ոլորտի աշխատակիցների համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ հաջորդիվ նախարարության պլաններում է նաև գրադարանային համակարգում նման մեխանիզմների ներդրումը։
Նախարարի խոսքով՝ թանգարանային ոլորտի զարգացումը մշակույթի զարգացման ռազմավարության առաջնահերթություններից է, որը դիտարկվում է նաև տնտեսական կենսունակության համատեքստում՝ հաշվի առնելով մշակութային զբոսաշրջության մեծ կշիռը Հայաստանի զբոսաշրջային ընդհանուր հոսքերում: Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ երկու տարի առաջ ընդունվել է «Թանգարանների մասին» օրենքը, որը ոլորտի առաջին համապարփակ օրենսդրական կարգավորումն է։ Ըստ նրա՝ իրականացվել են նաև ոլորտի կառավարման, ֆինանսավորման, աշխատանքի որակի բարձրացման և միջազգայնացմանն ուղղված բազմաթիվ քայլեր։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ներկայում բարեփոխումներ են իրականացվում նաև հուշանվերների արտադրության, մասնավոր հատվածի հետ համագործակցության և թանգարաններում վաճառասրահների նոր մշակույթի ձևավորման ուղղություններով։
Մտքեր են փոխանակվել հուշանվերների վաճառքին, թանգարանների միջազգային ներկայացվածության բարձրացմանը և սեփական եկամուտների ձևավորմանը վերաբերող հարցերին։ Անդրադարձ է կատարվել նաև վերջին տարիներին թանգարանային արժեքավոր ցուցանմուշների ձեռքբերմանը, որի համար Կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացնում։
Սահմանվել են պատվովճարի չափեր՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հերթական պայմանագիր կնքելու դեպքում
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից հերթական պայմանագիր կնքելու դեպքում սահմանել պատվովճարի չափեր։ Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, 2 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում պատվովճարի չափը սահմանվել է 1,5 մլն դրամ, իսկ 5 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում՝ 5 մլն դրամ:
«Փոփոխվում է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայության փոխադրվելու համար սահմանված ժամկետը, որի արդյունքում ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության՝ 4 ամիսը լրացած զինծառայողները՝ նախկին 6 ամսվա փոխարեն»,- ասել է փոխնախարարը:
Արման Սարգսյանը նշել է, որ ստացվում է՝ ժամկետային զինծառայողը, որը զորակոչվում է բանակ 18 տարին լրանալուն պես, 4 ամիս հետո կարող է դառնալ պայմանագրային, արդեն օգտվել պայմանագրային զինծառայողի համար նախատեսված աշխատավարձից, ատեստավորվելու հնարավորությունից, ստանալ այդ ժամանակահատվածում աշխատավարձ, ծառայել իր բնակության վայրին մոտ նախորոշված իր համար ցանկալի զորամասում և 5 տարվա պարագայում ստանալ 5 մլն դրամ, իսկ 10 տարվա պարագայում՝ ևս 5 մլն: Այսինքն՝ զինծառայողը կստանա և՛ աշխատավարձ, իսկ 10 տարի ծառայելուց հետո, ընդհանուր վերցրած աշխատավարձից բացի, կստանան նաև 10 մլն դրամ պատվովճար:
Հաստատվել է Պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտի ստեղծման և կիրառման կարգը
Կառավարությունը հաստատել է Պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտի ստեղծման և կիրառման կարգը։ Այն կերաշխավորի տվյալների փոխանակման անվտանգությունը, տվյալների հասանելիությունը, հետագծելիությունը։
Հիմնավորման համաձայն՝ ՏՓՇ-ն տեղեկատվական համակարգերի միջև կենտրոնացված կառավարվող, բաշխված տվյալների փոխանակման շերտ է՝ հիմնված X-Road միջուկի վրա: Այն ապահովում է ծառայությունների ձևավորման և մատուցման ստանդարտացված և անվտանգ միջավայր՝ ապահովելով տվյալների փոխանակման կողմերի միջև գաղտնիությունը, ամբողջականությունը և փոխգործունակությունը: Արդյունքում՝ ՀՀ-ում կստեղծվի և կգործարկվի պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման միասնական շերտը, որը կհանդիսանա թվային կառավարման հիմնասյուներից մեկը։ Մասնավորապես՝ ակնկալվում է փոխգործելիության ապահովում. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների տեղեկատվական համակարգերը կկարողանան իրական ժամանակում, ստանդարտացված պրոտոկոլներով փոխանակել տվյալներ՝ վերացնելով տեղեկատվական մեկուսացումը։ Ակնկալվող արդյունքներից մեկն էլ անվտանգության բարձրացումն է. կներդրվեն տվյալների փոխանակման անվտանգության բարձր չափանիշներ (գաղտնագրում, ժամանակի դրոշմակնքում), ինչը կբացառի տվյալների չարտոնված մուտքը, փոփոխումը կամ կորուստը փոխանցման ընթացքում։ «Մեկ հարցման» սկզբունքի իրացման արդյունքում՝ քաղաքացիները և տնտեսվարողները ստիպված չեն լինի պետական մարմիններին բազմիցս տրամադրել նույն տեղեկատվությունը. պետական մարմինները կստանան անհրաժեշտ տվյալները միմյանց շտեմարաններից՝ փոխանակման շերտի միջոցով։ Հնարավորություն կստեղծվի նաև վերահսկելու տվյալների շարժը, արձանագրելու հարցումները և ապահովելու տվյալների մշակման թափանցիկությունը, ինչը կբարձրացնի հանրային վստահությունը թվային ծառայությունների նկատմամբ՝ պաշտպանելով հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալների ամբողջականությունն ու անաղարտությունը։
Ինչպես նշել է ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, մինչ այս կար մի իրավիճակ, երբ պետական մարմինների շտեմարանների միջև ինֆորմացիայի փոխանցումը տեղի էր ունենում տարբեր մոդելներով՝ լինի դա փակ ճարտարապետություն, բաց ճարտարապետություն, և դա հնարավորություն էր տալիս, որպեսզի մեկ պետական մարմնի շտեմարանի տվյալները կրկնօրինակվեին մյուս պետական մարմնի մոտ: «X-Road տարբերակի պարագայում ունենալու ենք մի շարք առավելություններ, առաջինը պետական մարմինների տվյալների կրկնօրինակման բացառություն է, բավականին բարձրանալու է անվտանգության, գաղտնիության ապահովման որակը, ապահովվելու է հետագծելիությունը, ինչպես նաև թափանցիկությունը»,- ասել է փոխնախարարը։
Ըստ Գևորգ Մելիքսեթյանի՝ ներկայումս ինտեգրացիայի փուլում ներգրավված է 35 մարմին, որից 20-ը՝ պետական, 15-ը՝ մասնավոր. «Պետական մարմինների պարագայում մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը պարտադիր է լինելու տվյալ համակարգին ինտեգրացիան, իսկ ՏԻՄ մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պարագայում լինելու է ըստ հայեցողության»։
Քննարկվող թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ, արծարծվել են բովանդակությանն առնչվող հարցեր: Մհեր Գրիգորյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այն կդառնա կարևոր գործիք՝ պետական համայնքային ծառայությունների գույքագրման գործընթացում։ Փոխվարչապետն այդ համատեքստում ընդգծել է նաև եվրոպական ստանդարտներին համապատասխան անձնական տվյալների պաշտպանության ապահովումը։
Կապահովվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2026թ-ի պետական բյուջեում կատարել վերաբաշխում 270,305.8 հազար դրամի չափով՝ մի շարք կապիտալ ծրագրերի իրականացման նպատակով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, գույքով ապահովումը։
Ֆինանսական միջոցները կուղղվեն, մասնավորապես, հետևյալ աշխատանքների համար՝ Շիրակի մարզի Գյումրու պետական բժշկական քոլեջի վերակառուցման ՆՆՓ, Երևանի թիվ 54 ավագ դպրոցի տաքանցումը եռահարկ մասնաշենքի կառուցում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի ավարտված աշխատանքների հեղինակային հսկողության ծառայության դիմաց վճարում, Շիրակի մարզի Արթիկի Տ․ Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնի հիմնանորոգում և բարեկարգում։ Որոշմամբ սահմանվում են նաև մի շարք թույլտվություններ՝ ՀՀ գնումների օրենսդրությամբ թույլատրվող սահմանաչափերը գերազանցելու համար։
Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2026 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,598,070.2 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով: Սուբվենցիոն ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազիֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
Կոտայքում գտնվող անշարժ գույքերն ամրացվել և հաշվառել են Պետգույքի կառավարման կոմիտեում. Առինջ գյուղի շենք-շինությունների նկատմամբ կիրականացվի նաև պահառություն
Կառավարությունն ընդունել է անշարժ գույք ամրացնելու վերաբերյալ որոշում։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ գլխավոր դատախազության գրությամբ տրամադրված տեղեկատվության համաձայն վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի՝ 2026 թ. ապրիլի 15-ի որոշմամբ մասնակիորեն բավարարվել են համապատասխան հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ գլխավոր դատախազության, ինչպես նաև Կարապետ Գուլոյանի, Ռոզա Ծառուկյանի վճռաբեկ բողոքները և օրինական ուժ է տրվել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թ. հուլիսի 1-ի վճռին և կայացված որոշման հիման վրա գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հասցեի 0.1 հա մակերեսով հողամասի և 9.5 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի 9177/10000 մասի նկատմամբ։ Տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել նաև «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմսերի, ինչպես նաև ՀՀ-ին է փոխանցվել 2021 թ. «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը։ Որոշմամբ առաջարկվում է Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հասցեում գտնվող գույքը և Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի համապատասխան բաժնեմասն ամրացնել և հաշվառել Պետական գույքի կառավարման կոմիտեում։ Որոշմամբ առաջարկվում է նաև Առինջ գյուղի վերոնշյալ շենք-շինությունների նկատմամբ իրականացնել պահառություն։
Կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները
Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում լիարժեք կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, իսկ դրանցում չներառված, սակայն մի կողմում՝ աջ կամ ձախ, միայն «0»-ներ համադրող, իսկ մյուս հատվածում մի քանի արաբական թվեր և կրկնվող կամ տարբերվող լատինական տառեր պարունակող համարանիշերի համադրությունները ինքնաբերաբար կհամարվեն ցանկալի համարանիշեր։ Ըստ հիմնավորման՝ միջոցները կարող են օգտագործվել, մասնավորապես, ՀՀ ներքին գործերի նախարարությանը վերաբերելի ռազմավարական փաստաթղթերից ածանցվող գործողությունների պատշաճ իրացմանը, այդ թվում՝ նախարարության կարողությունների զարգացմանը, տեխնիկական վերազինմանը, թվայնացման գործընթացների խթանմանը, ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ հանրային անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։
Կպարզեցվի ԱԲ կենտրոնների կառուցման նպատակով իրականացվող շինարարությունների ընթացքը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԱԲ ոլորտի ներկայացուցիչների համար պարզեցված ընթացակարգեր սահմանելու իրենց կենսական նշանակության օբյեկտների կառուցման նպատակով պարզեցված ընթացակարգով շինարարության թույլտվությունների ստացումը կազմակերպելու նկատառումներից ելնելով։ Ըստ այդմ՝ առաջարկվում է քաղաքաշինական փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն իրականացնելիս փորձաքննական եզրակացությունը տրամադրել մինչև կառուցվող օբյեկտի շինարարության` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության ավարտը, ինչը թույլ կտա առավել սեղմ ժամկետներում և ավելի պարզեցված կարգով խթանելու ՀՀ-ում Արհեստական բանականության տվյալների կենտրոնների կառուցմանը:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։
«ՎԻՎԱՍՈԼԱՐ» ՍՊԸ նախատեսում է կառուցել արևային ֆոտովոլտային կայան՝ կանաչ էներգիայի արտադրության նպատակով։ Ներդրումային ծրագիրն իրականացվելու է Գեղարքունիքի մարզում, նախատեսվում է իրականացնել 1․3 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման, ենթակային կառուցման, շինարարական և այլ աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 1 աշխատատեղ՝ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. այն նախատեսվում է հասցնել մինչև 6-ի՝ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 150 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 12․2 մլն դրամ։
«ԱՄՈՒՐ ԲԵՏՈՆ» ՍՊԸ ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել բետոնի արտադրության համար՝ իրականացնելով 39․9 մլն դրամի ներդրում։ Ներկայումս առկա է 14 աշխատատեղ՝ 325 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. այն նախատեսվում է հասցնել մինչև 21-ի՝ 420 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 39․9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 5.9 մլն դրամ։
«ԳՌԱՆ» ՍՊԸ ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել բետոնի արտադրության համար՝ իրականացնելով 54․5 մլն դրամի ներդրում։ Ներկայումս առկա է 11 աշխատատեղ՝ 410 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. այն նախատեսվում է հասցնել մինչև 19-ի՝ 452 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 54․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8.1 մլն դրամ։
«ՊՐՈՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ նախատեսում է ձեռք բերել բեռնատար ավտոմեքենաներ և կիսակցորդներ՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1․7 մլրդ դրամի ներդրում բեռնատարների և կիսակցորդների ձեռքբերման համար։ Մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ստեղծել 31 նոր աշխատատեղ՝ 425 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 112․5 մլն դրամ։
Միջազգային համագործակցություն. մրցակցային միջավայրի բարելավում և ներդրումների ներգրավում
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Համաձայնագրի կնքումը՝ 170,3 մլն եվրո արժողությամբ (200 մլն ԱՄՆ դոլարին համարժեք), նպատակաուղղված է ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավվմանը: Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: Ծրագիրն իրականացվում է ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի հետ համատեղ։ Բարեփոխումների շրջանակը ներառում է հետևյալ բաղադրիչները՝ ներդրումների և առևտրի ազատականացումը և մրցակցության խրախուսումը, ավելի կանաչ և ավելի դիմակայուն աճի ապահովումը։
Կխթանվի վարձակալների կողմից պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործումն ու դրա արժեքի բարձրացումը
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ վարձակալների կողմից պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործումն ու դրա արժեքի բարձրացումը խթանելու նպատակով։ Փոփոխություններով սահմանվում է, որ վարձակալները, ովքեր սեփական միջոցներով իրականացնում են գույքի բարելավմանն ուղղված ներդրումներ, կունենան հնարավորություն վարձակալության պայմանագրերի վերակնքման ժամանակ օգտվել գույքի բարելավման արդյունքում ձևավորված վարձավճարի նկատմամբ որոշակի զեղչից։ Ըստ հիմնավորման՝ նման մոտեցումը միաժամանակ լուծում է երկու կարևոր խնդիր։ Առաջինը՝ բարելավմանն ուղղված ներդրումների խրախուսումը կնպաստի պետական գույքի ֆիզիկական ու ֆունկցիոնալ վիճակի առավել արագ և որակյալ բարելավմանը՝ առանց լրացուցիչ բեռի պետբյուջեի վրա։ Երկրորդ՝ վարձավճարի նկատմամբ զեղչի կիրառումը ստեղծում է կանխատեսելի և փոխշահավետ պայմաններ, որոնց դեպքում վարձակալները չեն խուսափի ներդրումներ կատարելուց, քանի որ դրանց դիմաց կստանան իրավականորեն ամրագրված նյութական խթան։ Փոփոխությունների ընդունումը կբարձրացնի պետական գույքի գրավչությունը տնտեսվարողների համար, կխթանի ներդրումային ակտիվությունը, ինչպես նաև կնպաստի պետական գույքի արդյունավետ կառավարմանը։ Միաժամանակ պետական սեփականություն հանդիսացող գույքն աճուրդային եղանակով վարձակալության տրամադրելու նպատակով համապատասխան մարմիններից հայտեր ստանալու դեպքում գույքի վարձակալության տրամադրման նպատակով ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական և «www.azdarar.am» կայքերում հայտարարություն տեղադրելու կարգավորումը հանելու արդյունքում կնվազի լրացուցիչ վարչարարությունը և կկրճատվի գործընթացի իրականացման ժամկետը, ինչպես նաև կնպաստի ավելի շատ մասնակիցներ ներգրավելուն և մրցունակությունն ապահովելուն։
Կվերանորոգվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի «Rieger-Kloss» երգեհոնը
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղադրված «Rieger-Kloss» երգեհոնի ընթացիկ վերանորոգում իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ «Rieger-Kloss» երգեհոնը համերգասրահում տեղադրվել է 1970 թ. և տևական ժամանակ է կարիք ունի վերանորոգման: Երգեհոնի վերականգնման աշխատանքների ավարտը նախատեսվում է իրականացնել 2027 թ. սեպտեմբեր ամսին: Վերականգնման աշխատանքների իրականացման նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է 588400,0 հազար դրամ, որից 2026 թ. ակնկալվող գումարը կազմում է 242,000,0 հազար դրամ: Երգեհոնի վերանորոգումը հնարավորություն կտա վերականգնել երգեհոնի լիարժեք հնչողությունը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ է կապահովվի Հայաստանի պատմության և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարաններում պահպանվող բացառիկ և ազգային նշանակություն ունեցող մշակութային արժեքների պահպանությունը։
Մեկ այլ որոշմամբ էլ Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը կհատկացվի 121,130.2 հազար դրամ՝ թատերահամերգային կազմակերպությունների համար մասնագիտացված գույքի ձեռքբերման նպատակով: Որոշմամբ, մասնավորապես՝ նախատեսվում է «Արամ Խաչատրյան» համերգասրահի համար լեդ էկրանի ձեռքբերում, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համար ձայնային համակարգի ձեռքբերում։















