Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 27 մարտի 2026

Ֆրանկոֆոնիայի խաղերն ստեղծում են եզակի հարթակ երկխոսության, փոխըմբռնման և համերաշխության համար. Արայիկ Հարությունյան










Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Հայաստանում 2027 թվականին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի խաղերի տարբերանշանի պաշտոնական ներկայացման արարողությանը, որին հաջորդել է խաղերին նվիրված մամուլի ասուլիսը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկին, Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտեի քարտուղար Քրիստինե Գրիգորյանը, մարզաշխարհի և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է տեսանյութ Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, որից հետո Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկին հանդես են եկել ողջույնի խոսքով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է. «Այս տեսանյութը մեզ փոխանցեց այն մթնոլորտը, էներգիան և բազմազանությունը, որոնք բնորոշ են Ֆրանկոֆոնիայի խաղերին, ինչպես նաև ցույց տվեց Հայաստանի փորձը միջազգային և մեծ միջոցառումներ կազմակերպելու, հյուրընկալելու հարցում:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցելուց ի վեր՝ Հայաստանը մշտապես ակտիվ դեր է ունեցել և հավատարիմ է մնացել Ֆրանկոֆոնիայի հիմնական արժեքներին, բազմազանությանը, համերաշխությանը և համագործակցությանը: Այս համատեքստում՝ թերևս անհրաժեշտ է հիշատակել 2018 թվականին կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որը նշանակալի փուլ էր մեր երկրի ներգրավվածության խորացման տեսանկյունից:

Այսօր մենք արդեն կանգնած ենք նոր հանգրվանի առաջ՝ 2024 թվականի փետրվարի 8-ին Հայաստանը միաձայն ընտրվեց՝ հյուրընկալելու 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերը: Սա իսկապես մեծ վստահություն է մեր երկրի նկատմամբ և միաժամանակ՝ մեծ պատիվ: Եվ մենք արդեն սկսել ենք նախապատրաստվել 2027 թվականի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար, որոնք նախատեսվում են 2027 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 1-ը:

Համաձայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության վերջին տվյալների, ֆրանսերենը շարունակում է իր արագ աճը և այսօր մոտ 400 մլն մարդ ամբողջ աշխարհում խոսում է ֆրանսերեն՝ այն դարձնելով ամենատարածված լեզուներից չորրորդը: Ֆրանկոֆոնիայի խաղերը լավագույնս մարմնավորում են այս համաշխարհային տարածությունը՝ միավորելով երիտասարդներին աշխարհի հինգ մայրցամաքներից: Սպորտի և մշակույթի միջոցով այստեղ ստեղծվում է եզակի հարթակ երկխոսության, փոխըմբռնման և համերաշխության համար: Առաջիկա խաղերը նաև ունեն հատուկ խորհրդանշական նշանակություն՝ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերը լինելու են հոբելյանական 10-րդը: Հատկանշական է նաև, որ այս խաղերի պատմության մեջ առաջին անգամ խաղերն անցկացվելու են մի երկրում, որտեղ ֆրանսերենը պաշտոնական լեզուներից չէ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Ֆրանկոֆոնիայի բաց և ներառական բնույթը:

Եվս մեկ առանձնահատկություն եմ ուզում շեշտել՝ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի բացման պաշտոնական արարողությունն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, ինչպես բոլոր նախորդները, այլ բաց տարածքում՝ Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, ինչը, վստահ ենք, նոր շունչ և հատուկ իմաստ կհաղորդի այս մեծ իրադարձությանը: Ամբողջ Երևանը ներգրավված է լինելու բացման այս արարողությանը»:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում մանրամասներ է ներկայացրել նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև նշել, որ խաղերը կանցկացվեն 10 մշակութային (թատրոն, թվային ստեղծարարություն, տեսողական արվեստ՝ կերպարվեստ, քանդակ, լուսանկարչություն, հեքիաթասացություն, պար, երգեցողություն, գրականություն, ֆրիսթայլ գնդակով) և 10 սպորտային (աթլետիկա և պարաաթլետիկա, ֆուտբոլ, ծանրամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս, բասկետբոլ 3х3, անվասայլակով բասկետբոլ, բրեյք դանս) անվանակարգերում, որոնք տեղի կունենան Երևանում, Աբովյանում, Չարենցավանում և Արմավիրում:

Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկին իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների նշանակալի հանձնառությունը Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի նախապատրաստման գործում։ «Այսօր խաղերի պաշտոնական տարբերանշանի ներկայացումը կարևոր հանգրվան է: Այն նշանավորում է խաղերի նախապատրաստման նոր փուլ, որը միտված է համախմբմանը, տեսանելիության բարձրացմանը և ամբողջ ֆրանկոֆոն տարածքի կողմից դրա յուրացմանը։ Այս պահին բազմաթիվ պետություններ և կառավարություններ հաստատել են իրենց մասնակցության մտադրությունը, ինչը վկայում է խրախուսիչ դինամիկայի, ինչպես նաև այս կարևոր միջոցառումը հյուրընկալելու Հայաստանի կարողության վերաբերյալ վստահության մասին: Վերջին ամիսներին, ինչպես նաև այս շաբաթ Երևանում անցկացված քննարկումները հաստատում են Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի և Հայաստանի իշխանությունների միջև հաստատված երկխոսության որակը՝ սերտ համագործակցության և փոխադարձ վստահության ոգով։ Արդեն իսկ ձեռք բերված առաջընթացի մասին վկայում են մի շարք հանգամանքներ՝ ազգային և տեղական հաստատությունների լուրջ ներգրավվածությունը, այդ թվում՝ մեր այսօրվա մամուլի ասուլիսի շրջանակներում»,- ասել է Վիվիեն Լյուբզանսկին և հավելել. «Հայաստանի նպատակը հստակ է՝ Ֆրանկոֆոնիայի խաղերը դարձնել հանդիպման և երիտասարդության տոն, ինչպես նաև ֆրանսերեն լեզվի և մշակութային բազմազանության արժևորման հարթակ»։

Ամփոփելով խոսքը՝ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկին ընդգծել է. «Այսօր ներկայացվող պաշտոնական տարբերանշանը առանցքային դեր կխաղա ուժերի համախմբման և խաղերի տեսանելիության բարձրացման գործում ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ ֆրանկոֆոն տարածքում։ Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ նպաստելու այս 10-րդ Ֆրանկոֆոն խաղերի հաջողությանը, որը լիովին կհամապատասխանի ֆրանկոֆոն երիտասարդության, ինչպես նաև մասնակցող պետությունների և կառավարությունների ակնկալիքներին»։

Հաջորդիվ՝ տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խաղերի տարբերանշանի պաշտոնական ներկայացման արարողությունը: Արայիկ Հարությունյանը ներկայացրել է. «Տարբերանշանը մշակութային և գեղարվեստական շերտերի ներդաշնակ միաձուլում է: Լոգոյի հիմքում ընկած է հայկական ավանդական հավերժության նշանը՝ որպես շարունակականության և հարատևության խորհրդանիշ, ինչպես նաև Քոչարի պարի շրջանաձև շարժումը, որը մարմնավորում է միասնություն և ուժ: Այս տարրերը վերաիմաստավորվել են ժամանակակից մոտեցմամբ՝ մարդկային շարժումը վերածելով համընդհանուր ռիթմի՝ հասկանալի յուրաքանչյուրի համար անկախ մշակութային սահմաններից: Այս բոլոր շերտերը միավորվում են ամբողջական շրջանաձև կոմպոզիցիայի մեջ՝ ձևավորելով փոխկապակցված դինամիկ կերպարների շարք: Այսպիսով՝ լոգոն արտահայտում է էներգիա, կապ և խաղ՝ ներկայացնելով Ֆրանկոֆոնիայի խաղերի էությունը որպես մշակույթի, սպորտի և մասնակցության շարունակական տոն»:

Այնուհետև մամուլի ասուլիսի բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար իրականացված և ընթացիկ կազմակերպչական աշխատանքներին, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը, առաջիկայում Հայաստանում սպասվելիք նման մեծամասշտաբ միջոցառումների անցկացման հնարավորությանը և այլն:

* * *

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (OIF), որը միավորում է աշխարհում շուրջ 396 միլիոն ֆրանսախոս, իր առաքելությունն է համարում իր կազմում ընդգրկված 90 պետությունների և կառավարությունների միջև գործուն և կայուն համերաշխության ձևավորմանը։ Այս պետությունները ներկայացնում են ՄԱԿ-ի անդամ երկրների ավելի քան մեկ երրորդը։ Կազմակերպության հիմնական նպատակը մարդկանց կյանքի որակի բարելավումն է՝ խթանելով նրանց ներգրավվածությունն ու դերը սեփական զարգացման գործընթացներում։ OIF-ը գործում է մշակութային բազմազանության հարգման սկզբունքով և ուղղված է խաղաղության, ժողովրդավարության, կրթության և կայուն զարգացման արժեքների առաջխաղացմանը։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում գործող Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեն (CIJF) հանդիսանում է Խաղերի կազմակերպման առանցքային մարմինը։ Այն պատասխանատու է Խաղերի նախապատրաստման, համակարգման և միջազգային մակարդակով վերահսկման համար՝ իր գործունեությունն իրականացնելով սերտ համագործակցությամբ հյուրընկալող պետության կամ կառավարության հետ՝ ապահովելով միջոցառման բարձրակարգ և արդյունավետ անցկացումը։

Մարտ 2026
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ