հինգշաբթի, 19 փետրվարի 2026
Կսահմանվեն ներդրումների և ներդրողների պաշտպանության երաշխիքները՝ ժամանակակից միջազգայնորեն ընդունված ստանդարտների հաշվառմամբ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Գիրք նվիրելու օրվան. «Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն ավելի քան 15 տարի մեր երկրում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Եվ այս կապակցությամբ մեր նախարարությունը Կառավարության նիստի բոլոր մասնակիցներին փոխանցել է գրքեր, որոնք տարբեր տարիներին հրատարակվել են պետության աջակցությամբ: Իհարկե, այս գրքերի մեջ մեծ բաժին ունեն հենց Հովհաննես Թումանյանի գործերը, բայց մենք սիրով գործընկերներին ենք փոխանցել ժամանակակից հայ գրողների, նաև թարգմանական գրականության նմուշներ: Հուսով եմ՝ կարդալու ժամանակ կունենաք, նաև գուցե միմյանց փոխանցենք մեր կարդացած գրքերը, որովհետև սա իսկապես մեր աշխատանքի և զարգացման կարևոր բաղադրիչ է: Իրականում, ընթերցանության խրախուսումը Կառավարության քաղաքականության շատ կարևոր և առաջնահերթ ուղղություն է»:
Գործադիրը հավանություն է տվել «Ներդրումների մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է բարելավել ներդրումային միջավայրը: Ըստ հիմնավորման՝ տնտեսական և իրավական հարաբերությունների զարգացման ներկա փուլում անհրաժեշտ է ներդրումային հարաբերությունների համար արդիական, ամբողջական և համապարփակ կարգավորում, որն ի զորու կլինի ապահովելու ներդրողների իրավական պաշտպանվածությունը, խթանելու նոր ներդրումների ներգրավումը և ամրապնդելու պետական քաղաքականության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների արդի պահանջներին համապատասխանեցված, պարզ, թափանցիկ և կանխատեսելի իրավական հիմքեր՝ ապահովելու ներդրողների իրավունքների պաշտպանությունը, ներդրումների ազատությունը և խթանումը՝ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ և կանխատեսելի իրավական միջավայր, որը հնարավորություն կտա Հայաստանին բարձրացնել իր միջազգային ներդրումային վարկանիշը և մրցունակությունը, ներդրումային գրավչությունը և խթանել կայուն ու ներառական տնտեսական աճ։ Օրենքի նախագիծը՝ սահմանում է ներդրումների և ներդրողների պաշտպանության երաշխիքները՝ ժամանակակից միջազգայնորեն ընդունված ստանդարտների հաշվառմամբ։ Օրինագծով սահմանում է ներդրումային խթանների (արտոնությունների) տեսակները, դրանց նպատակը, բնույթը կիրառման իրավական հիմքերն ու մեխանիզմները։ Բացի այդ, առաջարկվում է ներդնել ներդրումային խթանների տրամադրման ճկուն մեխանիզմ, այն է` ներդրումային պայմանագրերի միջոցով խթանների տրամադրումը: Մասնավորապես, առաջարկվում է նախատեսել հնարավորություն ներդրումային խթանները տրամադրել ոչ միայն օրենքների կամ ՀՀ կառավարության որոշումների հիման վրա, այլ նաև՝ ներդրումային պայմանագրերի միջոցով։ Նման մոտեցումը կստեղծի առավել ճկուն և հասցեական մեխանիզմ՝ ներդրողներին խթաններ տրամադրելու համար՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ ներդրումային նախաձեռնության առանձնահատկությունները։ Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ ներդրումային պայմանագրի հիմնական պայմանները, չափորոշիչները և գերակա ներդրումային ուղղությունները կսահմանվեն Կառավարության որոշմամբ։
Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում՝ կենսաթոշակների և պարբերական բնույթի այլ վճարների, այդ թվում՝ պարգևավճարների, ծերության նպաստների, հաշմանդամության նպաստների, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, անկանխիկ եղանակով վճարումն ապահովելու վերաբերյալ: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, դեկտեմբերին ընդունված օրենքի համաձայն՝ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները պետք է վճարվեն անկանխիկ եղանակով, և Կառավարության այս որոշումներով կարգավորվում է ամբողջ գործընթացը: «Մինչև սույն թվականի մարտի 5-ը խնդրում ենք բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը՝ բանկը, և ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով: Եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, մենք դա անելու ենք ավտոմատ եղանակով: Եվ քանի որ կլինեն քաղաքացիներ, որոնք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դա արած չեն լինի, մեզ անհրաժեշտ է լինելու բավարար ժամանակ, որպեսզի քարտերն առաքենք տուն»,- նշել է Արսեն Թորոսյանը:
Ըստ նախարարի՝ դեկտեմբերի սկզբին 50 հազար քաղաքացի էր կենսաթոշակ և նպաստ ստանում կանխիկ եղանակով, այսօր՝ առավոտվա դրությամբ, այդ քաղաքացիների թիվը 25,539 է: «Ընտրությունն ավտոմատ կատարելուց հետո՝ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը, մենք ապահովելու ենք քարտերի տրամադրումը սուրհանդակային ծառայության միջոցով: Առաքումից հետո թոշակը կամ նպաստը քաղաքացիները կստանան քարտով»,- ասել է նախարարը:
Արսեն Թորոսյանը նշել է, որ անկանխիկի անցումը դիտարկվում է նաև՝ որպես հավելյալ եկամուտի աղբյուր քաղաքացիների համար և ներկայացրել հետվճարի վիճակագրությունը. 2026 թվականի հունվարին 415,228 քաղաքացի հետվճար է ստացել, 2025 թվականի դեկտեմբերին հետվճար ստացողների թիվը եղել է 400,572-ի քաղաքացի, այսինքն՝ ևս 15 հազար քաղաքացի 2026 թվականի հունվարից սկսել է օգտվել հետվճարի ծառայությունից: «Հունվարին վճարել ենք 2,9 մլրդ դրամ հետվճար ի համեմատ դեկտեմբերի՝ 1,8 մլրդ դրամի, այսինքն՝ 1,1 մլրդ դրամով ավելի, և միջին հետվճարի չափը կազմել է մոտ 7000 դրամ: 2025-ի դեկտեմբերին հետվճարի միջին չափը 4400 էր, 2026-ի հունվարի համեմատությամբ 2600 դրամի աճ է գրանցվել, ապա հիշեցրեց՝ 2026-ից յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով հետվճարի առավելագույն գումարը 10 հազար դրամ է, իսկ դեկտեմբերին 6000 էր»,- ասել է նախարարը:
Փոփոխություններ՝ մասնակցային բյուջետավորման ծրագրում
Կառավարությունը փոփոխություն և լրացում է ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգում: Ինչպես նշել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, առաջին երկու տարիներին համակարգը ներդրվել է պիլոտային սկզբունքով, և փոփոխություններով փորձ է արվում շտկելու պիլոտի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները: Ըստ նախարարի՝ Կառավարության այսօրվա որոշման նպատակն է նաև ծրագիրը դարձնել մշտական:
Նախարարը տեղեկացրել է, որ հիմնական փոփոխությունները վերաբերում են քվեարկության մեխանիզմի հստակեցումներին. «Սահմանվում է, որ քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել առավելագույնը 3 առաջարկի օգտին, եթե դրանք վերաբերում են համայնքի տարբեր բնակավայրերին։ Նույն բնակավայրին վերաբերող առաջարկների դեպքում քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել միայն մեկի օգտին»:
Առաջարկվում է սահմանել շեմերի տարբերակում՝ ելնելով առաջարկ-նախագիծն ընդգրկող բնակավայրի չափից։ Մասնավորապես, սահմանվում են հետևյալ շեմերը. եթե առաջարկ-նախագիծը նախատեսվում է իրականացնել մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրում, ապա բնակչության 1 տոկոսը, եթե առաջարկ-նախագիծը նախատեսվում է իրականացնել 5000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրում, ապա՝ 2 տոկոսը։ Նախատեսվում է նաև կարգավորել այն իրավիճակները, երբ տվյալ տարում համայնքը ստանձնում է մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված սուբվենցիոն ծրագրերի իրականացման պարտավորություն, սակայն բյուջետային տարվա նախավերջին աշխատանքային օրվա դրությամբ այն չի ավարտվում համայնքապետարանի գործունեությունից անկախ հանգամանքների պատճառով։ «Նախատեսվում է հնարավորություն տալ ծրագրի փաստացի չիրականացված մասի պետական ֆինանսավորման համապատասխան չափաբաժինը, եթե ծրագիրն առնվազն 70 տոկոսով իրականացված և ֆինանսավորված է բյուջետային տարվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ: Արդեն սկսված ծրագրերի ավարտի վերջնաժամկետը կարող է երկարացվել առավելագույնը 6 ամսով»,- նշել է Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ 2026 թվականից մասնակցային բյուջետավորման գործընթացը դառնում է մշտական և տարածվում է այն համայնքների վրա, որոնք սահմանված են տվյալ տարվա պետական բյուջեի հավելվածով:
Ըստ նախարարի՝ գործընթացը համայնքներում սկսվում է նախորդ բյուջետային տարվա ընթացքում, իսկ սուբվենցիայի հայտերի վերջնաժամկետը սահմանվում է մինչ մարտի 1-ը՝ ներկայիս ապրիլի 1-ի փոխարեն, ինչը հնարավորություն է տալիս ավելի երկար ժամանակ հատկացնել ծրագրերի իրականացման համար: Սուբվենցիայի տրամադրման պայմանագրում ամրագրվող իրավահարաբերությունները հստակեցնելու նպատակով սահմանվում են այդ պայմանագրում պարտադիր նշվող դրույթները, որոնք ներառում են՝ նպատակն ու տևողությունը, վերահսկվող ցուցանիշներն ու ակնկալվող արդյունքները, սուբվենցիայի չափը և դրա հնարավոր մասնաբաժիններով տրամադրման պայմանները, ինչպես նաև ծրագրի իրականացման վերահսկողության, մշտադիտարկման և հաշվետվության կարգը, և այն պայմանը, որ պետական ֆինանսավորում տրամադրվում է միայն համայնքի համաֆինանսավորման իրականացումից հետո: Նախատեսված կարգավորումները միտված են մասնակցային բյուջետավորման համակարգի ինստիտուցիոնալ կայացման ամրապնդմանը և շարունակական զարգացմանը՝ ապահովելով առավել մասնակցային և արդյունավետ գործընթաց, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի ժամանակին իրագործման համար բարենպաստ պայմաններ: Հաշվի առնելով նախկին ձեռքբերումները և բարելավման հնարավորությունները ակնկալվում է, որ մասնակցային բյուջետավորումը կշարունակի կատարելապես կայանալ որպես արդյունավետ և համապարփակ գործիք՝ ուղղված համայնքների կայուն զարգացմանը և բնակիչների ակտիվ ներգրավմանը համայնքային առաջնահերթությունների ձևավորման, որոշումների կայացման ու իրականացման գործընթացներում։
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են որոշ դիտարկումներ և պարզաբանումներ:
Կառավարությունը 948 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար
Կառավարության որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023, 2024 և 2025 թվականների մի շարք սուբվենցիայի ծրագրերը՝ 948,541.3 հազար դրամի չափով: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նախատեսվում է համաֆինանսավորել 16 համայնքների 18 սուբվենցիոն ծրագիր. «Սա այս տարվա ընթացքում պետական համաֆինանսավորման ծրագրի՝ պետբյուջեի մասով առաջին համաֆինանսավորումն է»:
Նախարարը թվարկել է որոշմամբ համաֆինանսավորվող ծրագրերը. Արագածոտնի մարզ՝ Ապարան համայնքի Շենավան բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցում- լրացուցիչ աշխատանքներ, Ապարան բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, Արմավիրի մարզ՝ Արաքս համայնքի Արաքս բնակավայրի Րաֆֆու փողոցի կենտրոնական ճանապարհի մայթեզրերի կառուցման և սալարկման աշխատանքներ, Լոռու մարզ՝ Ալավերդի համայնքի Ճոճկան բնակավայրի մարզադաշտի վերանորոգում, Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Ա. Մյասնիկյան և Պանրագործների փողոցների ասֆալտապատում, Կոտայքի մարզ՝ Ակունք համայնքի Ակունք բնակավայրի կոյուղու ցանցի կառուցում -2-րդ փուլ, Գառնի համայնքի Գառնի, Գեղարդ, Գողթ բնակավայրերի խմելու ջրագծերի անցկացում, Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, Արզնի համայնքի 5-րդ, 6-րդ, 11-րդ, 12-րդ փողոց 3-րդ նրբանցք և 15-րդ փողոցների ասֆալտապատում, Սյունիքի մարզ՝ Սիսիան համայնքի Աղիտու և Վաղատին բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգում, Կապան համայնքի Աղվանի բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում, Տեղ համայնքի Կոռնիձոր և Վաղատուր բնակավայրերում խաղահրապարակների և ժամանցի կենտրոնների կառուցում, Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի Շահումյան 8 հասցեի բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ, Գորիս համայնքի Գորիս բնակավայրի Այգեստան փողոցի մի հատվածի հիմնանորոգում՝ Քրիստափորի փողոցից մինչև քաղաքային ֆուտբոլի դաշտ, Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի նոր քաղաքային գերեզմանոցի կառուցում, Մալիշկա բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում-լրացուցիչ աշխատանքներ, Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի 9-րդ փողոցի սալապատում տուֆով, Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Գետափնյա փողոցի ասֆալտապատում և մայթերի վերանորոգում:
Կառավարությունը սահմանել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը
Կառավարությունը սահմանել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը և հաստատել երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը: Ըստ այդմ, մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել նպաստի չափը՝ ամսական 50000 դրամ, հաստատել նպաստ նշանակելու և վճարելու կարգը: Կապահովվի ինքնաշխատ եղանակով իրականացվող գործընթացների ապահովման ծրագրային գործիքի մշակումն ու ներդրումը՝ մինչև 2026 թ. մայիսի 1-ը: Կներդրվի նպաստի նշանակման և վճարման առավելապես ինքնաշխատ, առցանց մեխանիզմ՝ հիմնված պետական տեղեկատվական շտեմարանների փոխգործակցության վրա: Նախատեսվում է նաև նպաստի նշանակման և վճարման կարգով սահմանել շահառու երեխայի կարգաթիվը որոշելու մանրամասն չափանիշները՝ հաշվի առնելով ընտանիքի կառուցվածքը, շահառու երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (շահառու երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները), կամ շահառու երեխայի ծնողից (հորից կամ մորից) սերված երեխաները և զավակները (շահառու երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները), որոշ պայմանների առկայության դեպքում: Որոշմամբ նախատեսվում է նաև, որ շահառու երեխայի կարգաթիվը որոշելիս շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատություններում կամ կազմակերպություններում գտնվող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցող երեխաները չեն հաշվարկվում: Ընդ որում, այս տվյալները ստացվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական շտեմարաններից: Ինքնաշխատ գործընթացների ներդրումը կնպաստի վարչարարության պարզեցմանը, քաղաքացիների վարչական բեռի նվազեցմանը, մարդկային գործոնի ազդեցության սահմանափակմանը և գործընթացների թափանցիկության բարձրացմանը։
Սահմանվել են կամրջային կառուցվածքների վերակառուցման սկզբունքները. աշխատանքները կրելու են շարունակական բնույթ
Կառավարությունը հաստատել է ՀՀ ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների ցանկերը, դրանց վերակառուցման (կամ հիմնանորոգման) ծրագիրը ու կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը: Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում առկա կամրջային կառուցվածքների անվտանգ շահագործման, հնարավոր ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների կանխարգելման անհրաժեշտությամբ։ ՀՀ մարզպետների աշխատակազմերի և «Հարավկովկասյան Երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ հանրապետության տարածքում առկա են ավտոճանապարհային 1056 և երկաթուղային 605 կամրջային կառուցվածքներ։ Անխնամ երկարատև շահագործման ընթացքում դրանցում առաջացել են երթևեկելի մասի հիդրոմեկուսիչ, ծածկութային շերտերի և բետոնի քայքայում, ամրանի և մետաղյա տարրերի, հեղույսային, գամային ու եռքային միացումների կոռոզիա։ Կամրջային կառուցվածքների գերակշռող մասը կառուցվել է մինչև 1988 թվականը: Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման և սեյսմիկ ազդեցությունների ուժգնության մակարդակի բարձրացման արդյունքում դրանք այլևս չեն բավարարում սեյսմակայուն շինարարության գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին: Հանրապետության տարածքում առկա կամրջային կառուցվածքների շահագործման անվտանգության, հանրապետության ներսում և միջպետական, տարանցիկ բեռնափոխադրումների համար հուսալի և միջազգային պահանջներին համապատասխան ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքներով ապահովման ու անվտանգ քաղաքաշինական միջավայրի ձևավորում նպատակով՝ որոշմամբ սահմանվել են կամրջային այդ կառուցվածքների վերակառուցման (հիմնանորոգման) սկզբունքները, այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման քայլերը և առաջնահերթության չափանիշները: Դրանք նախատեսվում են իրականացնել սկսած 2026 թ.-ից և կրելու են շարունակական բնույթ։
Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող գույքն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին
Գործադիրն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան, Նուբարաշեն Նուբարաշենի 11-րդ փողոց 16/18 հասցեում գտնվող 413,475.15 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,00605 հա մակերեսով հողամասը կամրացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Կառավարությունը շարունակում է աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքների բնակիչներին
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Հիմնավորման համաձայն՝ 2026 թ. պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 1 048 000.0 հազար դրամ գումար: Որոշմամբ՝ վերոնշյալ գումարը տրամադրվում է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, և Տավուշի մարզերի 13 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով:
Կփոխհատուցվեն 2024-2025 թթ. մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները
Կառավարությունն ընդունել է որոշում՝ մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման գումարների ամբողջական տրամադրման անհրաժեշտությամբ պայմանավորված։ 2024 և 2025 թթ. Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասը կազմել է 2,717,357,895 դրամ։ 2025 թ. ընթացքում Կառավարությունը փոխհատուցվել է 1,714,662,611 դրամ, ինչի արդյունքում Արմավիրի մարզի Մեծամոր (2024թ․-ին կրած վնասի մասով), Արմավիր և Բաղրամյան (2025թ․-ին կրած վնասի մասով), Արագածոտնի մարզի Աշտարակ և Լոռու մարզի Գյուլագարակ համայնքները կարկտահարության հետևանքով կրած վնասների համար փոխհատուցվել են մասնակի։ Փաստացի վնասի և փոխհատուցված գումարների տարբերությունը վճարելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել 2026 թ. պետբյուջեում կատարել վերաբաշխում։ Առկա ֆինանսական պարտավորությունները ամբողջապես մարելու նպատակով կպահանջվի 1,002,695,284.4 դրամ։
Միջազգային համագործակցություն. Հայաստանի և Լեհաստանի միջև կստորագրվի ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր
Գործադիրի հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Լեհաստանի Հանրապետության հետ փոխվստահության վրա խարսխված բարձր մակարդակի հարաբերությունների հետագա ընդլայնումը և խորացումը, ինչը ապագայում հնարավորություն կտա ռազմական համագործակցության ոլորտում արձանագրել շոշափելի արդյունքներ և ներառել հեռանկարային նոր ուղղություններ: Համաձայնագրի ստորագրումը կհամալրի փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով պաշտպանական երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին: Համաձայնագրի նպատակն է հաստատել ռազմատեխնիկական բնագավառում կողմերի միջև համագործակցության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը, համաձայն որի կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների հիման վրա: Համաձայնագրում ամրագրված է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտները և ձևերը, գաղտնի տեղեկատվության պաշտպանության, երրորդ երկրներին վաճառի կարգի մասին, ինչպես նաև ստեղծվելիք հանձնաժողովի գործունեության վերաբերյալ դրույթներ:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են Երևանի ԱՏԳ կենտրոնի շինարարությանը և սարքավորումների ձեռքբերմանը, իսկ վարկային միջոցները՝ Երևանի ԱՏԳ կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացմանը, ապրանքների և ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցմանը: Ծրագրի իրականացման շրջանակում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն (այսուհետ` ԱՏԳ) և ՀՀ ՊԵԿ վարչական շենք (վարչական շենքի կառուցման ծախսերն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի ներքին աղբյուրների հաշվին): Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնը տեղակայվելու է Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում։ Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կընձեռի ապահովել բավարար մաքսային ենթակառուցվածք՝ շենքային պայմանների, տեխնիկական հագեցվածության և տեղեկատվական համակարգերի հասանելիության տեսանկյունից։ Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա ԱՏԳ մասնակիցներին մատուցել բարձրակարգ ծառայություններ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով, ինչպես նաև ապահովել մաքսային հսկողության արդյունավետ իրականացումը։
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զգալի մաշվածությունը, ջրի կորուստների բարձր մակարդակը, ինչպես նաև կլիմայական փոփոխություններով պայմանավորված ռիսկերի աճը լուրջ մարտահրավերներ են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և գյուղատնտեսության կայուն զարգացման համար։ Ծրագիրն առաջարկում է համալիր և փուլային լուծում՝ միաժամանակ անդրադառնալով ազգային և տեղական մակարդակներում առկա խնդիրներին: Մասնավորապես, Սյունիքի մարզում՝ տեղական մակարդակում իրականացվող բաղադրիչն ուղղված ոռոգման համակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը և կայուն ու ընդգրկուն գյուղատնտեսության զարգացմանը: Նախատեսվում է Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում և արդիականացում փուլային եղանակով` ինքնահոս համակարգեր, պոմպակայաններ, ջրի կրկնակի օգտագործման համակարգեր:
Կկատարելագործվի Կադաստրի կոմիտեի թվային ծառայությունների և միասնական տեղեկատվական համակարգը
Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում ակնկալվում է Կադաստրի կոմիտեի թվային ծառայությունների և միասնական տեղեկատվական համակարգի կատարելագործում: Այդ նպատակով կներդրվեն մի շարք համակարգեր: Մասնավորապես՝ քաղաքացիների փոխարեն Կադաստրի կոմիտեի կողմից դիմումների մուտքագրման համակարգ, որով քաղաքացիներին կտրվի հնարավորություն իրենց փոխարեն առցանց մուտքագրել դիմում՝ հաշվի առնելով, որ Կադաստրի կոմիտեն նախաձեռնել է Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները փակելու և խորհրդատվական կենտրոններ ստեղծելու գործընթաց: E-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում նախատեսվում է իրավաբանական անձի գրանցման համակարգ։ Չափագրման հատակագծերը համայնքներին կներկայացվեն էլեկտրոնային եղանակով, ինչը կապահովի տվյալների օպերատիվ շրջանառություն, տեղեկատվության պահպանում, թափանցիկություն և միասնական մոտեցում։ Նախատեսվում է նաև Միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում: Այս հարթակը նախատեսված է ոչ միայն ռիելթորների, այլև քաղաքացիների համար: Համակարգի միջոցով շուկայում առաջարկները կլինեն ստուգված և այն փոխգործելի կլինի անշարժ գույքի վաճառքի կայքերի հետ:
Կբարձրացվի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման գործընթացի արդյունավետությունն ու մատչելիությունը
Կառավարությունը հաստատել է Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգը, պայմանները, հավաստագրի կասեցման, ինչպես նաև հավաստագրված անձանց ռեեստրի վարման կարգը: Ըստ այդմ՝ համապատասխան սոցիալական ծառայությունները կտրամադրվեն միայն հավաստագրված կազմակերպությունների կողմից՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից։ Հավաստագրումը կիրականացվի համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչներին հավաստագրվող կազմակերպությունների համապատասխանությունն ապահովելու նպատակով։ Նվազագույն չափորոշիչների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունքում հավաստագրի գործողության կասեցման հնարավորություն կստեղծվի։ Բացի այդ՝ հավաստագրման ողջ գործընթացը, ներառյալ՝ հայտերի ներկայացումը, հավաստագրված անձանց ռեեստրի վարումը, կիրականացվի սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման տեղեկատվական համակարգի միջոցով։ Արդյունքում՝ կբարձրացվի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման գործընթացի արդյունավետությունն ու մատչելիությունը։
Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը
Կառավարության որոշմամբ «ՌՍՎ ԿՈՄՊՈՏԵԽ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել գազաբալոնների արտադրության համար՝ իրականացնելով 350 մլն դրամի ներդրում: Մինչև 2026 թ. նախատեսվում է ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 350 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 25.8 մլն դրամ։















