Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 ապրիլի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքը «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր, ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» միջազգային համաժողովում



Միջազգային համաժողովի պատվարժան մասնակիցներ,


Հարգելի հյուրեր,


Մինչ բուն խոսքիս անցնելը, ցանականում եմ բոլորս միասին նախ ողջունենք ընդամենը 2 օր առաջ` երևանյան համաժողովի նախօրեին, պատմական արդարությունը վերականգնելու և 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված ծանրագույն հանցանքը դատապարտելու մեր համընդանուր ջանքերին միացած ևս մեկ երկրի` Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը:


Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի անունից ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին և հյուրերին, որոնք, արձագանքելով պետական հանձնաժողովի հրավերին, մասնակցում են համաժողովին, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ ցեղասպանությունը, իբրև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն և համամարդկային սպառնալիք, այսօր, առավել քան երբևէ, մտահոգում է առաջադեմ մարդկությանը:


«Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր, ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» խորագրով ներկայիս համաժողովը, ըստ էության, շարունակությունն է ցեղասպանությունների կանխատեսման, կանխարգելման, դադարեցման և պատժման միջազգային քարոզարշավի: Ուրախ եմ այս դահլիճում նաև այն մարդկանց ներկայության համար, ովքեր աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր ամբիոններից մինչ այժմ իրենց դատապարտող ձայնն են բարձրացրել ընդդեմ մարդկությանն ուղղված մեծագույն ոճրի` ցեղասպանության: Այս առումով, տեղին եմ համարում հիշատակել համաժողովին մասնակցող հարգարժան պրոֆեսոր Եհուդա Բաուերի` դեռևս 1998 թվականի հունվարի 27-ին Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 53-րդ տարեդարձի առիթով գերմանական Բունդեսթագում տված հետևյալ ձևակերպումը. «Հայերի ցեղասպանությունը իրագործվել է այն ժամանակ տրամադրության տակ եղած տեխնոլոգիական և բյուրոկրատական միջոցներով: Նույն միջոցները նացիստները գործադրեցին նաև լեհերի և հրեաների նկատմամբ»:


Պատահական չէ, որ այսօր երևանյան համաժողովն անցկացվում է «Ճանաչում, դատապարտում, կանխարգելում» կարգախոսի ներքո, ինչը նշանակում է, որ դարասկզբի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման դեպքում մարդկության պատմությունը այլևս չէր ունենա նման որղբերգական էջեր:


Իննսուն տարի առաջ Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի պատմության ամենադաժան և ողբերգական էջն է, որի զարհուրելի հետևանքները կրում ենք մինչև օրս:


1915-1922 թականներին հետևողականորեն իրականացված ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 միլիոն անմեղ մարդ, ոչնչացվեցին հազարամյակների ընթացքում մեր ժողովրդի ստեղծած հոգևոր ու նյութական արժեքներ, բնաջնջումից հրաշքով փրկվածներն ու վերապրածները սփռվեցին աշխարհով մեկ՝ կրելով օտար ափերում տարագիր մարդու ամենասարսափելի զրկանքները:


Տասնամյակներ անց թույլ տվեք մեկ անգամ ևս հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից մեր խորին երախտագիտությունը հայտնել այն բոլոր հյուրընկալ երկրներին և ժողովուրդներին, որոնք ապաստան տվեցին անօթևան մեր հազարավոր հայրենակիցներին, օգնեցին դիմակայել դաժան ճակատագրին և իրենց կյանքն ու ապագան վերսկսել այդ երկրներում:


Հայոց Ցեղասպանությունն իր բոլոր ծանրագույն հետևանքներով, միաժամանակ սարսափելի հարված էր առաջին հերթին հայկական ինքնությանը, երբ մեր ժողովրդի մի ամբողջ հատված զրկվեց իր պատմական հայրենիքում համատեղ և միասնական ապրելու իրավունքից, որի հետևանքով մինչև օրս Սփյուռքում հանգրվանող մեր հայրենակիցները վիթխարի ջանքեր են գործադրում իրենց ազգային նկարագիրն ու ինքնությունը պահպանելու համար:


Համաժողովի օրակարգում ընդգրկված և քննարկվելիք հարցերն ամբողջության մեջ ունեն մեկ ընդհանրություն. Ցեղասպանության դատապարտում՝ որպես հանցագործություն, և խորը մտահոգություն` մարդու իրավունքները, ազատությունը և արդարությունը համընդհանուր ջանքերով պաշտպանելու համար:



Գաղտնիք չէ, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հայ-թուրքական հարաբերությունների փորձաքարն է, որը, ի դեպ, չափազանց դիպուկ բնորոշված է համաժողովի օրակարգում՝ «... պատմությամբ բաժանված, աշխարհագրությամբ միացած»:



Այսուհանդերձ, Հայաստանի Կառավարությունը հայտարարել ու վերստին հաստատում է իր պատրաստակամությունը Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու մասին՝ առանց որևէ նախապայմանի: Մինչդեռ, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ցանկացած նախաձեռնություն ավարտվում է Թուրքիայի կողմից առաջարկվող այս կամ այն անընդունելի նախապայմանով: Իրականում, հայ-թուրքական խաթարված վստահության աստիճանական վերականգնումը կնպաստի տարածաշրջնային անվտանգության և համագործակցության հետագա զարգացմանը, Հարավային Կովկասում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ու համակեցության հաստատմանը:


Հայաստանը լիովին համաձայն է Եվրոպական քաղաքական շրջանակների այն տեսակետին, որ ԵՎրամիության լիիրավ անդամակցության հայտ ներկայացրած երկիրն առնվազն պարտավոր է սեփական անցյալի քննադատական հաղթահարման ընդունակություն հանդես բերել, ներառյալ` սեփական պատմական մեղքի ճանաչումը:


Մեզ համար կարևոր է Թուրքիան տեսնել անցյալի ծանր բեռից ազատված, իր ժխտողական կեցվածքից և քաղաքականությունից ձերբազատված երկիր: Սակայն, ներկայիս Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, Հայոց ցեղասպանության փաստի ժխտմամբ իրեն դուրս է դրել ինքնամաքրման և սեփական պատմության հետ հաշտեցման գործընթացից` մնալով ժխտողական հոգեբանությունը պետական մակարդակի բարձրացրած, ազգային անհանդուրժողականության և էթնիկ անհամատեղելիության զգացումը չթոթափած ԵՎրոպական Միության մուտք գործել հավակնող միակ երկիր:


Հետևողականորեն ձգտելով հասնել Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը՝ մենք հետամուտ ենք ոչ միայն մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների, արժանապատվության ու արդարության վերականգնմանը, այլև դրանով մեր իրական ավանդ ենք ներդնում հանցագործության դեմ քաղաքակիրթ աշխարհի կողմից մղվող պայքարում՝ նպաստելով միջազգային իրավունքի և բարոյականության համընդհանուր կենսակերպի հաստատմանը:


Համոզված ենք, որ այդ ոճրագործության դեմ պայքարը յուրաքանչյուր պետության, միջազգային կառույցների և համայն հանրության պարտքն է:


Պատմությունը մնայուն ընթացք է, որտեղ անցյալը, ներկան և ապագան անքակտելիորեն շաղկապված են միմյանց:


Մեզ երբեմն առաջարկում են մոռանալ անցյալը և ընթանալ առաջ, մենք էլ ասում ենք՝ ո՞ւ մ հետ. եղեռնագործի՞, սեփական քաղաքացիների նկատմամբ ոճիր գործած պետության իրավահաջորդի՞, թե՞ պատմական իրողությունը միտումնավոր մոռացության մատնողների հետ: Անցած ինը տասնամյակների ընթացքում Թուրքիայում չգտնվեց որևէ քաղաքական ուժ, պետական գործիչ, լրատվամիջոց, չձևավորվեց հասարակական շարժում, որը ցավ հայտներ մի ամբողջ ազգի նկատմամբ իրականացված ցեղասպանության համար, որ թուրք ժողովրդի անվանը, համբավին, պատմության համար անարգական, անպատվաբեր և վիրավորական համարեր հայերի բնաջնջման ձեռնարկը: Իսկ առանձին անհատների, մտավորականների` ճշմարտությունը, պատմական իրողություններն ու դեպքերը իրենց անունով կոչելու փորձերն առ այսօր արժանանում են պետության և հասարակության հրապարակային դատապարտմանը:


Վերականգնեք պատմական արդարությունն ու մեր ժողովրդի ոտնահարված իրավունքը, և հիրավի, միասին, առանց բարդույթների, առանց փոխադարձ անվստահության, ապահով և անվտանգ ընթանանք դեպի ապագան:


Ես ինքս, որպես ցեղասպանության ենթարկվածի ժառանգ` Մուշից, բազմիցս ապրել եմ այն բոլոր զգացմունքները, որ ունեցել են ցեղասպանություն ապրած մեր մեծ գերդաստանից հրաշքով փրկված սակավաթիվ անդամները: Այսքանից հետո անգամ ես պատրաստ եմ երկխոսության ցանկացած թուրք գործչի կամ այդ ազգի ներկայացուցչի հետ, եթե նա ունենա սեփական պատմությանը շիտակ նայելու համարձակություն: Դա հարկավոր է ոչ այնքան մեզ, որքան մեր սերունդներին:


Հայ ժողովուրդը, այդ արհավիրքն ապրելուց հետո, ուժ գտավ վերհառնելու, իր պատմական հայրենիքի մի հատվածում պետություն կերտելու, արարելու, այսօր արդեն` անկախ պետականությունն ամրապնդելու, հզորացնելու և շարունակելու իր մասնակցությունը համամարդկային մշակութային արժեքների ստեղծման գործին: Սա, ըստ էության, վերապրածների պատասխանն էր ցեղասպանություն իրագործողներին:



Համաժողովի հարգելի մասնակիցներ,


ես լիահույս եմ, որ այս միջազգային կոնֆերանսը ևս մեկ կարևոր քայլ կդառնա ցեղասպանության դեմ մեր բոլորի ջանքերը համատեղելու, հանգրվան կհանդիսանա այդ պայքարում միջազգային հանրության հնարավորությունների, կարողությունների մեկտեղման և 21-րդ դարը առանց սարսափելի հանցագործության ապրելու` մեր բոլոր ազնիվ ձգտումները կենսագործելու համար:


Ավարտելով խոսքս, ցանկանում եմ դարձյալ կրկնել`


զգոն եղեք, ժողովուրդներ, զգոն եղիր, աշխարհ. միշտ էլ հնարավոր է կատարվի ցեղասպանություն, եթե մենք մեր ջանքերն իրար չմիացնենք, համատեղ չպայքարենք նմանատիպ ոտնձգությունների դեմ:


Շնորհակալություն:

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ