Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 ապրիլի 2005

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Զեկուցվել է, որ փաստաթուղթն ընդգրկում է ՀՀ 2004թ. սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները, հաշվետու տարում տնտեսության ընդհանուր բնութագիրը, ՀՀ 2004թ. պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերլուծությունները՝ տնտեսության, պաշտպանության, սոցիալական ապահովության, շինարարության, տրանսպորտի, առողջապահության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում, ինչպես նաև ՀՀ 2004թ. պետական բյուջեի պակասուրդի վերլուծությունը: Նշվել է, որ 2004թ. ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունն իրականացվել է իր կողմից ընդունված ծրագրային փաստաթղթերի շրջանակներում և հինականում նպատակաուղղված է եղել հանրապետության տնտեսության կայուն զարգացմանը նպաստող միջավայրի հետագա բարելավմանը՝ շուկայական ենթակառուցվածքների զարգացման, հավասար հարկային դաշտի ապահովման, վարչական խոչընդոտների վերացման միջոցով, տնտեսության մեջ ներդրումների ծավալների մեծացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման համաչափության ապահովմանը և տնտեսական ու մարդկային զարգացմանը խոչընդոտող այլ խնդիրների լուծմանը:

ՀՀ 2005թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ փետրվարի 24-ի N265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը, իր 2005թ. պահուստային ֆոնդի միջոցների հաշվին, մինչև 41մլն 320.9 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզպետարանին՝ Առատաշեն - Արագած-Լեռնամերձ ավտոճանապարհի՝ Սամաղարի համայնքի գյուղամիջյան ճանապարհահատվածի հիմնանորոգման նպատակով, Սամաղարի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար: Սահմանվել է, որ հատկացված գումարի՝ Սամաղարի գյուղական համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Արմավիրի մարզպետը:

ՀՀ 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը, 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 930 հազար դրամ է հատկացրել նաև ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը՝ 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի տոնակատարության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների իրականացման նպատակով:

Գործադիրը որոշել է համաձայնել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության՝ իր տնօրինության Երևան քաղաքի Շիրակի N2ա, Կիևյան N8, Մոլդովական N70/2 և Աբովյան քաղաքի Հատիսի փողոց 4-րդ նրբանցքի, իչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ իր տնօրինության Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ բանավանի N11 հանրակացարանային մասնաշենքի բնակելի տարածքները՝ դրանցում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհատույց սեփականաշնորհելու վերաբերյալ միջնորդություններին: Որոշման ընդունման համար հաշվի են առնվել նաև հանրակացարաններում երկար տարիներ բնակվող փախստականների դիմումները՝ իրենց կողմից զբաղեցվող բնակելի տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ստանալու վերաբերյալ:

Մեկ այլ որոշմամբ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը համաձայնել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջարկությանը՝ նախարարության տնօրինության պաշտոնեական (ծառայողական) բնակարանները, ինչպես նաև հանրակացարանների կացարանները, որպես պետական բնակարանային ֆոնդի բնակելի տարածքներ, դրանցում բնակվող ընտանիքներին անհատույց սեփականության իրավունքով, սահմանված կարգով հանձնելու վերաբերյալ: Հանձնարարվել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ եռամսյա ժամկետում ապահովել զբաղեցված բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրերի կնքումը՝ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով բնակիչների միջոցների հաշվին:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է, որ ՀՀ վարչապետի 1999թ. ապրիլի 16-ի N226 որոշման 11 հավելվածում չընդգրկված և նախկինում կենսաթոշակի անցած ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակները վերահաշվարկվում են՝ հիմք ընդունելով 2003թ. հունվարի 28-ին ընդունված «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափերը: Սահմանվել է, որ որոշումը տարածվում է 2005թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքից հետ վերցնել ք. Երևան, Տերյան 2 հասցեում գտնվող շենքն ամբողջությամբ և այն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Որոշվել է նաև կազմակերպությանն ամրացված, 266 մլն 968 հազար դրամ գնահատված արժեք ունեցող, ք. Երևան, Գ. Չաուշի 50 հասցեում գտնվող 24292,6 քմ. տարածք զբաղեցնող շենք-շինությունները և կինոբեմադրական միջոցներն օտարել մրցույթով: Որոշմամբ ստեղծվել է մրցութային հանձնաժողով՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի նախագահությամբ: Հանձնարարվել է հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կազմակերպել և իրականացնել գույքի մրցույթով օտարումը: Գույքի վաճառքի համար, ի թիվս այլ պայմանների, նվազագույն գինը սահմանվել է 266 մլն 968 հազար դրամ: Սահմանվել է նաև, որ մրցույթի հաղթողը կամ նրա հիմնադրած կազմակերպությունը իրավունք կստանա, ՀՀ օրենսդրությամբ սամանված կարգով, 50 տարով վարձակալել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցրած 32.6 հա հողատարածքը՝ ունենալով տվյալ պահին ՀՀ-ում գործող հողի կադաստրային արժեքով գնման իրավունքի նախապատվություն: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ մշակույթի և երիդասարդության հարցերի նախարարին, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին:

Մեկ այլ որոշմամբ, թույլատրվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ «Պետական կրկես» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված, 40 մլն 882,1 հազար դրամ գնահատված արժեք ունեցող գույքն օտարել մրցույթով: Ստեղծվել է մրցութային հանձնաժողով՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի նախագահությամբ: Հանձնարարվել է հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կազմակերպել և իրականացնել նշված գույքի մրցույթով օտարումը՝ վաճառքի համար նվազագույն գինը սահմանելով 40 մլն 882,1 հազար դրամ: Այլ պայմանների թվում, սահմանվել է նաև, որ մրցույթի հաղթողը, կամ որոշման համաձայն նրա կողմից հիմնադրված առևտրային կազմակերպությունը, իրավունք կստանա, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, 50 տարով վարձակալել «Պետական կրկես» ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցրած 0,57589 հա հողատարածքը՝ ունենալով տվյալ պահին ՀՀ-ում գործող հողի կադաստրային արժեքով գնման իրավունքի նախապատվություն:

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հայեցակարգին: Այն արտահայտում է ներդրումային քաղաքականության ընդհանուր մոտեցումներն ու ռազմավարությունը՝ ամրագրելով և պարզաբանելով ներդրումային քաղաքականության նպատակները, սկզբունքները, խնդիրները, իրավա-պայմանագրային դաշտը, վարչարարական խոչընդոտները, ինստիտուցիոնալ (համակարգային) խնդիրներն ու առաջնահերթ միջոցառումները: Հայեցակարգը հնարավորություն կընձեռնի նշված բոլոր ուղղություններով միմյանց համադրելի գործողությունների իրականացման, տեղական և միջազգային հանրությանը ՀՀ ներդրումային քաղաքականությունն առավել կանխատեսելի և ըմբռնելի դարձնելու համար, կմեծանա նաև ներդրումային միջավայրի հանդեպ գործարար համայնքի վստահությունը: Հայեցակարգում ներկայացված ռազմավարության իրականացումը կնպաստի Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը, ներդրումների ծավալների մեծացմանը, երկրի տնտեսական կայուն զարգացման ապահովմանը:

Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ պետական մարմինների PABX կայանների միջոցով հեռահաղորդակցության ցանցի ստեղծման, զարգացման և շահագործման վերաբերյալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի ներկայացրած զեկույցը:

ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված «Վնասակար նյութերի արտանետումների աղբյուրների և քանակների քարտեզագրում» ծրագիրը: Որոշմամբ հստակեցվում են նշված ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների նկարագիրը և կատարման փուլերը:

Այլ որոշումներով, հաստատվել են նաև ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված՝ բնության հատուկ պահպանվող նոր տարածքների ստեղծման ծրագրերի մշակման, ձկան պաշարների համալրման, «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի, արգելոցապարկային համալիրների տնօրինության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, դրանցում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների գծով պետական պատվերների, ինչպես նաև «Շիկահող» և «Խոսրովի անտառ» պետական արգելոցների պահպանության, դրանցում գիտական ուսումնասիրությունների գծով պետական պատվերների ծրագրերով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2005թ. պետական պատվերները:

Կառավարությունը հավանություն է տվել «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը բխում է թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառության իրավական և պետական կարգավորման, ինչպես նաև նշված ոլորտներում պետական կառավարման մարմինների լիազորությունները սահմանելու անհրաժեշտությունից: Նույն որոշմամբ, օրինագծի ընդունման հետ կապված, հավանություն է տրվել «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի ու վճարումների մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին:

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանող աուդիտի ստանդարտները, որոնք, որոշման համաձայն, տարածվում են ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով աուդիտ իրականացնող անձանց վրա: Որոշումը կնպաստի աուդիտորական գործունեության վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի պահանջների ապահովմանը, աուդիտորների և աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացմանը, աուդիտի, դրա արդյունքում՝ նաև ֆինանսական հաշվետվությունների որակի բարելավմանը: Մեկ այլ որոշմամբ, հաստատվել են աուդիտորի վարքագծի կանոնները ևս:


Այլ որոշումներով, ՀՀ քաղաքացիական և հողային օրենսգրքերին համապատասխան, կառավարությունը հաստատել է Երևանի Փ. Բուզանդի փողոցին հարող տարածքների՝ պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամաս, շենքեր, շինություններ) օտարման գոտին, 4700քմ. ընդհանուր մակերեսով, ինչպես նաև Երևանի Սարալանջի փողոցի և «Երիտասարդության պալատ»-ին հարող տարածքների՝ պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամաս շենքեր, շինություններ) օտարման գոտին 8000քմ. ընդահանուր մակերեսով: Որոշումներով համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ քաղաքապետին:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «2001թ. հունիսի 11-ին կնքված՝ ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին նամակ-համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 23-ի «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 45-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ 2004թ. դեկտեմբերի 24-ի ՀՀ օրենքի ընդունմամբ:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան արխիվ պահպանման փոխանցելու կարգը: Մեկ այլ որոշմամբ, հաստատվել է նաև «ՀՀ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց որդեգրած՝ ՀՀ քաղաքացի երեխայի հաշվառման կարգը»:

Նիստում որոշվել է «Հայանտառ» պետական ՓԲԸ-ի «Երևանի անտառտնտեսություն» դուստր ՓԲԸ-ի Երևանի անտառպետության 10 հեկտար տարածք, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով, տրամադրել «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է կազմակերպության մասնագիտական կարողություններով, ինչպես նաև անտառների ու կանաչ գոտիների վերականգնման գործում ունեցած ներդրումներով (Լոռու և Սյունիքի մարզերում ստեղծվել են տնկարանային տնտեսություններ, տարբեր մարզերի և շահագրգիռ կազմակերպությունների անվճար տրամադրվել է շուրջ 215 հազար տնկանյութ):

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի պետական հանդիսատեսի թատրոն» ՊՈԱԿ-ից հետ վերցնել նրան ամրացված՝ Երևանի Մոսկովյան 3 հասցեում գտնվող շենքից 220 քմ. մակերեսով տարածքը և այն, անհատույց օգտագործման իրավունքով, հանձնել «Բեմական խաչմերուկ» ՍՊԸ-ին:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին ևս, որով հստակեցվում են օրենքի որոշ հասկացություններ, ինչպես նաև կանոնակարգվում են, քաղաքացիական ծառայության համակարգում տեղի ունեցող համապատասխան մարմինների վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխությունների դեպքերում, քաղաքացիական ծառայողների վարձատրության խնդիրները:

Նիստում որոշումներ են ընդունվել նաև Արմավիր քաղաքի Երևանյան 40ա , Արարատյան 5, Շահումյան 14 և այլ հասցեներում գտնվող շենքերի ոչ բնակելի բացվածքներից մի շարք տարածքներ ուղղակի վաճառքի ձևով դրանց վարձակալներին մասնավորեցնելու, ինչպես նաև «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության «Ագրոհամալիր» դուստր ձեռնարկության լուծարման գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ: Վերջինի կապակցությամբ, հանձնարարվել է լուծարման հանձնաժողովին՝ նշված ձեռնարկության՝ հաշվեկշռային մեթոդով 70 մլն 373,8 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված գույքը, որպես գույքի առանձին տարրեր, վաճառել դասական աճուրդով:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, այլ որոշումներով, գործադիրը հաստատել է քաղաքացիական և ծառայողական զենքերի ու դրանց փամփուշտների, ինչպես նաև հակասառիչների և հիդրավլիկ արգելակի հեղուկների տեխնիկական կանոնակարգերը ևս:

Նիստում գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2005թ. պետական ֆոնդի հաշվին, 2մլն 666 հազար 125 դրամ հատկացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին, 2005թ. մայիսին կայանալիք Արագածոտնի մարզի Կոշ, Սարալանջ, Արարատի մարզի Մրգավետ, Արմավիրի մարզի Դարալիկ գյուղական համայնքների, Կոտայքի մարզի Հրազդան և Լոռու մարզի Ալավերդի քաղաքային համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով:

Նիստում հավանություն է տրվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և դրա հետ կապված «Պետական տուրքի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացում և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծերին: Որոշումը պայմանավորված է մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորների փոխադրման կազմակերպման և կանոնակարգման անհրաժեշտությամբ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ