երեքշաբթի, 20 հունվարի 2026
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՄԹ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Մարկ Քլեյթոնին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Մարկ Քլեյթոնի հետ:
Արայիկ Հարությունյանը ողջունել է Մարկ Քլեյթոնի այցը Հայաստան և գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ համագործակցությունը հետևողականորեն զարգանում է ու խորանում:
Մարկ Քլեյթոնն իր հերթին ընդգծել է Միացյալ Թագավորության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին:
Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական և գործարար կապերի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու և համագործակցության նոր փուլ մտնելու կարևորությունը։











