չորեքշաբթի, 25 փետրվարի 2026
Ընտրությունների հուսալի և վստահելի կազմակերպումը մնում են Հայաստանի Կառավարության հիմնարար և շարունակական քաղաքական հանձնառությունը. Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակում անցկացվող միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, այլ հյուրեր:
Բացման խոսքով հանդես են եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի պարոն Հովակիմյան,
Հարգելի տիկին Նացվլիշվիլի,
Հարգելի ներկաներ,
Ձերդ գերազանցություններ,
Շնորհակալություն ձեր երկարաժամկետ հանձնառության և հետևողական աջակցության համար Հայաստանի ընտրական համակարգի ինստիտուցիոնալ ամրապնդման գործում, որն էական դեր ունի մեր ժողովրդավարական ինստիտուտների և պետական դիմադրողականության զարգացման մեջ։
Քաղաքացիների կամարտահայտման նկատմամբ վստահության ապահովումը և ընտրությունների հուսալի և վստահելի կազմակերպումը մնում են Հայաստանի Հանրապետության Կառավարության հիմնարար և շարունակական քաղաքական հանձնառությունը։
2026 թվականի խորհրդարանական ընտրությունները կարևոր են մեր ժողովրդավարական զարգացման ճանապարհին և մեր ինստիտուցիոնալ պատրաստվածության, համակարգային հասունության և հանրային վստահության մակարդակի կարևոր գնահատման փուլ։
Կառավարությունը երաշխավորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախ աշխատանքը և նպաստում ընտրական համակարգի շարունակական արդիականացմանը։ Ծրագրի առանցքային բաղադրիչների իրականացման գործում Կառավարությունը հանդես է գալիս որպես համաֆինանսավորող գործընկեր՝ ապահովելով դրանց կայունությունն ու շարունակականությունը, ինչպես նշեցին գործընկերները։
Ընտրական համակարգի արդիականացումը մենք դիտարկում ենք պետական կառավարման լայն վերափոխման շրջանակում, որտեղ առանցքային տեղ ունեն տեխնոլոգիական զարգացումն ու կիբերանվտանգության համակարգային ամրապնդումը։ Այս համատեքստում թվայնացումը մեզ համար ռազմավարական ուղղություն է, որը ներառում է նաև արհեստական բանականության պատասխանատու և կարգավորված կիրառումը ընտրական գործընթացների արդյունավետության, թափանցիկության և ռիսկերի կանխատեսելի կառավարման նպատակով։
Միաժամանակ մենք ամրապնդում ենք ընտրական համակարգերի տեխնոլոգիական և տեղեկատվական դիմադրողականությունը՝ հակազդելով կիբերսպառնալիքներին, ապատեղեկատվությանը և ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը խաթարելուն ուղղված նոր ռիսկերին։ Սրան մենք բախվելու ենք առաջիկա ամիսներին, և կարծում եմ՝ այս համագործակցությունը մեզ թույլ կտա կանխելու նման զարգացումները։
Մեզ համար կարևոր է, որ միջազգային աջակցությունը վերածվի իրական կարողությունների և կայուն արդյունքների Հայաստանի ընտրական համակարգի համար։ Վստահությունը կառուցվում է ուժեղ ինստիտուտներով և բաց գործընթացներով, և մենք հանձնառու ենք ապահովելու, որ 2026 թվականի ընտրություններն անցկացվեն այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացի վստահ լինի, որ իր ձայնը տեղ է հասել, իսկ ընտրական գործընթացն աչքի է ընկել ազնվությամբ և թափանցիկությամբ:
Շնորհակալություն ուշադրության համար»։
ARTEMIS ծրագիրն ուղղված է ընտրական համակարգի թափանցիկ և ներառական կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը: Ծրագիրն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության, Գերմանիա, Նորվեգիա և Շվեդիա կառավարությունների և ՀՀ Կառավարության սերտ համագործակցության շնորհիվ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վահագն Հովակիմյանի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի կողմից ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում:














