Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 փետրվարի 2026

ՀՀ Կառավարության ծրագրի 2025 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը կներկայացվի Ազգային ժողով








Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում հավանություն է տվել «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին: Ըստ հիմնավորման՝ զեկույցը մշակվել է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ: Այն ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ: Ինչպես նշել է Մհեր Գրիգորյանը, «Սահմանադրության 156-րդ հոդվածի համաձայն՝ այս շաբաթ զեկույցը կուղարկվի Ազգային ժողով: «Կխնդրեմ բոլորին ևս մեկ անգամ այսօր ծանոթանալ վերջնական տեքստին: Այնուամենայնիվ, մենք ստիպված ենք պահպանել տեղեկատվության ողջամիտ ծավալը և խորությունը, և չի բացառվում, որ կան հարցեր, որոնք դուք կցանկանայիք զեկույցում նկարագրվեր: Բայց եթե դա տեղի չի ունեցել, խնդրում եմ՝ ներկայացրեք իմ գրասենյակ, կփորձենք դա զետեղել հարակից ելույթներում, որի հնարավորությունը զեկույցն ԱԺ-ում ներկայացնելիս Կառավարությունն ունենալու է»,- ասել է փոխվարչապետը:

Կառավարությունը սահմանել է հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների նոր տեսակներ ու շեմեր

Կառավարությունը սահմանել է Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ կամ շեմեր: Ինչպես նշել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և էականորեն պարզեցվել են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը, ներդրվել է հայտարարագրերի ինքնաշխատ ներկայացման համակարգ:

Որոշմամբ առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն՝

1) ստացվող վարկերի գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին),

2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն ՀՀ դրամը ներառյալ միանվագ ստացվող փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին),

3) Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգևները (մրցանակները),

4) գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները` եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով, ինչպես նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները,

5) մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից, մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը և (կամ) դրամական միջոցները,

7) ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ չափով անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները,

8) սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ ստացվող եկամուտները, բացառությամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացվող եկամուտների։

Նախարարը նշել է, որ այս տարվանից սկսած՝ թոշակառուները ևս պետք է հայտարարագիր լրացնեն: Նրանք պետք է հայտարարագիր ներկայացնեն 2025 թվականի համար 2026 թվականին: «Նրանք նոր են համակարգում ներառվել: Եվ եթե նրանք այլ եկամուտներ չունեն, որևէ հավելյալ բան լրացնելու կարիք չեն ունենալու»,-ասել է Ֆինանսների նախարարը:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են որոշ դիտարկումներ:

Կապահովվի սահուն անցումը կենսաթոշակների և նպաստների՝ անկանխիկ եղանակով վճարման

Կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարմանն անցնելու հանգամանքով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման, կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարմանը սահուն անցնելու համար անհրաժեշտ է սահմանել մեխանիզմներ՝ տարբեր օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված տեղաշարժման սահմանափակում ունեցող և ներկայումս կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող անձանց համար:

Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ բանկը, համապատասխան հնարավորությունների առկայության դեպքում, կարող է սուրհանդակային ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող կազմակերպության (այսուհետ՝ առաքող կազմակերպություն) կամ իր աշխատակիցների միջոցով իրականացնել շահառուի՝ բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, քարտի առաքման համար անհրաժեշտ գործողությունները, եթե շահառուն՝ 85 տարին լրացած կամ անկախ տարիքից՝ ֆունկցիոնալության ծանր սահմանափակում ունեցող (1-ին խմբի հաշմանդամություն) կամ 75-85 տարեկան՝ ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող (2-րդ խմբի հաշմանդամություն) կամ անկախ տարիքից՝ տեղաշարժման սահմանափակում ունեցող այլ անձ է (ըստ ստացված տեղեկությունների): Որոշմամբ, եթե օրինական ներկայացուցիչ չունեցող շահառուն օբյեկտիվ պատճառներով (առողջական ծանր վիճակ, ֆիզիկական խնդիրների առկայություն և այլն) չի կարող ստորագրել անհրաժեշտ փաստաթուղթը, ապա առաքող կազմակերպությունը, ծառայության հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցով, փաստաթղթի առաքումը կազմակերպում է ծառայության ներկայացուցչի մասնակցությամբ, ով շահառուի բանավոր կամաարտահայտության հիման վրա կազմում է փաստաթղթի բովանդակությանը համապատասխանող արձանագրություն, որը ստորագրում են ծառայության ներկայացուցիչը, բանկի աշխատակիցը, առաքիչը (եթե բանկի աշխատակիցը ներգրավված չէ առաքման գործընթացում): Այս կարգով կազմված և ստորագրված արձանագրության առկայության դեպքում փաստաթուղթը համարվում է ստորագրված շահառուի կողմից: Լիազորագրի հիման վրա կենսաթոշակ վճարելիս օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական ապահովության հաշիվը բացվում է կենսաթոշակառուի անվամբ, իսկ կենսաթոշակը բանկը վճարում է իրեն ներկայացված լիազորագրի հիման վրա: Շահառուի` ՀՀ-ում ունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` ՀՀ-ում լինելը բանկը հաստատել է համապատասխան հնարավորությունների առկայության դեպքում՝ առաքող կազմակերպության միջոցով: Ոչ ուշ, քան տվյալ ամսվա վճարման ցուցակը ներկայացնելու օրը՝ ծառայությունը բանկին տրամադրում է այն շահառուների տվյալները, ովքեր ունեն տեղաշարժման սահմանափակում:

Կառավարությունը հաստատել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը

Կառավարությունը հաստատել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ Կառավարությունը 2023 թ. հոկտեմբերի 19-ին հաստատվել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը. «Սա պարունակում է մեր նախնական պատկերացումներն ու տեսլականը «Ակադեմիական քաղաք» ծրագրի շուրջ, որի շրջանակներում էլ մեծ ծավալի աշխատանք է արվել դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Այժմ գտնվում ենք մի փուլում, երբ կատարված աշխատանքը ամբողջությամբ հնարավոր է դարձնում հայեցակարգը հաստատել լրամշակված խմբագրությամբ՝ շատ ավելի հստակ և տեսանելի դարձնելով մեր առաջիկա անելիքները»:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Մասնավորապես՝ գերմանական GMP ճարտարապետական կազմակերպության կողմից մշակվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը, որը ներկայացվել է օրենսդրությանը համապատասխան համալիր փորձաքննության և հաստատման։ Գերմանական մեկ այլ խորհրդատվական կազմակերպություն մշակել է Ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը՝ ռիսկերի կառավարման ամբողջական շտեմարանի և գործողությունների ծրագրի ձևավորման նպատակով։ Իտալական «Սիստեմատիկա» կազմակերպության կողմից իրականացվել է տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ ուսումնասիրությունը, որը դարձել է ծրագրի շատ կարևոր հատվածը: «ԹՈՒՄ Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից մշակվել է ինչպես տեխնոլոգիական կլաստերի ձևավորման, այնպես էլ Ակադեմիական քաղաքի կառավարման համակարգը: Ներկայումս «Էրնսթ ընդ Յանգ» կազմակերպությունը ավարտում է ծրագրի ֆինանսական իրագործելիության, կենսունակության և ներդրումային հնարավորությունների վերլուծության աշխատանքը, որը մարտի ընթացքում պատրաստ կլինի և հնարավորություն կտա արդեն ծրագրի ներդրումային փաթեթը ամբողջականացնել և սկսել ներդրումային ուղղությամբ աշխատանքները առանձին աշխատաժողովների և գործընկերների հետ հարաբերություններով: «Բացի դրանից՝ մենք հեղինակավոր բուհերի հետ համագործակցությամբ իրականացնում ենք կրթական կլաստերի ձևավորման, արվեստի կլաստերի բովանդակության և կառուցվածքի մշակման, արդեն իսկ նաև Քեմբրիջի հետ բանակցում ենք՝ դասական կլաստերի ուղղությամբ ներգրավելու: Կատարված աշխատանքների հիման վրա հայեցակարգն ամբողջությամբ վերանայվել է, և այժմ ներկայացված նախագծով սահմանվում են Ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, հիմնարար սկզբունքները և թիրախները, ծրագրի կառավարման նկարագիրը, կազմակերպական կառուցվածքը և կլաստերների ընդհանուր մոդելը ու նկարագրերը, տեղադիրքը, ենթակառուցվածքները և տարածքի զարգացման սկզբունքները: Ռիսկերի կառավարման և կայունության հարցերը առանձին նույնպես արտացոլված են հայեցակարգում: Ակադեմիական քաղաքի շրջանակներում ներգրավում ենք նաև տաղանդների զարգացման ծրագիրը, որի ընդունմամբ կմեկնարկեն հանրապետությունում տաղանդների բացահայտմանը և զարգացմանը միտված աշխատանքները, որը հնարավորություն կստեղծի իրականացնելու կրթության զարգացման ռազմավարությամբ ամրագրված և պետական ամենաբարձր մակարդակում հնչեցված այս սկզբունքը, համաձայն որի՝ մեր կրթական համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորինս զարգացնել յուրաքանչյուրի տաղանդը՝ ընդլայնելով իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները: Տաղանդների զարգացման ծրագիրն իրականցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով ապահովել Ակադեմիական քաղաքի էության հստակ և ճիշտ հաղորդակցությունը և դրա նկատմամբ նաև հանրային բովանդակային վերաբերմունքի ձևավորումը»,-ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ըստ նախարարի՝ հայեցակարգում նկարագրվում է նաև ծրագրի իրականացման ֆինանսական ռազմավարության մշակման գործընթացը, որը ծրագրի արժեքի և բյուջետավորման գործընթացը կդարձնի ավելի համակարգված, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների և մասնավոր հատվածի ընդգրկվածության ուղղությունը կապահովի: «Նախատեսվում է նաև իրականացման փուլային ռազմավարության նկարագրությունը, և այս իմաստով հայեցակարգը համալրվել է նորացված ժամանակացույցով և փուլերի նկարագրով, ինչը հստակեցնում է նաև իրագործման ընթացքից ակնկալիքները: Եվ առանձին նկարագրություն է ընկնում հաշվետվողականության համակարգի մասով, որն էլ երաշխավորելու է ծրագրի իրականացման թափանցիկությունը և հանրային վստահությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ բուն շինարարական աշխատանքները նախատեսում են մեկնարկել 2027 թվականից՝ հետևյալ աշխատանքների իրականացմամբ. «Առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողների հյուրընկալելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններ: Կմեկնարկեն և կիրականացվեն՝ հանրային նշանակության մշակութային բազմաֆունկցիոնալ համերգասրահի համաժողովների կենտրոնի կառուցումը, որի ընդհանուր ծավալը պլանավորված է ավելի քան 74000 քմ, ավելի քան 628 հազար քմ ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստերի կառուցումը՝ իր կրթական, հետազոտական և ճարտարագիտական ենթակառուցվածքներով: Պետք է ասեմ, որ հենց այս պահին էլ մենք ակտիվ աշխատանքային փուլում ենք. մասնավորապես, այս պահին մրցույթի են պատրաստվում համապատասխան ենթակառուցվածքների հետ կապված փաթեթները, և առաջիկայում մենք կունենանք տարածքից բարձրավոլտ էլեկտրասյուների տեղափոխման և ոռոգման աշխատանքների համար մրցույթները, զուգահեռաբար ընթանում են մյուս բովանդակային և կազմակերպչական հարցերը»:

Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե արդյոք գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման ոլորտի գործընկերների հետ քննարկվո՞ւմ են այդ հարցերը, որ իրենց ներդրումային պլաններում դա հաշվի առնեն։ Ի պատասխան Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այդ թեմայով առանձին քննարկումներ են ունեցել այդ թվում ՏԿԵՆ–ի գործընկերների ակտիվ ներգրավմամբ: Ըստ նախարարի՝ ձևավորվել են համապատասխան աշխատանքային խմբեր և գլխավոր հատակագծի վերջնական փաթեթն արդեն իսկ ներառում է բոլոր այդ ենթակառուցվածքներով լուծումները, որոնք համաձայնեցված են գործընկերների հետ։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է նաև, նախորդ տարի մեկնարկել են տարածքի մաքրման աշխատանքները. 2.7 հեկտար տարածք մաքրվել է աղբից և շուրջ 10 հազար խմ աղբ հանվել է տարածքից։

Գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգի վերաբերյալ որոշման մեջ: Ըստ այդմ՝ առաջարկվում է կարգը լրացնել գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու դրույթով և ամրագրել գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների արտադրական բազաներում տեսագրության պահպանման նվազագույն ժամկետները: Միաժամանակ սահմանվում են գազաբալոնային տրանսպորտային միջոցի առկայության և գազաբալոնի վկայագրման գործընթացի տեսագրությունում արտացոլվող պարտադիր գործողությունները։ Որոշմամբ կարգավորվում են ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացում առկա ռիսկերն այն տրամաբանությամբ, որ գործընթացի նկատմամբ տեսագրությունների պարտադիր առկայության շնորհիվ վերահսկողական հնարավորությունների նոր գործիքակազմի ներդրման միջոցով բացահայտվելու են ոլորտում առկա թերությունները: Որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է՝ պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Իրավական ակտի կիրառման դեպքում՝ ներդրվում է հանրային ծառայությունների որակի վերահսկողության գործուն համակարգ: Գազաբալոնների պարբերական վկայագրման ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական և ոլորտում քաղաքականություն մշակող լիազոր մարմինները տեսագրությունների առկայությամբ ստանում են նոր գործիքակազմ՝ ոլորտում գործունեություն ծավալող լիցենզավորված կազմակերպությունների կողմից գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների և նրանց վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման պրոցեսների ուսումնասիրության միջոցով թերությունների բացահայտման, առկա ռիսկերի չեզոքացման, ինչպես նաև՝ անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ վարչարարության իրականացման հիմքեր ապահովելու նպատակով: Ոլորտում քաղաքականություն մշակող լիազոր մարմինը տեսագրությունների ուսումնասիրության արդյունքում հնարավորություն է ստանում բացահայտելու գազաբալոնների վկայագրման գործընթացի կարգավորման ենթակա բաղադրիչները՝ ոլորտի կանոնակարգման նոր նախաձեռնությունների իրականացմամբ:

Կհստակեցվեն ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պատշաճ տեսքն ապահովելու ուղղությամբ գովազդակիր կազմակերպության պարտականությունները

Գործադիրը լրացում է կատարել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգում: Արդյունքում՝ ակնկալվում է հստակեցնել և խմբավորել ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պատշաճ տեսքն ապահովելու ուղղությամբ գովազդակիր կազմակերպության պարտականությունները և կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում բացառել ոչ պատշաճ տեսքի, ժանգոտված կամ վնասված գովազդային վահանակների կամ պաստառների առկայությունը ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին: Գովազդային վահանակների պահպանումը և անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով առաջարկվում է կարգը լրացնել վարչաիրավական բնույթի և բովանդակության իրավահարաբերություններով: Մասնավորապես՝ գովազդի (գովազդային վահանակի) տեխնիկական վիճակի և հուսալիության համալիր իրականացվող պարբերական միջոցառումների և նրա պատշաճ արտաքին տեսքի ապահովմանը վերաբերող այլ գործողությունների կատարման պարտավորություններով և սահմանել տվյալ պարտավորությունների կատարման տրամաբանական ժամկետներ, ինչպես նաև՝ հստակեցնել սույն պարտավորությունների կատարման հստակ ժամկետներ և գովազդակիր կազմակերպության կողմից սույն պարտավորությունների չկատարման որոշակի հետևանքներ:

Գործող և նոր ստեղծվող մշակութային կազմակերպություններին կշնորհվեն «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակներ

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում գործող և նոր ստեղծվող մշակութային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգը, նախապայմանները և չափանիշները: Որոշմամբ ոլորտային մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների համար կսահմանվի հստակ և տարբերակված մոտեցում, որը թույլ կտա կազմակերպությունները դասակարգել ըստ դրանց գործունեության տարածքի և հանրային դերակատարության։ Ըստ այդմ՝ առաջարկվում է «Համապետական» կարգավիճակը շնորհել այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը տարածվում է ՀՀ ողջ տարածքի վրա և ունի ռազմավարական նշանակություն պետության կողմից մշակութային քաղաքականության իրականացման տեսանկյունից։ Այս կարգավիճակ ունեցող կազմակերպություններն առանձնանալու են իրենց բացառիկության և ազգային մշակույթի պահպանման գործում ունեցած դերակատարմամբ: «Տարածքային» կարգավիճակ առաջարկվում է շնորհել այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը մեկ ամբողջական մարզի շրջանակներում՝ նպաստելով մշակութային կյանքի զարգացմանը մարզային մակարդակում։ «Տեղային» կարգավիճակ շնորհվելու է այն կազմակերպություններին, որոնք գործում են բացառապես համայնքային մակարդակում և սպասարկում են տվյալ համայնքի մշակութային կարիքները։ Հիմնավորման համաձայն՝ տարբերակման այս մոտեցումը կապահովի անվանումների և գործառույթների համարժեքություն, պետական քաղաքականության համակարգային իրականացում, իրավական կարգավիճակի սահմանման և վերահսկման պարզեցված ընթացակարգ։ Հաշվի առնելով ոլորտային ընդհանրություններն ու առանձնահատկությունները թատերական, երաժշտական, պարարվեստի և կինոարվեստի կազմակերպությունների նախապայմանները և չափանիշները խմբավորվել և առանձնացվել են թանգարանների, գրադարանների և արխիվների նախապայմաններից և չափանիշներից: Որոշմամբ ամրագրվում է, որ «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհում է, այն փոփոխում կամ դադարեցում է ՀՀ Կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի առաջարկությամբ: Որոշմամբ սահմանվում են նաև կարգավիճակ շնորհելու նախապայմանները և չափանիշները, ինչպես նաև կարգավիճակների շնորհման ընթացակարգերը:

2025-ի 4-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 466 անձնագիր

Գործադիրն ընդունել է որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2025թ. 4-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություն¬ներում վավերական 466 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (137 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (329 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

Կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարության որոշմամբ կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Ըստ այդմ՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս (2026 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսները) կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թվականի մարտի 20-ը ներառյալ:

Վեց ամսով երկարաձգվել է Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրով օժանդակություն ստանալու հնարավորությունը

Կառավարությունը որոշմամբ առաջարկվում է ևս վեց ամսով երկարաձգել Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրով օժանդակություն ստանալու հնարավորությունը: 2024 թ.-ից մեկնարկած ծրագրով օժանդակությունները տրամադրվել են առավելապես պարտատոմսերի թողարկման համար։ Ըստ այդմ, ծրագրի ընդհանուր շահառուների թիվը 2026թ․ փետրվար ամսվա դրությամբ 8-ն է, որից 2-ը օժանդակություն են ստացել 2024, 5-ը՝ 2025 և 1 ընկերություն՝ 2026 թվականին։ Տրված օժանդակության ընդհանուր ծավալը կազմել է 310 մլն դրամ, իսկ 8 շահառուների կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծավալը՝ մոտավոր 20.8 մլրդ դրամ։ Դիտարկելով կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացումը 2022-2025թթ․ համար, արձանագրվող պատկերը հետևյալն է՝ ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալը 2022թ․ փաստացի 413.9 մլրդ դրամից 2025թ․ հասել է 664.1 մլրդ դրամի, ինչը կազմում է շուրջ 60% աճ։ Միևնույն ժամանակ, 2022–2025թթ․ ընթացքում արձանագրվել է կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալի 33% աճ և գործարքների քանակի 221% աճ։ Ծրագրով օժանդակություն ստանալու վերջնաժամկետը սահմանված էր մինչև 2026 թ. սեպտեմբերի 1-ը։ Որոշմամբ առաջարկվում է ևս վեց ամսով երկարաձգել Ծրագրով օժանդակություն ստանալու հնարավորությունը: Ծրագրի երկարացման արդյունքում ակնկալվում է, որ պարտատոմսերի շուկայում կմեծանա ոչ ֆինանսական հատվածի ընկերությունների ներկայացվածությունը և ընկերությունները երկարաժամկետում հնարավորություն կստանան դիվերսիֆիկացնելու իրենց ֆինանսավորման աղբյուրները, ինչը թույլ կտա հաղթահարել ունեցած գրավի իրացվելի արժեքով պայմանավորված վարկավորման սահմանափակումները՝ բիզնեսի հետագա զարգացման ֆինանսավորումը դնելով նոր և առավել հրապարակային և թափանցիկ հիմքերի վրա։ Մյուս կողմից նոր կորպորատիվ արժեթղթերի շրջանառությունը կնպաստի ներդրողների, այդ թվում և ինստիտուցիոնալ ներդրողների ակտիվացմանը, ներդրումային պորտֆելների դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև թողարկումներն ուղեկցող ոլորտների և ծառայությունների ակտիվացմանը։ Մասնավորապես ակնկալվում է, որ ծրագրի երկարացման արդյունքում 10-15 ընկերություններ կիրականացնեն մոտ 30 միլիարդ դրամի պարտատոմսերի թողարկումներ։

Սահմանվել է պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը

Գործադիրը սահմանել է պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը: Ներկա փուլում որոշմամբ ներկայացվում է պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա մանկապարտեզները, դպրոցները և դպրոցներին կից կաթսայատները։ Արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ցանկով պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ինքնակամ կառույցների օրինականացման համար։

Օրենսդրական նախաձեռնություններ. նախատեսվում է սահմանել պատասխանատվություն` մաքսային ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտումների համար

Կառավարության հավանությանն է արժանացել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի նպատակն է որոշակիացնել մաքսային ստուգումների իրականացման գործընթացը, հստակեցնել մաքսային ստուգումների գծով չկարգավորված հարաբերությունները, ամրագրել մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ծանուցման դրույթները, վերանայել պատասխանատվության նորմերը մաքսային ստուգման արդյունքներով հայտնաբերված իրավախախտումների համար: Նախագծով առաջարկվում է` սահմանել, որ կամերալ ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 40 աշխատանքային օրը, ինչպես նաև կամերալ ստուգման սկսելու մասին ստուգման ենթակա անձը պետք է ծանուցվի, հանել կամերալ մաքսային ուսումնասիրության տեսակը, որը կրկնում է Օրենսգրքով սահմանված մաքսային հսկողության ձևերը, սահմանել ստուգման ժամկետի կասեցման վերացման դեպքերը, ինչպես նաև գործնականում հանդիպած և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կասեցման հիմքերի համանմանությամբ սահմանել նաև մաքսային ստուգման ժամկետի կասեցման համապատասխան հիմքեր, սահմանել մաքսային ստուգման ակտի վերաբերյալ ստուգվող անձի կողմից առարկություններ ներկայացնելու ժամկետ, սահմանել ստուգման արդյունքների ամփոփման հիման վրա` մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների տեսակները: Նախատեսվում է նաև սահմանել և հստակեցնել մաքսային ստուգմանն առնչվող փաստաթղթերի ծանուցման եղանակները: Մասնավորապես` որպես ծանուցման եղանակներ սահմանվել են` առձեռն եղանակը, էլեկտրոնային փոստը, փոստային կապը և հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը։ Օրինագծով առաջարկվում է սահմանել պատասխանատվություն` մաքսային ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտումների համար՝ կազմակերպությունների նկատմամբ:

Հավանություն է տրվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունումն ուղղված է անշարժ գույքի գնորդների իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությանը՝ ստեղծելով հստակ, կանխատեսելի և կայուն գործիքակազմեր։ Նախագծերով առաջարկվում է շենքի տակ գտնվող հողամասի սեփականության իրավունքը վիճարկելու դեպքերում մինչև վեճի լուծումը հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի նկատմամբ օրենքի ուժով երաշխավորել գնորդների գույքային իրավունքները: Նախագծերը երաշխավորում են նաև շենքի և հարակից հողամասի սեփականության իրավունքի դատական վիճարկման դեպքերում գնորդների օրինական ակնկալիքների պաշտպանությունը՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման իրավական խոչընդոտների դեպքում նրանց վերապահելով դրա օգտագործման իրավունք, ինչի ուժով անշարժ գույքի սեփականատեր գնորդներն օրենքի ուժով ստանում են իրենց շահերից ելնելով, առանց սեփականատիրոջ միջամտության կամ համաձայնության հողամասն օգտագործելու՝ պետության կողմից երաշխավորված ու ճանաչված իրավունք:

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության որոնում իրականացնելու հնարավորություն ընձեռող ծառայության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի կնքումը կնպաստի անդամ պետություններում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին տեղեկատվության հանրամատչելիության ապահովմանը, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտում փոխշահավետ և իրավահավասար համագործակցության ամրապնդմանը: Համաձայնագիրը, մասնավորապես, սահմանում է՝ որոնման ծառայության ստեղծումն ու գործունեության ապահովումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։

Հավանության է արժանացել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների վերահսկման շրջանակներում ընդունվող որոշումները, ինչպես նաև այդ վերահսկման շրջանակներում հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) Եվրասիական տնտեսական միության դատարանում բողոքարկելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Արձանագրության նախագիծը նպատակ ունի հնարավորություն ընձեռել ֆիզիկական անձի համար՝ որոշակի պայմաններում Եվրասիական տնտեսական միության դատարան բողոքարկելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը: Մասնավորապես, նախատեսվում է, որ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործի վերաբերյալ հանձնաժողովի որոշումը, մրցակցության ոլորտում հանձնաժողովի գործողությունը (անգործությունը) վիճարկելու մասին դիմումով կարող է դատարան դիմել այն ֆիզիկական անձը (այդ թվում՝ պաշտոնատար անձը), որի վերաբերյալ կայացվել է նման որոշում կամ որի իրավունքները և օրինական շահերը ուղղակիորեն շոշափվել են նման գործողությամբ (անգործությամբ)։ Նախագծով առաջարկվում է նաև այս ինստիտուտի ներդրումից բխող այլ անհրաժեշտ փոփոխությունների և լրացումների իրականացում:

Կառավարությունը հավանություն է տվել 2026թ. փետրվարի 17-ին ստորագրված «Տեխնիկական աջակցության տրամադրման մասին» պայմանագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ հիմնավորման՝ Եվրասիական զարգացման բանկի միջոցներից Ֆինանսների նախարարության համար պետական-մասնավոր գործընկերության ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանն ուղղված «Տեխնիկական աջակցության տրամադրման մասին» պայմանագրով նախատեսվում է իրականացնել նախարարության և ներգրավված պետական մարմինների կարողությունների զարգացման համալիր ծրագիր, որն ուղղված է պետական և մասնավոր հատվածների գործընկերության ոլորտի (ՊՄԳ) կառավարման համակարգի ամրապնդմանը: Ծրագրի նպատակն է ամրապնդել ՊՄԳ ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունները, ապահովել կառավարման համակարգի արդյունավետությունը և բարձրացնել աշխատակիցների մասնագիտական հմտությունները՝ համահունչ միջազգային չափանիշներին և լավագույն փորձին:
 

Փետրվար 2026
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 

-

Արխիվ