հինգշաբթի, 5 փետրվարի 2026
Սահմանվել են սպայական կազմի զինծառայողների կողմից հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Կառավարությունը սահմանել է Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները: Որոշմամբ սահմանվում են հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի նվազագույն և առավելագույն մակերեսները, ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները, ծրագրի իրականացման ընթացակարգը, ծրագրի շրջանակներում վարկատու կազմակերպություններից համապատասխան տեղեկատվության ստացման և փոխանակման եղանակները, բնակարանի նկատմամբ զինծառայողի սեփականության իրավունքի դադարման դեպքում պայմանագրի լուծման և զինծառայողի կողմից բնակարանն ազատելու հետ կապված հարցերը: Բացի այդ, ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի նկատմամբ զինծառայողների գույքային իրավունքների պետական գրանցման, գրավի իրավունքի պետական գրանցման և պետական տուրքերի համար կատարված ծախսերը նախատեսվում է փոխհատուցել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
Ինչպես նշել է Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ծրագիրը հնարավորություն է տալու սպայական կազմի զինծառայողներին ամբողջությամբ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման հիման վրա սեփականության իրավունքով ձեռք բերել բնակարան, բնակելի տուն: Ըստ փոխնախարարի՝ վարկը, կանխավճարը, մայր գումարը և տոկոսներն ամբողջությամբ մարվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՊՆ-ի նախարարության կողմից։ «Այն քաղաքացիները, որոնք կընդունվեն ռազմաուսումնական հաստատություն, կավարտեն, կնշանակվեն ՊՆ համակարգում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայության, մենք տրամադրելու ենք հավաստագրեր, որի միջոցով նրանք հնարավորություն կունենան ընտրելու իրենց բնակարանը կամ բնակելի տունն առաջնային կամ երկրորդային շուկայից: Սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն անցնի վերոնշյալ մարմիններում: Հավաստագրով զինծառայողին հասանելի գումարը, որով կարող է բնակարան ձեռք բերել, որոշվելու է Երևանում 80 քմ տարածքով ձեռք բերվող անշարժ գույքի արժեքով, որն այս պահին կազմում է 35 մլն դրամի չափ, և նա հնարավորություն կունենա այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլև մարզերում»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:
Տիգրան Խաչատրյանը կարևորել է որոշումը և ընդգծել, որ ծրագրի շահառուներին տրվում է ընտրության հնարավորություն: Սակայն, ըստ փոխվարչապետի, անհրաժեշտ են մոտիվացիոն այնպիսի մեխանիզմներ, որ արհեստականորեն գույքի ձեռք բերումը Երևանում չխթանվի:
Կընդլայնվեն բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները
Կառավարության հավանությանն է արժանացել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վերանայվել են առողջապահական` ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պահանջները` առավել որակյալ, բանիմաց կադրերի ընտրություն և նշանակում առողջապահական կազմակերպությունների տնօրենների պաշտոնում, ինչը կբարձրացնի կազմակերպությունների ղեկավարման և ընդհանուր գործունեության արդյունավետությունը: Արդյունքում՝ կապահովվի նաև առողջապահական կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվողականությունը լիազոր մարմնին և իրենց պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմնին, և արդյունքում կբարձրանա առողջապահական կազմակերպությունների ղեկավարման և ընդհանուր գործունեության արդյունավետությունը:
Ինչպես նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ընդլայնվում են բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները: «ՓԲԸ-ները, հանդիսանալով շահույթ հետապնդող ձեռնարկատիրական կազմակերպություններ, պետք է հնարավորություն ունենան ընդգրկելու նաև ղեկավար կազմում այնպիսի անձանց, որոնք ունեն համապատասխան կրթություն, որը չպետք է սահմանափակվի միայն բժշկական կրթությամբ, և պետք է նաև գործադիր մարմիններում աշխատանքային փորձի բավարար պայմանին համապատասխանեն: Ըստ էության, մենք վերանայում ենք ԲԿ-ների նկատմամբ աշխատանքային հարաբերություններում դրվող պահանջները: Առողջապահության նախարարությունը, սահմանելով զարգացման ուղեծիր ԲԿ-ների համար, հնարավորություն է ստեղծելու, որ հավակնորդները մրցույթի շրջանակներում ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում դրված նպատակներին հասնելու ճանապարհը, ունենան հստակ առաջադրանք և հաջորդիվ արդեն նաև հաշվետու լինեն, թե կառավարման ընթացքում ԲԿ-ն ինչպիսի ֆինանսական, նաև բժշկական արդյունքների է հասել»,- ասել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ կարևոր է, որ պետական մասնաբաժին ունեցող ԲԿ-ները լինեն ֆինանսապես կայուն, առողջ, զարգացող, ապահովեն նաև պետությանը շահաբաժինների վճարման՝ անընդհատ ավելացող արդյունքներ. «Կարևոր է, որ մենք էլ ունենանք չափելի ինդիկատորներ, որոնցով կարող ենք դնել առաջադրանքները, հետո գնահատել մեր կառավարիչների աշխատանքային գործունեությունը»:
Նախարարը, անդրադառնալով կազմակերպաիրավական ձևի խոշորացմանը, ընդգծել է. «Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ որևէ ԲԿ, ամբուլատորիա, ԲՄԿ ՀՀ-ում չի կրճատվում, այլ խոշորանում են կազմակերպաիրավական ձևով, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել, առավել վարչատնտեսական ծախսերը կրճատել և մեր ֆինանսական միջոցներն ուղղել հենց բժշկական ծառայությունների՝ բարձ որակ ապահովելուն, և ոչ թե ոչ անհրաժեշտ ծախսեր իրականացնելուն»:
Տիգրան Խաչատրյանը կարևորել է օրինագծի ընդունումը և նշել, որ պետական կամ համայնքային բժշկական կազմակերպությունների կառավարման ուղղությամբ կայացվող որոշումների նպատակն է բարձրացնել ծառայությունների որակը: «Ես ուզում եմ առանձնացնել այն փաստը, որ մենք ոչ միայն կառավարման ուղղությամբ ենք որոշումներ կայացնում, այլ նաև մեծածավալ ներդրումներ ենք կատարում թե՛ բժշկական կազմակերպությունների վերազինման, թե՛ միջավայրի, թե՛ տեխնոլոգիաների կամ սարքավորումների ուղղությամբ», -ասել է փոխվարչապետը:
Նախատեսվում է հստակեցնել և կանոնակարգել հարկային օրենսդրության կիրառման ընթացքում բարձրացված հարցերը
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգման և հստակեցման, առանձին իրավական նորմերի վերանայման, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է վերանայել արտարժույթով արտահայտված գործարքների և գործառնությունների հաշվառման կանոնները, ինչպես նաև սահմանել կարգավորումներ արտարժույթով արտահայտված որոշ գործարքների և գործառնությունների հաշվառման մասով: Ըստ այդմ՝ նախատեսվում է կանոնակարգել ապրանքի վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը և գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսել ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձման: Բացի այդ, առաջարկվում է կանոնակարգել հարկային հաշիվներից բացի այլ հաշվարկային փաստաթղթերով (այդ թվում` ՀԴՄ կտրոններով) ձեռքբերումների վերադարձի մասով գործարքների ճշգրտման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում արտացոլելու հետ կապված հարցերը` նախատեսելով, որ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով ճշգրտումները արտացոլվում են ճշգրտման ժամանակաշրջանի համար ներկայացվող միասնական հաշվարկում, բացառությամբ՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների ավելացման դեպքերի, որոնք պետք է արտացոլվեն մատակարարումների օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի միասնական հաշվարկում: Նախատեսվում է հստակեցնել գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող հարկ վճարողների կողմից մինչև ԱԱՀ շեմը (115 մլն դրամ) գերազանցելը իրականացվող ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների (ապրանքների մատակարարում, ծառայությունների մատուցում, աշխատանքների կատարում) մասով ԱԱՀ-ի պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցերը: Օրինագծով նախատեսվում է հստակեցնել ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնի և ԱԱՀ-ից ազատման արտոնությունների հետ կապված հարցերը։ Մասնավորապես՝ պետական տուրքի մասով ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառման հետ կապված առաջարկվում է սահմանել, որ բացի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, այլ հարկ վճարողների կողմից մատուցվող ծառայությունների մասով, որի համար գանձվում է պետական տուրք կամ տեղական տուրք, ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառել նաև այդ պետական տուրքի կամ տեղական տուրքի գումարների մասով: Նախատեսվում է ԱԱՀ-ից ազատման արտոնություն կիրառել նաև համայնքներին նվիրատվությամբ ապրանքների մատակարարման մասով (ներկայումս ԱԱՀ-ից ազատվում է միայն պետությանը նվիրատվությունը, իսկ համայնքների նվիրատվության դեպքում ԱԱՀ-ից չի ազատվում և ՀՀ կառավարության որոշմամբ հարկման բազան 0 դրամ է): Վերանայվել և հստակեցվել են օրենսգրքով սահմանված՝ դրամարկղային մեթոդով ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց եկամուտների հաշվառման կարգավորումները: Վերանայվել են դրոշմավորման ենթակա կաթնամթերքի գծով որակական կորուստների՝ համախառն եկամտից նվազեցման նորման՝ սահմանելով, որ նշված կորուստը համախառն եկամտից ենթակա է նվազեցման համախառն եկամտի 2%-ը չգերազանցող չափով:
Անդրադառնալով օրինագծին՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ բոլոր փոփոխությունները հարկ վճարողների համար հարկային հաշվառումն ավելի պարզեցնելու և հնարավոր սխալներից խուսափելու նպատակ ունեն: Այդ համատեքստում փոխվարչապետն ընդգծել է ՊԵԿ-ի կողմից կառավարվող հարթակների զարգացման ապահովումը, որ բոլոր փոփոխությունները ինքնաշխատ եղանակով արտացոլվեն նաև հարկ վճարողների հարկային հաշվետվություններում: Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է՝ ՊԵԿ-ը նախատեսո՞ւմ է թվային հարթակների այնպիսի կարգավորումներ, որ հաշվարկը լրացվի ինքնաբերաբար։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ բոլոր փոփոխությունների մեծ մասի համար թվային հարթակներն արդեն պատրաստ են. «Այսինքն՝ այս փոփոխությունները ավտոմատ հնարավոր կլինի մեր գործող թվային հարթակներում կատարել: Կարելի է ասել, որ 95%-ը ունենք, իսկ 5%-ի համար համակարգում տեխնիկական փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա, որը շատ արագ, կարճ ժամանակահատվածում կիրագործենք»:
Սահմանվել են ընթացիկ տարում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները
Գործադիրը սահմանել է 2026 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Հիմնավորման համաձայն՝ յուրաքանչյուր տարի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից իրականացվում է Սևանա լճում և դրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ, ինչի արդյունքում առաջարկում է արդյունագործական որսի չափաքանակ: 2025 թ. հոկտեմբերի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական պաշարը կազմել է 1373.9 տոննա։ Ըստ այդմ՝ գիտական կենտրոնը 2026 թ. համար սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է 550 տոննա չափաքանակ՝ արդյունագործական պաշարի 40%։
Ինչպես նշել է Շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանը, որսի իրականացման ժամկետ է սահմանվում փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը: Ըստ փոխնախարարի՝ գիտական կենտրոնը, ըստ պայմանագրի, 2026-ի ամռանը կիրականացնի ուսումնասիրությունների երկրորդ փուլը, որի հիման վրա կսահմանվի հավելյալ չափաքանակ աշնանային որսաշրջանի համար:
Արա Մկրտչյանը հիշեցրել է, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ 2026-ի սիգ ձկնատեսակի համար բնօգտագործման վճարը 1 կգ-ի դիմաց սահմանվել է 200 դրամ՝ նախկին 65 դրամի փոխարեն: Բնօգտագործման վճարները կվճարվեն ոչ թե փաստացի օգտագործված ծավալի, այլ տրամադրված չափաքանակի համար:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև նախորդ տարիների վիճակագրությունը. «2025-ին սահմանել ենք 1123 տոննա որսի թույլատրելի չափաքանակ երեք փուլով. 1-ին փուլում՝ 314 տոննա, երկրորդ փուլում՝ 189 տոննա, 3-րդ փուլում՝ 620 տոննա: Փաստացի որսվել է 1103 տոննա, վճարվել է շուրջ 72,5 մլն դրամ բնօգտագործման վճար: 2024-ին ընդհանուր չափաքանակը կազմել է 679 տոննա երկրու փուլով՝ 257 և 422: Փաստացի որսվել է 652,5 տոննա, վճարվել՝ 44,1 մլն դրամ բնօգտագործման վճար: 2023-ին սահմանվել է ընդհանուր 600 տոննա չափաքանակ երկու փուլով, յուրաքանչյուր փուլում՝ 300 տոննա: Փաստացի որսվել է 366,1 տոննա, վճարվել՝ 25,4 մլն դրամ բնօգտագործման վճար: Այս տարիների ընթացքում աճ է նկատվել և՛ որսի սահմանաչափերի, և՛ փաստացի որսված ձկան չափաքանակների, ինչպես նաև վճարված բնօգտագործման վճարի մասով»:
Սևանա լճում 2024-2025 թթ. սիգի բնական վերարտադրությունը գնահատելու, ձվադրման փուլերի ժամկետները հստակեցնելու նպատակով «Սևան» ազգային պարկի գիտական բաժնի և գիտական կենտրոն մասնագետները 2024 թ. դեկտեմբերի 10-ից մինչև 2025 թ. հունվարի 20-ը Սևանա լճում իրականացրել են գիտական որս, ինչի արդյունքում նախաձվադրման-ձվադրման ժամկետ է սահմանվել 2026 թ. նոյեմբերի 20-ից 2027 թ. փետրվարի 1-ը։
ՀՀ-ում 100 տարին լրացած բոլոր տարեցներին կտրամադրվի 1 մլն դրամ միանվագ աջակցություն
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է 100 տարին լրացած և կենսաթոշակի կամ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնողի դեպքում նպաստի իրավունք ունեցող անձանց երախտագիտության և հարգանքի խորհրդանշական դրսևորում ցուցաբերել, ովքեր կյանքի մեկ դարը նվիրել են իրենց ընտանիքին, պետությանը, հայրենիքին, աշխատանքին ու հանրությանը։ Որոշմամբ առաջարկվում է 100 տարին լրացած անձանց վճարել միանվագ գումար՝ 1,000,000 դրամի չափով՝ արժևորելով նրանց կենսափորձը, վաստակն ու ազգային ժառանգությանը թողած ներդրումը։ Ըստ հիմնավորման՝ այս նախաձեռնությունը, բացի ֆինանսական բաղադրիչից, բարոյական գնահատանք է մի ամբողջ սերնդի, ով ապրել է մեր ժողովրդի ամենատարբեր կենսափուլերում, այդ թվում՝ ծանր փորձություններով լի ժամանակաշրջաններում: Միանվագ գումարը վճարվելու է այն ստանալու իրավունք ձեռք բերելու ամսվա կենսաթոշակի հետ՝ այդ ամսվա կենսաթոշակի վճարման համար սահմանված կարգով և եղանակով: Միանվագ գումար չի տրվելու այն անձանց, ովքեր Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են (կամ հետագայում ստանալու են) 1,000,000 դրամ աջակցություն: Արդյունքում՝ ավագ սերնդի 71 քաղաքացի միայն 2026 թ. պետական մակարդակով կստանա հարգանքի և աջակցության նյութական արտահայտություն:
Կխթանվի ՀՀ-ում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերությունը
Կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը: Այն պայմանավորված է ՀՀ-ում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) ներքին արտադրության և առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Որոշման հիմնական նպատակն է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքով ամրագրվող դրույթների կիրարկման ապահովման նպատակով պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգի և հիմնական լիցենզիայի ձևի հաստատումը, ինչն էլ, իր հերթին ուղղված է ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցության, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկման, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանման, տեղական մետաղագործական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովմանը։ Որոշման գործողության ժամկետը նախատեսվում է 6 ամիս։ Արդյունքում՝ կխթանվի հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) վերամշակումը, կստեղծվեն նոր աշխատատեղեր՝ ընդլայնելով արդյունաբերական հզորությունները, շուկայում կապահովվի ոլորտային արտադրանքների համար հավասար մրցակցային պայմաններ։
Ֆունկցիոնալության գնահատման դիմումները կներկայացվեն բացառապես առցանց
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ՀՀ-ում ֆունկցիոնալության գնահատման համակարգին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով: Մասնավորապես՝ նախատեսվում է ապահովել գնահատող հանձնաժողովի մասնագիտական կազմի հստակ և վերահսկելի ձևավորումը՝ սահմանելով, որ հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել միայն ռեեստրում ընդգրկված մասնագետներ: Առաջարկվում է սահմանել, որ ֆունկցիոնալության գնահատման դիմումները ներկայացվում են բացառապես առցանց եղանակով՝ հաշվի առնելով, որ համակարգը ամբողջությամբ թվայնացված է՝ դիմումի մուտքագրումից մինչև որոշման կայացում։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է սահմանել, որ քաղաքացին կարող է մուտքագրել դիմումը առցանց՝ https://e-disability.am/user-application հղումով, իսկ առցանց դիմում լրացնելու դժվարության դեպքում կարող է դիմել ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, որտեղ նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն դիմումի էլեկտրոնային լրացման համար:















