Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 հունվարի 2026

Կկատարելագործվեն հանրային գնումների ոլորտում շահերի բախման և հակակոռուպցիոն կառուցակարգերը









Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծի ընդունման արդյունքում կկատարելագործվեն հանրային գնումների ոլորտում շահերի բախման և հակակոռուպցիոն կառուցակարգերը: Օրինագծերով՝ առաջարկվում է սահմանել «շահերի բախում» և «փոխկապակցված մասնակից» հասկացությունները: Կառավարությանը նախատեսվում է վերապահել պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմնի ղեկավարներին ազդեցության 2-րդ և 3-րդ մակարդակներում ներառելու և (կամ) մակարդակները բարձրացնելու իրավասություն: Առաջարկվում է ազդեցության 3 մակարդակ.

• 1-ին մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել գնման գործընթացներին: Այս մակարդակում պարտադիր ներառվում են Հանրապետության նախագահը, Ազգային Ժողովի նախագահը, Վարչապետը, Փոխվարչապետերը, ՖՆ նախարարը և վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների քաղաքականության մշակման աշխատանքները.

• 2-րդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Այս մակարդակում պարտադիր ներառվում են վարչական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների և համայնքի ավագանու անդամների), գլխավոր դատախազը և նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները.

• 3-րդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Ազդեցության այս մակարդակում պարտադիր ներառվում են անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների անդամները, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը:

Նախագծով առաջարկվում է սահմանափակել նշված անձանց հետ փոխկապակցված ընկերությունների՝ գնման գործընթացներին մասնակցելու հնարավորությունը, սահմանելով, որ մասնակիցը հայտով կներկայացնի հայտարարություն պաշտոնյաների հետ փոխկապակցվածության բացակայության մասին:

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կառավարությանը վերապահվում է գնման գործընթացների վրա պաշտոնյաների ազդեցության մակարդակի բարձրացման դեպքերը սահմանելու իրավասություն՝ վերջիններիս՝ գնումների գործընթացի վրա փաստացի կամ հնարավոր ազդեցություններից ելնելով, և պետությունների կողմից ստեղծված հիմնադրամների, գործադիր մարմնի ղեկավարներին ազդեցության երկրորդ կամ երրորդ մակարդակներում ներառելու և մակարդակները բարձրացնելու իրավասություն: Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել օրինագծերի վերաբերյալ Կառավարության նիստում բարձրացված հարցերը Ազգային ժողովում մանրամասն քննարկելու անհրաժեշտությունը:

ՀՀ-ում կբարելավվեն օդանավակայանային ծառայությունները. կստեղծվեն պայմաններ Կապանի «Սյունիք» օդանավակայան միջազգային դարձնելու համար

Գործադիրն ընդունել է «ՀՀ Կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ որոշման նպատակն է ընդլայնել ՀՀ միջազգային օդանավակայանների թողունակությունը, բարելավել ենթակառուցվածքները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև ստեղծել պայմաններ՝ տեղական չվերթեր սպասարկող օդանավակայանը (Կապանի «Սյունիք» օդանավակայան) միջազգային օդանավակայան դարձնելու համար։

Որոշմամբ՝ Կոնցեսիոն պայմանագրի երաշխավորված IRR-ի և վնասների հատուցման բանաձևերը ուժը կորցրած են ճանաչվում, պայմանագրի «անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքի» կետը ուժը կորցրած է ճանաչվում: Արձանագրվում է, որ կողմերը՝ ՀՀ Կառավարությունն ու Կոնցեսիոները, միմյանց նկատմամբ երկարաձգման գործարքի կնքման օրվա դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն: Վերացվում են Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա Կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները, պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի դեկտեմբերի 31-ը: Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել շուրջ 425 մլն ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ներդրումներ: Մաստեր-պլանը և ներդրումային ծրագիրը կհամաձայնեցվի Կառավարության հետ, որոնք կներառեն նաև 2023 թվականից իրականացված ներդրումները: Գործող սակագների փոփոխությունները կիրականացվեն ամենամյա սկզբունքով միայն ճշգրտման եղանակով՝ ելնելով ԱՄՆ սպառողական գների ինդեքսների, Եվրոպական երկրներում միջին գնաճի և ՀՀ սպառողական գների ինդեքսների միջինի ցուցանիշներից: Սահմանվում է կանոն այն մասին, որ եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ Կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարի անընդմեջ նվազում է՝ ամեն տարի կազմելով 4.000.000 ուղևորից պակաս, ապա Կառավարությունը պետք է Կոնցեսիոների կրած վնասի համար վերջինիս փոխհատուցի սակագների ճշգրտման եղանակով, բայց ոչ ավելի քան 3 տարի ժամկետով:

Որոշմամբ կարգավորվում են նաև Կոնցեսիոների կողմից 425 մլն ԱՄՆ դոլարից ավելի ներդրումներ իրականացնելու դեպքում Կառավարության կողմից կոնցեսիոն պայմանագիրը երկարաձգելու կամ սակագնային փոփոխություններ իրականացնելու հետ կապված, կոնցեսիոն պայմանագրի դադարեցման հետ կապված փոխհատուցման վճարները հաշվելու, Մաստեր-պլանով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում կատարման մեխանիզմներ կիրառելու և այլ հարաբերություններ։

Որոշմամբ առաջարկվում է նաև որպես Կառավարության ներկայացուցիչ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին 1 ամսյա ժամկետում ստորագրել ՀՀ Կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը։ Արդյունքում ակնկալվում է ՀՀ-ում օդանավակայանային ենթակառուցվածքների զարգացում, մատուցվող ծառայությունների բարելավում, ինչը կխթանի ուղևորությունների և ուղևորափոխադրումների նոր ուղղությունների քանակի աճին:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, Մաստեր-պլանը նախատեսվում է ներկայացնել մինչև հունվարի 31-ը: Ըստ փոխնախարարի՝ նախատեսված ներդրումը պետք է իրականացվի մինչև 2033 թ.-ը: Արմեն Սիմոնյանը նշել է նաև, որ 2025 թ. բավականին մեծ ուղևորահոսք է գրանցվել միջազգային օդանավակայաններում՝ կազմելով 5 մլն 754 հազար մարդ, որը 7,5 տոկոսով ավելին է 2024 թ. ցուցանիշից: Փոխնախարարն ընդգծել է, որ ըստ այդմ՝ իսկապես առկա է ենթակառուցվածքն ընդլայնելու և սահմանված չափանիշներով ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն:

Անդրադառնալով որոշմանը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ եթե լրացումը ստորագրվի, այդ օրվանից սկսած՝ Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան. «Այսինքն՝ ունենալու ենք երրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում»:

Փոփոխություններ՝ կամավոր ատեստավորման կարգում. 9602 ուսուցիչ արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել են կամավոր ատեստավորման գործընթացը

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է կարգավորել ուսուցչի կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները՝ բացառելով գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ծագած խնդրահարույց հարցերն ու դրանց ոչ միանշանակ հետևանքները: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոշմամբ ներկայացվում է ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը, որը նպատակ ունի լավարկելու արդեն իսկ մեծ թափ հավաքող և ուսուցիչների վարձատրության էական բարձրացման բերած ծրագիրը:

Մինչև փոփոխություններին անդրադառնալը՝ նախարար ներկայացրել է մի քանի ցուցանիշ, որը տալիս է ընդհանուր պատկեր այս ոլորտում Կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ. «Կառավարության ծրագրի առաջնահերթ ուղղություն էր՝ ներդնել մեխանիզմներ, որոնք մի կողմից կխրախուսեին ուսուցիչների մասնագիտական զարգացումը, մյուս կողմից էլ այդ մասնագիտական զարգացման արդյունքները ճանաչելով՝ կբերեին վարձատրության բարձրացման։ Պետք է մի թվային ցուցանիշից սկսեմ, որն այն ցուցանիշն է, թե ինչքան միջոց էր պետությունը ուղղում այս նպատակին, օրինակ՝ 2018 թվականին։ 2018-ին մենք ունեինք ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավելյալ խրախուսման ընդամենը 1 ծրագիր, որին հատկացված էր 263 մլն դրամ։ 2025-ին մենք արդեն ունենք 5 ծրագիր այս ուղղություններով, որոնցից խոշորը կամավոր ատեստավորումն է, և 2025-ին միայն ուսուցիչների հավելյալ խրախուսման ծրագրերի վրա պետությունը ուղղել է ավելի քան 15 մլրդ դրամ։ Սա նշանակում է, որ սա մեր կայուն և հետևողական քաղաքականությունն է, և սրա արդյունքում նաև այսօր մենք ունենք 9602 ուսուցիչ, որոնք արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել են կամավոր ատեստավորման գործընթացը։ Դրանք մեր ուսուցիչների շուրջ 31 տոկոսն են, և արդեն իսկ բարձրացված վարձատրություն են ստանում։ Վերջին խումբը միացավ այս գործընթացին անցած տարեվերջին, և հունվարին առաջին անգամ կստանա հավելավճարները»:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կամավոր ատեստավորման այս ցուցանիշները միևնույն ժամանակ չեն չեղարկում անընդհատ գործընթացը դիտարկելու և լավարկելու Կառավարության հանձնառությունը։ «Անընդհատ քննարկումները բերում են շարունակական փոփոխությունների։ Այս նախագծով մի քանի կարգավորումներ վերաբերում են արդեն գործող ուսուցիչներին, և մյուսները վերաբերում են այն մարդկանց, ովքեր ուզում են ուսուցիչ աշխատել։ Կարգով նախատեսված փոփոխություններով մենք նախատեսում ենք, որ ուսուցչի կողմից իրականացվող անհատական բաղադրիչի ժամերի վրա ևս կտարածվի ատեստավորման արդյունքների վարձատրությունը։ Սա նշանակում է, որ մեր ուսուցիչները, բացի իրենց առարկաները դասավանդելուց, նոր չափորոշչի համաձայն, կարող են նաև վարել խմբակներ, կարող են ունենալ նախագծային աշխատանքներ, որը կրթության անբաժանելի և շատ կարևոր մասն է, և, հետևաբար, եթե ուսուցիչը բացի, օրինակ, «Ֆիզիկա» առարկան դասավանդելուց՝ նաև Ֆիզիկայի նախագծային աշխատանքներ է ղեկավարում, ապա այդ ժամերը ևս կհաշվեն», -ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ կարգավորվում է այն իրավիճակը, երբ ուսուցիչն արդեն երկրորդ կամ երրորդ անգամն է մասնակցում ատեստավորմանը. «Այս պարագայում ֆիքսում ենք, որ եթե հավասար արդյունք ցուցաբերի, ապա ուսուցչի հավելավճարի չափը կպահպանվի, և կսահմանվի նոր հնգամյա ժամկետ։ Այսինքն՝ եթե 2-րդ անգամ մասնակցեց և ունեցավ հավասար արդյունք, հավելավճարի չափը պահպանվում է, բայց նոր հնգամյա ժամկետ է սահմանվում։ Եթե երկրորդ անգամ ավելի ցածր հավելավճարի արդյունք է ցույց տալիս, հավելավճարը նախորդ ավելի բարձր արդյունքի չափով է պահպանվում, բայց նախորդ անգամ սահմանված ժամկետի չափով։ Բնականաբար, ավելի բարձր հավելավճարի իրավունքի դեպքում, երբ որ մասնակցությունը ավելի բարձր արդյունք է ունեցել, ապա նոր ժամկետ է սահմանվում նոր հավելավճարի չափով»։

2-րդ խումբ փոփոխությունը, որը վերաբերում է ուսուցիչ աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց, հիմնվում է «Հանրակրթության մասին» օրենքի վերջին փոփոխության վրա։ «Մասնավորապես՝ ես ուզում եմ հիշեցնել, որ հանրակրթության օրենքում մենք վերջին տարիներին մի քանի փոփոխություն արեցինք. ճկունություն ցուցաբերելով և հնարավորություն տալով, որ եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա դրան կարող են մասնակցել նաև տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, մանկավարժի որակավորում ունեցող, կոնկրետ դասընթացներ մանկավարժահոգեբանական հմտությունների ուղղությամբ անցած մարդիկ: Վերջին փոփոխությամբ օրենքով մենք սահմանեցինք, որ եթե ունեն հարակից ոլորտի մասնագիտական բարձրագույն կրթություն և տվյալ առարկայի ոլորտում 40-79 կրեդիտ, եթե կամավոր ատեստավորված են, ապա նույնպես կարող են աշխատել ուսուցիչ, և այս խմբի համար հիմա ստեղծում ենք կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն։ Երկրորդ խումբը մեր ուսանողներն են։ Մենք հանրակրթության օրենքի փոփոխությամբ հնարավորություն էինք տվել, որ եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա մանկավարժական կրթություն ստացող ուսանողը կրթության վերջին տարում կկարողանա դասավանդել։ Հիմա մենք այս ուսանողներին հնարավորություն ենք տալիս կամավոր ատեստավորման մասնակցել»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է չզեկուցվող փաթեթով ընդունված որոշումներից մեկին, որը վերաբերում է արտադպրոցական հաստատությունների՝ արվեստի, սպորտի դպրոցների մանկավարժներին. «Նրանք նույնպես 2023 թ.-ից ատեստավորման հնարավորություն են ստացել՝ կրկին կամավորության հիմունքներով: 2023 թ.-ից սկսած այդ գործընթացն իրականացվում է: Կառավարության չզեկուցվող հարցերից մեկով լավարկեցինք գործող կարգը, որով նաև համատեղությամբ աշխատելու դեպքում նրանք կկարողանան համատեղության վայրից նույնպես ստանալ լրավճար, եթե նույն ուղղությամբ են դասավանդում համատեղության վայրում։ Այս հստակեցումն այս պահին կարող է վերաբերել շուրջ 290 մանկավարժի, որոնք արդեն ատեստավորված են»։

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ 2025 թ. ատեստավորումն իրականացվել է ամբողջությամբ նոր ուղղություններով և ավելի շատ թվով մարդիկ կարողացել են մասնակցել։ Ատեստավորված մանկավարժների 77.2 տոկոսը արվեստի ոլորտի ներկայացուցիչներն են, և 22.8 տոկոսը՝ սպորտի։

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ քանի որ շատ տարբեր են արտադպրոցական հաստատությունները և համայնքային մարզադպրոցները, և արվեստի դպրոցները շատ տարբերվում են իրենց դրույքաչափերով, ֆիքսված հավելավճարներ են տրվում, ոչ թե տոկոսային, ինչպես ուսուցիչների կամավոր ատեստավորման դեպքում էր, և 90-100 տոկոսի պարագայում ստանում են 138 300 դրամ հավելավճար պետական բյուջեից, 80-89 տոկոսի պարագայում՝ 111500 դրամ հավելավճար և 70-79 տոկոսի պարագայում՝ 80 600 դրամ հավելավճար։

Նշվել է նաև, որ պետության կողմից ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավելյալ խրախուսման տարբեր ծրագրի արդյունքներով ներկայում 13 ուսուցիչ ամսական շուրջ 700 հազար դրամ վարձատրություն է ստանում, 70 ուսուցիչ ստանում է 600-700 հազար դրամ, 220 ուսուցիչ ստանում է 500-600 հազար դրամ, 1362 ուսուցիչ ամսական 400-500 հազար դրամ է ստանում, 2952 ուսուցիչ էլ 300-400 հազար դրամ է ստանում:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ատեստավորման վերջին փուլից հետո թվերն էապես լավարկվել են. «Հավելյալ խթան ներդնելով՝ կարծում եմ կկարողանանք գործընթացում ընդգրկել բոլոր ուսուցիչներին: Կարևոր է նշել նաև, որ ուսուցիչների շրջանում ատեստավորումից հետո մասնագիտական ցանցեր են ձևավորվել,որոնք ակտիվ համագործակցում և աջակցում են միմյանց»:

Կապահովվի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումն ապահովելը և ծրագրի շրջանակում տնտեսավարողներին ու ապահովագրական ընկերություններին աջակցության տրամադրումը։ Հաշվի առնելով, որ 2025 թ. գյուղատնտեսական տարվա համար նախկին 50-60 %-ի փոխարեն իրականացվել է ապահովագրավճարի 70-80 %-ի սուբսիդավորում, սակայն պրոդուկտների վաճառքի վրա դա էականորեն չի անդրադարձել, որոշմամբ առաջարկվում է 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրավճարի սուբսիդավորումն ամբողջությամբ իրականացնել Կառավարության միջոցների հաշվին և գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրել ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 40-60 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում (ծիրան՝ 40%, այլ մշակաբույսեր՝ 60%)։

Ապահովագրական ընկերությունների մասնակցությունը խթանելու նպատակով որոշմամբ 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար, առաջարկվում է, որ պետությունը աջակցի ոչ միայն տնտեսավարողների ապահովագրավճարների սուբսիդավորման հարցում, այլ աջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ փոխհատուցելով ապահովագրական հատուցումների այն մասը, որը գերազանցում է հավաքագրված (հաշվեգրված) ապահովագրավճարի 80 տոկոսը: Ընդ որում, փոխհատուցման հաշվարկում ներառվող փաստացի իրականացված վնասի գնահատման ծախսերի առավելագույն չափը տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների նկատմամբ՝ տոկոսային արտահայտությամբ, սահմանում է գործակալության խորհուրդը: Միաժամանակ հստակեցվել է, որ ապահովագրական ընկերություններն ապահովագրական հատուցումների ստացման համար կարող են դիմել յուրաքանչյուր ամսվա արդյունքներն ամփոփելուց հետո։

Կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները

Կառավարությունը սահմանել է Քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի նկարագիրը և աշխատակարգը, համակարգին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու, այդ թվում՝ համակարգի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու, դիմումն անձամբ ներկայացնելու համար հերթագրվելու, իրավասու մարմիններ հարցումներ կատարելու, համապատասխան տեղեկություններ և եզրակացություններ, համակարգի միջոցով ծանուցումներ ստանալու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը, ՀՀ քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը, քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը: Ըստ այդմ, մասնավորապես՝ նախատեսվել է քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի կողմից կատարվող անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը, համակարգում էլեկտրոնային հայտ ներկայացնելու, էլեկտրոնային հայտի վարման և նախնական ուսումնասիրություն կատարելու ընթացակարգեր։ Ներդրված է նաև էլեկտրոնային հայտի շտկման հնարավորություն, ինչը թույլ է տալիս անձին նախապես՝ մինչև դիմումը ներկայացնելը, հավաքագրելու անհրաժեշտ փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում կատարելու ուղղումներ։ Նման մեխանիզմը հեշտացնում է վերջիներիս կողմից քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնել համար դիմելու գործընթացը։ Կարգավորվել են հերթագրվելու և լիազոր մարմին այցելելու մեխանիզմները, ինչը կնպաստի հերթերի բեռնաթափմանը և անձանց առավել արդյունավետ ծառայությունների մատուցմանը։ Արդյունքում՝ կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները, կապահովվի վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների արդյունավետությունը, կբարձրանա այդ գործընթացների տնտեսական արդյունավետությունը, կխնայվեն ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը և հասանելիությունը, կպարզեցվեն գործող ընթացակարգերը։

Փոփոխություններ և լրացումներ՝ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման կարգում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած՝ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ` առաջարկվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատող անձանց ևս հնարավորություն տալ օգտվելու որոշմամբ սահմանված միջոցառումից: Սահմանվել է տեղեկատվական բազաների և միջոցառման իրականացման համակարգի տվյալներում, կամ դրանց միջև տվյալների փոխանակման ընթացքում առաջացած տեխնիկական վրիպակների արդյունքներով աջակցության իրավունքը դադարեցված շահառուների աջակցության իրավունքի վերականգնման մեխանիզմներ: Որոշմամբ առաջարկվում է նաև սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տեղեկատվական բազաների միջև ինքնաշխատ եղանակով տվյալների փոխանակման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական վրիպակների արդյունքում շահառուի վարկային պարտավորության (պարտավորությունների) մարմանն ուղղված աջակցության ավել վճարված գումարները վարկատուների կողմից պետական բյուջե հետ վերադարձման ենթակա չեն: Երկարաձգվել է միջոցառման շրջանակում (շահառու դառնալու համար) դիմելու ժամկետը մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը:

Օրենսդրական այլ նախաձեռնություններ. կկարգավորվի մոպեդների, տրիցիկլների և քվադրիցիկլների պարտադիր ապահովագրման գործընթացը

Կառավարության հավանությանն է արժանացել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը: Օրինագծի նպատակն է հստակեցնել որոշմամբ սահմանված չափանիշների հիման վրա գրանցվող ավտոտրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման ենթակա լինելու պահանջը: Նախագծով առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, որպես ավտոտրանսպորտային միջոց, սահմանել նաև մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները: Արդյունքում՝ կկարգավորվի մոպեդների, տրիցիկլների և քվադրիցիկլների պարտադիր ապահովագրման գործընթացը։

Հավանություն է տրվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման և տարընթերցումներից խուսափելու անհրաժեշտությամբ։ Նախագծերի ընդունումը կնպաստի հետևյալ արդյունքներին՝ աջակցող միջոցների տրամադրման և վերանորոգման ֆինանսավորման փոխհատուցման աղբյուրների ընդլայնմանը, «անկախ կյանքի կենտրոնների» հասկացության և գործունեության հստակեցմանը, միասնական կանոնների ու մոտեցումների ձևավորմանը, ինչը կնպաստի դրանց արդյունավետ գործունեությանը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար մատչելի ու որակյալ ծառայությունների մատուցմանը, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի հիման վրա մշակված ծառայությունների անհատական ծրագիրը կարող է փոփոխվել (լրացվել) կառավարության կողմից սահմանված դեպքում՝ առանց ֆունկցիոնալության գնահատման իրականացման: Տեղեկատվական շտեմարանի առկա տվյալների նպատակային և վերահսկվող փոխանցման հնարավորությունը կնպաստի ավելի հիմնավոր քաղաքականության և բարելավված ծառայությունների մշակմանը։

Կառավարությունը հավանություն է տվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Օրինագծերով նախատեսվող փոփոխությունների նպատակն է վերացնել ծանուցումները, այլ բնույթի փաստաթղթային հրապարակումներից բխող տեղեկատվությունը որոշակի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը՝ այն փոխարինելով www.azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կատարվող և (կամ) այս կամ այն կազմակերպության ինտերնետային կայքում հրապարակմամբ։ Առաջարկվող կարգավորումները կհանգեցնեն հրապարակման գործընթացի արդիականացմանը և իրենց արդյունավետությունը կորցրած իրավակարգավորումների փոխարինմանը ժամանակին առավել համահունչ և կիրառելի իրավակարգավորումներով:

Հավանություն է տրվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծերին: Օրինագծերով առաջարկվող լրացումների և փոփոխությունների պայմաններում օրենսդրորեն կվերանայվեն սոցիալական և նյութական անկախության լրացուցիչ երաշխիքները Սահմանադրական դատարանի դատավորների համար, որի արդյունքում Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորներին օրենքով սահմանված կարգով կվճարվի նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխան՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար:

Կառավարությունն առաջարկություններ է նաև ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Միջազգային համագործակցություն

Գործադիրի հավանությանն է արժանացել Եվրասիական զարգացման բանկի միջոցներից Ֆինանսների նախարարության համար պետական-մասնավոր գործընկերության ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանն ուղղված «Տեխնիկական աջակցության տրամադրման մասին» պայմանագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Պայմանագրի նախագծով նախատեսվում է իրականացնել ՀՀ ֆինանսների նախարարության և ներգրավված պետական մարմինների կարողությունների զարգացման համալիր ծրագիր, որն ուղղված է պետական և մասնավոր հատվածների գործընկերության ոլորտի կառավարման համակարգի ամրապնդմանը: Ծրագրի նպատակն է ամրապնդել ՊՄԳ ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունները, ապահովել կառավարման համակարգի արդյունավետությունը և բարձրացնել աշխատակիցների մասնագիտական հմտությունները՝ համահունչ միջազգային չափանիշներին և լավագույն փորձին: Ծրագրի հիմնական միջոցառումները ներառում են՝ Gap-վերլուծություն՝ գործող ինստիտուցիոնալ միջավայրի և 2030թ․ նպատակների միջև առկա բացերի գնահատում՝ համադրելով դրանք միջազգային լավագույն փորձի հետ, Կազմակերպաիրավական ձևի, կառավարման և ֆինանսական կառուցվածքի մշակում՝ հիմնված SWOT վերլուծության վրա, աշխատակիցների վերապատրաստում և միջազգային սերտիֆիկացում APMG ծրագրի շրջանակում, ՊՄԳ կենտրոնի տարածքային զարգացում՝ առնվազն 165 քմ տարածքի նախագծմամբ, ժամանակակից տեխնիկայի, կահավորման և ՏՏ լուծումների ներդրմամբ։ Ծրագրի իրականացումը կնպաստի պետական կառավարման համակարգում ՊՄԳ ինստիտուտի կայացմանը և Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանը:

Հավանություն է տրվել «ՀՀ Կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև՝ ՀՀ տարածքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել անդամ պետությունների տնտեսական և ֆինանսական կայունության ամրապնդմանը։ ԿԶԵՀ-ի հիմնադիր պետությունների մասնակցության չափը կազմում է 8,513 մլրդ ԱՄՆ դոլար, որում ՀՀ մասնաբաժինը 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք է: ԿԶԵՀ ծրագրերի ընթացիկ պորտֆելը ՀՀ-ում ներառում է 10 ծրագիր՝ $538 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով մակրոտնտեսական, գյուղատնտեսական, տրանսպորտային, սոցիալական ուղղություններով:

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թ. ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագիրը նպատակ ունի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծել աղբահանության ինտեգրված համակարգ: Ծրագրի շրջանակում ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև 2016 թ. ապրիլի 5-ին կնքվել է 5,500,000 եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, իսկ 2017 թ. հունիսի 30-ին երկու դրամաշնորհային համաձայնագրեր՝ ԵՄ Հարևանության ներդրումային հարթակի (3,500,000 եվրո) և E5P տարածաշրջանային հիմնադրամի (2,000,000 եվրո) աջակցությամբ: Վերոնշյալ վարկային համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ երկու մարզերի նախկին 12 քաղաքային համայնքների կողմից ստեղծվել է նաև «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ: Նշված 12 հիմնադիր քաղաքային համայնքները ՎԶԵԲ-ի հետ կնքել են նաև ծրագրի իրականացման աջակցության համաձայնագիր: Հավանություն է տրվել նաև ՀՀ, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2017 թ. հունիսի 30-ին ստորագրված դրամաշնորհային համաձայնագրում (Եվրոպական միության ներդրումային դրամաշնորհ) փոփոխություն կատարելու մասին և ՀՀ, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2017 թ. հունիսի 30-ին ստորագրված (Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության տարածաշրջանային հիմնադրամից ներդրումային դրամաշնորհ) դրամաշնորհային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից, գնահատվել է մոտ 675 մլն ԱՄՆ դոլար։ Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի միջոցներից 150 մլն դոլար բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթացը։ Ենթածրագիր 3-ը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից՝ հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացում, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդում, պետական արժեթղթերի շուկայի և դրամական շուկայի ենթակառուցվածքի կատարելագործում, ֆինանսական գործիքների և ներդրողների շրջանակի ընդլայնում, ինչպես նաև ընկերությունների թափանցիկության և կորպորատիվ կառավարման բարելավում։

Այլ որոշումներ.  ԵԽ վարչական շենքի հարակից տարածքում կտեղադրվի Հայոց այբուբենի հուշարձանը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի Խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում հուշարձանի տեղադրման համար։ Հիմնավորման համաձայն՝ Եվրոպայի Խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում Հայոց այբուբենի հուշարձանը տեղադրելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԽ նախագահի հետ:

Գործադիրի որոշմամբ «Աթենք» ՍՊԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումը նախատեսում է օգտագործել ընկերության արտադրանքը տեղափոխելու համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 827.7 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 1510 աշխատատեղ՝ 392 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, նախատեսվում է մինչև 2026 թ. ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 1550-ի՝ 410,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 827.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 124 մլն դրամ։
 

Հունվար 2026
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

-

Արխիվ